«Մանկությունը՝ նշանառության տակ» ցուցահանդես. 5 արցախցի երեխայի պատմություն

Մայիսի 15 | 19:00, Ժամանակակից Արվեստի Ինստիտուտ, Երևան, Ավետ Ավետիսյան 47

«Մանկությունը՝ նշանառության տակ» ցուցահանդեսը լուսանկարիչ Անի Գևորգյանի և լրագրող Շուշան Փափազյանի համատեղ նախագիծն է, որը վավերագրում է 2016-2023 թվականներին արցախյան հակամարտության տարբեր փուլերը՝ սկսած ապրիլյան քառօրյա պատերազմից մինչև 2023-ի սեպտեմբերի բռնի տեղահանությունը, որոնց հետևանքով տուժել են բազմաթիվ խաղաղ բնակիչներն, այդ թվում՝ երեխաներ։ Նախագիծում ներկայացված է 5 երեխայի պատմություն, որոնց կյանքն ընդհատվել է տան կամ դպրոցի բակում՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։

Այս պատմությունները հիշեցնում են, որ վիճակագրության հետևում չապրած մանկությունն է, ընդհատված երազանքներն և խեղված ապագան։

Նախագծում փորձ է արվում հեռանալ կորստի տեսարանից։ Դրա փոխարեն կներկայացվի ներկայության լուռ նշաններ՝ երեխայի տետր, սեղանին թողնված խաղալիք, այն ձևը, թե ինչպես է ապրում ընտանիքը՝ երեխայի կորստից հետո։ Երեխայի կյանքը չի կարող սահմանափակվել նրա մահվան պահով։ Այն պատկանում է շատ ավելի մեծ անձնական պատմության։

Անի Գևորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) և Ժնևյան գրասենյակում, Եվրոպայի խորհրդում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում և այլուր։ Ավելի քան տասը տարի զբաղվել է պատերազմական և հետպատերազմական թեմաների լուսաբանմամբ։

Շուշան Փափազյանը հակամարտությունների լրագրող է 44-օրյա պատերազմից սկսած։ Արցախի վերջնական հայաթափումից հետո նա գրել է մի քանի հիմնական թեմաների շուրջ, ինչպիսիք են 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի պատերազմում զոհված, խոշտանգված և անհայտ կորած զինծառայողների և նրանց ընտանիքների՝ որպես պատերազմից վերապրողների պատմությունները, ինչպես նաև զինված հարձակումների կամ հրետանակոծության զոհ դարձած խաղաղ բնակիչների պատմությունները։

Ռուսաստանը խոշոր հարձակում է իրականացրել Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների վրա

Հինգշաբթի գիշերը Ռուսաստանը կոմբինացված հարված հասցրեց Կիևին՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների միջոցով։ Ուկրաինայի մայրաքաղաքի Դարնիցկի շրջանում ավերվել է բնակելի շենքի մի ամբողջ թաղամաս, և իշխանությունների տվյալներով՝ հնարավոր է, մարդիկ կան փլատակների տակ։ Իշխանությունները հայտնում են, որ հարվածների հետևանքով զոհվել է առնվազն մեկ և վիրավորվել 29 մարդ։

Գիշերային հրետակոծությունը հաջորդել է Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի ամենազանգվածային հարվածներից մեկին. մայիսի 13-ին ռուսական զինվորականները մոտ 900 անօդաչու թռչող սարք արձակեցին, որի հետևանքով երկրի մի քանի շրջաններում սպանվեց առնվազն վեց մարդ։

Սի-Թրամփ. Հիմնական շեշտը չիպերի վրա է, որոնք և որոշում են պատերազմների արդյունքը

Աշխարհը բախվում է խորը փոփոխությունների և «տուրվուլենտության», ուստի այն, թե արդյոք Միացյալ Նահանգներն ու Չինաստանը կարող են հաղթահարել «Թուկիդիդեսի ծուղակը» և ստեղծել խոշոր տերությունների հարաբերությունների նոր մոդել, կախված է Միացյալ Նահանգների և Չինաստանի համատեղ ջանքերից, ասել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Պեկինում կայացած հանդիպման ժամանակ:

