Ազատություն
Բաքուն Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ առնվազն 9 հոդվածով մեղադրանք է առաջադրել։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական պետական APA գործակալությունը։
Մասնավորապես, Բաքուն հայտարարում է, որ «զբաղեցնելով Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնը՝ Հարությունյանը մասնակցել է Ադրբեջանի դեմ ագրեսիվ պատերազմի, զբաղվել է վարձկանների հավաքագրմամբ, ուսուցմամբ և ֆինանսավորմամբ՝ նրանց ներգրավելով ռազմական հակամարտությունների և ռազմական գործողությունների մեջ»:
Ըստ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության՝ «հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Արայիկ Հարությունյանը ներգրավված է եղել Ադրբեջանի Հանրապետության տարածքները ականապատելու, Գյանջայի և Բարդայի ուղղությամբ բալիստիկ և այլ տեսակի հրթիռներ արձակելու գործողությունները կազմակերպելու մեջ, ինչը հանգեցրել է մեծ թվով խաղաղ բնակիչների մահվան, մեծ վնաս պատճառել քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքների»։
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի ու Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի ձերբակալության մասին Բաքուն հաղորդեց երկու օր առաջ։
Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Հարությունյանը հարցաքննվել է, նրա փաստաբանը Ալոֆ Սաֆարալիևն է։ Վերջինս նշել է, որ որպես պաշտպան, ներկա է եղել Հարությունյանի հարցաքննությանը և որ Արայիկ Հարությունյանի «պաշտպանությունը կիրականացվի Ադրբեջանի օրենսդրությանը և միջազգային կոնվենցիաների պահանջներին համապատասխան»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: