Փաշինյանը զանգահարել է Պուտինին եւ առաջարկել խորացնե՞լ ինտեգրացիոն համագործակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ըստ հայկական կողմի՝ զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:

Ռուսական կողմն, իր հերթին, նշում է, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ և որ քննարկվել են ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման հրատապ հարցեր, առաջին հերթին էներգետիկ ոլորտում, նշվել են ԵԱՏՄ շրջանակներում գործնական օգուտները, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության համար։

Կրեմլը նաև տեղեկացնում է, որ Փաշինյանը պարզաբանել է ԵՄ-ի հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերը, իսկ Պուտինը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ։ Թե ինչ գնահատականների և մեկնաբանությունների մասին է խոսքը, Ռուսաստանի նախագահի գրասենյակը չի մանրամասնում։

«ՄԱԿ-ի ներկայացուցիչներ, ցույց տվեք ինձ գեթ մեկ որոշում, որով հստակ կիրառում եք այս կամ այն պատժամիջոցը»

«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ մյուս գերիները Բաքվում դատվում են ոչ թե զուտ որպես անձինք, այլ հիշեք, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային ազատագրական պայքարը, ինքնորոշված լինելու իրավունքի պաշտպանությունը նույնացնում է «տեռորիստական գործողությունների» հետ»,- այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նշենք, որ Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ անցկացվեցին բողոքի ակցիաներ՝ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների ազատ արձակման պահանջով։ Բաքվում այսօր մեկնարկում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով դատավարությունները։

Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, որ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ ՄԱԿ-ի անդամ պետությունները ոչ թե կարող են, այլ պարտավոր են իրականացնել որոշ գործողություններ, որոնք այսօր համակարգային ձեւով անտեսվում են։ Ըստ նրա՝ միջազգային հումանիտար իրավունքը պարտադրում է բոլորին, որ վերջ տան այն լկտի գործողություններին, որոնցով Ադրբեջանը ոչ թե ոտնահարում է մարդու իրավունքները կամ միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, այլ այդ նորմերը հակադրում է իրեն։

ՄԱԿ-ի ներկայացուցիչներ, ցույց տվեք ինձ գեթ մեկ որոշում, որով հստակ կիրառում եք այս կամ այն պատժամիջոցը։

2023 թվականի օգոստոսի 13-ին Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Օկամպոն Արցախի շրջափակումը բնութագրել է որպես ցեղասպանական գործողություն եւ զգուշացրել, որ այս մեթոդից հետո վրա են հասնելու ավելի կոշտ մեթոդներ, եթե Ադրբեջանի ղեկավարությունը չպատժվի, չկանխվի մարդկության դեմ հանցագործությունը։ Եվ այստեղ ՄԱԿ-ն ունի հստակ պարտավորություններ, այն կոնվենցիան, որը խոսում է ցեղասպանության կանխարգելման ու դրա համար պատժի մասին, հստակ պարունակում է հոդվածներ, որոնցով պարտադրում է կամ տրամադրում է այնպիսի իրավունքներ, որ ՄԱԿ-ի անդամ ցանկացած պետություն կարող է դիմել եւ պահանջել, որ իր հետ կապ չունեցող բոլորովին այլ պետությունում հարուցվեն քրեական գործեր»,- ասաց նա։

Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ Հայաստանը եւս ուներ պարտականություն, եւ երբ տեղի էր ունեցել ագրեսիա, ցեղասպանություն, պետք է դիմեր ՄԱԿ-ին, որպեսզի կանխեր դա։ Բայց, նա հիշեցրեց, որ տեղի է ունեցել հակառակը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստից առաջ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ասել է, որ Արցախի քաղաքացիական բնակչության համար որեւէ վտանգ չկա։ «Հենց այդ դեպքի համար է ՄԱԿ-ը, եւ ՄԱԿ-ը չի կարող անտաբեր անցնել, եթե որեւէ պետություն չի կատարում միջազգայնորեն ճանաչված իր պարտականությունները։ Իսկ Հայաստանի պարտականությունները եղել են միջազգայնորեն ճանաչված՝ բոլորիս հայտնի Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտով։ Աշխարհում չի եղել մի այնպիսի կոնֆլիկտ, որտեղ ընդգրկված կլինեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների մեծամասնությունը, դա ԵԱՀԿ Մինսկի խումբն է»,- ասաց նա։

 

Զախարովան հաստատել է. Հայաստանը չպետք է վերահսկի “Զանգեզուրի միջանցքը”