«Կարո՞ղ ենք միավորել ուժերը՝ գլոբալ խնդիրները լուծելու և աշխարհում ավելի մեծ կայունություն ապահովելու համար, կարո՞ղ ենք հոգ տանել մեր երկու ժողովուրդների բարեկեցության, մարդկության ապագայի և ճակատագրի մասին և համատեղ ստեղծել երկկողմ հարաբերությունների պայծառ ապագա. սրանք, կարելի է ասել, պատմության, խաղաղության և ժողովրդի հարցեր են», – ասել է Սի Ցզինպինը (մեջբերել է CNN-ը):

Նա հավելել է, որ Չինաստանի և Միացյալ Նահանգների ընդհանուր շահերը գերազանցում են նրանց տարաձայնությունները, և որ յուրաքանչյուր կողմի հաջողությունը հնարավորություն է մյուսի համար: «Չինաստան-ԱՄՆ կայուն հարաբերությունները օգտակար են աշխարհի համար», – ասել է Չինաստանի առաջնորդը։

«Թուկիդիդեսի ծուղակը» տերմին է, որը տարածվել է ամերիկացի քաղաքագետ Գրեհեմ Ալիսոնի կողմից՝ նկարագրելու պատերազմի ակնհայտ միտումը, երբ նոր, աճող տերությունը սպառնում է փոխարինել արդեն իսկ գոյություն ունեցող մեծ տերությանը որպես միջազգային գերիշխան։

Իր հերթին Թրամփը հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Սի Ցզինպինին համարում է «մեծ առաջնորդ»։ Նա ընդգծեց, որ Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները «ֆանտաստիկ» են։

«Ես պատիվ եմ համարում լինել ձեր ընկերը, և Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները կլինեն ավելի լավ, քան երբևէ», – հավելեց ամերիկացի նախագահը։

Սի Ցզինպինի հետ հանդիպումից առաջ Թրամփը հայտարարել է, որ կխնդրի նրան «բացել» Չինաստանի տնտեսությունը խոշոր ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների համար։

Նա հավելել է, որ ակնկալում է Իրանի վերաբերյալ «երկար քննարկում», բայց ընդգծել է, որ հակամարտությունը դադարեցնելու համար Պեկինի օգնության կարիքը չունի։

Թրամփը Պեկին է ժամանել մայիսի 13-ին։ Նրա այցի հիմնական միջոցառումները նախատեսված են մայիսի 14-15-ը։

Ամերիկյան պատվիրակության կազմում են Թրամփի որդին՝ Էրիկը, և մի քանի խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ, այդ թվում՝ չիպեր արտադրող Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, Tesla-ի և SpaceX-ի սեփականատեր և գործադիր տնօրեն Էլոն Մասկը, Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը և ամերիկյան ամենամեծ ներդրումային ընկերության՝ BlackRock-ի գործադիր տնօրեն Լարի Ֆինկը։

Թրամփին ուղեկցում են նաև մի շարք այլ խոշոր ամերիկյան ընկերությունների ղեկավարներ, այդ թվում՝ Meta-ի, Visa-ի, JP Morgan-ի, Boeing-ի և Cargill-ի։

Հուանգի անունը համեմատաբար վերջերս է հայտնվել բանակցությունների մասնակիցների ցանկում, ինչը ուշագրավ է, քանի որ նրա ընկերությունը արտադրում է արհեստական ​​բանականության համակարգերի համար անհրաժեշտ չիպեր, որտեղ Միացյալ Նահանգները և Չինաստանը հիմնական մրցակիցներ են։ Nvidia-ի գործադիր տնօրենը սկզբում նախատեսված չէր այցին մասնակցելու, սակայն Թրամփը անձնական հրավեր ուղարկեց։

