Գերմանիան և Ֆրանսիան ՀՕՊ համակարգեր են տեղակայո՞ւմ Թուրքիայում

Իրանի շուրջ հակամարտության ֆոնին, Գերմանիայի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, Բունդեսվերը (Գերմանիայի զինված ուժերը) Թուրքիայի հարավ-արևելքում կտեղակայի Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ։

Հակաօդային պաշտպանության համակարգը և Հուզումից (Շլեզվիգ-Հոլշտայն) Բունդեսվերի մոտ 150 զինվորներ կտեղակայվեն Թուրքիայում հունիսի վերջից մինչև սեպտեմբեր։ Նրանք այնտեղ կփոխարինեն ԱՄՆ բանակի ստորաբաժանումը։

«Գերմանիան ավելի մեծ պատասխանատվություն է ստանձնում ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Մենք դա անում ենք արևելյան թևում, Վերին Հյուսիսում, իսկ այժմ նաև ՆԱՏՕ-ի հարավ-արևելյան թևում՝ Թուրքիայում», – մեջբերել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Էմանուել Մակրոնը բանակցություններ են վարում հակաօդային պաշտպանության խոշոր գործարքի շուրջ, որը կարող է ճանապարհ հարթել Թուրքիայի համար ֆրանս-իտալական հակաօդային հրթիռային համակարգ գնելու և համատեղ արտադրելու համար։ Փարիզում տեղակայված հետախուզական և պաշտպանական հրատարակության տվյալներով՝ հնարավոր համաձայնագիրը կարող է ներառվել հուլիսին Անկարայում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգում։

Հոդվածում նշվում է, որ Թուրքիայում SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգի համատեղ արտադրության ծրագրերը «ձևավորվում է» Անկարայի կողմից SAMP/T Mamba եվրոպական հակահրթիռային պաշտպանության համակարգ ձեռք բերելու փորձերի հետ կապված տարիների հետաձգումներից հետո, հաղորդում է Intelligence Online-ը:

Ջերմաստիճանը կրկին կնվազի

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ օդերևութաբանները կանխատեսում են օդի ջերմաստիճանի անկում ամբողջ Հայաստանում։
Մայիսի 19-ին ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով։
Որոշ շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, որոշ շրջաններում հնարավոր է կարկուտ։
Մայիսի 19-ին Շիրակում ջերմաստիճանը կկազմի +15°C, Կոտայքում՝ +18°C, Գեղարքունիքում՝ +14°C, Լոռիում՝ +17°C։ Տավուշում սնդիկի սյունը կբարձրանա մինչև +21°C, իսկ Արագածոտնում մինչև +19°C։ Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում՝ +22°C, իսկ Սյունիքում՝ +25°C։
Երևանում նույնպես սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, ինչպես նաև փոթորկային քամիներ (17-20 մ/վ)։ Ջերմաստիճանը կկազմի +20°C։

Թրամփ. մի քանի օրով հետաձգել եմ Իրանին հարված հասցնելը Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի խնդրանքով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Պարսից ծոցի երկրների խնդրանքով հետաձգում է երեքշաբթի օրը նախատեսված Իրանի վրա նոր հարվածը, քանի որ «լուրջ բանակցություններ են ընթանում»։

«Ընթացիկ լուրջ բանակցությունների ընթացքում Կատարի էմիր Թամիմ բին Համադ բին Խալիֆա Ալ Թանին, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը և ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը խնդրել են ինձ հետաձգել մեր հարձակումը Իրանի վրա, որը նախատեսված էր վաղը», – գրել է Թրամփը իր սոցիալական ցանցում՝ Truth Social-ում։

Թրամփն ասել է, որ իրեն տեղեկացրել են ԱՄՆ-ի համար «լիովին ընդունելի» գործարքի հնարավորության մասին՝ հավելելով. «ԻՐԱՆԻԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՉԻ ՈՒՆԵՆԱ»։

«Երկու կամ երեք օր»։ «Մենք շատ երկար ժամանակահատվածի մասին չենք խոսում», – ասել է Թրամփը՝ հավելելով, որ հույս ունի, որ Իրանը կհամաձայնի խաղաղության համաձայնագրի, և ԱՄՆ-ն ստիպված չի լինի վերսկսել ռազմական գործողությունները. «Եթե մենք կարողանանք լուծել սա առանց ամբողջը ռմբակոծելու, հիանալի կլինի»։

