Մոսկվայի հետ պայմանագիր ստորագրելուց հետո Իրանը «հաստատեց», որ Ռաիսին ահաբեկչության ժամանակ չի զոհվել

Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հաղորդակցության կենտրոնն այսօր տարածած հայտարարության մեջ հերքում է վերջին շրջանում հնչող այն պնդումները, թե իսլամական հանրապետության նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի վթարը դիվերսիայի հետևանք էր։

«Վթարի պատճառներն էին եղանակային վատ պայմաններն ու բարդ տեղանքը», – պնդում են իրանցի զինվորականները։

«Համապարփակ հետաքննությունը կողմնակի միջամտության, այդ թվում՝ ահաբեկչական հարձակման, պայթյունի, դիվերսիայի կամ էլեկտրոնային պայքարի միջոցների կիրառման որևէ փաստ չի հայտնաբերել», – նշված է Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարության մեջ։

Երեկ Իրանի և Ռուսաստանի նախագահները Մոսկվայում պայմանագիր ստորագրեցին, որից անմիջապես հետո Գլխավոր շտաբը որոշեց ևս մեկ անգամ «հաստատել», որ նախագահ Ռաիսին մահացել է մառախուղի պատճառով, և ոչ ավելին։

Հիշեցնենք, որ Իրանի քաղաքական և փորձագիտական ​​շրջանակներում տարբեր վարկածներ են քննարկվում Ալիևի հետ հանդիպումից վերադարձող Ռաիսիի մահվան վերաբերյալ։ Նրանք ակնարկում են ոչ միայն ադրբեջանական ու իսրայելական, այլեւ ռուսական միջամտության մասին։ Հիշեցնենք, որ վերջին ռուս զինվորականներն Արցախից, այդ թվում՝ Իրանին սահմանակից շրջաններից դուրս են բերվել միայն 2024 թվականի հունիսին։ Մինչ այդ ժամանակ գործում էր նաեւ Ակնայում ռուս-թուրքական “մոնիտորինային” կենտրոնը։

Թե Անիի, թե Արարատի կողմից մենք չունենք խրամատներ, զենք ու զինամթերք

Բաքվի հայերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ այսօր տեղի ունեցավ ակցիա։ Այս օրերին լրանում է Բաքվի հայերի նկատմամբ ցեղասպանական գործողությունների տարելիցը։ Ակցիայի կազմակերպիչները նշում են, որ 1990 թվականի հունվարի 13֊ը Բաքվի հայության ցեղասպանության պիկն էր, իսկ հայերի կոտորածը Բաքվում անթաքույց սկսվել էր 1988֊ի մարտին՝ Սումգայիթից անմիջապես հետո։ Բաքվի 500 000 հայերը կոտորվեցին, փախան ու ցրվեցին, իսկ խորհրդային ուժերը խառնվեցին միայն 1990 թվականի հունվարի 20֊ին, երբ թափի մեջ մտավ ռուսների կոտորածը։

 «Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանն ասաց, որ Հայաստանի իշխանությունները մեղավոր են ոչ միայն Արցախի հայերի ցեղասպանության համար, այլ նաեւ մտավախություն կա, որ ցեղասպանությունը շատ փափուկ, սահուն կմտնի Հայաստանից ներս, եւ մենք որեւէ պաշտպանական համակարգ չենք ունենա ժողովրդին պաշտպանելու համար։ «Ցեղասպանությունից պաշտպանվելու միակ գործիքը պետությունն ու պետականությունն է։ Ես չեմ ուզում կասկածել, որ մենք պետություն կամ պետականություն չունենք, ես գիտեմ, որ ունենք, բայց այդ գործիքը լիաժեք կիրառող կամ հանրությանն ի պաշտպան օգտագործող ուժեր ես չեմ տեսնում։ Եվ սա է պատճառը, որ թե Անիի, թե Արարատի կողմից մենք չունենք խրամատներ, զենք ու զինամթերք։ Այսօր սելավ է մեզ սպասվում, իսկ մեր քաղաքական ղեկավարությունը ոչինչ չի անում՝ հայությանը փրկելու համար»,- ասաց Մարիամ Ավագյանը։

