Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հունվարի 11-ին Ուկրաինան փորձել է անօդաչու սարքերի միջոցով հարձակվել Կրասնոդարի երկրամասի կոմպրեսորային կայանի վրա, որը գազ է մատակարարում «եվրոպական երկրներին» «Թուրքական հոսք»-ով։ «Բոլոր ինը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը խոցվել են, զոհեր և ավերածություններ չկան»,- երկուշաբթի օրը՝ հունվարի 13-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությունը:
Գործակալության տվյալներով՝ «հարձակման փորձը» տեղի է ունեցել «ինը ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ՝ Գայ-Կոձոր գյուղի «Ռուսկայա» կոմպրեսորային կայանի ենթակառուցվածքի դեմ»։ «Կոմպրեսորային կայանի սպասարկման անձնակազմի շրջանում տուժածներ չկան, վնասներ չկան։ Մեկ անօդաչու թռչող սարքից բեկորների անկման հետևանքով «Ռուսկայա» կոմպրեսորային կայանի տարածքում գազի չափիչ կայանի շենքը և սարքավորումները փոքր վնասվել են”, հայտնել են նախարարությունից։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հունվարի 11-ի առավոտյան իր զեկույցում հայտնել է, որ Կրասնոդարի երկրամասում ուկրաինական 16 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։ Այդ գիշեր անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին հաղորդվել է Անապայի և Նովոռոսիյսկի Telegram ալիքներով: Հրապարակման պահին Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը և ուկրաինական իշխանությունները չեն մեկնաբանել ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարած միջադեպը։
Երեւանի ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են իրենց հարկի 5-ից 10 տոկոս կրկնապատկման դեմ։ Միաժամանակ նրանց ասում են, որ եթե փաստաթղթավորեն ամեն ինչ, ապա 1,5 տոկոս սահմանված հարկը կնվազի մինչեւ 1 տոկոսի։ Բայց ո՞նց փաստաթղթավորեն, երբ մետաղի ջարդոնը գնում են մասնավոր անձանցից:
Հունվարի 1-ից Հայաստանում հարկերը կտրուկ ավելացել են, բայց շատերը դեռ չեն զգացել դրակոնիկ գանձումները իրենց մաշկի վրա, եւ Երևանում բողոքի շատ ակցիաներ չկան։ Թեկուզ անպայման կլինեն։
Այս տարի սեզոնը բացվեց Ոսկե շուկայի աշխատակիցների ակցիայով։ Անցած տարեվերջին փաստաբաններն էին բողոքի ակցիա անում։
Մարդիկ բացահայտ ասում են, որ ներկայիս կառավարության տնտեսական քաղաքականության էությունը հանգում է նրան, որ քաղաքացիներին ստիպեն հանձնել իրենց եկամուտների մեծ մասը «պետական» խնդիրներ լուծելու համար, ինչի համար կառավարությունը պարտավոր է օպտիմալ մեթոդներ փնտրել։
Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Իրանի հետ բազմադարյա պատմություն ունեցող կապերը և համապարփակ համագործակցության խորացումը: Այս համատեքստում կարևոր է բարեկամական խմբերի դերակատարությունը՝ որպես փոխըմբռնման և փոխվստահության յուրօրինակ կամուրջ: ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը հունվարի 13-ին խորհրդարանում հյուրընկալելիս այս մասին նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը, հայտնում է news.am-ը:
Բարեկամական խմբի ղեկավարը մանրամասն խոսել է երկկողմ տնտեսական համագործակցության և ոլորտային մի շարք ծրագրերի իրականացման անհրաժեշտության մասին: Այս համատեքստում Նարեկ Բաբայանն ընդգծել է տարածաշրջանային խաղաղության գործոնը և նշել, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի մոտեցումն այս հարցում:
«Տարածաշրջանում տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումը մեր Կառավարության առաջնահերթություններից է: Այդ հարցում մեր պատկերացումներն ամփոփված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որին Իրանը տվել է իր դրական եզրակացությունը և ողջունել է: Հավատացած ենք, որ այդ նախագծի կյանքի կոչման հարցում Իրանը նույնպես պետք է ունենա իր առանցքային դերակատարությունը»,- փաստել է բարեկամական խմբի ղեկավարը:
Հարևան երկրների հետ կապերի համատեքստում Նարեկ Բաբայանն անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասներին՝ ընդգծելով. «Գիտակցելով, որ տարածաշրջանային խաղաղությունը ենթադրում է հավաքական պատասխանատվություն, Հայաստանն այդ գործընթացում ստանձնել է իր բաժին պատասխանատվությունը և ակնկալում է տարածաշրջանի մյուս դերակատարների մասնակցությունը»:
Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանը ևս կարևորել է խորհրդարանական ձևաչափով համագործակցության խորացումը, փոխայցերի նշանակությունը երկկողմ օրակարգի առաջմղման հարցում:
«Հայաստանն իր ուրույն տեղն ու դիրքն ունի մեր արտաքին քաղաքականության մեջ: Հարևան պետությունների հետ հարաբերություններում կարևորում ենք ՀՀ-ի հետ համագործակցությունը: Մենք ունենք քաղաքակրթական մեծ անցյալ, երկու երկրների և ժողովուրդների միջև կան պատմամշակութային խոր կապեր»,- այս մասին նշել է Իրան-Հայաստան բարեկամական խմբի հայազգի ղեկավարը:
ԻԻՀ Մեջլիսի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներ Վաղարշակ Հակոբյանը, Շիրակ Թորոսյանը, Գուրգեն Մելքոնյանը, Մարիամ Պողոսյանը, Գեղամ Նազարյանը, Դավիթ Դանիելյանը, Իրինա Գասպարյանը, Քրիստինե Վարդանյանը և Գեղամ Մանուկյանը:
Կողմերն անդրադարձել են առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը, բեռնափոխադրումներին վերաբերող հարցերին: Նրանք հույս են հայտնել, որ կարվի հնարավորը ՀՀ-ԻԻՀ սահմանված տնտեսական նշաձողը 3 միլիարդ ԱՄՆ դոլարի հասցնելու ուղղությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև մի շարք ոլորտներում կապերի խթանման, ԵԱՏՄ-ԻԻՀ համագործակցության հեռանկարների շուրջ:
Հայ և իրանցի պատգամավորները համոզմունք են հայտնել, որ կշարունակեն երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված իրենց ջանքերը:
Հայաստանի սուվերեն տարածքով անցնող բոլոր ճանապարհները վերահսկվելու են միայն և միայն Հայաստանի Հանրապետության կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
