Փաշինյանը գոհ չէ արցախցիներին օգնելու թվերից․ քիչ է

2023 թվականից ի վեր ՀՀ պետական բյուջեից տարբեր ծրագրերով շուրջ 145 մլրդ դրամ է հատկացվել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների կարիքները հոգալու համար: Այդ մասին, այսօր՝ մարտի 18–ին, «Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» խորագրով քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք համոզված ենք, որ մի մասը հստակ և հասցեական տեղ է հասել: Գուցե այդ հասցեականությունը տեղ-տեղ լինի ոչ ամենաբարձր ճշգրտությամբ, բայց ես կարծում եմ, որ ճիշտ կլինի՝ առնվազն մեր խոսակցության երկրորդ կեսը և եզրափակիչ մասը նվիրված լինեն մեր անելիքներին, ապագային, թե ինչ ենք անելու սրանից հետո, որովհետև ես վիճակագրությունը տեսա` այս պահի դրությամբ ընդամենը շուրջ 1700 ընտանիք է, որ ծրագրով տուն է ձեռք բերել»,- ասաց նա:

Մի կողմից այս թիվը, ըստ Փաշինյանի, քիչ չէ այն առումով, որ աշխատող մեխանիզմ կա, որի լավարկումը միշտ էլ օրակարգում է, բայց մյուս կողմից` կա անհանգստություն, քանի որ կա ցանկություն, որ գործընթացն ավելի մեծ ծավալներով տեղի ունենա:

Փաշինյանն անդրադարձավ նաև այն շահարկումներին, թե առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, և որ Կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգի, խոչընդոտի: Վարչապետն ընդգծեց՝ հակառակն է, անհանգստացած են, որ ծավալները քիչ են:

«Մեր խնդիրը շատ գործնական է, մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք Հայաստանի Հանրապետությունում՝ քաղաքացիություն, տուն, աշխատանք, սոցիալական միջավայր… Մեզ պետք է ձեզնից ազդակներ ստանալ, թե էլ ինչ պետք է անենք, որպեսզի այդ հարցը հնարավորինս արդյունավետ լուծենք»,- ասաց նա:

Նախարարը խոստովանեց․ Եթե Իրանում հակամարտությունը երկարի, ՀՀ տնտեսությունը կտուժի

Եթե Իրանի դեմ հակամարտությունը չավարտվի, մեր տնտեսության վրա դա երկարաժամկետ վատ ազդեցություն կունենա։ Այդ մասին, այսօր՝ մարտի 18–ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նա հույս հայտնեց, որ Իրանի շուրջ ռազմական զարգացումները կարճաժամկետ կլինեն, և միայն այդ դեպքում մեր տնտեսության մեջ վնասները կլինեն հնարավորինս քիչ։

«Վնասներ ակնհայտորեն հիմա էլ կան` որոշ ապրանքների գների բարձրացման տեսքով մենք տեսնում ենք, որ կան գնաճային ռիսկեր։ Նաև որոշ ապրանքների արտադրության համար Հայաստանը հումք է ստանում Իրանից, և այս դեպքում ևս գնաճային ռիսկեր հնարավոր է` առաջանան»,– նշեց նախարարը։

Պապոյանը հիշեցրեց, որ Իրանի հետ ունենք բավականին մեծ առևտրաշրջանառություն` ներմուծում–արտահանում և հասկանալի է, որ Իրանի դեմ հակամարտության ձգձգումը մեր տնտեսության վրա կարող է ունենալ երկարաժամկետ ոչ դրական ազդեցություն։

«Միաժամանակ, երբ հետևում ենք ընդհանուր քաղաքական գործիչների բարձր մակարդակով հայտարարություններին, կարծես թե հույս կա, որ, ի վերջո, մոտակա ժամանակներում կոնֆլիկտը կավարտվի և այդ դեպքում, կարծում եմ, որ բացասական մեծ սպասումներ չպետք է այլևս ունենանք»,– վստահեցրեց էկոնոմիկայի նախարարը։

Կենսաթոշակները կավելանան 10-14 հազար դրամով

Ապրիլի 1–ից կգործարկվեն կենսաթոշակային ոլորտի երկու հիմնարար փոփոխությունները, մեկը կենսաթոշակների բարձրացումն է, մյուսը կենսաթոշակները բացառապես անկանխիկ եղանակով վճարելը։ Այս մասին, այսօր՝ մարտի 18–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը։

