Եթե արցախցիները ուզում են մասնակցել ընտրություններին․ խորհրդատվություն

ՀայաՔվե

Արցախցի սիրելի՛ հայրենակիցներ,

•եթե ցանկանում եք մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, սակայն չունեք ՀՀ նոր անձնագիր, կարող եք դիմել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման կենտրոնական գրասենյակ՝ անհրաժեշտ խորհրդատվություն և իրավական աջակցություն ստանալու համար։
ք․ Երևան, Աբովյան 25
033 978281

G2. Ի՞նչի մասին են պայմանավորվել Թրամփն ու Սին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ իր բանակցություններից հետո երկու կողմերը հասել են «ֆանտաստիկ առևտրային համաձայնագրերի», ըստ Սպիտակ տան մամուլի ծառայության։

Նա նշել է, որ ԱՄՆ առաջատար բիզնես առաջնորդների խումբը, այդ թվում՝ Tesla-ի հիմնադիր Էլոն Մասկը, Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը և Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը, իր հետ մեկնել են Չինաստան՝ «հարգանք հայտնելու» և բիզնեսը զարգացնելու համար։

«Չինաստանը հարյուրավոր միլիարդավոր դոլարներ է ներդնում այսօր այս սենյակում գտնվող մարդկանց մեջ։ Ահա թե ինչու են նրանք եկել», – ասել է Թրամփը։ «Գրեթե բոլոր խոշոր բիզնես առաջնորդները այնտեղ էին»։

Թրամփը նաև հայտարարել է, որ Սի Ցզինպինը համաձայնել է պատվիրել 200 Boeing ինքնաթիռ։ Նա ասել է, որ հանդիպման ժամանակ քննարկել են առևտուրը, Իրանը և տնտեսական համագործակցությունը։

Թրամփը Սիին անվանեց «մեծ առաջնորդ» և ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները՝ «ֆանտաստիկ»։

Իր հերթին, Սի Ցզինպինը հայտարարեց, որ Չինաստանի և ԱՄՆ-ի ընդհանուր շահերը գերազանցում են նրանց տարաձայնությունները, և Չինաստանի առաջնորդը մեկ կողմի հաջողությունը որակեց որպես մյուսի համար հնարավորություն։

Չինաստանը հետաքրքրություն է հայտնել ԱՄՆ-ից նավթ և սոյա գնելու հարցում, հայտարարել է Դոնալդ Թրամփը։

Նույն հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը հույս հայտնեց, որ Չինաստանի նախագահը «կարող է ազդել» Թեհրանի վրա։ Թրամփի խոսքով՝ Սին իրեն ասել է, որ Չինաստանը ցանկանում է օգնել Իրանի հետ ԱՄՆ-Իսրայել պատերազմի ավարտի և Հորմուզի նեղուցում նավագնացության վերսկսման բանակցություններին։ Թրամփը նաև նշել է, որ Չինաստանի առաջնորդը խոստացել է իրեն զենք չմատակարարել Իսլամական Հանրապետությանը։

Ավելին, Թրամփը Fox News-ին ասել է, որ «այլևս չի հանդուրժելու» Իրանի հետ հարաբերությունները, և որ Թեհրանը «պետք է գործարք կնքի» Վաշինգտոնի հետ։ Իսլամական Հանրապետության կողմից պահվող հարստացված ուրանի վերաբերյալ ԱՄՆ նախագահն ասել է, որ այն «կարող է թաղվել», բայց ինքը «կնախընտրեր այն ձեռք բերել» և դա կանի նույնիսկ առանց Իրանի ղեկավարության համաձայնության։

Սպիտակ տան ղեկավարը նաև Իրանի ներկայիս ղեկավարներին, որոնց հետ ԱՄՆ-ն գործ ունի, անվանեց «ողջամիտ»։

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը դրանից հետո կոչ արեց Մերձավոր Արևելքում երկարատև հրադադարի և նաև նշեց ծովային ուղիների արագ վերաբացման անհրաժեշտության մասին։

Սպիտակ տան հայտարարության համաձայն՝ Պեկինում կայացած հանդիպման ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և ԱՄՆ նախագահ Թրամփը համաձայնեցին բացել Հորմուզի նեղուցը՝ էներգիայի ազատ հոսքն ապահովելու համար։

Պատերազմը տեղափոխվել է Ռուսաստան, Մոսկվան ի պատասխան ռմբակոծում է Կիևը

Ռյազանի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, տասներկուսը վիրավորվել են, հայտնել է մարզպետ Պավել Մալկովը Max հաղորդագրությունների հավելվածի միջոցով: Անօդաչու թռչող սարքի հարվածը վնասել է նաև երկու բազմահարկ բնակելի շենքեր: Բեկորները ընկել են արդյունաբերական օբյեկտի տարածքում։

Բացի այդ, մայիսի 15-ի գիշերը ուկրաինական հեռահար անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Ռոստովի մարզում, մասնավորապես՝ Տագանրոգում գտնվող ռազմական և ռազմավարական թիրախների վրա։