Վերջին ամիսներին համաշխարհային լրատվամիջոցները խոսում են տեխնոլոգիական հեղափոխության մասին, որն արդեն իսկ ազդեցություն է ունենում պատերազմների վրա։ Մասնավորապես, պնդվում է, որ արհեստական ​​բանականության վրա հիմնված մեծ տվյալների վերլուծության մեջ մասնագիտացած ամերիկյան Palantir ընկերության հետ համագործակցությունը թույլ է տվել Իսրայելին սպանել Իրանի առաջնորդներին Իրանի հետ պատերազմի սկզբնական օրերին։ Այժմ լուրեր են շրջանառվում, որ Ուկրաինային հաջողվել է պատերազմը տեղափոխել Ռուսաստանի տարածք՝ շնորհիվ Palantir-ի և այլ տեխնոլոգիական հսկաների հետ համագործակցության։

Defence24. Հայաստանը ստացել է իր առաջին ֆրանսիական CAESAR հրետանային համակարգերը

Հայաստանը ստացել է իր առաջին ֆրանսիական CAESAR հրետանային համակարգերը, և սա պարզապես ռազմական մատակարարում չէ։ Սա Ֆրանսիայի՝ դեպի Հարավային Կովկաս ավելի լայն առաջխաղացման մի մասն է, որտեղ Փարիզը ձգտում է թուլացնել ռուսական ազդեցությունը և Հայաստանին վերածել անվտանգության ոլորտում երկարաժամկետ գործընկերոջ, գրում է defence24.com-ը։

Մատակարարված համակարգերի ճշգրիտ քանակը պաշտոնապես չի հաստատվել, թեև տեղական հաղորդագրություններում նշվում է, որ 36 հատ CAESAR 6×6 համակարգերի պատվեր են ստացվել։

Նույնիսկ մատակարարումների ամբողջ ծավալի վերջնական հաստատման բացակայության դեպքում ուղղությունը ակնհայտ է՝ Հայաստանը շարժվում է դեպի ֆրանսիական հրետանի, ֆրանսիական ՀՕՊ համակարգ և արևմտյան ստանդարտներ։

Անդրիաս Ղուկասյան. եվրոպական ընտրությունն այս իրավիճակից դուրս գալու ելք է

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը step1am-ի հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե ինչ սպասել ընտրություններից հետո, կա՞ դրական սցենար, թե՞ անկախ նրանից՝ որ ուժը կհաղթի, դժվարություններ են սպասվում։

Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ ունենք հնարավորություն այս ընտրություններում ստանալ Հայաստանում ավելի ազատ քաղաքական համակարգ։ «Բայց դրա համար մի շարք արտախորհրդարանական ուժեր պիտի կարողանան երկու անգամ ավելի ձայն հավաքել, քան Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը եւ Գագիկ Ծառուկյանը միասին։ Որքանով է դա հավանական, դա այլ հարց է, բայց տեսականորեն այսօրվա քաղաքական ուժերի շարքում կան այնպիսի ուժեր, որոնք եթե մեծամասնություն կազմեն խորհրդարանում, Հայաստանի քաղաքական համակարգը կլինի ավելի անկաշկանդ ու ազատ։ Որպեսզի հաղթահարեն այն քաղաքական մարտահրավերները, որոնք Հայաստանի առջեւ այսօր կանգնած են, քաղաքական ազատությունը շատ կարեւոր գործոն է»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը։

