
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն արցախցիների անունից հայց կներկայացնի դատարան՝ վերականգնելու արցախցիների ընտրելու իրավունքը։
Ավելի վաղ «ՀայաՔվե»-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ դիմելով արցախցիներին, որ եթե ուզում են մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, սակայն չունեն ՀՀ նոր անձնագիր, կարող են դիմել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման կենտրոնական գրասենյակ՝ անհրաժեշտ խորհրդատվություն եւ իրավական աջակցություն ստանալու համար։ Արցախցիները կարող են կապ հաստատել՝ զանգահարելով 033 978281 հեռախոսահամարով։
«ՀայաՔվե»-ի վարչության անդամ Արամ Պետրոսյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ արդեն 50 դիմում ստացել են արցախցիներից։
«Մենք իրենց փոխարեն հայցադիմումը կպատրաստենք, որ օգնենք դիմել դատարան։ Ընտրությունների հետ կապված դատական հայցերն օրենքով հրատապ ռեժիմով են քննվում, այնպես որ, մենք ժամանակ ունենք։ Այս պահի արդեն մոտ 50 հայրենակից մեզ դիմել է, եւ գնալով տարածվում է, ավելի շատ են դիմում»,- ասաց Արամ Պետրոսյանը։
Նա նշեց, որ այս գործընթացի իրավական հիմքն այն է, որ 2021 թվականին նույն անձինք դատարանի որոշմամբ նույն անձնագրերով մասնակցել են քվեարկությանը։
«Մարդը 2021 թվականին այդ անձնագրով մասնակցել է ընտրությանը, հիմա ոչ մի բան չի փոխվել, բացի այն, որ տեղահանվել են ու Հայաստանում են ապրում, բայց իրենց ասում են՝ դու չես կարող մասնակցել քվեարկությանը։ Ի՞նչն է փոխվել, մարդուն քաղաքացիությունից կարող են զրկել կամ դատական կարգով, կամ, Աստված չանի, մահվան դեպքում։ Հիմա մարդիկ ոչ դիմել են, որ իրենց զրկեն քաղաքացիությունից, ոչ էլ պետությունն է դիմել, որ իրենց զրկի, հիմքը ո՞ւր մնաց։ Մարդկանց ասում են՝ արի նոր անձնագիր տամ, նորից տալիս են նույն անձնագրից, նորից 070 կոդով ու նորից շարունակում են պնդել, որ արցախցիները ՀՀ քաղաքացի են։ Ուզում ենք հասկանալ՝ իրենց ասածն ի՞նչ է։ Մենք վստահ ենք, որ այդ հայցերը բավարարվելու են, եթե իրավական որեւէ բան մնացել է այս երկրում։ Չեն կարող մարդու կարգավիճակը չփոխել, բայց միաժամանակ իրավունքից զրկել»,- նշեց Պետրոսյանը։
Նշենք, որ 2021 թվականի նախադեպը կա՝ հարյուրից ավելի հայցեր կան, երբ արցախցիները 2021-ին դիմում էին ՀՀ դատարաններ ու ընտրություններին մասնակցելու իրավունք ստանում։ Դատարանը հաստատում էր, որ նրանք հանդիսանում են ՀՀ քաղաքացի։ Մեր տեղեկություններով՝ այս տարի եւս նման նախադեպ կա, երբ դատարանը բավարարել է արցախցիների՝ ՀՀ ընտրական ցուցակներում ընդգրկվելու հայցերը։