Մի քանի ամիս առաջ Ուկրաինան փոխել է իր ռազմական մարտավարությունը և փաստացի տեղափոխել է պատերազմը Ռուսաստանի տարածք: Թիրախային են դարձել Ռուսաստանի նավթային, պաշտպանական և այլ օբյեկտները: Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հասել են մինչև Օրենբուրգ։

Ի պատասխան՝ Ռուսաստանը անողոք ռմբակոծել է Կիևը. մայիսի 14-ի գիշերը խոշոր հարձակման հետևանքով զոհվել է Կիևի 24 բնակիչ և ավերվել բնակելի շենքեր։

Ռուսաստանը նաև արգելեց իր քաղաքացիներին հարձակումներից հետո առցանց տեղեկատվություն և լուսանկարներ տեղադրելը։ Սակայն սա միայն ցույց է տալիս Ռուսաստանի անզորությունը այս մարտավարության դեմ։

Մասնագետները Ուկրաինայի հաջողությունը վերագրում են ամերիկյան Palantir ընկերության հետ համագործակցությանը, որը գլոբալ տվյալների մշակման և վերլուծության առաջատար կենտրոն է։ Նույն ընկերությանը է վերագրվում նաև Իսրայելի հաջողությունը, որը կարողացավ ընդամենը մի քանի օրում ֆիզիկապես վերացնել Իրանի ղեկավարությանը, այդ թվում՝ այաթոլլահ Խամենեիին։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում իրավիճակը չի զարգանում Գերասիմովի ծրագրի համաձայն. Ռուսաստանի ռազմական առաջխաղացումը Դոնբասում գործնականում դադարեցվել է, մինչդեռ Ռուսաստանում մտահոգություն և ծայրահեղ դժգոհություն է աճում իշխանությունների կողմից նույնիսկ ռազմավարական օբյեկտների անվտանգությունն ապահովելու անկարողության վերաբերյալ։ Օրինակ՝ Տուապսեի նավթի պահեստարանի հրետակոծությունը հանգեցրեց էկոլոգիական աղետի։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները խթանող Թրամփը դադարեցրել է Ռուսաստանի վերջնագրերի բացահայտ աջակցությունը։ Իսկ Չինաստան կատարած այցից և G2-ի ոչ պաշտոնական հռչակումից հետո Թրամփը, հավանաբար, Պուտինի որպես «միջնորդի» կարիքը չի ունենա Սիի հետ բանակցություններում։

Որքա՞ն ժամանակ կարող է Ռուսաստանը դիմանալ Ուկրաինայի և Թրամփի նոր մարտավարությանը։

Սիմոնը, ցավոք, չանցավ Եվրատեսիլ 2026-ի եզրափակիչ, չնայած ապշեցուցիչ ելույթին

«Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնող Սիմոնը չկարողացավ անցնել եզրափակիչ փուլ։ Վիեննայում կայացած երկրորդ կիսաեզրափակչում հայ կատարողը հանդես է եկել «Պալոմա Ռումբա» երգով։

Դա չափազանց էներգետիկ երգ է ազատության, շարժման և սեփական տեմպով ապրելու մասին։

Երաժշտությունը գրել է Լիլիթ Նավասարդյանը, խոսքերը՝ Ռոզա Լիննի, Դավիթ Ծերունյանի և Եվա Ոսկանյանի։

Երգը մեծ հաջողություն ունեցավ և, թերևս, դարձավ Հայաստանի լավագույն Եվրատեսիլյան ելույթներից մեկը։ Սակայն այս մրցույթում քվեարկության համակարգը և քաղաքական համատեքստը որոշում են ավելին, քան  երաժշտությունը։

Կայացել է Դիզակ-ԱՐՏ-ի «Ձայն և սիրտ» հաշվետու ցուցահանդես-համերգը

Մայիսի 13-ին տեղի է ունեցել «Ձայն և սիրտ» ծրագրի հաշվետու ցուցահանդես-համերգը։

«Միջոցառման ընթացքում երեխաները ներկայացրել են երաժշտական և պարային համարներ, ինչպես նաև ցուցադրվել ստեղծագործական աշխատանքները։

«Ձայն և սիրտ» ծրագրի շրջանակում «Դիզակ ԱՐՏ»-ի Երևանի և Աբովյանի ՄԵ կենտրոնների արցախցի սաները մասնակցել են երգի, պարի, նկարչության և թատերարվեստի պարապմունքների՝ աշխատելով հոգեբանների և մանկավարժների հետ՝ անվտանգ և երեխայակենտրոն միջավայրում։

«Ձայն և սիրտ» ծրագիրն իրականացրել է «Դիզակ ԱՐՏ» մշակութային հասարակական կազմակերպությունը՝ ՄԱԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից խթանվող երեխայակենտրոն, անվտանգ և ներառական ծրագրավորման սկզբունքներին համապատասխան», հաղորդում է «Դիզակ ԱՐՏ» մշակութային հասարակական կազմակերպությունը։

«Ցավոք, ես չեմ կարող լավատես լինել». Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ

Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ Հայաստան կատարած այցից հետո Ֆրանսիայի ԱԳ նախարարը Սենատում հայտարարություն արեց Արցախի մշակութային ժառանգության պահպանության անհրաժեշտության մասին եւ կոչ արեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկել Արցախ։ Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե Ֆրանսիան ակտիվանո՞ւմ է այս ուղղությամբ, հետագա ի՞նչ քայլեր ու նախաձեռնություններ կարող են լինել Արցախի հարցում։

«Ցավոք, ես չեմ կարող լավատես լինել այս հարցում, քանի որ դեռևս 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո Ֆրանսիան փորձել է թույլ չտալ, որ Արցախի հարցը ամբողջությամբ դուրս մղվի միջազգային օրակարգից՝ հատկապես մշակութային ժառանգության, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների և միջազգային իրավունքի հարցերի միջոցով։

2020 թ. նոյեմբերի 19-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան պատրաստ է ՅՈւՆԵՍԿՕ-ի շրջանակում աջակցել Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանը և խոսել էր «մշակութային հրադադարի» անհրաժեշտության մասին։ Դրանից հետո ՅՈւՆԵՍԿՕ-ն առաջարկեց միջազգային առաքելություն ուղարկել Արցախ՝ մշակութային ժառանգության վիճակը գնահատելու համար։ Իսկ, 2024 թ. փետրվարի 22-ին Ֆրանսիայի ԱԳ Նախարարն արդեն Ֆրանսիայի Սենատում հայտարարեց, որ շարունակում է աջակցել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության ուղարկմանը և հիշեցրեց Արդարադատության միջազգային դատարանի որոշումները՝ հայկական ժառանգության պաշտպանության և արցախահայերի վերադարձի իրավունքի վերաբերյալ»,- ասաց Հովհաննես Գեւորգյանը։

Նրա խոսքով, սակայն, այս դիրքորոշման և հայտարարություների սահմանափակ ացդեցությունն էլ ակնհայտ է․ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությունը մինչ այսօր չի իրականացվել՝ Ադրբեջանի մերժման պատճառով, և որևէ իրական միջազգային պաշտպանական մեխանիզմ տեղում չի ստեղծվել։ Այսինքն՝ Փարիզը չի կարողացել դա վերածել գործնական ու պարտադրող քայլերի։

«Կուզենայի նաև կարծիք հայտնել, որ որևէ արտաքին ուժ երբեք չի սիրելու Հայաստանն ու Արցախն ավելի, քան մենք՝ հայերս և չի պաշտպանելու հայկական շահերը այնպես, ինչպես մենք կցանկանայինք։ Հաճախ մենք իդեալականացնում ենք մեր այս կամ այն «պաշտպանին», հետո հիասթափություն ենք ապրում»,- հավելեց Գեւորգյանը։

Էրդողանը հայրենիք է փնտրում Ղազախստանում՝ Հայաստանի հետ սահմանների բացումից առաջ

Ղազախստանում գտնվող Թուրքիայի նախագահ Էրդողանը շնորհակալություն հայտնեց իր ղազախ գործընկեր Տոկաևին ջերմ ընդունելության համար. «Նախևառաջ, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ մեր նախնիների երկիրը այցելելու հրավերի համար», – ասաց Թուրքիայի նախագահը։

2024 թվականի հոկտեմբերին Վանա լճի մոտ գտնվող Մանացկերտի ճակատամարտի տարեդարձին նվիրված ելույթում Էրդողանը հայտարարեց, որ թուրքերի նախնիները այս հողերում են հայտնվնել մոտ 1000 տարի առաջ։ Սա վերաբերում է Մանացկերտի ճակատամարտին (1071թ.), որը բացեց սելջուկ թուրքերի ճանապարհը դեպի Անատոլիա (Հայկական լեռնաշխարհ)։

Թուրք ղեկավարները ընդունում են, որ այս հողեր են ժամանել ընդամենը 1000 տարի առաջ, բայց լռում են այն մասին, թե որտեղ են Անատոլիայի բնիկ բնակիչները։ Թուրքիան հայկական և հունական հուշարձանները անվանում է թուրքական ձևով։

Բաքվի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի կրթության նախարար Յուսուֆ Թեքինն այսօր հայտարարել է, որ «Դարի կրթության Թուրքիայի մոդելը» նոր կրթական ծրագրի շրջանակներում դպրոցական դասագրքերից հանվել են մի քանի հասկացություններ, որոնք իշխանությունները համարում են օտարերկրացիների կողմից պարտադրված։ «Խաչակրաց արշավանքները» այժմ անվանում են «խաչակրաց հարձակումներ», «աշխարհագրական հայտնագործությունները»՝ «գաղութատիրության սկիզբ», «Կենտրոնական Ասիան»՝ «Թուրքեստան», իսկ Եգեյան ծովը՝ «Կղզիների ծով»։ «Եգեյան ծովը հասկացություն է, որը կիրառության մեջ է մտել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, մասամբ Հունաստանի խնդրանքով», – ասել է նախարարը։