Ինչպես հաղորդում է news.am-ը, «Աշխատանքային կենսաթոշակները բոլորը բարձրանալու են առնվազն 10,000 դրամով՝ անկախ ստաժից։ Սովորաբար կենսաթոշակի չափը ձևավորվում է նաև ստաժի հաշվառմամբ, բայց քանի որ ավելացել է հիմնական կենսաթոշակը և նվազագույն կենսաթոշակը, սա նշանակում է, որ անկախ ստաժից կենսաթոշակի չափերը ավելանալու են։ Մարտ ամսվա կենսաթոշակի չափին ավելանալու է ևս 10000 դրամ:

Ընդ որում ասում եմ՝ առնվազն 10000 դրամ, որովհետև աշխատանքային կենսաթոշակի առանձին տեսակներ կավելանան մի փոքր ավելի: Մասնավորապես, այն դեպքում, երբ անձը ստանում է հաշմանդամության խոր աստիճանի սահմանափակումով աշխատանքային կենսաթոշակ, կենսաթոշակի չափը կավելանա 14000 դրամով։ Եթե հաշմանդամությունը սահմանված է ծանր աստիճանի սահմանափակման դեպքում՝ 12000 դրամով։

Բացի այդ, 50 000 դրամով կավելանան երկկողմանի ծնողազուրկ երեխաների կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակները»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է զինվորական կենսաթոշակներին, Գալստյանը նկատեց, որ այս դեպքում կենսաթոշակի բարձրացման չափը կախված է նրանից, թե ինչ պաշտոնից է զինծառայողն անցել կենսաթոշակի, միջինը կավելանա  8500 դրամով:

«Պարտադիր ժամկետում զինվորական ծառայողների կենսաթոշակները կավելանան 10000 դրամով, հաշմանդամության սահմանված խմբերի դեպքում 12000 դրամ և 14000 դրամ։

Մենք ունենք շուրջ 502 000 կենսաթոշակառուներ, նրանցից մոտ 5-6 հազարը խորը աստիճանի սահմանափակում ունի, այսինքն կավելանա 14000 դրամով, շուրջ 37000-ը ծանր աստիճանի սահմանափակումով է, կավելանա 12 000 դրամով։ Իսկ մնացած 460.000 կենսաթոշակառուի կենսաթոշակը կավելանա ուղիղ 10.000 դրամով։

Բացի այդ, ունենք 62 կամ 63 երկկողմանի ծնողազուրկ աշխատանքային կենսաթոշակ ստացող երեխաներ կամ մինչև 26 տարեկան ուսանողներ, նրանց կենսաթոշակը կավելանա 50000 դրամով։

Ավելանում են ոչ միայն կենսաթոշակները, այլը սոցիալական նպաստները, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները։ Այստեղ մենք ունենք շուրջ 124 000 շահառու։ Նրանց նպաստները կավելանա 10 հազար դրամով»։

Անահիտ Գալստյանի խոսքով, սահմանված կենսաթոշակները հետագայում կարող են ավելանալ, բայց չեն կարող նվազել։

Նախարար․ նոր սահմանադրության տեքստում ներածությունը չկա

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե Անկախության հռչակագրին հղումը հանե՞լ են նոր Սահմանադրության տեքստից։

«Խորհրդում դեռ չենք քննարկել, ուրեմն, ձեր հարցին ուղիղ պատասխանել չեմ կարող։ Մենք ունենք մեր մոտեցումները, որոնք կառաջարկենք խորհրդին, քննարկելուց հետո անպայման ձեզ հետ կկիսվենք։ Այս պահին ներկայացված տեքստում  ներածությունը չի եղել առհասարակ։ Իսկ Անկախության հռչակագրին հղումը ներածության մեջ է»,- ասաց նախարարը։ Հարցին, թե ինչո՞ւ չկա ներածությունը, նա պատասխանեց․ «Որովհետեւ դեռ չենք ամբողջացրել»։

Գալյանն ասաց՝ հիմա ՔՊ վարչությունում են քննարկումներ եւ ՔՊ խմբակցությունում են քննարկումները շարունակվում։