Կան հաղորդագրություններ, որ Իրանը համաձայնել է հանձնել իր հարստացված ուրանը, բայց ոչ թե ԱՄՆ-ին, այլ Ռուսաստանին, և սա արդեն քննարկման փուլում է։

«Այսօր մեր ժողովրդի համար ամոթալի ու խայտառակ օրերից մեկն է». հայտարարություններ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հանդես է եկել հրատապ ուղերձով։

«Այսօր մեր ժողովրդի համար ամոթալի ու խայտառակ օրերից մեկն է։ Այսօր վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնող Փաշինյանը չափազանց լկտի, ես կասեի՝ անհավասարակշիռ վերաբերմունք է ցուցաբերել մեր երկրի քաղաքացիների նկատմամբ։ Մարդը, ով ժամանակին ասում էր, թե մեր երկրում կա երեք միլիոն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը եւ իրականության զգացումը։

Այսօր իր քարոզարշավի ժամանակ ժողովրդին իր նախընտրական ծրագրերը ներկայացնելու փոխարեն Փաշինյանը ձեռքերին ազատություն է տվել և հարձակվել անհետ կորած մեր հերոսի քրոջ վրա, և շրջապատված լինելով թիկնապահներով, Փաշինյանը հարձակվել և վիրավորել է երիտասարդ տղամարդու և այսպես շարունակ:

Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ձեզ մի բան ասել, անգամ 20 օր Փաշինյանի՝ երկրի ղեկավար մնալը վտանգավոր է մեր երկրի համար, մեր բոլոր հակառակորդները տեսնում են, թե ինչ հոգեբանական անհավասարակշիռ վիճակում է գտնվում մեր երկրի ժամանակավոր ղեկավարը, նրա յուրաքանչյուր օրը վարչապետի պաշտոնում թուլացնում է մեր երկիրը։ Փաշինյանը խայտառակում է ոչ միայն մեր պետությունը, այլև հայի, հայ ժողովրդի, հայ տղամարդու կերպարը, մենք դա թույլ չենք տալու, հունիսի յոթին մեր ժողովուրդը վերջ կտա ազգային խայտառակությանը»,– ասել է նա։

«Հայաստան» դաշինքի հայտարարություն է տարածել․

«Հունիսի 7-ի ընտրությունների նախընթաց ժամանակահատվածն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ և ակնհայտորեն դուրս է եկել քաղաքական պայքարի շրջանակներից։

Գործող վարչախմբին մերժող և աներկբա թափ առնող հանրային դրսևորումներին զուգահեռ՝ ռեժիմը փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին, չեզոքացնել քաղաքացիների խոսքի ազատությունը, ճնշել ազատ կամարտահայտումը, երկրում խորացնել վախի մթնոլորտն ու ներազգային թշնամանքը։

Խորացող ավտորիտար ռեժիմի կողմից որդեգրված հակասահմանադրական և քրեորեն հետապնդելի վարքն ու գործիքակազմն անհնար են դարձնում ընտրությունների ազատությունն ու մրցակցայնությունը։

Վարչախումբը բացառապես մեկ նպատակ է հետապնդում՝ ընդդիմադիր ուժերի և այլախոհների նկատմամբ ուժի և վարչական ռեսուրսների անթույլատրելի կիրառմամբ հասնել վերարտադրության։

Այս նպատակին են ծառայում պատժիչ և հակասահմանադրական գործողությունները, որոնք ներառում են՝

• Քրեական հետապնդումներ և հալածանքներ, ինստիտուցիոնալ ռեպրեսիաներ։

• Ընտրովի արդարադատություն, վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահում։

• Դատական իշխանության ակնհայտ կախվածություն, ինչը թույլ չի տալիս, որպեսզի իշխանության հակասահմանադրական գործողություններն արժանանան իրավական գնահատականի։

• Վարչախմբի ղեկավարի կողմից դատախազությանը և իրավապահ համակարգին տրված բացահայտ ու հրապարակային պատժիչ հրահանգներ, այդ թվում՝ քաղաքական ընդդիմախոսներին բանտարկելու կամ պատժելու հանձնարարություններ։

/17․05․2026 թ․ հոգեբուժարանում կախվել է ՀՀ քաղաքացի, որին իրավապահ մարմինները մեկ օր առաջ մեկուսացրել էին Ն․ Փ․-ի քարոզչական պաստառը վնասելու մեղադրանքով/։