Այժմ, երբ հայ-թուրքական հարաբերությունները պատրաստվում են բարելավվել, թուրքական ինքնության և Անատոլիայի ու Հայկական լեռնաշխարհի բնիկ ժողովուրդների իրավունքների հարցը դառնում է ավելի հրատապ, քան երբևէ, Թուրքիայում: Թուրքիան պատրաստ չէ ընդունել հայերին որպես բնիկ ժողովուրդներ, չնայած այն հանգամանքին, որ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունները զարգանում են Թուրքիայի համար աննախադեպ պայմաններում՝ Հայաստանի հրաժարվում է ցեղասպանություն իրականացրած Թուրքիայի նկատմամբ իր պահանջներից, Երևանի նաև համաձայն է «դուրս գալ» Կարսի պայմանագրից՝ առանց պահանջելու, որ Թուրքիան վերադարձնի Ռուսաստանի կողմից Անկարային զիջված հայկական հողերը։

Ի՞նչ կտեսնեն հայերը, երբ սահմանը բացվի և Գյումրիից առաջին գնացքը մեկնի Կարս: Հայկական ամրոցների և եկեղեցիների ավերակնե՞ր, լքված հայկական հողե՞ր, որոնք մի ժամանակ ծաղկում էին, բայց այժմ զբաղեցված են քրդերի կողմից անասնապահության համար։

Թուրքիան հայերին հրավիրում է «վերադառնալ» որպես զբոսաշրջիկներ և «մանր առևտրականներ»։ Հայաստանն ու Թուրքիան համաձայնել են վերականգնել Ախուրյան գետի վրա գտնվող Անիի կամուրջը, իսկ հիմա թուրք ազգայնականները կոչ են անում վերականգնել Կարսի նահանգում գտնվող Տիգնիսի հին հայկական ամրոցը՝ առանց այն հայկական անվանելու: Իսկ երեկ Թուրքիայի կառավարությունը վերացրել է Հայաստանի հետ ուղիղ առևտրի սահմանափակումները։

Լատվիայի Պնախարարին մեղադրել են չկրակելու մեջ, սակայն կոալիցիան է փլուզվել

«Նոր միասնություն» կուսակցությունը ներկայացնող Էվիկա Սիլինան հրաժարական տվեց Լատվիայի վարչապետի պաշտոնից՝ պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսի հրաժարականից հետո։

Մայիսի 10-ին հայտարարվեց, որ Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը, որը «Առաջադեմ կուսակցության» ներկայացուցիչ է, հրաժարական է տվել երկու անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպից հետո, որոնք, ենթադրաբար, Ուկրաինայից Ռուսաստան էին ուղևորվում և հայտնվել են Լատվիայի երկնքում։ Սիլինան հայտարարեց, որ պաշտպանության նախարարը կորցրել է իր վստահությունը, և երկրի ռազմական ղեկավարությունը «չի կարողացել պահել անվտանգ երկնքի մասին իր խոստումները»։

Ստեղծվեց պարադոքսալ իրավիճակ. Լատվիայի վարչապետը պաշտոնանկ արեց պաշտպանության նախարարին՝ Լատվիայի օդային տարածք ներխուժած անօդաչու թռչող սարքերի վրա կրակ չբացելու համար։ Նախարարը դա արդարացրեց՝ պնդելով, որ անօդաչու թռչող սարքերը ուկրաինական էին (չնայած սկզբում դրանք անհայտ էին)։ Արդյունքում իշխող կոալիցիան փլուզվեց, և վարչապետը հրաժարական տվեց։

Նախկինում ևս եղել են ուկրաինական կամ ռուսական անօդաչու թռչող սարքերի ԵՄ տարածքում հայտնվելու դեպքեր։ Ո՛չ առանձին երկրները, ո՛չ էլ ՆԱՏՕ-ն հրապարակային պատասխան գործողություններ չեն ձեռնարկել ագրեսիայի այս գործողություններից հետո։ ԵՄ և ՆԱՏՕ-ի երկրների այս վարքագիծն արդեն անվանվել է եվրոպական անվտանգության համակարգի ձախողված փորձություն, որը բացահայտել է դրա թույլ կողմերը։

Հետք․ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակումից հետո անհետ կորել է 15 մարդ

Հետք

2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա։ Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի տվյալների՝ մեկօրյա պատերազմի ընթացքում անհետ կորել է 15 մարդ։ Նրանցից 10-ը զինվորական է, 5-ը՝ քաղաքացիական։ «Հետքին» հաջողվել է նույնականացնել 14-ին։

Անհետ կորած են համարվում Հայկ Հովսեփյանը, Մարատ Խաչատրյանը, Ալբերտ Ավետիսյանը, Կառլեն Հակոբյանը, Սասուն Առաքելյանը, Արշակ Միրզաբեկյանը, Աբել Միրզոյանը, Ներսես Աբաղյանը, Շուրա Մանասյանը, Ռոբերտ Մուսայելյանը, Վաչիկ Առուշանյանը, Վիլեն Ազիրյանը, Անդրանիկ Բաբայանը, Գավրուշ Էմիրյանը։

Հետք-ի ամբողջական տեսանյութը՝ այստեղ 

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ուղերձ է հրապարակել

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է. Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ուղերձ է հրապարակել

Ադրբեջանական գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը դիմել է բոլոր իրավապաշտպաններին և բարի կամքի մարդկանց։ Աուդիո հաղորդագրությունը NEWS.am-ին փոխանցվել է Դավիթ Բաբայանի ընտանիքի միջոցով, որը ներկայացնում ենք ստորև.