Անդրադառնալով Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին՝ Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ գլխավոր հարցը, որն անկաշկանդ ներկայացված է նույնիսկ Ռուսաստանի ղեկավարության կողմից, այն է, թե ինչպես կարող է իրականացվել Հայաստանի անցումը Եվրասիական միությունից դեպի Եվրոպական միություն։ «Եվ դա Հայաստանի համար կարեւոր եւ հնարավոր լուրջ լուծում է, որը տարածաշրջանում էական փոփոխություն կարող է բերել՝ ավելի բալանսավորված աշխարհաքաղաքական իրավիճակ ստեղծել։ Այսօր Հայաստանը հետխորհրդային տարածքի ամենաանպաշտան պետությունն է։ Եվ քանի դեռ պահպանվում է Ռուսաստանի հետ քաղաքական ու ռազմական դաշինքը, Հայաստանը շատ խոցելի է Թուրքիայի եւ Ադրբեջանի ճնշումներին։ Այն գինը, որը Թուրքիան ու Ադրբեջանը խաղաղության դիմաց պահանջում են Հայաստանից, կարող է բերել առհասարակ Հայաստանի տապալման, ինքնության կորստի եւ դեպոպուլյացիայի»,- ասաց նա։

Հետեւաբար, ըստ Անդրիաս Ղուկասյանի, եվրոպական ընտրությունն այս իրավիճակից դուրս գալու ելք է։ Եվրոպական պետությունները դա հասկանում են, եւ դրա համար Հայաստանի համար դեպի ԵՄ դուռը բաց է։ «Ռուսաստանի Դաշնությունը նույնպես այստեղ ունի շահեր, որպեսզի Հայաստանը պահպանի իր համար որպես պատուհան՝ եվրոպական պետությունների հետ առեւտրի համար։ Եվ վերադառնալով ձեր հարցին՝ այո, ավելի ազատ քաղաքական համակարգը կարող է Հայաստանի համար ապահովել այդ անցումն առանց լուրջ ճգնաժամերի՝ թե էներգետիկ ոլորտում, թե ռազմական ու անվտանգության ոլորտներում»,- հավելեց նա։

«Դիզակ ԱՐՏ»-ի հաշվետու համերգը՝ այսօր

Մայիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Դիզակ ԱՐՏ» մշակութային ՀԿ-ի Երևանի և Աբովյանի կենտրոնների գեղարվեստական բաժինների սաների «Ձայն և սիրտ» խորագրով հաշվետու ցուցահանդես-համերգը։
Միջոցառումն իրականացվում է երեխաների և դեռահասների համար նախատեսված՝ հոգեբանական վերականգնման և մշակութային ինքնության ամրապնդման ծրագրի շրջանակում։
Վայրը՝ Մելիք Ադամյան փողոց 2/2։
Մուտքն ազատ է

Հայաստանում մեկնարկել է YouTube-ի մոնետիզացիան, հայտնի են պայմանները

Քիչ առաջ  YouTube-ը պաշտոնապես հայտարարեց, որ այսօրվանից Հայաստանում մեկնարկում է  YouTube-ի Գործընկերային ծրագիրը, ինչը նշանակում է, որ մոնետիզացիան այլևս հասանելի է մեր երկրում։

Այս մասին երեկ գրել է  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Մեդիափորձագե Artur Papyan-ը ներկայացնում է պայմանները

YouTube-ի մոնետիզացիան պաշտոնապես մեկնարկեց Հայաստանու
Որպեսզի ալիքը համարվի իրավասու (eligible) առաջին մոնետիզացիայի մակարդակի՝ Fan Funding–ի համար, անհրաժեշտ է ապահովել հետևյալ «մինիմումները» (տվյալները վերցրել եմ իմ՝ Հայաստանում գրանցված ալիքից).
– 500 բաժանորդ
– 3 հանրային վերբեռնում 90 օրվա կտրվածքով։
– 3,000 վավեր հանրային ժամ դիտում (watch hours) անցած 365 օրվա կտրվածքով
– կամ 3 միլիոն Shorts դիտում անցած 90 օրվա կտրվածքով
Հիշեցնեմ՝ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը դեռ փետրվարին էր հայտարարել ծրագրի նախապատրաստական մեկնարկի մասին, և փաստորեն մայիսի 11-ին էլ թե՛ ԲՏԱ նախարարը, թե՛ YouTube-ի պաշտոնական բլոգը հաստատեցին ծրագրի գործարկման մասին։
Համապատասխան հղումները՝ մեկնաբանություններում․ 👇
Հ․Գ․ Gemini–ով գեներացրել եմ ինֆոգրաֆիկա, որտեղ երևում է, թե Fan Funding և Full Account Monetisation-ի դեպքում ինչ նվազագույն պահանջներ են ներկայացվում օգտահաշվին