Երևանի արձագանքը «Վեստի նեդելի» ծրագրին տարակուսելի է, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հիշեցնենք, որ «Վեստի Նեդելի» հաղորդավար Դմիտրի Կիսելևը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը «ամբողջովին անտեսել է և՛ եռակողմ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, և՛ Զանգեզուրի միջանցքը վերջնականապես բացելու Ալիևի կատեգորիկ պահանջը»։ Փոխարենը Փաշինյանն առաջարկել է իր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը, ըստ Կիսելևի, «անընդունելի է Ադրբեջանի համար՝ դժվար լեռնային տեղանքով և կլիմայական ծանր պայմաններով ճանապարհներ կառուցելու անհրաժեշտության պատճառով»։

Զախարովան հաստատել է, որ Մոսկվան հետևողականորեն խոսել է Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի համապարփակ ապաշրջափակման մասին՝ հիմնված ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի վրա։

Նա ընդգծել է, որ ըստ այդմ տրանսպորտային հաղորդակցությունների հսկողությունն իրականացնում է ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայությունը, և կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը։

Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ եռակողմ աշխատանքային խումբը երբեք չի քննարկել Հայաստանում արտատարածքային միջանցքների ստեղծման հարցը։ Ընդհակառակը, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկրներն կունենան ինքնիշխանություն և իրավասություն իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ։

Զախարովան չի ասել, թե ինչպես է ՌԴ ԱԴԾ-ի վերահսկողությունը համապատասխանում «Հայաստանի ինքնիշխանությանը»։

Հենրիխ Մխիթարյանի կոչը՝ «Ազատություն Ռուբեն Վարդանյանին», «Ազատություն, հայ բանտարկյալներին»

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ազատություն Ռուբեն Վարդանյանին», «Ազատություն հայ բանտարկյալներին» հեշթեգերով սոցիալական ցանցերում կոչ է հղել՝ վերահրապարակելով Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, Բաքվի բանտում ապօրինի պահվող, քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ուղերձը։

Հենրիխ Մխիթարյանը դիմել է Միավորված ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ), ՄԱԿ-ի հիմնադրամներին եւ գործակալություններին, Միջազգայի քրեական դատարանին եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ ներկայացնելով Ռուբեն Վարդանյանի ուղերձը։

 

Ռուսաստանի կողմից Հայաստանին արդեն վճարված զենք չմատակարարելը այլեւս ճանաչված փաստ է

russia-artsakh.ru

Հարց է առաջանում՝ սա դժբախտ պատահա՞նք էր, թե՞ օրինաչափություն։

Ռուսաստանը կկրճատի Հայաստանի պետական ​​պարտքը՝ որպես վճարված, բայց չմատակարարված զենքի փոխհատուցում. այս մասին հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նրա խոսքով, նման պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջեւ։

«Նախարարը պարզաբանեց, որ ինքը տեղեկություն չունի այս համաձայնագրի իրականացման ներկա փուլի մասին, սակայն այն մնում է ուժի մեջ։ Նա նաև նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը մի շարք ռազմատեխնիկական պայմանագրեր են կնքել, որոնցից մի քանիսը հաջողությամբ իրականացվում են։

Պապիկյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարձր մակարդակի պահպանմամբ, սակայն դեռ չի կարող խոսել այս ոլորտում նոր պայմանավորվածությունների մասին։ Նրա խոսքով, Երևանն ունի հարցեր, որոնց պատասխանները կորոշեն երկկողմ հարաբերությունների «խորությունն ու բնույթը» ապագայում։ Նա կարծում է, որ Մոսկվայի հետ համագործակցությունը պետք է լինի հավասարակշռված և հիմնված լինի փոխադարձ հարգանքի վրա»։

Շարունակությունը ռուսերեն

“Միջազգային բազմաթիվ ճնշման միջոցներ կան, որոնցից որեւէ մեկն կիրառված չէ Ադրբեջանի նկատմամբ”

Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ անցկացվում է հանրային ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով, որից հետո տեղի կունենա երթ դեպի ՀՀ արտաքին գործերի նախարարության շենք:

Նշենք, որ Բաքվում այսօր մեկնարկում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով դատավարությունները։

Ադրբեջանում գտնվող 16 գերիների ապօրինի ու ձևական դատավարության մեկնարկի առթիվ կազմակերպվող ակցիայի միջոցով պահանջներ կուղղվեն թե՛ ՀՀ իշխանություններին և թե՛ միջազգային հանրության տարբեր անդամների՝ ազատելու հայ գերիներին և երաշխավորելու նրանց իրավունքների պաշտպանությունը:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը լրագրողներին ասաց, որ միջազգային բազմաթիվ ճնշման միջոցներ կան, որոնցից որեւէ մեկն այս պահին կիրառված չէ Ադրբեջանի նկատմամբ։

