
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հանդես է եկել հրատապ ուղերձով։
«Այսօր մեր ժողովրդի համար ամոթալի ու խայտառակ օրերից մեկն է։ Այսօր վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնող Փաշինյանը չափազանց լկտի, ես կասեի՝ անհավասարակշիռ վերաբերմունք է ցուցաբերել մեր երկրի քաղաքացիների նկատմամբ։ Մարդը, ով ժամանակին ասում էր, թե մեր երկրում կա երեք միլիոն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը եւ իրականության զգացումը։
Այսօր իր քարոզարշավի ժամանակ ժողովրդին իր նախընտրական ծրագրերը ներկայացնելու փոխարեն Փաշինյանը ձեռքերին ազատություն է տվել և հարձակվել անհետ կորած մեր հերոսի քրոջ վրա, և շրջապատված լինելով թիկնապահներով, Փաշինյանը հարձակվել և վիրավորել է երիտասարդ տղամարդու և այսպես շարունակ:
Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ձեզ մի բան ասել, անգամ 20 օր Փաշինյանի՝ երկրի ղեկավար մնալը վտանգավոր է մեր երկրի համար, մեր բոլոր հակառակորդները տեսնում են, թե ինչ հոգեբանական անհավասարակշիռ վիճակում է գտնվում մեր երկրի ժամանակավոր ղեկավարը, նրա յուրաքանչյուր օրը վարչապետի պաշտոնում թուլացնում է մեր երկիրը։ Փաշինյանը խայտառակում է ոչ միայն մեր պետությունը, այլև հայի, հայ ժողովրդի, հայ տղամարդու կերպարը, մենք դա թույլ չենք տալու, հունիսի յոթին մեր ժողովուրդը վերջ կտա ազգային խայտառակությանը»,– ասել է նա։
«Հայաստան» դաշինքի հայտարարություն է տարածել․
«Հունիսի 7-ի ընտրությունների նախընթաց ժամանակահատվածն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ և ակնհայտորեն դուրս է եկել քաղաքական պայքարի շրջանակներից։
Գործող վարչախմբին մերժող և աներկբա թափ առնող հանրային դրսևորումներին զուգահեռ՝ ռեժիմը փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին, չեզոքացնել քաղաքացիների խոսքի ազատությունը, ճնշել ազատ կամարտահայտումը, երկրում խորացնել վախի մթնոլորտն ու ներազգային թշնամանքը։
Խորացող ավտորիտար ռեժիմի կողմից որդեգրված հակասահմանադրական և քրեորեն հետապնդելի վարքն ու գործիքակազմն անհնար են դարձնում ընտրությունների ազատությունն ու մրցակցայնությունը։
Վարչախումբը բացառապես մեկ նպատակ է հետապնդում՝ ընդդիմադիր ուժերի և այլախոհների նկատմամբ ուժի և վարչական ռեսուրսների անթույլատրելի կիրառմամբ հասնել վերարտադրության։
Այս նպատակին են ծառայում պատժիչ և հակասահմանադրական գործողությունները, որոնք ներառում են՝
• Քրեական հետապնդումներ և հալածանքներ, ինստիտուցիոնալ ռեպրեսիաներ։
• Ընտրովի արդարադատություն, վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահում։
• Դատական իշխանության ակնհայտ կախվածություն, ինչը թույլ չի տալիս, որպեսզի իշխանության հակասահմանադրական գործողություններն արժանանան իրավական գնահատականի։
• Վարչախմբի ղեկավարի կողմից դատախազությանը և իրավապահ համակարգին տրված բացահայտ ու հրապարակային պատժիչ հրահանգներ, այդ թվում՝ քաղաքական ընդդիմախոսներին բանտարկելու կամ պատժելու հանձնարարություններ։
/17․05․2026 թ․ հոգեբուժարանում կախվել է ՀՀ քաղաքացի, որին իրավապահ մարմինները մեկ օր առաջ մեկուսացրել էին Ն․ Փ․-ի քարոզչական պաստառը վնասելու մեղադրանքով/։
• Հանրության, առանձին քաղաքացիների և ընդդիմադիր առաջատար ուժերի առաջնորդների նկատմամբ հրապարակային ահաբեկում, հաշվեհարդարի սպառնալիքներ և կոչեր։
• Ոչ նորմատիվ բառապաշար, հասցեական թիրախավորում, ատելության խոսք, ներազգային պառակտվածության ու թշնամանքի մթնոլորտի խորացում, վախի և ահաբեկման մթնոլորտի ձևավորում։
• Մայիսի 18-ին, ուղիղ եթերում, Նիկոլ Փաշինյանը քաղաքական հիմնական երեք ընդդիմախոսների, ինչպես նաև սովորական քաղաքացիների հասցեին հնչեցնում է աննախադեպ սպառնալիքներ, որոնք ուղեկցվում են վրեժխնդրության կոչերով և ոչ նորմատիվ հայհոյախառն խոսքով։
Ցավոք, միջազգային կազմակերպությունների կրկնակի ստանդարտները, կանխակալ մոտեցումներն ու ոչ հասցեական վարքագիծը խորացնում են Հայաստանում անպատժելիության մթնոլորտը, վարկաբեկում միջազգային ինստիտուտները, սասանում ժողովրդավարության նկատմամբ հավատը՝ լրջագույնս կասկածի տակ դնելով հավաքական Արևմուտքի՝ Հայաստանում իրապես ժողովրդավարական սկզբունքներով իշխանության ձևավորման նկատմամբ շահագրգռվածությունը։
Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպանատներին և դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպություններին՝ ակնկալելով համարժեք վերաբերմունք և գնահատական։
Ակնկալում ենք անհետաձգելի հանդիպում՝ առավել հանգամանալից քննարկելու, ներկայացնելու և գնահատելու իշխանությունների կողմից որդեգրված հակասահմանադրական ընթացքը»։