«Ալիևի հայտարարություններից ոգևորված՝ «ազգափրկիչ» ընդդիմադիրներն առաջարկում են երրորդ կողմի վերահսկողությամբ անհապաղ Սյունիքով ճանապարհ տալ Ադրբեջանին։ Կայսրության շահերը սպասարկող սույն գործիչները այսկերպ զարգացնում են նաև ադրբեջանական խոսույթը միջանցքի մասին։ Հայաստանի տարածքով որևէ միջանցքի կամ որևէ կողմի վերահսկողությամբ ճանապարհի մասին քննարկում անգամ չի կարող լինել, Հայաստանում ճանապարհները վերահսկվելու են միայն և միայն Հայաստանի Հանրապետության կողմից»,- գրել է նա։
Տարոն Չախոյանը կարծես պատասխանում է ՀՀ ռուսամետ ընդդիմությանը, սակայն իրականում այս պատասխանը խոսում է Հայաստանի վրա ուժեղացած ճնշման եւ կառավարությունում որոշ “անխուսափելի” քայլերի նախապատրաստման մասին։ Ռուս-թուրքական համակարգված քայլերը՝ Արցախից, Ուկրաինայից մինչեւ Սիրիա, հասել են վերջին կետին, եւ այդ կետը՝ Հայաստանի հարավն է։
Մի քանի օր առաջ Փաշինյանը 12 “առաջարկ” է արել Ալիեւին, այդ թվում՝ Ղարաբաղի ու Նախիջեւանի վերջնական “օտարում”, Մինսկի խմբի “լուծարում” եւ դատական հայցերի հետ կանչում, թեկուզ Փաշինյանը դա հնարավոր էր համարում միայն “խաղաղության պայմանագրի” կնքումից հետո։
Բայց դա վերջը չէր․ Սահմանադրությունը փոխեք, ասել են ի պատասխան Բաքվի ԱԳՆ-ից։ Փաշինյանը դա էլ էր խոստանում “պայմանագիրը” ստորագրելուց հետո, սակայն նախորդ փորձը ցույց է տալիս, որ Ալիեւի հաջորդ սպառնալիքներից հետո կհնչի նաեւ Սահմանադրությունը փոխելու “առաջարկուը”, եւ դա արդեն համաձայնեցված է։
Մնում է միայն մեկ հարց՝ եւ ռեգիոնալ լրտվամիջոցներում ակտիվ քննարկվում է, որ Հայաստանը կարող է եւս մեկ “կոնստրուկտիվ եւ խիզախ առաջարկ անել”՝ “Զանգեզուրի միջանցքը” որպես “խաղաղության խաչմերուկում” առաջին ներդրում անելու մասին։ Չախոյանի գրառումը վկայում է, որ այդ հարցը դեռ քննարկվում է, սակայն արդեն հող է նախապատրաստվում։
Հատկապես, որ նախորդ բոլոր առաջարկները ոչ մի բողոք, միտինգներ եւ հակարակ առաջարկներ չեն առաջացրել։ Մի քանի մտահոգ մարդ խոսել են Մինսկի խմբի լուծարման եւ հայցերի հետկանչման անթույլատրելիության մասին, ու վերջ։ Բողոքի ակցիաների համար այլ թեմաներ են “մեյդան” գցվել՝ հարկերի բարձրացումը եւ տրանսպորտի թանգացումը։
Այնպես որ․ Հայաստանի հարավի “դեսուվերենիզացիան” ոչ ոք չի էլ նկատի։
Հայաստանի կառավարությունը չունի հաշվարկ, թե Արցախի կորուստն ինչ ազդեցություն է ունեցել ՀՀ տնտեսության վրա։
Այսօր Ազգային ժողովում պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին․ «Արցախի կորստով Հայաստանի տնտեսական կորուստը որքա՞ն է կազմել»։ Պատգամավորը նշեց, որ Արցախում սպառվում էին հայաստանյան արտադրության որոշ ապրանքներ, բայց Հայաստանում էլ սպառվում էին Արցախում արտադրված ապրանքները։ Արցախի կորստով այդ ապրանքները Արցախից բերելու փոխարեն դրսից ենք ներմուծում՝ վճարելով արտարժույթով։