Ստեփանյանը նշեց, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի երեկվա ուղերձը Բաքվի բանտից բացահայտեց ողջ ճշմարտությունը, որ Ադրբեջանում արդարադատություն չկա, եւ մարդիկ խոշտանգվում են Բաքվի բանտերում։

Իլոն Մասկի Starship արբանյակի յոթերորդ արձակումն ավարտվել է անհաջողությամբ

Հրթիռն արձակվել է Տեխաս նահանգի Բոկա Չիկա քաղաքի արձակման վայրից։ Super Heavy-ի առաջին բազմակի օգտագործման աստիճանը նավը դուրս բերեց ուղեծիր, որից հետո այն վերադարձավ Երկիր և վայրէջք կատարեց արձակման հարթակի վրա: Վերին աստիճանը բաժանվեց երկնքում, և բոլոր վեց Raptor շարժիչները միացվեցին: Բայց հետո կապը նավի հետ կորել է, և այն կործանվել է:

«Նախնական ցուցումները ցույց են տալիս, որ հրդեհ է բռնկվել արբանյակի հետևի հատվածում, որն առաջացրել է արագ, չնախատեսված փլուզում, իսկ բեկորները ընկել են Ատլանտյան օվկիանոս», – ասել են Իլոն Մասկի SpaceX-ում: Նրանք նշել են, որ արդեն ուսումնասիրում են կործանման պատճառները և պատրաստվում են ութերորդ արձակմանը։

Starship-ը պատմության մեջ ամենամեծ և ամենահզոր հրթիռն է: Ըստ SpaceX-ի՝ նավը կկարողանա մարդկանց և բեռներ հասցնել Երկրի ուղեծիր, Լուսին և Մարս։ Համակարգի ընդհանուր հաշվարկային հզորությունը 150 տոննա է։

Արցախի հասարակական կազմակերպությունները նոր նամակ են հղել ՀՀ ԱԳՆ. կատարեք ձեր պարտավորությունները

Արցախի հասարակական կազմակերպությունները նամակ են հղել ՀՀ ԱԳՆ՝ պահանջելով արձագանքել հոկտեմբերի 21-ի դիմումին, որում կոչ են արել ՀՀ ԱԳՆ-ին կատարել ներպետական ​​օրենսդրությամբ և միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքները։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 21-ին արցախցիները բողոքի ցույց էին կազմակերպել ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի մոտ և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հանձնել ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգին 2024 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ուղղված կոչի պատճենը։

Արարատ Միրզոյանին ուղղված նամակում Արցախի ՀԿ-ները հիշեցրել են, որ Հայաստանի Հանրապետությունն ունի բավարար իրավունքներ և պարտավորություններ Արցախի Հանրապետության քաղաքացիների հիմնարար հավաքական և անհատական ​​իրավունքների պաշտպանության հարցում, ինչը նախատեսված է ինչպես ազգային և միջազգային մակարդակներում, այնպես էլ սահմանված է ԵԱՀԽ փաստաթղթերով, և Հայաստանը լիովին իրավունք ունի մասնակցելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը։

Ինչպես տեղեկացրեց «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Քարամյանը, իրենք նամակ են հղել ԱԳՆ՝ նախորդ դիմումին պատասխան տալու պահանջով։ Հայաստանի կառավարությունը պարտավորություններ ունի Արցախի ժողովրդի նկատմամբ, և այդ պարտավորությունները չկատարելը պետք է գնահատվի օրենքի տառին համապատասխան։

««Իսլամական պետության» դեմ պայքարին միանալը դա ըստ էության հետախուզական ոլորտի համագործակցություն է»

«Խոսքը գնում է այն մասին, որ ԱՄՆ-ի եւ Հայաստանի իշխանությունները որոշակի ապագայում հնարավոր է մի շարք միջպետական համաձայնագրեր կնքեն էներգետիկայի, առեւտրի եւ տնտեսական այլ ոլորտներում։ Ընդ որում, ԱՄՆ-ն նաեւ պատրաստ է Հայաստանի վստահելի ընկերություններին հնարավորություններին տալ մուտք ունենալ այն տեխնոլոգիաներին, որոնք ԱՄՆ-ն սահմանափակում է՝ հաշվի առնելով պատժամիջոցների քաղաքականությունը Ռուսաստանի դեմ»,- step1.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ ստորագրված ռազմավարական համագործակցության փաստաթղթին։