Նա նշեց, որ պատահական չէ, որ Բաքվում հենց այս օրերին են մեկնարկել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու մյուս գերիների նկատմամբ շինծու գործերով դատական նիստերը։ «Բաքուն ամեն ինչ անում է, որ ցույց տա՝ ինքը կարողանում է հայությանը ոչ միայն ֆիզիկապես վերացնել, այլ նաեւ նսեմացնել։ Եվ պատանդառված հայերի կեղծ դատական պրոցեսով այսօր մեզ այնտեղից նորից ուղարկում են ազդակներ, որ՝ տեսեք, Բաքուն արել ենք, չենք պատժվել, էլի ենք անելու, Արցախ ենք ցեղասպանել, հիմա էլ այս թատերական բեմականացումը կանենք, որպեսզի ապացուցենք, որ Հայաստանը ֆաշիստական պետություն է։ Հայ փախստականների վերադարձի հետ կապված ամեն անգամ ասել ենք՝ այո, մենք ունենք իրավունք վերադառնալու Ադրբեջան, բայց քանի որ այն ֆաշիստական պետություն է, մինչեւ դենացիֆիկացիա չկատարվի, մենք չենք վերադառնա։ Այսօր Իլհամը օգտագործում է մեր բառամթերքը։ Այսինքն՝ մեր իշխանությունները մեր բարձրացրած թեզերը բացարձակ չեն կիրառել երբեւէ, իսկ Իլհամը մեր բարձրաձայնած թեզն այսօր արդեն հակադարձում է Հայաստանի նկատմամբ»,- նշեց նա։

Մարիամ Ավագյանն ասաց, որ 1988 թվականի մարտից Ադրբեջանում սկսվեց հայերի կոտորածը, մեծ ալիք էր 1988 նթվականի նոյեմբերին, հաջորդ ալիքներից մեկը 1989 թվականի օգոստոսից հետո էր, մյուս ալիքը սկսվեց 1989 թվականի դեկտեմբերին եւ վերջացաց 1990 թվականի հունվարի 19-ին։

«Երբ թուրք ցեղասպանն արդեն հստակ իր թիրախի տակ առավ Բաքվի ռուսական ազգաբնակչությունը, միայն այդ ժամանակ խորհրդային այսպես կոչված իշխանությունները տեղից շարժվեցն եւ տանկերով կասեցրին ռուսների կոտորածը։ 1988 թվականի փետրվարից մինչեւ 1992 թվական Ադրբեջանից փախել են ավելի քան 820 հազար հայեր, 300 հազար ռուսներ, 140 հազար հերաներ, 70 հազար պարսկական ժողովուրդ։ Այսօր Ադրբեջանը բացարձակ չի պատժվել իր արարքի համար։ Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես խորհրդային միության իրավահաջորդ եւ շարունակող չի պատժվել, որ թույլ է տվել ու հովանավորել է Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի հայերի ցեղասպանությունը։ Նույնը շարունակվեց Արցախում։ Այո, այսօր Բաքվում գերեվարված հայերը միաժամանակ Մոսկվայի գերիներն են»,- հայտարարեցն Մարիամ Ավագյանը։

Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մեր հարաբերություններն այսօր պետք է լինեին միջազգային դատարաններում միայն

Բաքվի հայերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ այսօր տեղի ունեցավ ակցիա։ Այս օրերին լրանում է Բաքվի հայերի նկատմամբ ցեղասպանական գործողությունների տարելիցը։ Ակցիայի կազմակերպիչները նշում են, որ 1990 թվականի հունվարի 13֊ը Բաքվի հայության ցեղասպանության պիկն էր, իսկ հայերի կոտորածը Բաքվում անթաքույց սկսվել էր 1988֊ի մարտին՝ Սումգայիթից անմիջապես հետո։ Բաքվի 500 000 հայերը կոտորվեցին, փախան ու ցրվեցին, իսկ խորհրդային ուժերը խառնվեցին միայն 1990 թվականի հունվարի 20֊ին, երբ թափի մեջ մտավ ռուսների կոտորածը։

Սումգայիթի հայերի իրավունքների պաշտպանության նախաձեռնող խմբի ղեկավար Հրայր Ուլուբաբյանը լրագրողների հետ զրույցում կոչ արեց համախմբվել՝ այսօրվա մարտահրավերներին դիմակայելու համար։

«Եթե Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն այսպես էլ շարունակվեն, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին։ Իշխանավորները կամ անճար են, կամ դավաճան, ոչինչ չեն անում։ Մեծ Թուրան ստեղծելու ծրագիրը Թուրքիան Արդբեջանի ու մյուս ուժերի հետ համառորեն իրականացնում է, եւ դրա դեմ հայկական կողմը ոչինչ չի անում։ Այսօր ամբողջ խնդիրը մտավորականների վրա է մնում։ Մտավորականները  պետք է կազմակերպեն, համախմբվեն, ազգային ազատագրական պայքար սկսեն։ Այս հարցում պետք է ազգային ազատագրական պայքար սկսենք, ոնց որ 1988-ին ենք սկսել։ Այն ժամանակ Արցախը պետք է ազատագրեինք ու միացնեինք Հայաստանին, դա խափանեցին, հենց հայկական իշխանությունները խափանեցին։ Եվ այսօր էլի նույն հայկական իշխանությունների գործելաոճը տանում է Հայաստանի վերացմանը։ Հայ մտավորականները պետք է սթափվեն, միաբանվեն ու պայքար սկսեն, Արցախն էլ ազատագրենք, Հայաստանն էլ։ Եվ դա ռեալ բան է, ուղղակի մեր միասնությունից է կախված, եթե կարողանանք այդ միասնական պայքարը սկսել, ոչ իշխանությունները, ոչ էլ թուրքը չեն կարող դիմադրել դրան։ Առաջին պատերազմը, երբ մենք հաղթել ենք, մարդկային քանակով էլ, ռազմական տեսակետից էլ մենք զիջում էինք Ադրբեջանին, բայց մենք հաղթեցինք մեր միասնությամբ ու վերին ուժերի միջամտությամբ»,- նշեց Ուլուբաբյանը։

Ըստ նրա՝ Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ պայքարում պետք է այսօր ճշմարտությունը ներկայացնենք, թե ինչ է կատարվել Արցախում եւ Հայաստանում՝ դեռեւս 20-րդ դարի 1918-1920 թվականներին։ Հայաստանի տարածքները կեղծիքով ու խաբեությամբ տվել են թուրքերին, կոտորել են հայ ժողովրդին, այնուհետեւ Սումգայիթում, Բաքվում պետականորեն կազմակերպված ցեղասպանություն է տեղի ունեցել՝ Մոսկվայի կողմից հրահրված, Մոսկվայի հետ համաձայնեցված։

«Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բանակցությունները խայտառակություն են հայ ժողովրդի ու հայ ազգի համար։ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մեր հարաբերություններն այսօր պետք է լինեին միջազգային դատարաններում միայն, քանի որ ցեղասպանությունների շարք է տեղի ունեցել հայերի նկատմամբ։ Իսկ միջազգային դատարաններ պետական մակարդակով պետք է դիմենք։ Հիմա մենք պետություն ունենք, բայց իշխանություն չունենք, երկրի ղեկավարներն առայժմ խոնարհ ծառայում են մեր թշնամուն, ուրեմն՝ մենք պետք է համախմբվենք»,- հավելեց Հրայր Ուլուբաբյանը։

«Բոյկոտ փետրվարի 1-ից». Հայկ Մարությանը ֆլեշմոբ է սկսել

Երեւանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանը ֆլեշմոբ է սկսել՝ կոչ անելով փետրվարի 1-ից բոյկոտել տրանսպորտի թանկացումը։

