
APA-ի թուրքական բյուրոյի հաղորդմամբ՝ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է Հայաստանի հետ երկաթուղային և ճանապարհային սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքների ավարտի մասին։
Ուրալօղլուն նշել է, որ եթե համաձայնության հասնեն՝ հաշվի առնելով Ադրբեջանի համար կարևոր հարցերը, գործընթացը երկար չի տևի։
Թուրք նախարարը հույս է հայտնել, որ սահմանային անցակետերը կբացվեն մոտ ապագայում։
«Կարևոր հարցեր» ասելով Թուրքիան նկատի ունի Հայաստանի կողմից նոր Սահմանադրության ընդունումը և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Հայաստանի խորհրդային սահմանների ճանաչումը որպես օրինական։
Ներկայումս հայ-թուրքական սահմանը իրավական կարգավիճակ չունի. այն մինչ օրս մնում է թուրք-խորհրդային սահման, որը սահմանվել է 1921 թվականի Կարսի պայմանագրով և՝ ըստ հայ-ռուսական պայմանագրի, պահպանվում է ռուս սահմանապահների կողմից որպես «ԽՍՀՄ արտաքին սահման»։
Այս պայմանագրերի չեղարկումը ավտոմատ կերպով կհանգեցնի 1921 թվականի Կարսի պայմանագրից առաջ գոյություն ունեցած իրավիճակին, այսինքն՝ Արցախը, Նախիջևանը, Կարսը և Արդահանը պետք կլինի վերադարձնել Հայաստանին։
Պայմանագրերի պահպանումը կնշանակի, որ այս հայկական տարածքները ևս անհայտ ժամանակ կհամարվեն ժամանակավորապես փոխանցված Թուրքիային և Ադրբեջանին։
Միակ «ելքը»՝ Հայաստանի կողմից այս պայմանագրերով խախտված իր իրավունքներից «կամավոր» հրաժարվելն է և Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդային սահմանների օրինականացումն է։
Թուրքիան սպասում է, որ Հայաստանի կողմից օրինականացվեն առաջին հերթին իր սահմանները, այլ ոչ թե Ադրբեջանի։
2009 թվականին Թուրքիան և Ռուսաստանը չկարողացան դրան հասնել «ֆուտբոլային դիվանագիտության» միջոցով, մասամբ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կոշտ դիրքորոշումների պատճառով։ Սակայն աշխարհաքաղաքական իրավիճակը հիմա այլ է։