«Թանկագին հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայություն, բարի կամքի մարդիկ աշխարհով մեկ, իրավապաշտպաններ, մարդու իրավունքների պաշտպաններ, լրագրողներ,

ստիպված դիմում եմ ձեզ, քանի որ այլ այլընտրանք պարզապես չունեմ, դուք գիտեք, որ մենք արդեն երեք տարի այստեղ ենք, դատական գործընթացներ են գնում և, իհարկե մեծ խախտումներով, բայց վերջին այդ խախտումներին գումարվել է ևս մեկը, անհետացել են այստեղ վերաքննիչ դատարան ուղղված իմ նամակ բողոքները, որպեսզի նաև վերաքննիչ դատարանում վերանայվի այս գործը, իսկ մենք ուզում ենք դիմել միջազգային դատարան։

Ինձ իմ փաստաբանն է դրա մասին տեղյակ պահել մայիսի 7-ին, ասելով, որ վերջին օրն է դիմումների հանձնման։ Դա, իհարկե, անակնկալ էր, քանի որ վերջին օրը պետք է լիներ փետրվարի 25-ը, իսկ փետրվարի 23-ին ես երկու դիմում ուղարկել եմ մեկուսարանից, մի հատ էլ նամակ մեկուսարանի պետի միջոցով, խնդրանքով, որ սա ուղարկեն։ Եվ այդ ամենը անհետացել է, չկա։ Ստիպված ևս մի նամակ եմ գրել, բայց չգիտեմ պատասխանը, հետևաբար չի բացառվում, որ փորձ անեն, որ թույլ չտան, որպեսզի ես դիմումներս ներկայացնեմ Վերաքննիչ դատարան։

Բացի դրանից, ապրիլի 21-ի մեկուսարանից բանտ տեղափոխվելու ժամանակառգրավվել է նաև իմ վերջին եղույթը առաջին ատյանի դատարանում, 2025–ի դեկտեմբերի 19-ին։ Սա նույնպես ոչ այլ ինչ է, քան քայլ ոչնչացնելու բոլոր քննադատական ելույթները։ Հետևաբար, խնդրում եմ բոլորդ սա ընդունեք որպես տեղեկություն, միջազգային դատարանին որպես ի վարույթ, իսկ միջազգային հանրությանը ի գիտություն, որովհետև մենք ուզում ենք իսկապես դիմել միջազգային դատարան։

Հետևաբար կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ այս հարցում։ Ես սա անում եմ հանուն արդարության, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, հանուն իսկական խաղաղության, և կարծում եմ՝ սա միակ ճանապարհն է այս ուղղությամբ։ Հետևաբար նաև կխնդրեի որպեսզի պահանջեք, խնդրեք, որպեսզի մեր վերջին ելույթները ձեզ տրամադրեն նաև տեսանյութով, եթե արդեն չեն ոչնչացվել։

Իսկ հիմա ես կուզենայի հակիրճ ներկայացնել դատական գործընթացը, ո՞վ է իմանում վաղը ինչ կլինի հետս, որպեսզի դուք տեղյակ լինեք ընդհանուր առմամբ, ինչ է կատարվում։ Այս դատավարությունը, որ ընթանում է, իհարկե, շինծու է, խախտվում են կոպտորեն բոլոր նորմերը, մարդասիրության, արդարադատության, արդարության, միջազգային իրավունքի, իրենց սեփական օրենսդրությունը։ Ես կոչ եմ անում, որպեսզի մեր հայրենանվեր հայությունը միավորվի և պաշտպանենք մեր իրավունքները, որովհետև մենք դիմելու ենք միջազգային դատարան։ Իրենց բոլոր փաստարկները շինծու են, փուչիկ են, շատ թույլ են։ Այս դատավարությունը ոչ թե դատավարություն է, սա էթնոքաղաքական վենդետա է, էթնոքաղաքական լինչ է ուղղված մեր ժողովրդի անցյալին, ներկային և ապագային։

Այնքան շատ էին այդ չարաշահումները, խախտումները, որ նույնիսկ որոշ փաստաբաններ դրա մասին նշել են, հայտնելով, որ ժամանակը կգա, իրենց համար ամոթ կլինի այդ բոլոր խախտումների համար։ Ես կասեի նաև ցավոտ կլինի, որովհետև կան որոշ գաղափարներ, որոշ չգրված օրենքներ, գրված օրենքներ, հավատքի հետ կապված, որոնց խախտումը, այդ թվում, առավել ևս գիտակցաբար, կամավոր և հանդուգն որևէ մեկին չի ներվում երբևիցե։ Ես մեջբերել եմ նաև իրենց Ղուրանից մի ասացվածք, որտեղ ասվում է, որ Աստված չի սիրում հանդուգն և ինքնահավան, ինքնագոհ մարդկանց, և սա շատ կարևոր է։ Կարծում եմ, որ դա ունեցավ իր ազդեցությունը։