Սոցցանցերի իր էջում նա տեսանյութ է հրապարակել՝ քաղաքի բնակիչների հարցումով, ովքեր հայտնել են, որ փետրվարի 1-ից ճանապարհածախսի համար կշարունակեն վճարել ընդամենը 100 դրամ։

Օդը լավ մաքրվեց, երկնքի կապույտը և լեռները հստակ երևում են. Սուրենյան

«Օդը լավ մաքրվեց, երկնքի կապույտը և լեռները հստակ երևում են: Հիանալի եղանակ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Կրակոցներ Իրանի Գերագույն դատարանում, սպանվել է երկու դատավոր

Իրանի Գերագույն դատարանում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով երկու դատավոր մահացել է, իսկ մարդասպանն ինքնասպան է եղել, հայտնում է IRNA-ն։

Սպանված դատավորները՝ Մոհամմադ Մոքիսեն և Ալի Ռազինին, մասնագիտացած էին ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների, լրտեսության և ահաբեկչության մեջ։

Նախնական տեղեկություններով՝ կրակողը Գերագույն դատարանում գործ չի ունեցել և հաստատության այցելու չի եղել։ Հանցագործի ինքնությունը պարզված չէ։

Ունիսոնը աջակցություն է ցուցաբերել արցախյան 400 ընտանիքի

«Ունիսոն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է հատուկ կարիքներով մարդկանց աջակցելու, մասնավորապես նրանց իրավունքների պաշտպանության, հասարակության մեջ ինտեգրվելու և զբաղվածության առումով:

««Ունիսոնը» բարեգործական կազմակերպություն չէ, սակայն 2023 թվականի սեպտեմբերին, հաշվի առնելով Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները և բռնի տեղահանության հետևանքները, մենք չկարողացանք անտարբեր մնալ և որոշեցինք աջակցել արցախցի մեր հայրենակիցներին։ Այս նպատակին հասնելու համար կազմակերպվել է դրամահավաք, որի արդյունքում հավաքվել է շուրջ 1 մլն 400 հազար դրամ։

Ստեղծվել է շտաբ՝ հաշվառելու մեր հայրենակիցների սոցիալական կարիքները։ Այնուհետև հավաքագրված գումարն օգտագործվել է առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերման համար, այդ թվում՝ հիգիենայի ապրանքներ, անկողնային սպիտակեղեն, հագուստ, դեղամիջոցներ և այլն։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Արցախի բնակչության առավել խոցելի խմբերին, քանի որ նրանցից շատերը չեն կարողացել անգամ սայլակները բերել։ Այս առումով նրանց տրամադրել ենք նաեւ անվասայլակներ եւ այլն։

Նրանց, ովքեր ապրում էին Հայաստանի հեռավոր վայրերում և չէին կարողանում հասնել Երևան, դրամական օգնություն էր ցուցաբերվում։

Կազմակերպվել է նաև ընտանիքի հոգեբանության սեմինար՝ հատուկ կարիքներով արցախցիների և նրանց ընտանիքի անդամների մասնակցությամբ։

Այսպիսով, ընդհանուր առմամբ աջակցություն ենք ցուցաբերել արցախցի 400 ընտանիքի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց։

Հիմա, ցավոք, չենք կարողանում շարունակել աջակցության գործընթացը՝ համապատասխան միջոցների բացակայության պատճառով»,- ասաց «Ունիսոն» հասարակական կազմակերպության տնօրեն Արմեն Ալավերդյանը։

Արսեն Աղաջանյան

Սա Ղարաբաղյան շարժման դատավարությունն է, բոլոր նրանց, ովքեր պաշտպանել են սեփական հողում ապրելու իրավունքը

Երեկ Հայաստանում իշխանության համատարած լռության և հասարակական բողոքի ֆոնին Բաքվում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով նախնական դատական ​​նիստ։

