Քնել՝ ԹՐԻՓՓ են երազների մեջ տեսել

Հայաստանը մտադիր չէ բաց թողնել TRIPP նախագծի իրագործմամբ ընձեռվող պատմական հնարավորությունը։ Հայաստանի բոլոր հարևան երկրներն ու տարածաշրջանային այլ գործընկերները, որոնք կարող են շահել նախագծի գործարկումից, դրական են գնահատում այս նախաձեռնությունը։ Այս մասին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է մտածի, թե ինչպես առավել արդյունավետ օգտվի այն նոր հնարավորություններից, որոնք ի հայտ են գալիս տարածաշրջանային տրանսպորտային ու տնտեսական կապերի շնորհիվ։

Կարապետյանն ընդգծել է, որ TRIPP-ի նկատմամբ դրական վերաբերմունք են դրսևորում ինչպես Հայաստանի հարևան պետությունները, այնպես էլ տարածաշրջանի մյուս գործընկերները, այդ թվում՝ Իրանը։

Ես էլ եմ ուզում օգտվել TRIPP-ից՝ նման վարդագույն խոստումները լսելուց հետո։ Հայ պաշտոնյաների խոսքերից կարելի է եզրակացնել, որ նրանց վաղեմի երազանքն էր՝  հրաժարվել հայկական տարածքից՝ երրորդ երկրներին «անարգել» ճանապարհ տալու համար՝ ակնկալելով, որ նրանց էլ ինչ-որ փայ կհասնի։ Դիվանագիտությունը սեփական ժողովրդին ստելու արվեստ չէ, այլ ազգային շահերը երկրի սահմաններից դուրս առաջ մղելու ունակություն։