Այնքան շատ են այդ խախտումները, որ երբեմն նաև տրագիկոմեդիայի է հասնում։ Օրինակ, առաջին բանը, որ աչք է ծակում, դա այն է, որ մեղադրականում գրել են, որ ինձ մոտ խուզարկման ժամանակ հայտնաբերվել են երկու մետաղական իրեր՝ սպիտակ և դեղին գույնի, դրանք իմ ոսկյա վզնոցն է՝ խաչով և արծաթյա թզբեհը, երկուսն էլ ձեռքի աշխատանք է։ Հիմա դա նշում են որպես սպիտակ և դեղին գույնի ինչ-որ մետաղական իրեր։

Այնուհետև շատ հետաքրքիր է, այսպես կոչված, վկաների պարզաբանումները. մի վկա, որ ինձ առաջինը «ճանաչեց», ինձ ասաց՝ դու Վիտալի Բալասանյանն ես, քեզ լավ հիշում եմ, ծեծում էիր ինձ, խոշտանգում էիր։ Այնուհետև բոլորը ասեցին, որ նա այլ մարդ է, բայց սա չէր հանգստանում։ Իմ պաշտպանն ասաց, նա ինքը չի, սա պաշտպանին անպատվեց, հայ համարեց, հետո տեսավ, որ իրավիճակը բարդացել է, սկսեց ինչ-որ սիմուլյանտություն անել։

Մյուսը, որ ինձ «ճանաչեց», մի մարդ էր, որ ասում էր, որ ես իրեն խոշտանգում էի 1994 թվականի ձմռանը և ասում էր՝ չես փոխվել առհասարակ, հասակդ երկու մետր նույնն է, ոսկեգույն մորուքով, բեղերով և մազերով, ոչ մի ձևով չես փոխվել։ Դա էլ մեզ մատնանշելով ասում էր՝ մեզ ծեծում էին դաժան ձևով 93 թե 92 թվականին, կախել էինք գլուխը դեպի ներքև, յոթ օր պահել էինք այդ իրավիճակում, ծեծում էինք երկաթե ձողերով, ինչ-որ փայտերով։

Ես ասում եմ՝ նույնիսկ չղջիկները, որոնք միլիոնավոր տարիներ էվոլյուցիա են անցել, չեն կարող յոթ օր անընդմեջ կախված մնալ, ո՞նց ես դու կախված մնացել։ Հասկանու՞մ եք, նորմալ դատարանում պետք է առնվազն երեք պատասխան տրվի դրանց, կամ այդ մարդիկ պետք է ներողություն խնդրեն, կամ նրանց նկատմամբ պետք է բժշկական փորձաքննություն անել, միգուցե ինչ-որ խնդիրներ ունեն, կամ պետք է, որպես զրպարտություն համարեն և դատի տան։

Ոչ մի բան տեղի չունեցավ, հակառակը, նրանք գալիս էին բոլոր դատավարություններին, շատ ու շատ այլ նիստերի, և նրանց ցույց էին տալիս առաջին պլան, իրենց հեռուստատեսությանը։

Հետաքրքիր էր նաև այն, որ մի նախաքննության ժամանակ բերեցին և ցույց տվեցին ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանի նկարը, ասեցին, որ սա հայտնի մաֆիոզ է, զենք էր վաճառում։ Ես ասեցի՝ այդ մարդը դրա հետ կապ չունի, հետո պարզվեց, որ սա այլ Դավիթ Գալստյան է՝ «պատրոն Դավո» կոչված անձը։ Բայց խնդիրն այն է, որ այդ պատգամավորի նկատմամբ արդեն 73 անձ վկայություն է տվել և անձամբ, իբրև թե տեսել են իրեն։ Երբ ես պատմեցի, նրանք խառնվեցին իրար, գնացին, մոտ երկու ժամ հետո եկան, ասեցին փոխել ենք, կասեք, որ դուք փրկել եք Դավիթ Գալստյանի կյանքը։

Երբ մեզ մեղադրում էին տնտեսական ապօրինի գործունեության մեջ, ասում էին, որ չճանաչված պետությունները ապօրինի կազմավորում են և նրանց հետ տնտեսապես կապ ունենալ արդեն ինքնին հանցագործություն է։ Բայց ի՞նչ է տեղի ունեցել, դատավարության ժամանակ այդ թարգմանության սինխրոն սարքը պատրաստված է եղել Թայվանում։ Այսինքն իրենք դատում են անջատողականների, օգտագործելով անջատողական երկրի տեխնիկան, բայց ասում են, որ չի կարելի այդ պետությունների հետ կապ պահպանել։ Սա այն դեպքում, որ իրենց ղեկավարությունը միայն 2025 թվականին երկու անգամ է Չինաստան այցելել և այնտեղ հայտարարել, որ Թայվանը ճանաչում է Չինաստանի մաս։

Ես սա պատմում եմ փաստերից ելնելով, սա է իրավիճակը։ Կարծում եմ՝ կա պետական, աշխարհաքաղաքական ատելություն, ես դա մատնանշել եմ նաև իմ ելույթներում։