Երեւանում ակցիայի մասնակիցները համառորեն ասում էին, որ այս գործընթացը ոչ թե 16 հոգու դեմ է, այլ համայն հայության, հայկական Արցախի դեմ, ինքնորոշման իրավունքի դեմ։ Նշվել է նաև, որ վտանգ կա, որ Բաքվում սկսված գործընթացը կհանգնի Հայաստանին Ադրբեջանի դեմ բոլոր մահացու մեղքերի մեջ մեղադրելուն:

Թեև Բաքուն ներկայումս դատում է մի քանի մարդկանց, ովքեր հայտնվել են իր զնդաններում, Բաքվի դատախազությունը ավելի վաղ դիմել էր Հայաստանի կառավարությանը՝ օգնելու բացահայտել ավելի ծանր «հանցագործներին», որոնցից մի քանիսը Հայաստանում են:

Բաքվի զնդաններում հայտնված մարդիկ, իհարկե, չեն մեղադրվում «կոռուպցիայի» կամ 1990-ականների սկզբին ողջ հայ ժողովրդի հաղթանակը չպաշտպանելու մեջ։ Շատ արցախցիներ կուզենային նրանց դատել այս ամենի համար։ Բայց նրանց մեղադրում են Բաքվում այլ բանի համար՝ որ հայերը պաշտպանել են իրենց իրավունքները և կարողացել են պետություն կառուցել։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը մեկ վարույթում միավորել է 1389 քրեական գործ՝ կապված 1987 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի ապրիլ ժամանակահատվածում կատարված գործողությունների հետ։ Դրվագների թիվը հասել է 2548-ի, Բաքուն մեղադրում է ԼՂՀ ղեկավարներին «ագրեսիվ պատերազմ վարելու, ցեղասպանության, զանգվածային սպանությունների, տեղահանությունների, խոշտանգումների, պատերազմի օրենքների խախտման, ահաբեկչության մեջ»։ APA գործակալության տվյալներով՝ քրեական գործերով տուժող է ճանաչվել ավելի քան 531 հազար մարդ։

Այսպիսով, սա Ղարաբաղյան շարժման դատավարությունն է, բոլոր նրանց, ովքեր պաշտպանել են սեփական հողում ապրելու իրավունքը, ցանկացել են պահպանել իրենց ինքնությունը, խոսել մայրենի լեզվով և ծառայել իրենց ազգին։ 1990-ականների սկզբին հազարավոր մարդիկ զոհվեցին, տասնյակ հազարները հաշմանդամ դարձան, ընտանիքները կորցրին իրենց կերակրողին, երեխաները մեծացան առանց հայրերի, բայց 35 տարի Արցախում ամեն ինչ ետ դարձնելու կոչեր չեն հնչել։ Մարդիկ վերակառուցեցին իրենց տները, 2016-ին և 2020-ին երկու պատերազմ ապրեցին, իսկ 2023-ին 9 ամիս ապրեցին սոված շրջափակման մեջ, տարան բոլոր ցեղասպան գործողություններին, բայց չնահանջեցին իրենց հողում ապրելու իրավունքից։

Հիմա, ի դեմս Բաքվում հայտնված 16 հոգու, դատում են բոլորիս, մեր անցյալը, մեր զոհերին ու մեր իրավունքները։

Հայաստանի կառավարության այս հարցում դիրքորոշումից ցնցված են ոչ միայն հայերի շրջանում։ ՄՔԴ նախկին գլխավոր դատախազ Օկամպոն չի կարողանում հասկանալ, թե ինչու հայերը չեն ասում, որ ենթարկվել են ցեղասպանության։

Ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը հանգիստ հետևում, թե ինչպես են Արցախը Հայաստանի հետ մեկտեղ մեղադրվում ահաբեկչության, ցեղասպանության և այլ մահացու մեղքերի մեջ։ Հայաստանի իշխանությունը համաձա՞յն է «օգնել» Բաքվին հետաքննության հարցում՝ նրանց հանձնելով այս բոլոր մտացածին հանցագործությունների մեջ մեղադրվողներին։