Տպավորություն է ստեղծվում, որ մինչև 1988 թ․ Արցախի բնակչության մեծամասնությունը հայեր չէին

Ծիծեռնավանք

Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը սկսվեց «Արցախը մերը չէր», Ղարաբաղյան շարժումը սխալ էր, իսկ Արցախում շարունակվող ցեղասպանությունը՝ Ադրբեջանի «հայելային պատասխանն է» հայտարարությամբ։

Այս հայտարարությունները անհնար կլինեին առանց Բաքվի «հաստատման»։ Ամենակարևոր «փաստարկն» այն է, որ ադրբեջանցիները «վերադառնում են» Արցախ՝ իրենց տները գտնելով ավերված, իրենց «մշակութային ժառանգությունը»՝ ոչնչացված։ Արհեստականորեն ստեղծվում է տպավորություն, որ մինչև 1988 թվականը Արցախի բնակիչների մեծամասնությունը նստակյաց ադրբեջանցիներ էին, որոնք դարեր շարունակ ապրել են այնտեղ և ստեղծել են ուշագրավ ժառանգություն, մինչդեռ «քոչվոր հայերը» բարբարոսաբար ոչնչացրել են ամեն ինչ, ապա բնակություն հաստատել ադրբեջանցիների տներում։

Հունվարին գրող և սցենարիստ Սլավի Ավիկ Հարությունյանը իր Ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղի օկուպացված Մարտակերտի շրջան կատարած այցը. «Իլհամ Ալիևն այցելել է իմ հայրենի Չլդրան գյուղը Լեռնային Ղարաբաղում: Ադրբեջանցիները երբեք չեն ապրել այս գյուղում: Ադրբեջանի նախագահը լուսանկարվել է իմ համադասարանցու՝ Արթուր Ծատրյանի տանը մի քանի մարդկանց հետ, որոնք ներկայացվում են որպես այս տան և գյուղի ենթադրյալ նախկին բնակիչներ: Իմ համակուրսեցու տանը գտնվելով՝ Ալիևը այս գյուղը աշխարհին ներկայացնում է որպես նախկինում «հայերի կողմից օկուպացված» գյուղ: Մինչդեռ 12-րդ դարի Նահատակ և 13-րդ դարի Կարմիրի պահպանված եկեղեցիները ադրբեջանական մամուլը ներկայացնում է որպես «ալբանական»:

Սա առանձին դեպք չէ, այլ համակարգված քաղաքականություն։ Հայկական կողմը ոչ միայն հարցեր չի տալիս, այլև հաստատում է ադրբեջանցիների «իրավունքները»։ Հայաստանի կառավարությունը Բաքվից չի խնդրում տրամադրել Արցախում ենթադրաբար ոչնչացված մզկիթների ցանկը, քանի որ նման ցանկ գոյություն չունի։ Հայաստանի կառավարությունը չի հարցնում, թե ինչու է Բաքուն ոչնչացրել Ստեփանակերտի ամբողջ թաղամասերը և մի քանի հայկական գյուղեր, եթե այնտեղ ապրում էին ադրբեջանցիներ, իսկ հայերը “օկուպացրել են”։ Հայաստանի կառավարությունը արդարացնում է Արցախից ից և ազգային իրավունքներից հրաժարվելու սեփական քաղաքականությունը Ադրբեջանի և Թուրքիայի «իրավունքներով», մոլորեցնելով ամբողջ աշխարհին և հայ հասարակությանը։

Նույնիսկ Հայաստանում արցախցիները ստւպցված են ակնհայտ փաստեր ներկայացնել և ապացուցել, որ հայերը միշտ կազմել են Արցախի բնակչության ճնշող մեծամասնությունը, որ այնտեղ մնացել են հարյուրավոր հին հայկական եկեղեցիներ, և որ Մեսրոպ Մաշտոցը բացել է առաջին դպրոցներից մեկը արցախյան Ամարասում։ Սակայն «Արցախը մերը չէ» մոլեգին քարոզչության ֆոնին այս բոլոր փաստերը թվում են պարզապես արդարացումներ։

ՀՀ ԱԳՆ-ը ողջունել է Հայաստանի հետ ուղիղ առևտրի Թուրքիայի պատրաստակամությունը

Անկարան և Երևանը ավարտել են երկու երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները, հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին։

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում, որն ընթանում է 2022 թվականից, իրականացվել են վստահության ամրապնդման մի շարք միջոցառումներ։ Այս համատեքստում մեր երկրի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի համար անհրաժեշտ բյուրոկրատական նախապատրաստությունները 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ համարվում են ավարտված», — նշել է դիվանագետը X սոցիալական ցանցում։

Հաղորդվում է նաև, որ երկու երկրների միջև ընդհանուր սահմանի բացման ուղղությամբ անհրաժեշտ տեխնիկական և բյուրոկրատական աշխատանքներ են տարվում։

«Հաշվի առնելով Հարավային Կովկասում կայուն խաղաղություն և բարօրություն հաստատելու պատմական հնարավորությունը՝ Թուրքիան կշարունակի իր ներդրումն ունենալ տնտեսական կապերի զարգացման և տարածաշրջանային համագործակցության խորացման գործում՝ հանուն բոլոր երկրների և ժողովուրդների շահերի», — ասված է թուրք դիվանագետի մեկնաբանության մեջ։

Ողջունում ենք ՀՀ հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը, որը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ ԱՆի Բադալյանը՝ անդրադառնալով Թուրքիայի կողմից ՀՀ հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքների վերացմանը։

«Այդ որոշումը էական է երկու երկրների միջև առևտրի և գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնման, տարածաշրջանում տնտեսական կապակցվածությունը խթանելու և խաղաղության ու բարեկեցության ապահովման տեսանկյունից:

Ընդգծենք, որ սա կարևոր քայլ է երկու երկրների միջև լիարժեք ու բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչը կարող է իր տրամաբանական շարունակությունը ստանալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով»,- նշված է ՀՀ ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ։

Պղծել են Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանոցը

Սոցցանցերի մշտադիտարկման արդյունքում ակնհայտ է դարձել, որ Ադրբեջանի իշխանությունների վանդալիզմի հերթական թիրախը դարձել է ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը։ Այս մասին ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։

«Ադրբեջանական սոցցանցային տիրույթում հրապարակված տեսանյութի ուսումնասիրությունն ու վերլուծությունը՝ մշակութային ժառանգության ոչնչացման, էթնիկ ատելության և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների համատեքստում, թույլ են տալիս արձանագրել մի շարք խիստ մտահոգիչ և դատապարտելի դրսևորումներ։

Առաջին հերթին ակնհայտ է էթնիկ և կրոնական թիրախավորման հանգամանքը։ Գերեզմանաքարերի վրա առկա հայերեն արձանագրություններն ու զոհված ազատամարտիկների պատկերները հստակ ցույց են տալիս, որ թիրախավորվել է ոչ թե պարզապես գերեզմանոց, այլ հայկական ինքնության, ազգային հիշողության և հոգևոր ժառանգության կարևորագույն վայր։ Սա սովորական վանդալիզմ չէ, այլ էթնիկ ատելության վրա հիմնված կանխամտածված գործողություն, որի նպատակը հայկական հետքի վերացումն ու պատմական հիշողության ջնջումն է։

