Արցախի դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 24-ին և դրանից հետո բռնի տեղահանված բոլոր անձինք ՀՀ կառավարության որոշմամբ կստանան 100 հազար դրամ միանվագ աջակցություն՝ առաջնային կարիքների ծախսերի ապահովման համար։
Աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է հետևել նշված քայլերին՝
Քայլ 1. Աջակցությունից օգտվելու համար պարտադիր է, որ անձը հաշվառված լինի ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։ Նրանք, ովքեր Հայաստան մուտք գործելիս հաշվառում չեն անցել, պետք է մոտենան Հայաստանի 60-ից ավել համայնքներում ստեղծված տարածքային հումանիտար կենտրոններ (հասցեները՝ https://irazekum.am/nkc) կամ Փարաքարի Միասնական սոցիալական ծառայության կայան (հասցե՝ Նաիրի 40):
Քայլ 2. Հաշվառում անցած տեղահանված այն անձինք, ովքեր չունեն բանկային քարտեր, պետք է դիմեն նախընտրելի բանկ՝ անվճար քարտ ստանալու համար, որին կփոխանցվի աջակցության գումարը*։ Քարտի թողարկման դիմումը ներկայացնելուց հետո Կենտրոնական բանկը նոր քարտատիրոջ քարտի համարը կուղարկի Միասնական սոցիալական ծառայությանը՝ դրամական աջակցությունը քարտին փոխանցելու համար։
Ընդ որում՝
- Տեղահանված այն անձինք, ովքեր ունեն բանկային քարտեր (այդ թվում՝ կենսաթոշակի), որևէ տեղ դիմելու, նոր քարտ ձեռք բերելու անհրաժեշտություն չունեն։ 100 հազար դրամ միանվագ աջակցությունը առաջիկա օրերի ընթացքում կփոխանցվի նրանց քարտերին։
- 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր չունեն բանկային քարտ, աջակցությունը կարող են ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստից (ըստ անհրաժեշտության՝ փոստատարի միջոցով)՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա։
Կարևոր դիտարկումներ.
- Յուրաքանչյուր չափահաս անձ պետք է ունենա սեփական քարտային հաշիվ, որին կփոխանցվի աջակցության գումարը։
- Անչափահաս երեխաներին հասանելիք աջակցության գումարը կստանա նրանց մայրը կամ օրինական ներկայացուցիչը՝ առցանց հարթակում դիմում ներկայացնելով (հարթակի գործարկման մասին կտեղեկացնենք Կառավարության կողմից կարգը հաստատելուց հետո) կամ Միասնական սոցիալական ծառայություն մոտենալով։
- Այն անձինք, ովքեր չունեն անձը հաստատող փաստաթուղթ, պետք է նախապես մոտենան ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (անձնագրային բաժանմունք), որտեղ իրենց անձը նույնականացնելուց հետո կտրվի տեղեկանք, որի հիման վրա հնարավոր կլինի բանկում բացել քարտային հաշիվ և ստանալ աջակցության գումարը։
- Քարտային հաշիվ հնարավոր է բացել Հայաստանում գործող բոլոր բանկերում, բացի «Մելլաթ Բանկ» ՓԲԸ և «Ֆասթ բանկ» ՓԲԸ բանկերից, որոնք այս պահի դրությամբ ֆիզիկական անձանց քարտային հաշիվներ չեն սպասարկում:
Հարցերի դեպքում զանգահարել Թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով։