Ֆրեդի տեղը հայտնի է, նա ծանր հոգեբանական վիճակում է

  • 00:52 02.02.2026

Վերջերս գրել էինք  Ֆրեդ Հայրապետյանի մասին, ով 2023 թվականի իրադարձություններից հետո մնացել էր հայաթափված Արցախում: Հունվարի 24-ին նա Ստեփանակերտում մնացած վերջին մեր 11 հայրենակիցների հետ միասին տեղահանվեց Հայաստան, և այսօր պարզվեց, որ նա գտնվում է Երևանի Հաղթանակ թաղամասի խնամքի կենտրանում: Նրան տեսածների պատմելով, Ֆրեդը շատ ծանր հոգեբանական վիճակում է և չի կարողանում համակերպվել ներկայիս իրավիճակի հետ: Ստեփանակերտում նրան և մնացած հայերի պահման պայմանները շատ դաժան էին, հատկապես վերջին ամիսներին:

Հիշեցնենք որ օրեր առաջ Արցախում մնացած վերջին 10 հայերը ու մեկ ազգությամբ ռուս քաղաքացի  Ադրբեջանի կողմից տեղահանվեցին Հայաստան: Ըստ Հայաստանի կառավարության՝ նրանք ՙՙ տեղափոխվել են՚՚ սեփական խնդրանքով, սակայն փաստերը վկայում են այն մասին, որ նրանք, ինչպես բոլոր մեր հայրենակիցները, տեղահանվել են հարկադրաբար:

Ադրբեջանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Արցախում բնակություն հաստատած անձինք պահանջել են Ադրբեջանի կառավարությունից լիովին հայաթափել Արցախը, պատճառաբանելով, որ հայերը սպառնալիք են ներկայացնում իրենց համար:

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Panorama.am–ին ներկայացրեց այս թեմայի վերաբերյալ իր տեղեկությունների մասին: «Նրանց նստացրել են մեքենան ու տարել։ Բոլորը նույն բանն են ասում. ուրբաթ էր,  առավոտյան եկան, ասացին՝ նստեք, տեղ եք գնում։ Նստել են մեքենան, անընդհատ հարցրել են՝  բա ուր ենք գնում, չեն պատասխանել։  Հակարիի կամրջի մոտ մեքենայից իջեցրել են, քանի որ հայկական կողմին հանձնելու հետ կապված փաստաթղթեր պետք է ստորագրեին։ Հենց Հակարիի վրա են հասկացել, որ խոսքը Հայաստան տեղափոխության մասին է»։

Նա նշեց, որ նրանք վերջին 3-4 ամիսներին ապրել են Ստեփանակերտի «Դղյակ» հյուրանոցում։

Գեղամ Ստեփանյանը դեռ չի հանդիպել վերադարձած քաղաքացիների հետ. «Ճիշտ չեմ համարում հիմա գնալ, սկսել հարցեր տալ նրանց։ Կսպասեմ որոշ ժամանակ անցնի, մարդիկ կազդուրվեն, այնուհետև հանդիպեմ նրանց։ Ընդհանուր ինֆորմացիա ստացել եմ հարազատներից»։

«Տարբեր բժշկական կենտրոններում կազմակերպվել է հոգեբանական վիճակի, ընդհանուր առողջական վիճակի զննություն։ Կան մարդիկ, որոնց զննությունն ավարտվել է, տեղափոխվել են և ընտանիքներում են ապրում, կան մարդիկ, որոնք դեռ գտնվում են խնամքի կենտրոններում»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։

Հարցին՝ արդյո՞ք Արցախում այլևս հայ չի մնացել, Արցախի ՄԻՊ-ն ասաց. «Իմ կարծիքով, այս պահին ևս երկու հոգի կա։ Մի կին կա, որին չէին էլ բերել, և մի տղամարդ՝ Միշա Գրիգորյանը, որ ճանապարհի կեսից վերադարձել է։