
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը Սպիտակ տան իրավիճակային սենյակում խորհրդակցություն է հրավիրել այն բանից հետո, երբ Իրանը հայտարարել է, որ վերսկսելու է Հորմուզի նեղուցի փակումը, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների։
Հրապարակումը նշում է, որ Իրանի հետ իրավիճակը գտնվում է կրիտիկական կետում, քանի որ հրադադարի համաձայնագրի ժամկետը լրանում է երեք օրից, և ԱՄՆ-ի և Իրանի բանակցողների միջև նոր հանդիպման վերջնական ամսաթիվը դեռևս որոշված չէ։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ եթե շուտով առաջընթաց չգրանցվի, ռազմական գործողությունները կարող են վերսկսվել։
Իրանը նեղուցը փակելու սպառնալիքներից անցնում է այն դրամայնացնելու ռազմավարության։ Իրանի խորհրդարանական ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Ալաեդդին Բորուջերդին հստակորեն ուրվագծել է իր նոր դիրքորոշումը. պատերազմից առաջ եղած ստատուս քվոյին վերադարձ չի լինի։
ԱՄՆ զինված ուժերը, իրենց հերթին, մտադիր են ընդլայնել Իրանի դեմ իրենց ռազմածովային գործողությունները Մերձավոր Արևելքից այն կողմ և նախատեսում են զորքեր իջեցնել Թեհրանի հետ կապված նավթատար նավերի վրա միջազգային ջրերում, գրել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։
Սա կարող է առաջացնել ԻՀՊԿ-ի կողմից պատասխան գործողություններ։
«Պլանավորումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ իրանական զինված ուժերը շարունակում են ամրապնդել իրենց վերահսկողությունը Հորմուզի նեղուցում՝ շաբաթ օրը հարձակվելով մի քանի առևտրային նավերի վրա և հայտարարելով, որ ջրային ճանապարհը գտնվում է Իրանի «խիստ վերահսկողության» տակ», – նշվում է հոդվածում։
ԱՄՆ-ն ակտիվորեն տեղակայում է ինքնաթիռներ, և գրանցվել է ռազմական տրանսպորտային ինքնաթիռների և տանկերների զանգվածային թռիչք դեպի CENTCOM-ի պատասխանատվության գոտի։