Դուք էիք ասում, որ ԵՄ-ն երբեք չի համարել Լեռնային Ղարաբաղը զավթված ՀՀ-ի կողմից

  • 09:49 04.05.2026

«Մենք 38 տարուց ավելի է՝ պայքարում ենք արդարության համար եւ պայքարում ենք, որ Եվրամիությունը չմոռանա իր առաքելությունը։ Իր առաքելությունը բոլորովին այս խայտառակության քողարկումը չէ։ Ամոթ ձեզ, որ դուք կորցնում եք բոլոր այն արժեքները, որին մենք հավատացել ենք եւ որին ծառայել ենք»,- Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին զուգահեռ Երեւանում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց իրավապաշտպան Լարսիա Ալավերդյանը։

«Մենք այսօր էլ ենք հավատում, որ չկա այլ ճանապարհ՝ լինի դա խաղաղության, լինի դա արդարության, քան միայն ու միայն իրավական ճանապարհով ցանկացած բարդ խնդրի լուծումը»,- ասաց նա։

Լարիսա Ալավերդյանը դիմեց եվրոպացի պաշտոնյաներին․ «Այդ ի՞նչ է եղել ձեզ՝ մինչեւ 2014 թվականը դուք պնդում էիք, եւ կային որոշումներ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը որեւէ առումով չի համարվում զավթված Հայաստանի կողմից, այլ հակառակը, հենց դուք էիք ճանաչում, որ ԼՂՀ բնակիչների մեծ մասը, եթե ոչ բոլորը հանդիսանում են ՀՀ քաղաքացի, ոչ թե ճամփորդական փաստաթղթերի կրող։ Եվ դա տեղի է ունեցել բացեիբաց, այն ժամանակ, երբ քննարկվում էր մի հարց, որը վերաբերում էր Ռուսաստանին, որի նկատմամբ ընդունվում էր որոշում, որ զավթել եւ օկուպացրել է Վրաստանի տարածքները։ Ադրբեջանի ներկայացուցչի հարցին, թե ինչո՞ւ նույն բանը չեք ընդունում Հայաստանի Հանրապետության հանդեպ, Բրիտանիայի ներկայացուցիչ պատգամավորը հստակ պատասխանել էր՝ ԵՄ-ն երբեք չի համարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը զավթված կամ օկուպացված Հայաստանի Հանրապետության կողմից։ Դա 2009 թիվն էր, այդ ի՞նչ է պատահել ձեզ բոլորիդ, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին հանկարծ ի՞նչ իրավունքով է հայտարարվում, թե ԼՂ-ն պատկանում է Ադրբեջանին։ Ամոթ ձեզ, դուք ի՞նչ է, չգիտե՞ք պատմությունը, չգիտե՞ք միջազգաին իրավունքը»։