Ըստ Ղուկասյանի՝ բուն անվտանգությանը վերաբերող փաստաթուղթ չկա ապագայում հնարավոր կնքվելիք համաձայնագրերի թվում, բայց ընդհանուր առմամբ որպես քաղաքական նպատակ հռչակված է, որ Հայաստանի ուժեղացումը, առաջին հերթին տնտեսական ուժեղացումը նպատակ ունի հնարավորություն ստեղծել ունենալու ավելի մեծ պոտենցիալ՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանելու համար։

Անդրադառնալով այն դրույթին, որ այս փաստաթղթով Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը»  պարտության մատնելու կոալիցիային՝ Անդրիաս Ղուկասյանն ասաց․ «Իսլամական պետության դեմ պայքարը դա հատուկ ծառայությունների կոլեկտիվ միջոցառումների ամբողջական ծրագիր է, որտեղ ներառված են տարբեր պետություններ եւ որոնց նպատակն է կանխել ահաբեկչական գործիչների ներաթանցումը Եվրոպա եւ ահանբեկչության նկատմամբ հսկողություն սահմանել, կանխարգելման միջոցներ ստեղծել։ Դա ըստ էության հետախուզական ոլորտի համագործակցություն է, հետախուզության ոլորտում աջակցություն ցուցաբերելու հարցերին է վերաբերում»։

Ռոզա Հովհաննիսյան

Հայաստանը Հնդկաստանից Trajan քարշակային հաուբիցների խմբաքանակ կգնի․ The Economic Times

Առաջիկա ամիսներին Հայաստանը Հնդկաստանից 155 մմ տրամաչափի Trajan քարշակային հաուբիցների խմբաքանակ կգնի, հաղորդում է The Economic Times-ը։

Լրատվամիջոցի տեղեկություններով, այս զինատեսակն արտադրվում է հնդկական Larsen & Toubro կոնցեռնի կողմից՝ ֆրանսիական լիցենզիայով, և հրետանային այդ համակարգի առավելագույն հեռահարությունը 39 կմ է։

Պաշտոնական Երևանն ու Դելին նման գործարքի մասին պաշտոնապես չեն հաղորդել:

Սակայն հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային, Հայաստանում նորանշանակ ռազմական կցորդ, ՌՕՈՒ գնդապետ Մանիշ Տոլանիին և առաքելությունն ավարտող ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Նավին Նիջհավանին:

Հաջորդ սահմանազատումը՝ Վրաստանի սահմանի մոտ

2025թ. հունվարի 16-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասնմեկերորդ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում Կողմերը շարունակել են մտքերի փոխանակությունը սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար սահմանագծի հատվածների/հատվածամասերի հերթականության հարցի շուրջ և համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

Կողմերը քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը:

Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:

Ռուբեն Վարդանյանը մինչեւ դատավարություն պնդում է, որ ցուցմունք չի տվել, եւ այն, ինչ կներկայացնեն, կեղծ է

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, Բաքվի բանտում ապօրինի պահվող, քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանն այսօր հունվարի 16–ին,  ուղերձ է հղել։ Այն փոխանցվել է ընտանիքին հեռախոսազանգի ընթացքում։

Ուղերձը ներկայացնում ենք ստորեւ.

«Ցանկանում եմ դիմել միջազգային հանրությանը, մարդկանց, որոնք անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում և երկարատև ու իրական խաղաղություն են ուզում:

Ես՝ Ռուբեն Վարդանյանս, 2023 թ. սեպտեմբերի 27-ից արդեն ավելի քան 470 օր գտնվում եմ Ադրբեջանի Հանրապետության պետական անվտանգության ծառայության մեկուսարանում: Այդ օրերից 340-ը ես անցկացրել եմ մենախցում,  23-ը՝ պատժախցում:  Դատավարությունից առաջ ցանկանում եմ հետևյալ հայտարարությունը փոխանցել: Եթե դուք կարդում եք սա, նշանակում է, ես սպառել եմ այստեղ կատարվողի մասին   ճշմարտությունը ձեզ  հասցնելու բոլոր այլ միջոցները:

Հունվարի 17-ին, ժամը 15:00-ին նշանակված է իմ գործով դատական նիստը: Ինձ ասվել է, որ ինձ առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում:

Բայց մինչև հիմա ինձ հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը: Ինձ և իմ փաստաբանին ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ես չեմ տիրապետում, և դրա համար հատկացվել է  բավականին կարճ ժամանակահատված՝ 2024թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2025 թ. հունվարի 8-ը:

