«Ռուսաստանից հետո հաջորդը Հայաստանն է լինելու, որը միանալու է Թյուրքական պետությունների միությանը»

Step1.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

–Պարոն Ղուկասյան, նոյեմբերի 9-ի հայտարարությունը գործո՞ւմ է։

-Չի գործում։ Արդեն կարող ենք պնդել, որ եռակողմ հայտարարությունը նախապես որոշված «լուծման» արտացոլումն էր՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի 2/3-ը թողնել հայերին, 1/3-ը հանձնել Ադրբեջանի վերահսկողությանը, իսկ կարգավիճակի հարցը հավերժ հետաձգել։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը դրա մասին էր։ Իմ կարծիքով՝ այդ որոշումն ընդունվել էր մինչև պատերազմը, իսկ պատերազմն անհրաժեշտ էր, որ այդ որոշումը հողի վրա իրականություն դառնար։ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի կառավարությունների բոլոր գործողությունները՝ դիվանագիտական, ռազմական, քաղաքական, ուղղված էին այդ որոշմանը բերելուն, իսկ դրանից հետո՝ այդ որոշումը պահելուն։

Հաջորդ որոշումը՝ լուծարել Արցախի Հանրապետությունը, զինաթափել Պաշտպանության բանակը, վերացրեց նոյեմբերի 9-ի եռակողմ այդ հայտարարությունը՝ ԼՂԻՄ նախկին տարածքը բաժանել երկու մասի։

-Այսինքն՝ ի սկզբանե ծրագիրը դա՞ էր։

-Այո, հավանաբար 2017 թվականին էր որոշվել։ Բոլոր փաստերը վկայում են, որ այդ որոշումն ընդունվեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև։ Այդպիսով՝ Թուրքիայի մասնակցությամբ «լուծում տվեցին» Արցախի հարցին։ Գլխավոր որոշում կայացնողները Թուրքիան են և Ռուսաստանի Դաշնությունը։ Հայաստանը և Ադրբեջանը որոշումն իրականացնողն են։ Թուրքիան ապահովում էր, որպեսզի Ադրբեջանը ծրագրի իր մասը կարողանար իրականացնել, Ռուսաստանի Դաշնությունն ապահովում էր, որ Հայաստանը ծրագրի իր մասն իրականացներ։ Վերջում էլ նրանք հրապարակային հայտարարեցին, թե ինչ համատեղ «բարդ օպերացիա» իրականացրեցին Արցախում։

–Իսկ ո՞ւր են ռուս խաղաղապահները։

-Ռուս խաղաղապահների մեծամասնությունն արդեն ռադուգայի վրա են։ Վերջերս «Մեդուզա» կայքը անուն առ անուն հրապարակեց Ուկրաինայում զոհված ռուս զինվորականների վերաբերյալ վիճակագրությունը։ Եվ 15-րդ բրիգադը, որի երկու գումարտակը ծառայություն էին իրականացնում Արցախում, մինչև այս տարվա հոկտեմբերի վերջ կորցրել էր 4500-ից ավելի անձնակազմ։ Դա նրանք են, ում անունները հայտնի են։ Վստահաբար կարելի է ասել, որ այդ խաղաղապահների մեծ մասն արդեն ռադուգայի վրա են։

-Իսկ ո՞ւր է հրամանատար Մուրադովը։

-Մուրադովն ինչ-որ սկանդալների մեջ ընկավ։ Իր 15-րդ բրիգադն ամենավատ համբավն ունի, որովհետև նախկին խաղաղապահներին ռադուգայի վրա ուղարկելուց առաջ թալանում էին, նրանցից գումարներ էին խլում, բազմաթիվ փաստեր հրապարակվեցին։ Այսինքն՝ նրանց ոչ միայն սպանեցին, այլ սպանելուց առաջ նաև թալանեցին։ Եվ Մուրադովը ՌԴ-ում հայտնի է որպես ամենատխմար հրամատարներից մեկը, որը մեծ կորուստներ ունեցավ իր վատ ու սխալ կառավարման հետևանքով։ Բայց դրա համար, իհարկե, շքանշաններ է ստացել։ Ռուսաստանում, որպես կանոն, ով իր անձնակազմում ավելի շատ զինվոր է սպանում, նա ավելի բարձր պարգև է ստանում։

– Ղազախստանի նախագահ Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների միության կազմում։ Ի՞նչ կլինի 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերի հետ:

-Այդ պայմանագրերի հետ ոչինչ չի լինի, դրանք պատմությանը վերաբերող արխիվային փաստաթղթեր են։ Խնդիրն այն է, որ Թուրքիայի իշխող ուժը և քաղաքական ուժերը՝ որպես հեռանկար, հասկանում են, որ վաղ թե ուշ իրենք պետք է դուրս թռնեն Եվրամիության մաքսային տարածքից, ՆԱՏՕ-ից, և բարձիկ են ստեղծում, թե որտեղ պետք է նստեն հետագայում։ Եվ դա Թյուրքական պետությունների միությունն է՝ Ղրղազտան, Ղազախստան, Ուզբեկստան, Տաջիկստան, այս երեկրներն են, որոնց գլխի վրա իրենք ուզում են վայրէջք կատարել, երբ իրենց կհանեն եվրոպական քաղաքական և ռազմական դաշինքներից։

Իհարկե, Ռուսաստանի Դաշնությունն այնտեղ անպայման պետք է լինի, որովհետև ինքն էլ է այդ ճանապարհն ընտրել՝ որպես իր համար 21-րդ դարի տեսլական։ Այսպես ասած՝ Եվրոպայից շրջադարձ անողներն են և Ռուսաստանի Դաշնությունը, և Թուրքիան։ Ռուսաստնաը բացահայտ, Թուրքիան՝ ոչ բացահայտ։ Եվ բոլորի հայացքներն ուղղված են դեպի պատմական հայրենիք՝ Ալթայ, Միջին Ասիա։

Ռուսաստանից հետո հաջորդը Հայաստանն է լինելու, որը միանալու է Թյուրքական պետությունների միությանը։ Նիկոլ Փաշինյանն այդ մասին դեռ չի ասել, բայց հաջորդ դասին կասի, որ դա հայ ժողովրդի համար մեծ նվաճում կլինի՝ «եղբայրական թուրք ժողովրդի» հետ միասին ապրելու համար։

Ռոզա Հովհաննիսյան