«Մենք չունենք հանրաքվեի ժամկետ։ Ես ձեր մտահոգությունները կարող էի հասկանալ, եթե, օրինակ, հանրաքվեի ժամկետ լիներ, մենք ասած լինեինք՝ այսինչ օրն անցկացնելու ենք հանրաքվե եւ ուշացնեինք տեքստի հրապարակումը։ Բայց հանրաքվեն նշանակված չէ, ոչնչից չենք ուշանում այս պահին։ Մենք հանրությանը կտանք բավարար ժամանակ՝ ծանոթանալու տեքստին եւ բավարար ժամանակ՝ տեքստին ծանոթ լինելով՝ կատարել ճիշտ ընտրություն»,- հավելեց նա։

Անդրադառնալով Անկախության հռչակագրի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Սրբուհի Գալյանն ասաց․ «Կա խաղաղության օրակարգ, որը սպասարկում է ամբողջ կառավարությունը, վարչապետը հանդիսանում է կառավարության գլուխը եւ նաեւ առաջնորդը։ Եվ ուրեմն, կարող եք եզրահանգել, որ այն, ինչ ասվում է վարչապետի կողմից, մշտապես քննարկվում է կառավարության կողմից եւ քննարկվում է շատ մանրամասն։ Մենք բոլորս իրականացնում ենք մեկ քաղաքականություն եւ սպասարկում ենք քաղաքական ուղղություն։ Խորհուրդն իր կարծիքն է հայտնելու, քաղաքական հանձնառությունը կրում է իշխող խմբակցությունը եւ կառավարությունը։ Եվ, ուրեմն, որոշումների կայացնողը կառավարությունն է, ինչպես կառավարությունը որոշի, այդպես էլ կհրապարակվի։ Մենք հրապարակելու ենք տեքստը, եւ ակնհայտ կլինի՝ ինչ դրույթներ են շարունակելու մնալ եւ որոնք չեն լինելու այլեւս տեքստում»։

Սրբուհի Գալյանն ասաց, որ կարծում է՝ մինչեւ ընտրություններ Սահմանադրության տեքստը կհրապարակվի։

Լրագրողները հարցին՝ Արցախի մասին խուսափում են խոսել, Ցեղասպանության հա՞րցն էլ են փակում, այդ պատճառո՞վ են Սահմանադրությունից հանում Անկախության հռչակագրին հղումը, նախարարը պատասխանեց․ «Անկախության հռչակագիրը ջնջել հնարավո՞ր է, Անկախության  հռչակագիրը պատմական փաստը հավաստող փաստաթուղթ է»։

Նա միաժամանակ ասաց՝ Սահմանադրությունը պետք է նայի դեպի ապագա եւ շեշտադրի պետության շարունակականությունը, խաղաղ, անվտանգ պետություն ապագա սերունդների տալու առաքելությունը»։

Հարցին՝ իսկ ՀՀ-ն Ադրբեջանի Սահմանադրությունը համարո՞ւմ է կոնֆլիկտածին, Գալյանը պատասխանեց․ «Մենք մեր Սահմանադրությունը կոֆլիկտածին չենք համարել»։

Նա նաեւ հայտարարեց․ «Չպետք է ունենանք իրավական ակտեր, որոնք վտանգում են խաղաղությանը։ Մեր իրավական համակարգը պետք է միտված լինի մեր պետության կայացմանը»։

Ուկրաինան հարվածներ են հասցվել Կրասնոդարի հյուրանոցին և բազմաբնակարան շենքին

Մարտի 18-ի գիշերը Կրասնոդարի ամենախոշոր հյուրանոցներից մեկը և մի բազմաբնակարան շենք են ենթարկվել անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Վնասվել է մոտ 17 ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է «Ura.ru»-ն՝ հղում անելով Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի տվյալներին։

«Կենտրոնական շրջանում ԱԹՍ-ի բեկորներից վնասվել են մասնավոր տան պատն ու պատուհանների ապակիները, ինչպես նաև հյուրանոցներից մեկի կայանատեղիում գտնվող 7 ավտոմեքենաները։ Պրիկուբանսկի շրջանում ԱԹՍ-ի բեկորների անկման հետևանքով վնասվել է բազմաբնակարան շենքի տանիքը, ավերվել է պատշգամբը և վնասվել բնակարաններից մեկը։ Մոտ 10 ավտոմեքենա է վնասվել բեկորներից»,- հայտնել են Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբից։ Կա մեկ զոհ։