Տեսանյութում արձանագրված գործողություններն առանձնանում են բացառիկ ցինիզմով և սրբապղծությամբ։ Տեսանյութի հեղինակը միտումնավոր քայլում է տապանաքարերի վրայով, կանգնում հանգուցյալների դիմանկարների վրա, հարվածում ու պղծում դրանք։ Այս վարքագիծը ոչ միայն գերեզմանների վնասում է, այլև զոհվածների հիշատակի, հուղարկավորության սրբության և մարդկային արժանապատվության կանխամտածված անարգանք։ Նման գործողությունները հակասում են ոչ միայն միջազգային իրավական նորմերին, այլև համամարդկային բարոյականության ամենատարրական սկզբունքներին։

Տեսանյութում հստակ երևում են նաև բազմաթիվ ջարդված, կտրատված, տեղահանված և վնասված գերեզմանաքարեր, ինչը վկայում է, որ գերեզմանոցը ենթարկվել է համակարգված և նպատակային ավերածության։ Վնասների ծավալն ու բնույթը վկայում են ոչ թե առանձին միջադեպի, այլ մշակութային արժեքների կանխամտածված ոչնչացման քաղաքականության մասին։ Բաքվի բռնապետական վարչակարգի կողմից ժամանակավորապես բռնազավթված տարածքներում հայկական մշակութային և հիշողության վայրերի դեմ իրականացվող նման գործողությունները վաղուց արդեն կրում են շարունակական և համակարգային բնույթ։

Առանձնակի վտանգավոր և դատապարտելի է նաև հոգեբանական ահաբեկչության բաղադրիչը։ Գործողությունների տեսաձայնագրումը և դրանց տարածումը սոցիալական հարթակներում, ինչպես նաև տեսանյութում հնչող ադրբեջաներեն արտահայտությունները փաստում են, որ կատարվածը նպատակ ունի ոչ միայն ոչնչացնել հայկական մշակութային ներկայության հետքերը, այլև հոգեբանական ճնշում գործադրել զոհվածների հարազատների, բռնի տեղահանված արցախահայության և ամբողջ հայ հասարակության վրա։ Սա բացահայտ նվաստացման, վախի և անպաշտպանության մթնոլորտ ձևավորելու փորձ է, որն ունի նաև քարոզչական բնույթ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեսանյութը կարող է ծանր հոգեբանական ազդեցություն ունենալ զոհված ազատամարտիկների հարազատների և հանրության վրա, այն չենք հրապարակում։ Տեսանյութը պահպանվում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի արխիվում՝ որպես հայկական մշակութային ժառանգության դեմ իրականացվող հերթական հանցավոր գործողության փաստական ապացույց։

Հարկ է ընդգծել, որ Վաղուհաս գյուղում հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի պղծման սա առաջին արձանագրված դեպքը չէ։ Դեռևս 2024 թվականի հունվարի 5-ին մեր գործընկեր՝ Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈՒԱԿ-ը ահազանգել էր, որ ադրբեջանցի զինվորները ոչնչացրել են գյուղի ճանապարհամերձ հատվածում գտնվող՝ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի ընթացքում զոհված Մխիթար Աղաբեկյանի հիշատակին 2021 թվականին կանգնեցված խաչքարը։ Խաչքարի հեղինակն էր Յուրա Մանգասարյան։ Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայկական հիշողության և մշակութային ներկայության դեմ իրականացվող գործողությունները պատահական կամ մեկանգամյա դրսևորումներ չեն։

Ադրբեջանի իշխանությունները ժամանակավորապես բռնազավթված Արցախում առանձնակի դաժանությամբ և հետևողականությամբ ոչնչացնում ու պղծում են հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձաններն ու գերեզմանոցները։ Այս գործողություններն արդեն դուրս են եկել առանձին վանդալիզմի դեպքերի շրջանակից և վերածվել պետական մակարդակով իրականացվող համակարգված քաղաքականության, որի նպատակը հայկական պատմամշակութային ժառանգության վերացումն ու ազգային հիշողության ջնջումն է։ Արցախի տարբեր բնակավայրերում արդեն արձանագրվել են նմանատիպ տասնյակից ավելի փաստեր, որոնք փաստում են մշակութային ցեղասպանության հետևողական ընթացքը։

