Արթուր Օսիպյանի հացադուլը. անձնական արժանապատվության, քաղաքական պատասխանատվության և հանրային բանավեճի հանգույցում

  • 16:35 10.06.2026

Արցախից բռնի տեղահանված հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը, որը, նրա հայտարարությունների համաձայն, պայմանավորված է ոչ միայն իր նկատմամբ իրականացվող իրավական գործընթացներով, այլ առաջին հերթին՝ իր արժանապատվությանն ուղղված վիրավորանք համարած արտահայտությամբ։

Հացադուլի շարունակման հետ զուգահեռ աճում են նաև մտահոգությունները նրա առողջական վիճակի վերաբերյալ, մինչդեռ հանրային դաշտում քննարկումը գնալով ավելի է կենտրոնանում այն հարցի վրա, թե արդյոք պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձը պետք է պատասխանատվություն կրի իր հրապարակային խոսքի համար։

Ինչից սկսվեց պատմությունը

Արթուր Օսիպյանի շուրջ զարգացումները սկսվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հրապարակային փոխհարաբերությունների ֆոնին։ Օսիպյանն ու նրա աջակիցները պնդում են, որ վարչապետի կողմից նրա հասցեին օգտագործված «թռած» բառը ոչ միայն վիրավորական է, այլև նսեմացնում է մարդու արժանապատվությունը, հատկապես այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է պատերազմի մասնակից, հասարակական գործունեություն ծավալած և Արցախի տարբեր փուլերում ակտիվ դերակատարություն ունեցած անձի։

Օսիպյանի դիրքորոշումն այն է, որ խնդրի առանցքը ոչ թե իրավական գործընթացներն են, այլ հրապարակային վիրավորանքի փաստը։ Նրա պահանջը, ըստ պաշտպանների և համախոհների, մեկն է՝ վարչապետը պետք է ընդունի, որ այդ բնորոշումը սխալ էր և հրապարակայնորեն հրաժարվի դրանից։

Նախընտրական քարոզարշավի օրերին եւ հանրային մեծ բանավեճերի ժամանակ տարբեր քաղաքական գործչներ այս հարցը բարձրաձնում էին եւ պատասխան ակնկալում վարչապետից, մինչդեռ նա ոչ միայն ներողություն չէր խնդրում, այլ պարբերապար «տարանջատում էր» սովորական արցախցիներին եւ ինչպես ինքն է նշում՝ «պսեւդոէլիտային», որոնց նա համարում է «թռածներ»։

Օսիպյանը դարձավ այն կերպարը, ով բարձրացնում է համատարած վիրավորանքի հարցը եւ պահանջում ներողություն խնդրել իրեն «թռած» անվանելու համար, սակայն, պարզ է, որ սա վիրավորանք չէր միայն Օսիպյանի հասցեին, այլ այն հազարավորների, ովքեր կռվել են եւ հատկապես այսպիսի պիտակավորման «արժանի չեն»։

Վերջին օրերին սոցիալական ցանցերում և հանրային քննարկումներում լայն տարածում է ստացել այն տեսակետը, որ Օսիպյանի գործի շուրջ ծավալվող երկրորդական քննարկումները՝ քրեական գործից մինչև տարբեր ստորագրահավաքներ, շեղում են ուշադրությունը հիմնական հարցից։ Այդ դիրքորոշման համաձայն՝ բանավեճի առանցքում պետք է լինի ոչ թե Օսիպյանի քաղաքական հայացքները կամ նրա աջակիցների նախաձեռնությունները, այլ հետևյալ հարցը. արդյո՞ք ընդունելի է պատերազմի մասնակից և հանրային գործունեություն իրականացրած անձին անվանել «թռած»։

Օսիպյանի աջակիցները հիշեցնում են, որ նա մասնակցել է Արցախի պաշտպանությանը, տարիներ շարունակ բարձրաձայնել է տարբեր ապօրինությունների մասին, իսկ 2022–2023 թվականների շրջափակման ընթացքում հանդես է եկել հասարակական և քաղաքական նախաձեռնություններով։ Այդ պատճառով նրանք պնդում են, որ նման բնորոշումը ոչ միայն անձնական վիրավորանք է, այլ նաև անհարգալից վերաբերմունք է մարդու անցած ճանապարհի նկատմամբ։

Այս մոտեցման կողմնակիցները նշում են, որ հասարակության զգալի հատվածի համար նման բառապաշարը անընդունելի է, հատկապես եթե այն հնչում է երկրի վարչապետի կողմից։ Երկրի ղեկավարի կողմից օգտագործվող բառապաշարը «ընդունելի եւ սովորական» է դառնում լայն զանգվածների համար, հատկապես նախընտական եւ հետընտրական օրերին եւս մեկ անգամ ատելության ալիք տարածելով։

Օսիպյանի աջակիցների կարծիքով՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ամենակարճ ճանապարհը հրապարակային սխալի ընդունումն է։

Իրավական գործընթացներն ու միջազգային արձագանքը

Միաժամանակ շարունակվում են Օսիպյանի նկատմամբ իրականացվող իրավական գործընթացները։ Նրա պաշտպանները բազմիցս հայտարարել են, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի, մինչդեռ իշխանությունները պնդում են, որ քննությունն իրականացվում է օրենքի շրջանակներում։

Հունիսի սկզբին մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ մտահոգություն հայտնեցին ինչպես Օսիպյանի կալանքի, այնպես էլ նրա առողջական վիճակի վերաբերյալ՝ կոչ անելով ապահովել նրա հիմնարար իրավունքների պաշտպանությունը։

Հանրային քննարկման առանցքային հարցը՝ Արթուր Օսիպյանի հացադուլը ժամանակի ընթացքում դուրս է եկել բացառապես անձնական կամ իրավական վեճի շրջանակներից և վերածվել է ավելի լայն հանրային քննարկման։

Հարցն այսօր շատերի կողմից ձևակերպվում է հետևյալ կերպ՝ որտե՞ղ են անցնում քաղաքական քննադատության և անձնական արժանապատվության նկատմամբ հարգանքի սահմանները, և արդյո՞ք պետական պաշտոնյաները պետք է ավելի բարձր չափանիշներով առաջնորդվեն իրենց հրապարակային խոսքում։

Մինչ այս հարցերի շուրջ հասարակությունը շարունակում է քննարկումները, Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը՝ պնդելով, որ իր պայքարի հիմնական նպատակը ոչ թե քաղաքական կամ իրավական արտոնություն ստանալն է, այլ իր նկատմամբ հնչած բնորոշման անընդունելի լինելու փաստի հրապարակային ընդունումը։

Մարիամ Սարգսյան