Հացի խնդիր․ դեռ լուծումներ չեն առաջարկում

Չնայած արդեն նախկին իշխանության և, մասնավորապես, նախկին պետնախարարի այն պնդման, որ շրջափակման պայմաններում հացի խնդիր չի առաջանալու, այնուամենայնիվ արդեն տևական ժամանակ է, ինչ Արցախի բնակչությունը առընչվում, նույնիսկ բախվում է հացի խնդրին:

Պետնախարար Գուրգեն Ներսեսյանին փոխարինելու է եկել Սամվել Շահրամանյանը, իսկ հացի հյուծիչ հերթերին գումարվեց նոր կտրոնային համակարգը՝ օրական կես հաց մեկ մարդու հաշվով:

Ըստ հարցումների, հացի փռերին տրամադրվում է օրական միջինում 5 պարկ ալյուր, որից 3 պարկ ցորենի, 1 պարկ եգիպտացորենի ալյուր և 1 պարկ թեփ: Հացի կշիռը պետք է կազմի 400 գրամ և ոչ պակաս, խախտումների դեպքում փաստացի դադարելու է ալյուրի մատակարարումը տվյալ հացի փուռ:

Խախտման դեպքեր արդեն իսկ առաջացել են, և որպես հետևանք դադարել է ալյուրի մատակարարումը տվյալ կազմակերպություններին:

Սակայն մինչ պատկառ մարմիները զբաղվում են հացի քաշի համապատասխանելիության հարցերով, բնակչությունը առընչվում է մեկ այլ խնդրի՝ հացի որակ: Ըստ բնակիչների մի մասի, հացը թե տեսքով, թե որակով որոշակի մտածմունքի տեղիք է տալիս, իսկ մյուս մասը նշում է, որ գրեթե ոչ մի տարբերություն չկա:

Ըստ Ստեփանակերտի բնակիչ Մ.Գ-ի, հացի փուռը, որտեղից նրանք սովորաբար հաց են գնում, վաճառում է բավականին որակով հաց՝ պահպանելով բոլոր նորմերը, բայց այնուամենայնիվ նշում է, որ ունի հարազատներ և ծանոթներ, ովքեր բողոքում են հացի որակից:

Ոմանք նույնիսկ կատակում են, որ անցել են առողջ ապրելակերպի՝ եգիպտացորենի հաց, կանաչ լոբի և իհարկե մաքուր ջուր՝ գազավորված ըմպելիքների փոխարեն:

Կատակը կատակ, սակայն ղեկավարությունը հացի խնդրի ոչ մի լուծում չի առաջարկում նույնիսկ կարճաժամկետ կտրվածքով։