Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի հայտարարությունը

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհուրդը հայտարարել է, որ չի կիսում Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի վերջին դիրքորոշումն ու վարքագիծը, որոնք արդարացի դժգոհություն և զայրույթ են առաջացրել ժողովրդի շրջանում։
Այս մասին «Ապառաժ»-ին հայտնել է թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը անցած օրերին մի խումբ բարձրաստիճան հոգևորականների հետ հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ նոյեմբերի 29-ին նույն խմբով հանդես էին եկել Ամենայն Հայոց կաթողիկոսի նոր ընտրությունների անցկացման պահանջով։
Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ նոյեմբերի 28-ին թեմական խորհրդի անդամները հանդիպել են առաջնորդին և հորդորել հանդես գալ հստակ հայտարարությամբ ու ներողություն խնդրել Ատցախի բռնագաղթված ժողովրդից։
Սակայն, նրա հավաստիացումներին հակառակ, հրապարակված հայտարարությունում ներողության որևէ ձևակերպում չի եղել։
Ատենապետը նշել է, որ թեմի առաջնորդը փաստացի հրաժարվել է ներողամտություն հայցել և իր հաջորդ հայտարարություններով միայն խորացրել է ժողովրդական վրդովմունքը։ Նա ընդգծել է, որ առաջիկայում թեմական խորհուրդը հանդես կգա իր հստակ պաշտոնական դիրքորոշմամբ։
Հովհաննիսյանը նաև անընդունելի է համարել Արցախի թեմի պաշտոնական կայքի օգտագործումը թեմին չվերաբերող հոգևորականների հայտարարությունների տարածման համար։