
Google Maps-ի ողջ պատմության ընթացքում անվանումը (նկատի ունի Տիգրանաշենը–խմբ) չի փոխվել, այն մնացել է այնպիսին, ինչպիսին եղել է, պարզապես որոշ մարդիկ դա նոր են նկատել։ Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է ՔՊ–ի ընտրական ցուցակը։
Նա սուտ է անվանել այն պնդումը, թե ինքը ինչ-որ բան է հանձնում։
«Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, և այդ հիմքով իրականացրել են դելիմիտացիա։ Սա նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանը նույնական են համապատասխանաբար Հայկական ԽՍՀ-ին և Ադրբեջանական ԽՍՀ-ին։
Մենք չենք կարող հրաժարվել անկլավների թեմայից, քանի որ մենք ինքներս էլ ունենք Արծվաշեն։ Ես չեմ կարող դրանից հրաժարվել, քանի որ դա քրեական հետապնդման հիմք է, ոչ ոք չի կարող հրաժարվել Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Բայց սա հեշտ թեմա չէ։
Այս հարցի լուծման վերաբերյալ այս պահին որևէ պայմանավորվածություն չկա։ Այս թեմայով խոսելիս ես խոսում եմ Հայաստանի ինքնիշխան տարածքի վերադարձի մասին։ Եթե դելիմիտացիայի ընթացքում տեղի ունենա որոշակի օպտիմալացում, ապա այն կարող է տեղի ունենալ, և այդ գործընթացն այդ դեպքում կանցնի բաց, հրապարակային, թափանցիկ ձևով։
Մի բան ակնհայտ է՝ դելիմիտացիայի արդյունքում Հայաստանի տարածքը կկազմի 29 743 քկմ, սա երկաթե տրամաբանություն է։ Իսկ ճանապարհների և ենթակառուցվածքների խնդիրները կլուծվեն դելիմիտացիայի ընթացքում»,- նշել է Փաշինյանը։
Խոսքը գնում է դեպի Վայոց ձոր և Սյունիք միակ ճանապարհի մասին, որն անցնում է Երասխով և Տիգրանաշենի տարածքով։ Եթե այն փակվի, ապա կդառնա “մեծ ապաշրջափակման” դարաշրջանի (որի ընթացքում ոչ մի ճանապարհ չի բացվել) հերթական փակված ճանապարհը՝ դեպի Արցախ տանող երկու ճանապարհներից և Գորիս-Կապան մայրուղու փակումից հետո։