Եթե ​​քո հողում ապրելը, քո իրավունքները պաշտպանելը և քո ինքնությունը պահպանելը հանցագործություն է, ապա այս երկրագնդի վրա ապրող յուրաքանչյուր մարդ պետք է մտածի իր ապագայի մասին։

Իսրայել-Համաս համաձայնագիր. ԱՄՆ-ը կհասնի՞ Արցախից Բաքվի զորքերի դուրսբերմանը

Հունվարի 19-ին ուժի մեջ կմտնի Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ կնքված համաձայնագիրը։ Մինչ նախագահ Բայդենն ասում է, որ գործարքը իր վարչակազմի ձեռքբերումն է, Թրամփն պնդում է, որ առանց նոյեմբերին իր ընտրվելուն գործարք չէր լինի: Նա աջակցել է համաձայնագրին, ինչը նշանակում է, որ հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց հետո կշարունակի իրականացնել այն։

Այսպես թե այնպես, համաձայնագիրը Իսրայելից կպահանջի աստիճանաբար դուրս բերել իր զորքերը Գազայից, հազարավոր պաղեստինցի բանտարկյալների և գերիների հանձնել ՀԱՄԱՍ-ին, իսկ Իսրայելին կվերադարձնեն 2023 թվականի հոկտեմբերի 7-ից պահվող պատանդներին: Այնուհետեւ կսկսվի Գազայի վերակառուցումը։

Թեեւ Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել համաձայնագրին, սակայն կան դժգոհ նախարարներ, եւ եթե նրանք դուրս գան իշխող կոալիցիայից, Բենիամին Նեթանյահուի կառավարությունը կքանդվի։

Բայց դա չէ կարեւորը․ եթե համաշխարհային հանրությունը լուծի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը այս համաձայնագրի տրամաբանության շրջանակներում, այն է՝ պահպանելով անկախ Պաղեստինը եւ դուրս բերելով իսրայելական զորքերը, ապա դա կարող է էքստրապոլացվել համաշխարհային այլ հակամարտությունների վրա։ Հիշեցնենք, որ Նեթանյահուն ասում էր, որ չպետք է լինի անկախ Պաղեստին պետություն՝ պնդելով հակամարտության ռազմական լուծման Իսրայելի իրավունքը։ Իսրայելն ուժեղ է և կարող է ամեն ինչ անել, ասում էր Նեթանյահուն։

Նման բան տեղի է ունենում ուկրաինական հակամարտությունում. Պուտինի մոտ բացահայտ խոսում են այն մասին, թե ինչպես է Ուկրաինան կփլուզվի որպես պետություն։ Իսկ համաշխարհային փորձագիտական ​​հանրությունը քննարկում է, որ թեև Պուտինի ուժային լուծումը ձախողվեց, և նա 3 օրում չգրավեց Կիևը, սակայն դժվար թե Ուկրաինան կարողանա վերադարձնել Ռուսաստանի կողմից արդեն իսկ գրավված տարածքները։

Սակայն Իսրայելի համաձայնագիրը հուշում է, որ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։ Պաղեստինում հակամարտության ակտիվ փուլը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ սեպտեմբերի 19-ի ագրեսիայի, ցեղասպանության և տեղահանության հետևանքով Արցախի ողջ 120.000 բնակչության հեռանալուց անմիջապես հետո։ Դա տեղի է ունեցել Հայաստանի կառավարության լուռ համաձայնությամբ և սեպտեմբերի 17-ին Կոստանդնուպոլսում ԱՄՆ-ՌԴ-ԵՄ ներկայացուցիչների գաղտնի հանդիպումից հետո։

