Թրամփը ավարտեց պատերազմը՝ նորը սկսելու համար։ Իրանի պայմանները նրան չեն բավարարում

  • 09:23 02.05.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ պատերազմը համարում է ավարտված՝ այդ մասին Կոնգրեսին տեղեկացնելով ուրբաթ՝ մայիսի 1-ին, հաղորդել է Associated Press (AP)-ը: Այդ օրը լրանում էր Կոնգրեսի կողմից Իրանի հետ ռազմական հակամարտությունը շարունակելու հաստատման վերջնաժամկետը: «2026 թվականի փետրվարի 28-ին սկսված ռազմական գործողությունները դադարեցվել են», – նշել է Թրամփը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնին և Սենատի ժամանակավոր նախագահ Չակ Գրասլիին ուղղված նամակում։

Միևնույն ժամանակ, իր նամակում ամերիկացի նախագահը հստակեցրել է, որ պատերազմը դեռևս շատ հեռու է ավարտից: «Չնայած իրանական ռեժիմի դեմ ԱՄՆ գործողությունների հաջողությանը և երկարատև խաղաղություն ապահովելու շարունակական ջանքերին, Իրանի կողմից Միացյալ Նահանգների և մեր զինված ուժերի համար սպառնալիքը մնում է զգալի», – AP-ի փոխանցմամբ՝ նշել է նաև Թրամփը նամակում։

Մասնագետները նշում են, որ ոչինչ չի խանգարում Թրամփին սկսել նոր 60-օրյա պատերազմական շրջան, որը չի պահանջի Կոնգրեսի թույլտվությունը։

ԱՄՆ Սենատի դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը Կոնգրեսին ուղղված նամակում Սպիտակ տան փաստարկները անվանել է «անհեթեթություն»։ «Սա անօրինական պատերազմ է, և ամեն օր, երբ հանրապետականները դառնում են մեղսակից և թույլ են տալիս, որ այն շարունակվի, վտանգված կյանքերի, քաոսի և գների աճի ևս մեկ օր է», – գրել է նա X սոցիալական մեդիա հարթակում։

Իրանը նոր առաջարկ է ներկայացրել ԱՄՆ-ին՝ ռազմական հակամարտության դադարեցման պայմանների վերաբերյալ, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Թեհրանը նախկինում պնդում էր նավահանգստի շրջափակումը վերացնելու վրա՝ բանակցություններ սկսելու համար։ Այժմ Իսլամական Հանրապետությունը առաջարկել է քննարկել Հորմուզի նեղուցի բացման հարցը՝ Վաշինգտոնի կողմից հարձակումները դադարեցնելու և շրջափակումը վերացնելու երաշխիքների հետ մեկտեղ, ըստ թերթի աղբյուրների։

WSJ-ն հաղորդում է, որ Իրանը միջնորդներին տեղեկացրել է իր պատրաստակամության մասին՝ Պակիստանում բանակցությունների սեղանի շուրջ նստել արդեն հաջորդ շաբաթվա սկզբին, եթե ԱՄՆ-ն հետաքրքրված լինի նոր առաջարկով։

Իրանը պահանջում է մի բան, որը ես չեմ կարող ընդունել։ Սա հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նրանք ցանկանում են համաձայնագիր, բայց ինձ դա դուր չի գալիս», – ասել է նա։

Նրա խոսքով՝ Իրանի ղեկավարությունը շատ մասնատված է, «նրա ներսում կան երկու, երեք, չորս խմբավորումներ»։ «Կոշտ գծի կողմնակիցները նույնպես ցանկանում են համաձայնագիր։ Նրանք ոչինչ չունեն», – հավելել է Թրամփը։

Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ն ունի երկու անգամ ավելի շատ զենքի պաշարներ, քան ուներ Իրանի հետ պատերազմի սկզբում։ «Մենք կհասցնենք Իրանի հետ հետ գործը մինչև վերջ. մենք մտադրություն չունենք վաղաժամկետ հեռանալու», – ասել է նա։