Իրանն ու Իսրայելը մահվան ճիրաններում. «ոչ-ոքի» չի լինի

Իսրայելի կողմից Իրանի ամենաազդեցիկ պաշտոնյայի՝ Ալի Լարիջանիի սպանությունից հետո, ինտերնետում հայտնվել են հաղորդագրություններ Իրանի կառավարության ներսում հնարավոր պառակտման մասին: Ըստ որոշ տեղեկությունների, իրանցի պաշտոնյաները մտահոգված են ԻՀՊԿ-ի՝ երկիրը կառավարողներին պաշտպանելու անկարողությամբ: Միևնույն ժամանակ, նշվում է, որ «քաղաքացիական» առաջնորդների վերացումը ավտոմատ կերպով իշխանության ղեկը փոխանցում է զինվորականներին, և ԻՀՊԿ-ն այժմ ամբողջ իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում։

Մինչ Իսրայելը գործողություններ է ձեռնարկում Իրանին գլխատելու և բնակչությանը ռեժիմը տապալելու ստիպելու համար, Իրանը դիվանագիտական ​​ջանքեր է գործադրում ԱՄՆ-ին և Իսրայելին միջազգային մակարդակով մեկուսացնելու համար: Երկու կողմերն էլ զգալի հաջողությունների են հասել. Իսրայելը պառակտում է ստեղծել Իրանի ղեկավարության շրջանում: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահից հետո իրանցի պաշտոնյաները գնալով ավելի են մտահոգվում իրենց անվտանգությամբ, The New York Times (NYT)-ին ասել են երկու իրանցի պաշտոնյաներ։

Մյուս կողմից, Իրանը ապահովել է, որ աշխարհի ոչ մի երկիր չաջակցի Հորմուզի նեղուցը «պաշտպանելու» Թրամփի կոչին, և շատ առաջնորդներ արդեն ուղղակիորեն դիմում են Թրամփին՝ պատերազմը դադարեցնելու խնդրանքով։ Իրանը նաև պառակտել է Միացյալ Նահանգների ղեկավարությունը. երեկ հրաժարական տվեց ԱՄՆ-ի հակաահաբեկչական կոմիտեի ղեկավարը՝ հայտարարելով, որ Իրանը որևէ սպառնալիք չի ներկայացնում Միացյալ Նահանգների համար, և որ երկիրը պատերազմի մեջ է ներքաշվել Իսրայելի հրահրմամբ։

Սակայն վերլուծաբանները ավելի ու ավելի հաճախ են ասում, որ այս պատերազմում ոչ-ոքի չի լինելու։ Իրանը շարունակում է դիմադրել, բայց Իսրայելը չի ​​նահանջում։ «Մեր ինքնաթիռները հարվածում են ահաբեկիչներին գետնի վրա, խաչմերուկներում, քաղաքային հրապարակներում։ Այս ամենը նախատեսված է Իրանի քաջարի ժողովրդին թույլ տալու նշել կրակի տոնը։ Այսպիսով, նշեք, շնորհավոր Նովրուզ։ Մենք հետևում ենք վերևից», – այսօր ասաց Իսրայելի վարչապետը։ Նովրուզը՝ պարսկական Նոր տարին, կնշվի ուրբաթ՝ մարտի 20-ին։

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին ի պատասխան՝ Իրանի ղեկավարությունը հարվածներ է հասցնում Պարսից ծոցի երկրներին, այդ թվում՝ Միացյալ Արաբական Էմիրություններին, Կատարին և Քուվեյթին։ Իրանը փորձում է համախմբել մուսուլմանական երկրներին Իսրայելի դեմ և հասել է դրան, որ նրանք չեն աջակցում ԱՄՆ-ին։

Ո՞ւմ են դիտորդները “զեկուցելու”․ նրանք կհետևեն նաև Սահմանադրական հանրաքվեի՞ն

Մենք այստեղ ենք Հայաստանին աջակցելու, ազատ և արդար ընտրություններ ունենալու համար։ Այս մասին, ՝ մարտի 17–ին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ անդրադառնալով նրան, որ ԵՄ արագ արձագանքման խումբը ժամանելու է Հայաստան՝ առաջիկա ընտրություններում արտաքին միջամտությանը հակազդելու համար։