Այդ ժամանակ կոնսենսուս էր ի հայտ եկել ղարաբաղյան հակամարտության ուժային «կարգավորման» վերաբերյալ, և Իսրայելը հանգիստ ռմբակոծեց Գազան։ Մեկ ամիս առաջ Թուրքիան, ոգեշնչված «ուժի իրավունքի» ճանաչումից, փաստացի գրավեց Սիրիան։

Այժմ Իսրայելը ստիպված համաձայնել է դուրս բերել իր զորքերը Գազայից։ Արդյո՞ք սա նշանակում է, որ անիվը հետ է շրջվելու: Արդյո՞ք ԱՄՆ-ը, Քաթարը և այլ երկրներ կմիջնորդեն Արցախի հարցում այնպիսի համաձայնության հասնելու համար, որը կենթադրի է Բաքվի զորքերի դուրսբերում Արցախի տարածքից։

«Ալիեւն ասում է՝ Հայաստանը ֆաշիստական պետություն է, պետք է վերանա»

«Մեր ընկերներները չեն հայտնվել Բաքվի բանտերում որպես պարզապես Ղարաբաղի քաղաքացի, նրանց տարել են այնտեղ, որպեսզի եւ Արցախի Հանրապետության դեմ, եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի դեմ դատական շինծու գործեր սարքելով՝ մեզ թուլացնեն, ոչնչացնեն։ Այս մարդիկ դատվում են որպես հայ, հետեւաբար, սա պետք է վերաբերի բոլոր հայերին, եւ այս հարցում բոլոր հայերը պետք է լինեն միահամուռ»,- ԱԳՆ շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ այսօր ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը։

Նշենք, որ Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ անցկացվեցին բողոքի ակցիաներ՝ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների ազատ արձակման պահանջով։ Բաքվում այսօր մեկնարկում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով դատավարությունները։

Լեւոն Հայրյանը նշեց՝ բանը հասել է նրան, որ ֆաշիստը խաղաղ մարդկանց անվանում է «ֆաշիստ», իսկ Հայաստանից չկա համարժեք պատասխան։ «Ընդ որում, Ալիեւը ֆաշիստ անվանում է ոչ միայն Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այլ ամբողջ հայ ժողովրդին։ Բայց մենք ոչ Հայաստանի իշխանություններից, ոչ հայ ժողովրդից չենք տեսնում ադեկվատ պատասխան Ալիեւի ֆաշիստական հայտարարություններին։ Այդ պատճառով մենք ոչ կարողանալու ենք մեր գերիներին այնտեղից ազատել, ոչ էլ կարողանալու ենք մեր ապագայի հարցը լուծել։ Ես կրկնում եմ՝ այսօր Ղարաբաղի հարցը չի լուծվում, այսօր Ալիեւը Հայաստանի պետականության հարցն է լուծում, ասում է՝ Հայաստանը ֆաշիստական պետություն է, պետք է վերանա, իսկ մենք լուռ ենք, չենք խոսում»,- հավելեց Հայրյանը։ Նա կոչ արեց համախմբվել ու չկրկնել անցյալի սխալները։

 

«Բոլորս նրանց համար ահաբեկիչներ ենք, ուրեմն մենք եւս դատապարտվում ենք այնտեղ»

«Առաջիկա շաբաթներին մեզ սպասվում է հերթական տեղեկատվական ու հոգեբանական գրոհը Բաքվից, բայց մենք չպետք է տրվենք սադրանքներին, ադրբեջանական թեզերը եւ նվաստացուցիչ պատկերները չպետք է բերենք հայկական տեղեկատվական տիրույթ»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Բաքվում մեկնարկող շինծու դատավարություններին։

Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ու ՀՀ ԱԳՆ շենքի մոտ անցկացվեց հանրային ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով։ Բաքվում այսօր մեկնարկում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով դատավարությունները։