Նախարարն ասաց, որ հաշվարկ չկա։ «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղից ապրանքների արտահանման եւ ներմուծման փոփոխության հետ կապված ազդեցությանը, մենք նման վերլուծություն չունենք։ Համենայնդեպս ես դրա մասին տեղյակ չեմ, չեմ կարող այդ հարցին պատասխանել, թե ինչ ազդեցություն է դա թողել Հայաստանի տնտեսության վրա։ Բայց կարող եմ ասել՝ քանի որ 2023 թվականին էլ բլոկադայի մեջ էր գտնվում Լեռնային Ղարաբաղը, այնտեղից ոչ մի ապրանք ոչ ներմուծվում էր, ոչ արտահանվում, ապա 2024 թվականի ցուցանիշները 2023-ի հետ հնարավոր չէ համեմատել»,- հավելեց Վահե Հովհաննիսյանը։
Երկուշաբթի առավոտը սկսվեց Երևանի քաղաքապետարանի հերթական նիստով, որի ժամանակ քաղաքապետ Ավինյանը մեղադրանքների հերթական խմբաքանակն սփռեց. աշխատակիցները չեն կարողանում արդեն գնված ավտոբուսների համար վարորդներ գտնել, նաեւ ի վիճակի չեն “բացատրելու”, որ տրանսպորտային տոմսերի միասնական համակարգը» ձեռնտու է ուղևորների 90%-ին։
Բայց պարզ հարցին՝ ո՞ւր է գնում 100 դրամը, երբ ուղեւորը գնում է տոմս, բայց դրա վավերականության ժամկետն անսպասելիորեն կրճատվում է, քաղաքապետը չպատասխանեց։
Մարդիկ նստում են ավտոբուսներ արդեն գնված տոմսերով, բայց չեն կարողանում օգտվել դրանցից։ Վարորդը զգուշությամբ առաջարկում է նոր տոմս գնել, իսկ ուղեւորները պատասխանում են՝ վերադարձրեք արդեն վճարածս 100 դրամը, և ես նոր տոմս կգնեմ։ Բայց վերադարձի համակարգ նախատեսված չէ՝ հազիվ կորզել են։
Երիտասարդ քաղաքապետ Տիգրան Ավինյանը, լինելով փոխվարչապետ, կարողացավ համաճարակի ժամանակ ներդնել մի համակարգ, որով մարդկանց գրպանից պարզապես փող էին հանում։ Օդանավակայաններում կորոնավիրուսի թեստերը, գրասենյակներում ջերմաչափերի հարկադիր գնումը, դիմակների և ձեռնոցների պարտադիր կրումը, այս ամենը հանգեցրեց նրան, որ որոշ մարդիկ պարզապես միլիարդներ են վաստակում՝ յուրաքնչյուրից “մի քիչ” փոխ պոկելով։ Ոչ ոք բացատրեց, թե ուր է գնացել օդանավակայանի թեստավորման 16 հազար դրամը։ Խոսքը գնում է օրական մոտավորապես 50,000 դոլարի մասին: Դրանք հաստատ չեն մտել պետական բյուջե կամ լաբորատորիաների հաշիվներ։
Այժմ Ավինյանը փորձում է նույնքան գիշատիչ համակարգ մտցնել երեւանյան տրանսպորտում։ Նա ցանկանում է նախօրոք գումար ստանալ, բայց ծառայություններ չմատուցել։ Որովհետև գիտի, որ քաղաքացիներն իրենց 100 դրամի հետևից չեն վազի. սա Հայաստանն է, այստեղ ընդունված չէ փող հաշվել։
Արցախի մայրիկների ակումբ ֆեյսբուքյան հարթակը տարիների ընթացքում վերածվել է մեծ համայնքի՝ 15 հազարից ավելի անդամ, որն իր գործունեությունը շարունակում է նաեւ Հայաստանում։
Օրերս ակումբի ակտիվ մայրերն ու կանայք կազմակերպեցին իրական հանդիպում՝ նպատակ ունենալով ամփոփել մայրական համայնքի համար 2024թ․ եւ ուղենշել ծրագրեր, որ պիտի իրականացնեն այս տարվա ընթացքում։
Տեղահանությունից անմիջապես հետո վերաբացվեց մայրիկների ակումբի հիման վրա ստեղծված «Արցախի մայրերի աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որի ստացված ծրագրերից է` երկու անգամ կազմակերպված «Վըսկե ծերքէր» փառատոնը։
Ինչպես նշում է կազմակերպության ներկայացուցիչ Լիլիթ Պետրոսյանը․