«Արագ արձագանքման խումբը աջակցելու է Հայաստանին՝ ազատ և արդար ընտրություններին առնչվող մարտահրավերների հաղթահարման գործում, դա շատ հստակ է։ Ես մանրամասներ չգիտեմ»։

Եվրամիության արագ արձագանքման խումբը Հայաստան կժամանի ապրիլի սկզբին, փորձագետների խումբը կազմված կլինի 9-14 հոգուց։

«Ազատության» տրամադրության տակ հայտնված փաստաթղթում նշվում է, որ առաքելությունը Հայաստանում 10-15 օր կանցկացնի: Խումբը պիտի օգնի, որպեսզի Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Անվտանգության խորհրդի գրասենյակը «կիբերհարձակումների ու օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների իրավիճակներում այդ ճգնաժամերը կառավարելու պլան և կարգավորումներ մշակեն»:

Եվրամիությունում համարում են, որ Հայաստանը բախվել է ինտենսիվ հիբրիդային գործողությունների, որոնց նպատակն է «խաթարել ժողովրդավարական ինստիտուտները և հասարակության վստահությունը»: Այս գործողությունների մեջ թվարկել են օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաները և միջամտությունը, կիբերսպառնալիքներն ու ընտրական գործընթացների ապօրինի ֆինանսավորումը:

Ավելի վաղ Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալասը նաև հայտնել էր, որ Հայաստանը դիմել է Եվրամիությանը՝ առաջիկա ընտրություններում արտաքին միջամտությանը հակազդելու համար։ Ի պատասխան ԵՄ-ն հայտարարել էր 12 միլիոն եվրո հատկացնելու պատրաստակամության մասին։ ԵՄ-ից ասել են, որ կօգնեն «ընտրություններին ընդառաջ հակահարված տալու ռուսական ապատեղեկատվության դեմ»։ 

Մի քանի առաջ Հայաստան է եկել մեկ այլ՝ Ժողովրդավարության Միջազգային Դիտարանի (IODA) խումբը, որը նախնական արձանագրումներ է պատրաստվել Հայաստանում 2026 թվականի մարտի 7–12-ը իրականացված առաջին փաստահավաք առաքելությունից հետո՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Խումբը, որի ստեղծումը, ըստ տվյալների, հայկական լոբբիստական կազմակերպություններն են նախաձեռնել և որի կազմ են մտել հայտնի նախկին իրավապաշտպաններ, բավական կոշտ գնահատականներ է տվել ներկայումս Հայաստանում տեղի ունեցող նախընտրական իրադարձությունների վերաբերյալ։ Սակայն անհասկանալի է, թե ուր են գնալու զեկույցները և ինչ ազգեցություն կարող են ունենալ։

Կարելի է ենթադրել, որ դիտորդական և այլ դրսիծ եկած առաքելություններ դեռ լինելու են, սակայն պարզ չէ, թե ում են ներկայացվելու գնահատականները, ո՞վ է “դատավորը” և ինչ սանկցիաներ կարող են հետևել, եթե պարզվի, որ խախտումներ են եղել։ Նախկինում, երբ ժողովրդավարական միջազգային ինստիտուտները անվերապահ հեղինակություն էին, երկրների կառավարությունները ամեն ինչ անում էին, որ ընտրությունները օրինական ճանաչվեն, որ սանկցիաներ չլինեն։ Սակայն հիմա, երբ վերպետական ատյաններն, այդ թվում Եվրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ և ՄԱԿ Մարդու իրավունքների պաշտպանության մարմինները, կորցրել են նախկին գործառույթները, դիտորդական և օժանդակ առաքելությունների իմաստը փոխվում է։ Նույնիսկ պաշտոնապես նրանք հիմա հայտարարում են ոչ թե խախտումներ կամ ոչ իրավական քայլերը կանխելու, այլ գրեթե բառացի՝ սեփական քաղաքական նպատակները հետապնդելու մասին։