• Հանրության, առանձին քաղաքացիների և ընդդիմադիր առաջատար ուժերի առաջնորդների նկատմամբ հրապարակային ահաբեկում, հաշվեհարդարի սպառնալիքներ և կոչեր։

• Ոչ նորմատիվ բառապաշար, հասցեական թիրախավորում, ատելության խոսք, ներազգային պառակտվածության ու թշնամանքի մթնոլորտի խորացում, վախի և ահաբեկման մթնոլորտի ձևավորում։

• Մայիսի 18-ին, ուղիղ եթերում, Նիկոլ Փաշինյանը քաղաքական հիմնական երեք ընդդիմախոսների, ինչպես նաև սովորական քաղաքացիների հասցեին հնչեցնում է աննախադեպ սպառնալիքներ, որոնք ուղեկցվում են վրեժխնդրության կոչերով և ոչ նորմատիվ հայհոյախառն խոսքով։

Ցավոք, միջազգային կազմակերպությունների կրկնակի ստանդարտները, կանխակալ մոտեցումներն ու ոչ հասցեական վարքագիծը խորացնում են Հայաստանում անպատժելիության մթնոլորտը, վարկաբեկում միջազգային ինստիտուտները, սասանում ժողովրդավարության նկատմամբ հավատը՝ լրջագույնս կասկածի տակ դնելով հավաքական Արևմուտքի՝ Հայաստանում իրապես ժողովրդավարական սկզբունքներով իշխանության ձևավորման նկատմամբ շահագրգռվածությունը։

Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպանատներին և դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպություններին՝ ակնկալելով համարժեք վերաբերմունք և գնահատական։

Ակնկալում ենք անհետաձգելի հանդիպում՝ առավել հանգամանալից քննարկելու, ներկայացնելու և գնահատելու իշխանությունների կողմից որդեգրված հակասահմանադրական ընթացքը»։

Արամ Ա–ն հանդիպել է Հռոմի պապի հետ և քննարկել Արցախում եկեղեցիների պահպանումը

 Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն այսօր հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ և բարձրացրել հայ գերիների հարցը։ Այս մասին հայտնում է կաթողիկոսության մամուլի գրասենյակը։
Արամ Ա-ն խոսել է նաև արցախահայության վերադարձի իրավունքի մասին՝ միջազգային երաշխավորությամբ, անդրադարձել եկեղեցիների և պատմական կոթողների պահպանման հարցին, շեշտել Արցախի նախկին ղեկավարների շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությանը:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը խոսել է նաև Լիբանանի ներկա վիճակի մասին՝ ընդգծելով Լիբանանի հարավից Իսրայելի հեռացման և զինադադարի պահպանման կարևորությունը։
Հռոմի պապն իր զորակցությունն է հայտնել նշված հարցերին։

Ալիևը որոշել է բացել Վրաստանի հետ ուղևորատար երկաթուղային հաղորդակցությունը

Թբիլիսին և Բաքուն մի շարք համաձայնագրեր են ստորագրել էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում: Georgia Online-ի փոխանցմամբ՝ վեց տարվա ընդմիջումից հետո Թբիլիսիի և Բաքվի միջև ամենօրյա ուղևորատար երկաթուղային հաղորդակցությունը կվերսկսվի այս տարվա մայիսի 26-ին։

«Վրաստանն ու Ադրբեջանը նաև ստորագրել են երկկողմ համակարգող խորհրդի արձանագրություն, որը նախատեսում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նոր հատվածի լիարժեք շահագործման հանձնում», – ասվում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Ալիևը համավարակից ի վեր փակած է պահում սահմանները ուղևորների համար: Եթե Ադրբեջանի և Ռուսաստանի սահմանը ևս վերաբացվի, Ալիևը կարող է առաջարկել երկաթուղային կապ Հայաստանից Ռուսաստան՝ Վրաստանի և Ադրբեջանի միջոցով։

«Դուք ինչո՞ւ եք սաղ մնացել, ինչո՞ւ չեք մեռել». բան չունե՞ք ասելու

«Դուք իսկապե՞ս ոչինչ չունեք ասելու, երբ երկրի ղեկավարը արցախցիներին ուղղված ասում է. «Դուք ինչո՞ւ եք սաղ մնացել, ինչո՞ւ չեք մեռել»։
Սա պարզապես անընդունելի արտահայտություն չէ, այլ ատելության մթնոլորտի խորացում, որը, ցավոք, գալիս է հենց երկրի ղեկավարի կողմից և ժամանակի ընթացքում շատերի համար սկսում է նորմալացվել։
Եթե շարունակվի անգործությունը և պատշաճ արձագանք չլինի, մեզ մի ստիպեք դիմել միջազգային ատյանների՝ մեր իրավունքների խախտման, խտրական վերաբերմունքի և ատելության խոսքի հարցերով։
Այս ամենում առանձնահատուկ պատասխանատվություն ունեք նաև Դուք՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, քանի որ Ձեր մանդատը հենց նման դեպքերին արձագանքելն ու քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ապահովելն է»։