Միջազգային հանրության լռությունն ու ոչ համարժեք արձագանքը շարունակում են նպաստել անպատժելիության մթնոլորտի խորացմանը։ Մինչդեռ մշակութային ժառանգության, սրբավայրերի և գերեզմանոցների նկատմամբ նման գործողությունները պետք է արժանանան հստակ քաղաքական, իրավական և բարոյական գնահատականի։ Երբ թիրախավորվում են զոհվածների գերեզմանները և ազգային հիշողության վայրերը, վտանգվում են ոչ միայն մեկ ժողովրդի իրավունքները, այլև համամարդկային այն արժեքները, որոնց վրա հիմնված է քաղաքակիրթ աշխարհի գոյությունը»,- գրել է Հ. Ավանեսովը։

Իրանը բանակցությունները վերսկսելու համար հինգ պայման է առաջադրել

Իրանը չի սկսի բանակցությունների երկրորդ փուլ Միացյալ Նահանգների հետ, եթե Վաշինգտոնը չկատարի հինգ պահանջ, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։

Fars-ը նշում է, որ նշված պայմանները վստահության երաշխիքներ են Միացյալ Նահանգների հետ բանակցությունների համար.

Պատերազմի ավարտ բոլոր ճակատներում, մասնավորապես Լիբանանում.
Իրանի դեմ պատժամիջոցների վերացում.
Իրանական ակտիվների ազատում.
Մարտական ​​գործողությունների հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում.
Իրանի ինքնիշխանության ճանաչում Հորմուզի նեղուցի նկատմամբ։

«Այս պայմանները սահմանվում են բացառապես բանակցային գործընթացին վերադառնալու համար վստահության նվազագույն մակարդակ ստեղծելու համար, և Թեհրանը կարծում է, որ առանց այդ կետերի գործնական իրականացման անհնար է նոր բանակցություններ սկսել», – նշվում է հաղորդագրության մեջ։

Իրանը ներկայացրել է հինգ պահանջ՝ ի պատասխան ամերիկյան խաղաղության առաջարկի, որը բաղկացած է 14 կետից։ Գործակալության աղբյուրները նշել են, որ ԱՄՆ առաջարկները լիովին միակողմանի էին և ուղղված էին Վաշինգտոնի շահերի ապահովմանը։

Թրամփը հերքում է Դոնբասը Պուտինին “հանձնելու” մասին լուրերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև չկա որևէ համաձայնություն, համաձայն որի Ռուսաստանին պետք է կփոխանցվի Դոնբասի ամբողջ տարածքը։ Սա հետևում է Թրամփի պատասխանից լրագրողի հարցին՝ երեքշաբթի, մայիսի 12-ին, Չինաստան մեկնելուց առաջ, հաղորդում է DW-ն։

X Clash Report միկրոբլոգում հրապարակվել է ԱՄՆ նախագահի մամուլի հետ զրույցի տեսագրությունից մի հատված։ «Ձեր և Պուտինի միջև կա՞ որևէ փոխըմբռնում, որ Ռուսաստանը պետք է ստանա Դոնբասի ամբողջ տարածքը», – հարցնում է լրագրողը։ «Ոչ», – կտրուկ պատասխանում է Թրամփը։

Ապրիլի վերջին The New York Times-ը, հղում անելով չորս անանուն աղբյուրների, հաղորդել է, որ ուկրաինացի պաշտոնյաները առաջարկել են Դոնբասի այն հատվածը, որը Ռուսաստանը դեռևս փորձում է ռազմական ճանապարհով գրավել, անվանել «Դոնիլենդ»՝ Թրամփի բարեհաճությունը շահելու համար։