
38 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1988թ․ նոյեմբերի 21-ին, ԽՍՀՄ կենտրոնական իշխանության մարմինների իմացության և հանցավոր անգործության ու թողտվության պայմաններում Խորհրդային Ադրբեջանի վարչակազմը հայոց հինավուրց Գանձակ քաղաքում ապրող բնիկ հայ բնակչության նկատմամբ իրականացրել է պետական մակարդակով ծրագրված ցեղասպանություն և բռնի տեղահանություններ:
Գանձակի հայության ցեղասպանության մեղավորները մինչ օրս անպատիժ են։
Ոչինչ չի մոռացվել։ Ադրբեջանի վարչակազմը պետք է ներողություն խնդրի հայերից Գանձակի բնիկ հայության ցեղասպանության համար։
Հայերը ենթարկվել են հարձակման, սպանվել, թալանվել և բռնի կերպով վտարվել իրենց տներից։ Բռնությունները շարունակվել են մինչև նոյեմբերի վերջը։
Այս իրադարձությունների պատմության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հայկական թաղամասի պաշտպանների հերոսությունը։ Մահացու վտանգի առջև նրանք կազմակերպել են ինքնապաշտպանություն, պաշտպանել իրենց տները, ընտանիքները, հարևաններին և հայրենակիցներին և դիմադրել հարձակվողների գերազանցող ուժերին։
Իրավապաշտպանների տվյալներով՝ հայերի շրջանում զոհերի թիվը կարող էր հասնել 130-ի։ Մոտ 40,000 հայ լքել է քաղաքը, որը դարեր շարունակ եղել է հայկական համայնքի տուն։
Գանձակը, Սումգայիթի և Բաքվի հետ միասին, դարձել է 1988-1990 թվականներին Ադրբեջանում հայերի ողբերգության խորհրդանիշներից մեկը։