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում մեկնարկել է ջրաբուժության ծառայությունը

Եղվարդ քաղաքում գործող Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում պաշտոնապես մեկնարկել է ջրաբուժության ծառայությունը, ինչը ևս մեկ կարևոր քայլ է համայնքում հասանելի և որակյալ վերականգնողական ծառայությունների զարգացման ուղղությամբ։

“Ջրաբուժությունը վերականգնողական բուժման արդյունավետ մեթոդներից է, որն օգնում է բարելավել շարժունակությունը, մկանային ուժն ու բալանսը, նվազեցնել ցավը և նպաստել ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեհուզական վիճակի բարելավմանը։ Ջրի միջավայրում իրականացվող վարժությունները հնարավորություն են տալիս առավել անվտանգ և արդյունավետ աշխատել տարբեր խնդիրներ ունեցող երեխաների և մեծահասակների հետ։

Մեզ համար կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր շահառու իր համայնքում ստանա ժամանակակից, մասնագիտական և արժանապատիվ վերականգնողական աջակցություն։ Կենտրոնը շարունակելու է անել հնարավոր ամեն բան՝ ծառայությունները առավել հասանելի և արդյունավետ դարձնելու համար”, ասում են նախկինում Ստեփանակերտի Վերականգնողական կենտրոնի աշխատակիցները։

Միջոցառմանը ներկա էին կենտրոնի բարեկամները, աջակիցները, շահառուները և նրանց ընտանիքների անդամները: Ծառայությունից կկարողանան օգտվել տարբեր խնդիրներ ունեցող մեր հայրենակիցները Հայաստանից ու Արցախից:

Արթուր Օսիպյանը Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա բանավեճից հետո ձերբակալվել է

Արցախցի գործիչ Արթուր Օսիպյանը Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա բանավեճից հետո ձերբակալվել է։ Այս մասին տեղեկացրել է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Ինձ հետ կապ են հաստատել Արթուր Օսիպյանի հարազատները եւ տեղեկացրել, որ նա ձերբակալվել է։ Արթուր Օսիպյանի գտնվելու վայրի մասին որեւէ տվյալ չունենք, հեռախոսներն անջատված են, իսկ ֆեյսբուքյան էջը, որտեղ նա ակտիվորեն քննադատում էր նիկոլ Փաշինյանին, ընդհանրապես հեռացվել է համացանցից»,- ասել է Ռոման Երիցյանը։

Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճից հետո Արթուր Օսիպյանին ուժով հեռացրել էին տարածքից։

Ներքին գործերի նախարարությունից հաստատում են, որ այսօր Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած արցախցի Արթուր Օսիպյանը ձերբակալվել է։

«Նշված անձը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին»,– հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Կալլաս․ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը ցանկանում են «լուծարել Եվրամիությունը»

Ռուսաստանը, Չինաստանը և Միացյալ Նահանգները ցանկանում են «լուծարել Եվրամիությունը», քանի որ դաշինքի երկրները միասին «շատ ավելի ուժեղ» են, ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը՝ կոչ անելով եվրոպական երկրներին պաշտպանել միությունը։

«Նրանք չեն սիրում Եվրամիությունը, դա բացարձակապես պարզ է։ Բայց մենք պետք է հասկանանք, թե ինչու նրանք չեն սիրում ԵՄ-ն. ինչու Չինաստանը չի սիրում ԵՄ-ն, ինչու Ռուսաստանը չի սիրում այն։ Որովհետև եթե մենք միասին մնանք, եթե միասին գործենք, ապա մենք հավասար կլինենք, մենք ուժեղ կլինենք», – ասել է Կալլասը Տալլինում (մեջբերված է Politico-ի կողմից)։