«Հանդիպման հիմնական նպատակներից է արցախցի կանանց համայնքի պահպանությունը։ Այսպիսի միջոցառումների հաճախակի կազմակերպումը խթան կհանդիսանա նոր ծխրագրերի իրականացման համար։ Կանայք ունեն նաեւ պարզ մարդկային հաղորդակցման կարիք»։
Միջոցառմանը ներկա էին թե՛ Երեւանում բնակվող եւ թե՛ մարզերում ապրող տեղահանված արցախցիներ, բժիշկներ, որոնք ակումբի հետ են արդեն տարիներ։
Կազմակերպիչների ուշադրության կենտրոնում են պատերազմի եւ պայթյունի պատճառով այրիացած կանաք, մայրեր, ովքեր ունեն հատուկ խնամքի անհրաժեշտություն ունեցող երեխաներ։
Արցախի տարբեր շրջաններից եկած կանայք փորձում են փորձով փոխանակվել՝ նոր մարտահրավերների հաղթահարման, նոր մասնագիտությունների ուսուցման եւ տարաբնույթ ծրագրերում ընգրկվելու իրենց փորձով։
Կանանց մի մասն այստեղ փոքրիկ բիզնես է հիմնել, իրար օգնելու եւ իրար համար գնորդ ու բիզնեսի աջակից դառնալու հարթակ է նաեւ այսպիսի հանդիպումները։
Ներկա էին նաեւ այլ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ եւ կանանց համախմբումը կարեւոր համարվեց հետագայում համատեղ կազմակերխվելիք միջոցառումների համար։
Մոսկվան եւ Անգորան արդեն բացահայտ են համաձայնեքցնում քայլերը
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել, քննարկել միջազգային և տարածաշրջանային խնդիրներ, հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն։
Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը խոսել են Սիրիայում, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին։
«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել էներգետիկ անվտանգության համար ռիսկեր ստեղծելուն ուղղված գործողությունների կանխարգելման անհրաժեշտությանը», – ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ իրանական դոմինանտը Սիրիայում ոչնչացնելուց հետո Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են ապահովել ռուսական գազի արտահանումը “այլընտրանքային” ճանապարհներով։ Չէ որ ուկրաինական գազատարի աշխատանքի դադարեցումից հետո Եվրոպան հիմա ամբողջությամբ կախված է Թուրքիայից։ Եւ այն հսկայական օգուտները, որը Ուկրաինան էր ստանում, ուղղակի անցնելու են Թուրքիային։
Արդեն խոսում են Սիրիայի տարածքով Կատարից դեպի Թուրքիա գազատար անցկացնելու ու Թուրքիայում գազային հաբ ստեղծելու մասին, որտեղ կաշխատեն ռուս մասնագետները։
Արեւմտյան ԶԼՄ-ները անցած շաբաթ արձանագրում էին, որ Գազպրոմի եվրոպական աշխատակիցներին մասայաբար տեղափոխում են Թուրքիա, որտեղ նրանք այսուհետ կապրեն եւ կաշխատեն։
Ուկրաինայի ճակատագիրն առանց տրանզիտ գազատարի այլեւս ոչ ոքի չի հետաքրքրի։
Ռուս-թուրքական կատարյալ “էներգերիկ ամուսնության” համար չի հերիքում միայն “Զանգեզուրի միջանցքը”, որն ի սկզբանե նախատեսվում էր որպես դեպի Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ ապրանքների ստվերային ճանապարհ։ Քանի որ ռազմական լուծման դեպքում “Զանգեզուրի” համար Թուրքիան պետք է “կռվի” Հայաստանում տեղակայված ռուսական բանակի հետ, որոշվել է այլ ձեւ ընտրել․ Փաշինյանի շուրթերով հայտարարել “հանուն խաղաղության” Հայաստանի “առաջարկների” մասին։ Հաջորը հավանաբար կլինի “Զանգեզուրի միջանցքը” որպես “խաղաղության խաչմերուկի” համար “ներդրում” հանձնելու մասին։