Հոդվածների ցանկը, որոնցով ինձ մեղադրանքներ են առաջադրված,  ռուսերենով ես ստացել եմ միայն 2025թ. հունվարի 8-ին:

Միևնույն ժամանակ ճնշում է գործադրվել իմ, իմ փաստաբանի և թարգմանչի վրա, որպեսզի ստիպեն մեզ ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ:

Պաշտոնապես հայտարարում եմ հետևյալը. Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել, բացառությամբ առաջին հարցաքննության, որի ժամանակ ուղղակի ասել եմ իմ անուն-ազգանունը: Եվս մեկ անգամ ընդգծում եմ. իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են: Այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն: Իմ փաստաբանին և թարգմանչին ստիպել են իրենց ստորագրությունները դնել այդ փաստաթղթերի տակ:

Ես նորից եմ հայտարարում ու պնդում  իմ բացարձակ անմեղության, իմ հայրենակիցների անմեղության մասին և պահանջում եմ անհապաղ դադարեցնել մեր նկատմամբ այս քաղաքականացված գործը:

Չնայած մեր անմեղությանը և  գործի քաղաքական դրդապատճառներին՝ շատ հավանական է, որ մեղադրողները կանտեսեն իմ հայտարարությունը և  կսկսեն դատավարությունը:  Այս պարագայում  ես խնդրում և պահանջում եմ ձեզնից  աջակցել իմ հետևյալ պահանջներին՝

  1. Ինձ ու իմ փաստաբանին հնարավորություն տալ լիարժեք պատրաստվել պաշտպանության: Մասնավորապես, մեզ ժամանակ և հնարավորություն տալ ուշադիր ծանոթանալ գործի նյութերին ռուսերենով:
  2. Վերացնել թույլ տրված խախտումներն ու կեղծիքները: Մասնավորապես, ճանաչել անընդունելի բոլոր կեղծ փաստաթղթերն ու հարցաքննությունների արձանագրությունները, որոնք երբեք չեն անցկացվել,  քանի որ ես ոչ մի ցուցմունք չեմ տվել իմ ձերբակալման օրվանից ի վեր:
  3. Իմ և մյուս բոլոր մեղադրյալների նկատմամբ դատավարությունն անցկացնել հրապարակային: Ես պնդում եմ, որ լինի առավելագույնս բաց դատաքննություն՝ միջազգային լրատվամիջոցների և հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
  4. Միավորել իմ գործը մյուս մեղադրյալների գործերի հետ: Իմ՝ 422  հատորանոց գործի ավելի քան 400 հատորները ընդհանուր գործի էպիզոդներ են:  Դրանից միայն 6-ն է վերաբերում իմ նկատմամբ  առաջադրված կեղծ մեղադրանքներին: Իմ գործի առանձնացումը արհեստական և անհիմն որոշում է:

Ո՛չ չարություն, ո՛չ ատելություն ես չեմ զգում: Հակառակը, ես անկեղծորեն կարեկցում եմ բոլոր նրանց, ովքեր օրենք, բարոյական սկզբունքներ ու Ղուրանի պատվիրաններ  են խախտում:

Ես վստահ եմ, որ իրական խաղաղությունը հնարավոր կլինի միայն այն  ժամանակ, երբ հակամարտությունում ներգրավված երկրների առաջնորդները, իրենց հասարակությունների հավանությամբ,  կկարողանան միասին ծաղիկներ խոնարհել այս պատերազմում բոլոր ընկածների շիրիմներին:

Ես խոստանում եմ անել ամեն հնարավորը, որ դա տեղի ունենա իմ կենդանության օրոք: Ինչպես ասել է մեծն Մահաթմա Գանդին, աշխարհն ինքնաոչնչացումից փրկելու միակ ճանապարհը  առանց բռնության, ճշմարտության և սիրո սկզբունքներով ապրելն է: Մենք կարող ենք հասնել իրական խաղաղության բոլոր մարդկանց նկատմամբ կարեկցանքի միջոցով՝ անկախ նրանց մաշկի գույնից, ազգությունից  կամ դավանանքից:

Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար: Բոլորին սիրում եմ և երախտապարտ եմ ՝ իմ նկատմամբ բարի վերաբերմունքի համար:

Իմացեք, որ ես ամուր եմ, դիմանում եմ և հավատում եմ, որ ճշմարտությունը հաղթելու է:

Ռուբեն Վարդանյան»։