Չէ որ Հայաստանում խոսքը ոչ այնքան ընտրությունների մասին է, որքան դրանից հետո նախապատրաստվող Սահմանադրական հանրաքվեի։ Հայաստանը պետք է հանրաքվեյով հրաժարվի իր ներկայիս Սահմանադրությունից, Անկախության հռչակագրից, Երրորդ հանրապետությունից, Արցախից, Նախիջևանից, պետք է անաղմուկ դուրս գա անօրինական ռուս-թուրքական Կարսի պայմանագրից՝ առանց դրա հակահայ պայմանները փոխելու, և դառնա ռուս-թուրքական նոր “պայմանագրի” անիրավ մաս։  Միայն դրանից հետո Եվրոպան կարող է չեղարկել նաև Լոզանի պայմանագիրը, իսկ Թուրքիան 2028-ին նոր սահմանադրություն ընդունի, վերջապես տիրապետելով սեփական սահմաններին։

ԵՄ-ի կողմից արցախցիներին աջակցության նկատմամբ ռեկորդային հետաքրքրություն

Մոտ 750,000 մարդ դիտել է Հայաստանում ԵՄ պատվիրակության Ֆեյսբուքյան էջում տեղադրված նութերն առ այն, որ ԵՄ-ն վերջին երեք տարիների ընթացքում 78 միլիոն եվրոյի օգնություն է տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին: Ակնհայտ է, որ այն դիտել են ոչ միայն 150,000 ղարաբաղցիներ, այլ հինգ անգամ ավելի շատ մարդիկ, ինչը ռեկորդային թիվ է նույն կայքում տեղադրված այլ տեղեկատվության համեմատ։

Ի՞նչն է թաքնված այս հետաքրքրության հետևում ղարաբաղյան հարցի նկատմամբ, որը ճնշվում և արգելվում է ամենաբարձր մակարդակներում՝ թե՛ Հայաստանում, թե՛ շատ եվրոպական մայրաքաղաքներում։

Այս կարճ գրառումների տակ կան բազմաթիվ մեկնաբանություններ հենց ղարաբաղցիներից, ովքեր ասում են, որ օգնության բաշխումը բավականաչափ արդար, ներառական կամ թափանցիկ չէ: Կան նաև որոշ հակաղարաբաղյան ատելության մեկնաբանություններ։

Սակայն այս տեղեկատվության նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված չէ օգնության չափով կամ ​​ստացողների կազմով։ Հետաքրքիրն այն է, որ Եվրամիությունը շարունակում է աշխատել բռնի տեղահանված արցախցիների հետ, ովքեր 2020-2023 թվականներին կորցրել են իրենց իրավունքները, սեփականությունը, հայրենիքը, ժառանգությունը և կենսագրությունը հակամարտության ուժային «կարգավորման»՝ կամ, այլ կերպ ասած, ագրեսիայի և էթնիկ զտման հետևանքով։

ԵՄ-ն շարունակում է աշխատել Արցախի ժողովրդի հետ, չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականի հոկտեմբերից ի վեր եվրոպացի առաջնորդները անսպասելիորեն սկսել են պաշտպանել խորհրդային սահմանները, Ստալինի որոշումները և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը: Նրանց համար էլ է ծիծաղելի հղում անել ԱՊՀ-ի ստեղծման հռչակագրի վրա, բայց այլ կերպ նրանք չեն կարող բացատրել, թե որ “ժողովրդավարական” օրենքներով կարելի է “ճանաչել” էթնիկ զտումները, ցեղասպանության սպառնալիքը, Արցախում ռուս-թուրքական կենտրոնը, հին քրիստոնեական եկեղեցիների ոչնչացումը, Ալիևի դեմ պատժամիջոցների բացակայությունը և «խաղաղությունը» հայկական Արցախում՝ առանց հայերի։

Ահա թե ինչու է Եվրոպան աշխատում Արցախի ժողովրդի հետ՝ նրանց երեք տարվա ընթացքում տրամադրելով 78 միլիոն եվրո օգնություն։

Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների ֆոնին, երբ նա «բացատրեց» Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրենի պաշտոնանկությունը և Հայ եկեղեցու դեմ արշավը Արցախի հիշատակումով, ԵՄ-ի կողմից արցախցիներին ցուցաբերվող օգնությունը իսկապես արտաքին քաղաքականության սխրանք է թվում։