«Մեր եւ ռազմաքաղաքական ղեկավարությունը, եւ ռազմագերիները կանգնելու են Բաքվի կեղծ ցեղասպանական դատարանի առաջ։ Ես վստահ եմ, որ նվաստացուցիչ պատկերներ են ի հայտ գալու ադրբեջանական լրատվամիջոցներում, կոնտեքստից կտրված հայտարարություններ կամ այսպես կոչված ցուցմունքներ են հրապարակվելու, որոնց մենք չպետք է ուշադրություն դարձնենք։ Մենք բոլորս պետք է հիշենք՝ այնտեղ գտնվող մեր եղբայրներն իրավունք ունեն, ազատ են ասելու յուրաքանչյուր բառ, միայն թե իրենք ողջ վերադառնան հայրենիք։ Որեւէ մեկը՝ կլինի սովորական քաղաքացի, թե իշխանություն կրող անձ, իրավունք չունի թիրախավորելու, հարվածի տակ դնելու նրանց, քանի որ իրենք այնտեղ են մեր երեսից։ Իշխանություն կրող որեւէ անձ թող իրեն իրավունք չվերապահի որեւէ մեկին թիրախավորելու, որովհետեւ իրենք այնտեղ են իշխանությունների մեղքերի պատճառով, իրենք այնտեղ են իշխանությունների բացթողումների պատճառով։ Եվ անձամբ ես հրապարակային թիրախավորելու եմ բոլոր անձանց, ովքեր կթիրախավորեն մեր եղբայրներին»,- նշեց Բեգլարյանը։

Նա ասաց, որ բոլոր անձինք, ովքեր ասում ենք, որ Արցախի Հանրապետությունը պետք է գոյություն ունենա, որ Արցախը այսօր էլ կա ու Արցախը հայկական է, այդ մարդիկ Իլհամ Ալիեւի ցեղասպանական ռեժիմի համար ահաբեկիչներ են։ «Ուրեմն, մենք բոլորս նրանց համար ահաբեկիչներ են, եթե մենք ահաբեկիչներ ենք, ուրեմն մենք եւս դատապարտվում ենք այնտեղ»,- ասաց Արտակ Բեգլարյանը՝ կոչ անելով համախմբվել ու բողոքի ձայն բարձրացնել։

 

Ուկրաինան և Մեծ Բրիտանիան ստորագրել են 100-ամյա պայմանագիր

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ինտրիգային հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի հետ ստորագրված 100 տարվա համար նախատեսված պայմանագրի վերաբերյալ։

Նա երեկոյան տեսաուղերձի ժամանակ հայտարարեց, որ այս համաձայնագիրը փակ հատված ունի. Ուկրաինայի առաջնորդը, բնականաբար, չմանրամասնեց համաձայնագրի գաղտնի մասի մասին, սակայն նշեց, որ խոսքը գնում է այն մասին, ինը «մեզ իսկապես տոկունություն է տալիս»։

Նախագահն ընդգծել է, որ հինգշաբթի օրը կնքված համաձայնագիրը նշանավորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների նոր ձևաչափի անցումը։ Ներկայումս Կիևի և Լոնդոնի հարաբերություններն ամենամոտն են, որ երբևէ եղել են։

Նախագահի խոսքով՝ Բրիտանիայի հետ պայմանագրում ներառված որոշ բաներ «կարելի է անել նաև այլ երկրների հետ»։

Ընթացիկ տարվա համար բրիտանական կողմը նախատեսել է 6,6 միլիարդ դոլարի ռազմական օգնություն Ուկրաինային, որից հետո ամեն տարի կհատկացվի առնվազն 3 միլիարդ դոլար։

Բրիտանական կառավարության ղեկավար Քիր Սթարմերի Ուկրաինա կատարած այցի շրջանակներում Ուկրաինայի ղեկավարը և Մեծ Բրիտանիայի վարչապետը հանդիպել են անօդաչու թռչող սարքեր արտադրողների հետ։ Պետության ղեկավարը հայտարարել է, որ այս տարի անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտը կստանա էլ ավելի մեծ ներդրումներ և կհասնի ռեկորդային մակարդակի։

Ավելին կարդացեք  «Диалог.UA»-ում