Տպավորություն է, որ բոլորը ուրախացել են Արցախի ժողովրդի ցեղասպանության փաստով, կարծելով, որ այս հակամարտության հանգույցը հաղթահարված է

  • 09:06 19.10.2023

Տպավորություն է ստեղծվում, որ  հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի իշխանությունները հրաժարվել են Արցախի վերաբերյալ նույնիսկ ընդհանուր ընդունված նախապայման-սկզբունքից, այն է՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքներից։ Այս մասին սոցցանցերում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը Եվրախորհրդարանում։

«Չափազանց անընդունելի և անթույլատրելի է անգամ ոչ թե հերթական իջեցումը, այլ նշաձողի իսպառ վերացումը Արցախի ժողովրդի ցեղասպանությունից և էթնիկ զտումներից հետո, քանի որ բռնի տեղահանումը ոչ թե վերացրել է խնդիրը, այլ ավելի նկատելի է դարձրել այն։

Այս իրավիճակը պարզապես պարտավորեցնում է Հայաստանի իշխանություններին և միջազգային դերակատարներին վերանայել իրենց ձախողված մոտեցումները և բարձրացնել Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխավորման նշաձողը, որտեղ հիմնական նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի վերադարձն իր հայրենիք, այնտեղ ապահով կյանքի   և  ինքնակառավարման բարձր մակարդակի միջազգային բարձր երաշխիքները, որոնք անհրաժեշտ են արժանապատիվ կյանքի համար։ Այս հայեցակարգային մոտեցմանը կանդրադառնամ առանձին հրապարակման մեջ։

Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ բոլոր ուժերը, որոնք շահագրգռված են կարգավորել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, ուրախացել են  Արցախի ժողովրդի ցեղասպանության փաստով, միամտորեն կարծելով, որ այս հակամարտության հանգույցը հաղթահարված է, և բացվել է «խաղաղության համաձայնագրի» հնարավորությունների պատուհանը։ Մինչդեռ իրականությունն այն է, որ արցախցիների արյան ու ողբերգությունների պատճառով տարածաշրջանում խաղաղություն չի կարող լինել, և ցեղասպան բռնապետ Ալիևն այսքանով չի բավարարվի։ Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերը պետք է լրջորեն և վերջնականապես լուծվեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փաթեթով, այլապես այս գործընթացը նույնպես կտապալվի։

Թող ոչ ոք չմտածի, որ արցախցիների կարիքները զուտ մարդասիրական բնույթ են կրում, և դրանք լուծելով՝ մեր պայքարի էջը կփակվի։ Ո՛չ, Արցախի ժողովրդի հիմնական նպատակը հայրենիքում ապահով և արժանապատիվ ապրելն է, և մարդասիրական կարիքներն առաջացել են այս հիմնական նպատակի բավարարման գործընթացի իսպառ տապալման արդյունքում»,- գրել է Բեգլարյանը։

f