Սիրիայում ռուս-թուրքական “հակասությունների”, Մոսկվայի համար Կատարից գազատարի “վտանգի” մասին խոսողներին պետք է հիշեցնենք, որ Թուրքիային Օսմանյան կայսրության փլատակների վրա ստեղծել է հենց Ռուսաստանը։ Եւ առայսօր Թուրքիան առանց Ռուսաստանի չի կարող գոյատեւել։
Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը վկա․ բավական է Մոսկվան հայտարարի այդ պայմանագրերի ժամկետի սպառման մասին, եւ Թուրքիայի հյուսիսային սահմանը կփլվի։ Բայց Մոսկվան գերադասում է պահել Թուրքիային՝ մինչեւ ամուսնությունը կատարյալ դառնա։ Թուրքիային աջակցող արեւմտյան երկրները սնում են այս երկգլխանի հրեշին՝ նրա երախը նետելով հայերի եւ այլ նստակյաց ժողովրդներն ու հողերը։
Աշխարհը պետք է վերադառնա Իրանի վրա «առավելագույն ճնշում գործադրելու» քաղաքականությանը՝ այն ավելի ժողովրդավարական երկիր դարձնելու համար, շաբաթ օրը Փարիզում իրանական ընդդիմության միջոցառման ժամանակ ասել է Ուկրաինայում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։
Թրամփը խոստացել է վերադառնալ իր նախորդ ժամկետում վարած քաղաքականությանը, որի նպատակն էր Իրանին տնտեսական հարվածների միջոցով ստիպել բանակցել իր միջուկային ծրագրի, բալիստիկ հրթիռների ծրագրի և տարածաշրջանային գործունեության շուրջ:
«Մենք պետք է օգտագործենք այն թուլությունը, որը հիմա տեսնում ենք։ Հույս կա, ուրեմն պետք է գործողություններ լինեն», – ասել է պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Քելլոգը, որը պատրաստվում է դառնալ Թրամփի հատուկ բանագնացը Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով:
Ֆինլանդիայում հետաքննում են Estlink 2 ստորջրյա մալուխի վնասման հանգամանքը, որը երկիրը կապում է Էստոնիայի հետ: Fingrid ընկերությունը հայց է ներկայացրել Հելսինկիի շրջանային դատարան՝ պահանջելով կալանավորել Eagle S տանկերը, որը կասկածվում է միջադեպի մեջ։
Դեկտեմբերի 25-ին այս ռազմավարական նշանակություն ունեցող մալուխը կտրվել է՝ խաթարելով Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև հաղորդակցությունը։ Ֆինգրիդը պնդում է, որ նավի կալանավորումն անհրաժեշտ է՝ կրած կորուստների փոխհատուցումն ապահովելու համար։ Eagle S տանկերը գտնվում է Պորվու նավահանգստում, և Ֆինլանդիայի իշխանությունները ստուգում են այն։
Միջադեպի ժամանակ Eagle S տանկերը, որը Ռուսաստանից Եգիպտոս էր մեկնում, զգալիորեն դանդաղեցրել է ընթացքը մալուխի վնասման ժամանակ։ Ֆինլանդիայի ոստիկանության տվյալներով՝ վնասման պատճառը կարող էր լինել խարիսխը, որը նավը քարշ էր տալիս ծովի հատակով։
Նշենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Բալթիկ ծովում վնասվել էր Լիտվայի և Շվեդիայի միջև ստորջրյա մալուխը։ 2024 թվականի նոյեմբերին կտրվել էր Ֆինլանդիայի և Գերմանիայի միջև ստորջրյա կապի C-Lion-1 մալուխը։