Հասարակ մարդիկ կապ չունեն, մարդիկ նորմալ են ամեն տեղ, և այստեղ իրոք շատ մարդ ենք տեսել, նաև շատ նորմալ մարդիկ, որոնք մեզ լավ են վերաբերվել։ Ընդհանրապես չկա վատ ազգ, դրա համար ես երախտապարտ եմ բոլոր նորմալ մարդկանց։ Հետևաբար ճշմարտությունը պետք է ասենք այնպիսին, ինչպիսին կա։ Մենք ուզում ենք, որ արդարություն լինի, դրա համար ներկայացնում ենք այս ամենը նաև միջազգային հանրությանը։

Օգտվելով առիթից ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր բոլոր բարեկամներին, որոնք այս տարիների ընթացքում մեր կողքին էին, թե հայրենիքում, թե սփյուռքում, թե մեր բարեկամները աշխարհով մեկ տարբեր երկրներում, որոնք նույնիսկ ունեն իրար հետ լուրջ խնդիրներ։ Հատկապես ակտիվ է Եվրոպան, Ամերիկան, և դա շատ լավ է։

Պինդ եղեք, մեզ մոտ այս պահի դրությամբ դեռևս ամեն ինչ նորմալ է և բանտում և այլն։ Շատ շնորհակալություն, որովհետև այդ պայքարը ոչ միայն մեզ համար է, դա արդարության, մարդու իրավունքների, ժողովրդավարության համար է»,– հայտարարեց Դավիթ Բաբայանը։

Հետընտրական սցենարներ. Հայաստանում մոդելավորում են ինքնիշխանությունից զրկումը

Լևոն Տեր-Պետրոսյանը վերջերս հայտարարեց, որ իրեն չի հետաքրքրում այսպես կոչված ընտրական ֆարսը. նա մտահոգված է, թե ինչ տեղի կունենա ընտրություններից հետո։ Սա անհանգստացնում է քաղաքական գործիչներին և մտածող մարդկանց, և ոչ միայն Հայաստանում, քանի որ Հայաստանը, ճակատագրի հեգնանքով, դառնում է աշխարհաքաղաքական մոդելավորման փորձադաշտ, որը հետագայում լայն կիրառություն է գտնում ամբողջ աշխարհում։

Ի՞նչ է մոդելավորվում այժմ Հայաստանում, և ի՞նչ սցենարներ են հնարավոր ընտրություններից հետո։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը Step1.am-ի հետ հարցազրույցում ասել է, որ տեսնում է միայն մեկ դրական սցենար Հայաստանի համար. եթե Հայաստանում որոշակի եվրոպամետ արտախորհրդարանական ուժերին հաջողվի մեծամասնություն կազմել խորհրդարանում և ապահովել Հայաստանի սահուն անցումը Եվրասիականից դեպի Եվրոպական Միություն, ինչին, ըստ էության, կաջակցի նաև Ռուսաստանը։

«Հրապարակ» թերթը գրում է ընդդիմության կողմից ընտրություններից հետո բողոքի ցույցերի հավանականության մասին, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հաջողվի կասկածելի միջոցներով ապահովել ձայների մեծամասնությունը: Թերթը ենթադրում է, որ գործող իշխանությունները պատրաստ են ամեն ինչի՝ իշխանությունը պահպանելու համար, այդ թվում՝ արյունահեղության՝ բողոքի ցույցերի դեպքում: Սակայն իշխանությունները իրենք կարծում են, որ բողոքի ցույցերը և դրանց ճնշումը կարող են հանգեցնել արտաքին ուժերի միջամտության, և ՔՊ-ին կարող են չներել իշխանության «զորբայությամբ» պահպանումը:

Ընտրություններում պարտության դեպքում գործող կառավարության կողմից բողոքի ցույցերի կամ սադրանքների հավանականությունը չի քննարկվում: Նիկոլ Փաշինյանը, խոսելով ընդդիմության հաղթանակի հավանականության մասին, չի “խոստանում” բողոքի ցույցերը, այլ ասում է, որ սեպտեմբերին պատերազմ կլինի:

Ռուս պրոֆեսոր Միխայիլ Ալեքսանդրովը կարծում է, որ Հայաստանում ընդդիմության հաղթանակի դեպքում Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու հավանականությունը զրոյական է. «Ռուսաստանը դա թույլ չի տա»:

Շատ հիպոթետիկ ենթադրություններ հիմնված են մի շարք «մուտքային տվյալների» վրա՝ «Ռուսաստանը աջակցում է հայկական ընդդիմությանը և չի ընդունում Փաշինյանին», «Նիկոլ Փաշինյանը երկիրը դուրս կբերի ռուսական կախվածությունից և կտանի դեպի ԵՄ», «Թուրքիան չի միջամտի», «Հայ հասարակությունը կմերժի նոր Սահմանադրությունը» և այլն։