Նա հավելել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների համար ավելի հեշտ է գործ ունենալ առանձին երկրների հետ, «որոնք շատ ավելի փոքր են», քան հավասարների դերում գործելու ունակ դաշինքի հետ։ Նրա խոսքով՝ «ես հիանալի հարաբերություններ ունեմ ձեզ հետ, բայց ինձ դուր չի գալիս Եվրամիությունը» ոճի հռետորաբանությունը «բաժանիր և տիրիր» ռազմավարության մի մասն է։ «Ես շատ մտահոգված եմ, քանի որ երբեմն տեսնում եմ, որ երկրները նույնպես գնում են այդ ճանապարհով»։ «Բաժանումն իրականում աշխատում է», – ասաց Կալլասը։

Իրանի շուրջ բանակցություններում առաջընթաց կա

Իրանը իր մեկնաբանություններն է ներկայացրել Միացյալ Նահանգներին՝ ի պատասխան Վաշինգտոնի կողմից հակամարտության կարգավորման ծրագրում կատարված ճշգրտումների, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ «Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ն բացահայտորեն հայտարարել է այս [իրանական – խմբ.] նախագծի մերժման մասին, մենք մի շարք մեկնաբանություններ և ճշգրտումներ ենք ստացել պակիստանյան կողմի միջոցով։ Մենք վերանայել ենք առաջարկները, և, ինչպես հայտարարվել էր երեկ, մեր տեսակետները փոխանցվել են ամերիկյան կողմին», – նշել է Բաղային։

Նա ընդգծել է, որ Պակիստանը հանդես է գալիս որպես միջնորդ Թեհրանի և Վաշինգտոնի միջև երկխոսության մեջ։

Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգները համաձայնել է բանակցությունների ընթացքում դադարեցնել իրանական նավթի դեմ պատժամիջոցները։

Գործակալության տվյալներով՝ Թեհրանը, իր հերթին, պնդում է բոլոր պատժամիջոցների վերացման վրա, մինչդեռ Վաշինգտոնը պատրաստ է վերացնել միայն ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցները՝ մինչև վերջնական համաձայնության հասնելը։

Իրանը գործարկել է պետական ​​սեփականության տակ գտնվող Hormuz Safe թվային ծովային ապահովագրական հարթակ՝ Պարսից ծոցով և Հորմուզի նեղուցով տարանցիկ նավերի համար։ Այս մասին հայտարարվել է նոր PGSA-ի պաշտոնական X հաշվում։

Հարթակը աջակցվում է Իրանի էկոնոմիկայի նախարարության կողմից, որն օգտագործում է կրիպտոարժույթ ապահովագրական պոլիսների շրջանակներում ուղղակի վճարումների համար և չի պահանջում SWIFT կամ արևմտյան միջնորդներ։

Ժենգյալով հացի պատրաստման վարպետաց դաս

 Երկար սպասված վարպետաց դաս՝ արցախյան խոհանոցի ամենասիրելի խորհրդանիշներից մեկի շուրջ։
«Քիրս» նախագիծը՝ «Դիալոգ» կազմակերպության աջակցությամբ, սիրով հրավիրում է մասնակցելու Ժենգյալով հացի պատրաստման վարպետաց դասին։
Ժենգյալով հացը պարզապես ուտեստ չէ, այն Արցախի խոհարարական մշակույթի, ընտանեկան ջերմության և ազգային հիշողության կարևոր մասն է։ Այս նախաձեռնության նպատակն է պահպանել և փոխանցել արցախյան խոհանոցի լավագույն ավանդույթները, միավորել մարդկանց հայկական համերի ու մշակույթի շուրջ և նոր սերնդին փոխանցել արցախյան խոհարարական ժառանգությունը։
Վարպետաց դասի ընթացքում մասնակիցները ջերմ ու համեղ մթնոլորտում՝
▪️ կծանոթանան ժենգյալով հացի պատմությանն ու ավանդույթներին
▪️ կսովորեն պատրաստման գաղտնիքներն ու ճիշտ համադրությունները
▪️ սեփական ձեռքով կպատրաստեն ժենգյալով հաց
 Մայիսի 24
Ժամը՝ 13:00
«Դիալոգ» մշակութային կենտրոն. հասցե՝ Կոմիտաս 23
Մասնակցության վճար՝ 2000 դրամ։
Գրանցվելուց հետո մասնակցության վճարումը անհրաժեշտ է կատարել 1 ժամվա ընթացքում։
Մասնակցության հղում՝ https://forms.gle/cnvN5eT2GhLSHypp6
Տեղերը խիստ սահմանափակ են։
Միացե՛ք, միասին վայելելու արցախյան ջերմ հյուրասիրությունն ու ընկերական մթնոլորտը