Սակայն սա նաև ԵՄ երկարաժամկետ ռազմավարությունն է, որը բնորոշ է “երկար” մտածող համակարգերին։ Փոփոխվող աշխարհակարգում 78 միլիոն եվրոն, որը ԵՄ-ն հատկացնում է Արցախի ժողովրդին աջակցելու համար՝ հակառակվելով Հայաստանի «արտաքին քաղաքականությանը», կարող է դառնալ անգին գանձ, երբ սկսեն որոշել Եվրոպայի տեղը նոր համաշխարհային կարգում։

Արցախի ժողովրդին շարունակական աջակցությունը՝ ավելի համապարփակ, իրավական և երկարաժամկետ, կարող է հանդիսանալ ԵՄ-ի փորձը՝ վերադառնալու իր հիմնական արժեքներին՝ մարդու իրավունքներն, սոցիալական արդարությանը և սեփականության անձեռնմխելիությանը, լինի դա տուն, թե հին եկեղեցի։

Եվ եթե արցախցիները ԵՄ-ից ստանում են մեխանիկական էներգիա, ապա Եվրոպան ստանում է երկաթբետոն, որը կամրապնդի իր սեփական հիմքը։

Ամեն ինչ կարող է փոխվել մեկ օրվա ընթացքում, և Եվրոպան պատրաստվում է այդ օրվան։

ԱԱԾ շենքին հրավառ շշեր է նետել՝ փորձելով ցույց տալ, որ «բոլորը անտարբեր չեն»

Այս տարվա մարտի 6-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 1994 թվականին ծնված Րաֆֆի Մանդալյանը հրավառ շշեր էր նետել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի վրա։ ArmLur.am-ի՝ իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրները միջադեպի վերաբերյալ նոր, բացառիկ մանրամասներ են հայտնում՝ բացահայտելով երիտասարդի գործողության շարժառիթները։

Մասնավորապես, ըստ կայքի տեղեկությունների, դյուրավառ շիշը նետած քաղաքացի Րաֆֆի Մանդալյանը իրավապահներին ցուցմունք է տվել, բացատրել, որ իր քայլը պայմանավորված է եղել խորը զայրույթով և հիասթափությամբ։ Նա նշել է, որ իրեն մտահոգում է հայրենիքի անվտանգության վիճակը, և, իր համոզմամբ, հասարակության մեջ առկա է անտարբերություն և լռություն այդ հարցի շուրջ։

Մանդալյանի խոսքով՝ իր գործողությամբ փորձել է ցույց տալ, որ «բոլորը անտարբեր չեն»։ Նրա նպատակն է եղել կոտրել, իր ձևակերպմամբ, հասարակական լռությունը և ուշադրություն հրավիրել այն հարցի վրա, որ քաղաքացիների մի հատվածը մտահոգված է երկրի ապագայով։

Ըստ նույն աղբյուրների՝ նա կանխամտածված կերպով գնացել է Ազգային անվտանգության ծառայության շենք ոչ աշխատանքային ժամին՝ փորձելով խուսափել մարդկային վնասներից և միաժամանակ ապահովել իր ուղերձի հրապարակայնությունը։

Իր բացատրությամբ՝ այդ քայլը կատարել է՝ «ինքնազոհության գնալով», միայն թե իր ասելիքը հասնի հանրությանը։ Հատկանշական է նաև, որ շշերը նետելուց հետո Րաֆֆի Մանդալյանը չի փորձել փախչել դեպքի վայրից։ Նա կանգնել է փողոցում և սպասել իրավապահներին։

Դատարանում ևս նա բարձրաձայնել է իր մտահոգությունները՝ հարց ուղղելով ներկաներին. «Հայրենիքը վտանգի տակ է, միթե դուք չեք անհանգստանում»։

Կալանավորված Րաֆֆի Մանդալյանը ներկայումս գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Վերջինս մասնագիտությամբ անասնաբույժ է։

ԱՄՆ-ի հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջո Քենթը հրաժարական տվեց՝ ի նշան Իրանի հետ պատերազմի դեմ բողոքի

ԱՄՆ-ի Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Ջո Քենթը հրաժարական տվեց՝ իր որոշման պատճառը համարելով Իրանի դեմ պատերազմը։