Սակայն մենք չգիտենք, թե ինչ մոդել է ներկայումս փորձարկվում Հայաստանում՝ աշխարհի «իմպերիալացման» և մի քանի ազդեցության գոտիների բաժանման ֆոնին։ «Իմպերիալացումը» ենթադրում է թույլ երկրների դեսուվերենիզացիա, և պատահական չէ, որ այժմ խոսվում է Հայաստանի, Լիբանանի, Իսրայելի և մի քանի արաբական երկրների ինքնիշխանությանը սպառնացող գոյաբանական սպառնալիքի մասին, ասվում է, որ նրանք կարող են ներառվել այս կամ այն ​​«կայսրության» մեջ։

Ներկայումս Հայաստանում քննարկվում է ոչ թե դեսուվերենիզացիայի հարցը (քչերն են այլևս դա վիճարկում), այլ այն, թե որ գլոբալ բևեռին կմիանա Հայաստանը։ Ներկայիս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խրախուսում է «ռեգիոնալիզացիան»՝ համարելով, որ Հայաստանը պետք է մոտ լինի իր հարևաններին՝ պահպանելով իր տեղը Թուրքիայի և Ադրբեջանի, Իրանի և Վրաստանի արանքում։ Որոշ ընդդիմադիր կուսակցություններ սա համարում են թուրքացման ուղի և պնդում են Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման վրա, նույնիսկ մինչև Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը միանալը։ Ֆրանսիան ձեռնարկում է քայլեր, որոնք, կարծես, փորձ են Հայաստանը ներքաշել եվրոպական «կայսրության» մեջ, բայց մինչ այժմ այդ քայլերը շատ ակտիվ չեն թվում՝ նաև Հայաստանի կողմից։

Այս բոլոր տարբերակները (բացառությամբ եվրոպականի) պահանջում են Հայաստանի դեսուվերենիզացիա և Երրորդ Հանրապետությունից «կամավոր» հրաժարում, և ինչպես սպասվում է, դա տեղի կունենա ընտրություններից հետո կայանալիք սահմանադրական հանրաքվեի ժամանակ, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» մնա իշխանության գլուխ: Եթե ռուսամետ կուսակցությունները հաղթեն, «ինքնիշխանությունից ազատումը» կարող է տեղի ունենալ Հայաստանի ռուսական «կայսրությանը» անմիջականորեն միացման միջոցով: Երկու տարբերակներն էլ կատարյալ համապատասխանում են տարածաշրջանը բաժանելու երկու դար առաջ ստեղծված ռուս-թուրքական մոդելին։

Այս անցումը կլինի անցավ, թե դաժան խզում, կախված է հայ ժողովրդի իմաստությունից: Սակայն Հայաստանում մոդելավորվող դեսուվերենիզացիան հետագայում կիրառվի այլ երկրներում, որոնք, հնարավոր է, նույնպես մի ժամանակ քաղաքակրթություններ էին:

«Մանկությունը՝ նշանառության տակ» ցուցահանդես. 5 արցախցի երեխայի պատմություն

Մայիսի 15 | 19:00, Ժամանակակից Արվեստի Ինստիտուտ, Երևան, Ավետ Ավետիսյան 47

«Մանկությունը՝ նշանառության տակ» ցուցահանդեսը լուսանկարիչ Անի Գևորգյանի և լրագրող Շուշան Փափազյանի համատեղ նախագիծն է, որը վավերագրում է 2016-2023 թվականներին արցախյան հակամարտության տարբեր փուլերը՝ սկսած ապրիլյան քառօրյա պատերազմից մինչև 2023-ի սեպտեմբերի բռնի տեղահանությունը, որոնց հետևանքով տուժել են բազմաթիվ խաղաղ բնակիչներն, այդ թվում՝ երեխաներ։ Նախագիծում ներկայացված է 5 երեխայի պատմություն, որոնց կյանքն ընդհատվել է տան կամ դպրոցի բակում՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։

Այս պատմությունները հիշեցնում են, որ վիճակագրության հետևում չապրած մանկությունն է, ընդհատված երազանքներն և խեղված ապագան։

Նախագծում փորձ է արվում հեռանալ կորստի տեսարանից։ Դրա փոխարեն կներկայացվի ներկայության լուռ նշաններ՝ երեխայի տետր, սեղանին թողնված խաղալիք, այն ձևը, թե ինչպես է ապրում ընտանիքը՝ երեխայի կորստից հետո։ Երեխայի կյանքը չի կարող սահմանափակվել նրա մահվան պահով։ Այն պատկանում է շատ ավելի մեծ անձնական պատմության։

Անի Գևորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) և Ժնևյան գրասենյակում, Եվրոպայի խորհրդում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում և այլուր։ Ավելի քան տասը տարի զբաղվել է պատերազմական և հետպատերազմական թեմաների լուսաբանմամբ։

Շուշան Փափազյանը հակամարտությունների լրագրող է 44-օրյա պատերազմից սկսած։ Արցախի վերջնական հայաթափումից հետո նա գրել է մի քանի հիմնական թեմաների շուրջ, ինչպիսիք են 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի պատերազմում զոհված, խոշտանգված և անհայտ կորած զինծառայողների և նրանց ընտանիքների՝ որպես պատերազմից վերապրողների պատմությունները, ինչպես նաև զինված հարձակումների կամ հրետանակոծության զոհ դարձած խաղաղ բնակիչների պատմությունները։