45-ամյա Քենթը, որը համակարգում էր ահաբեկչության դեմ պայքարը Դոնալդ Թրամփի վարչակազմում, կոչ արեց Սպիտակ տանը «փոխել ուղղությունը»։

Քենթը Թրամփի թիմի անդամ էր և վաղեմի աջակից։ Քենթի թեկնածությունը Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի պաշտոնում հաստատվել էր ԱՄՆ Սենատի կողմից անցյալ տարվա հուլիսին։

Նա դարձավ Թրամփի վարչակազմի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որը հրապարակայնորեն քննադատեց ԱՄՆ-Իսրայել գործողությունը Իրանում։

«Իրանը մեր երկրի համար անմիջական սպառնալիք չէր ներկայացնում, և պարզ է, որ մենք այս պատերազմը սկսեցինք Իսրայելի և Ամերիկայում նրա հզոր լոբբիի ճնշման տակ», – նշել է Քենթը Թրամփին ուղղված նամակում, որը հրապարակել է առցանց։

Այս մասին հաղորդել է BBC-ն։

Օկամպոն ի պաշտպանություն արցախցիների նոր արշավ է հայտարարել

Պատանդներին ազատ արձակելու և Հայաստանը պաշտպանելու ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հարգելու նպատակով սոցիալական ցանցերում նոր արշավ է մեկնարկելու։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:

Նա, մասնավորապես, նշել է. «Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին ընդառաջ

2026 թվականի մայիսի 4-ին Եվրոպայի ավելի քան քառասուն ազգային առաջնորդներ՝ ներառյալ ԵՄ անդամ չհանդիսացող երկրները, ինչպես Միացյալ Թագավորությունը, Նորվեգիան և Շվեյցարիան, կհավաքվեն Երևանում՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին։ Գագաթնաժողովի նպատակն է «համակարգել համատեղ ռազմավարական մարտահրավերներին ուղղված արձագանքները»։ Հաջորդ օրը կկայանա առաջին Հայաստան–ԵՄ գագաթնաժողովը, որին կմասնակցեն ԵՄ կառույցների ղեկավարներ՝ նպատակ ունենալով խորացնելու Հայաստանի ինտեգրումը Եվրոպայի հետ։

Լեռնային Ղարաբաղի թեման ներառված չէ հանդիպումների օրակարգում։ Սակայն այն անխուսափելիորեն կլինի։ Եվրոպական առաջնորդները կառերեսվեն այն իրականությանը, որ 120,000 մարդ բռնի կերպով հեռացվել է իր պատմական հայրենիքից և այժմ ապրում է Երևանում կամ նրա շուրջը։ Նրանց աշխատակազմերը առաջիկա շաբաթներին կպատրաստեն իրենց դիրքորոշումները։ Սա այն ժամանակն է, երբ պետք է ներգրավել նրանց՝ բացատրելու խնդիրը, պահանջելու գործողություններ և դիմելու նրանց՝ հստակ աջակցության խնդրանքով:

(…) Պատանդներին ազատ արձակելու և Հայաստանը պաշտպանելու ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հարգելու նպատակով սոցիալական ցանցերում նոր արշավ է մեկնարկելու՝

#EuropeanPoliticalCommunity #FreeArmenianHostages #EUrespectEUCharter

Վերահրապարակելով կամ մեկնաբանելով՝ մենք կարող ենք մասնակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը։

Մենք կարող ենք մասնակցել 2023 թվականի հայոց ցեղասպանության ժխտման դադարեցմանը։

Հայերին պաշտպանելը նշանակում է պաշտպանել քաղաքակրթությունը»»:

Իսրայելը հայտարարեց Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահվան մասին

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է Իսրայելի կողմից իրականացված հարվածի արդյունքում։ Իրանը դեռևս չի հաստատել նրա մահը։

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտարարել էին, որ Լարիջանիի մասին տեղեկությունները շուտով կհրապարակվեն։

Իսրայելցի զինվորական պաշտոնյան BBC-ին հաստատել է, որ Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը Իսրայելի պաշտպանության բանակի հարվածի թիրախ է դարձել։

Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտնել է, որ Բասիջի հրամանատար Ղոլամրեզա Սոլեյմանին սպանվել է առանձին հարվածի արդյունքում։