Քաղաքական մեկնաբանները այս իրադարձությունները համարում են Արեւմուտքի դեմ Ռուսաստանի հիբրիդային պատերազմի մաս։ Eagle S տանկերի շուրջ պատմության մեջ ուշագրավ մի հանգամանք առանձնապես չի լուսաբանվել մամուլում։ Բանն այն է, որ նավի վրա եղել են «կողմնակի անձինք», ովքեր նավ են տեղափոխել գաղտնալսող սարքեր եւ լրտեսության համար անհրաժեշտ այլ հատուկ տեխնիկա, համակարգիչներ ռուսերեն եւ թուրքերեն լեզուներով ստեղնաշարերով։ Մամուլին այս տեղեկությունները դեռեւս հունիսին փոխանցած աղբյուրի պնդմամբ, տեխնիկան օգտագործվել է ՆԱՏՕ-ի ավիացիայի եւ նավատորմի շարժերին հետեւելու համար։ Թուրքիան լիարժեք ներգրավված է Ռուսաստանի ահաբեկչական-հիբրիդային ծրագրերում՝ Արցախից մինչեւ Բալթիկ ծով։
Ուկրաինացի զինվորականները Կուրսկի մարզում գերի են վերցրել Հյուսիսային Կորեայից երկու զինվորի։ Այս զինծառայողները, չնայած ստացած վնասվածքներին, ողջ են մնացել և տեղափոխվել Կիև, որտեղ այժմ շփվում են Ուկրաինայի անվտանգության ծառայության (СБУ) աշխատակիցների հետ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա նշել է, որ հյուսիսկորեացի զինվորներին գերեվարելը բարդ և վտանգավոր խնդիր է, քանի որ ռուսները և նրանց հյուսիսկորեացի դաշնակիցները սովորաբար փորձում են սպանել վիրավորներին, որպեսզի ոչնչացնեն ուկրաինական տարածքում հյուսիսկորեական զորքերի առկայության բոլոր ապացույցները։ Զելենսկին ընդգծել է, որ այս դեպքը կարևոր հաստատում կլինի համաշխարհային հանրության համար։
Տիկին Ջուլիետտայի տունը Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի մոտ էր` Ալեք Մանուկյան փողոցում: 2020-ի պատերազմի օրերին Ջուլիետտա տատիկը օրը մի քանի անգամ հոսպիտալ էր գնում, արդեն բոլորը գրեթե ճանաչում էին նրան:
«Ասում էին, Ջուլիա տատի, էլի եկե՞լ եք: Դե ես էլ չէի կարող չգնալ, թեկուզ հատուկ ցուցակներ չկար, բայց ես գնում էի, որպեսզի տեսնեմ, թե ովքեր են վիրավոր: Այդ ժամանակ թոռս ևս պատերազմում էր: Հարցնում էի, հնարավո՞ր է «Եղնիկներից» վիրավորներ կան, որպեսզի գոնե հարցնեմ, ուր է թոռս: Չնայած այնտեղ ինձ շատ էին նկատողություն անում, բայց բոլորը սիրում էին, գիտեին, թե ինչի համար էի այնտեղ գնում»:
Թոռանը` Հայկի հետ հարզատները վերջին անգամ խոսել էին սեպտեմբերի 26-ին, հաջորդ օրը` սեպտեմբերի 27-ին պատերազմ էր: Մինչ այդ քովիդի պատճառով վերջին անգամ տեսել էին պատերազմից գրեթե 1 տարի առաջ: Ծառայում էր հայտնի «Եղնիկներում»:
«Մի օր վերդառնում եմ հոսպիտալից, հարևանս եկավ, թե Մհերը տուն է եկել, հարցրեցի՝ որտեղի՞ց, ասեց՝ «Եղնիկներից»: Հայկի նկարը ցույց տվեցի, պարզվեց, որ տեսել է` զենք էր թափում: Մի փոքր հանգստացանք, գոնե գիտեինք, որ ողջ է»:
Այդ օրերին մարդիկ տարբեր կերպ փորձում էին տեղեկություն ստանալ, փորձում էին մի քանի վարկյանում ասել այն ամենը, ինչը գուցե տարիներով փորձում էին ասել իրենց հարազատներին: Ջուլիետտա տատիկը նկուղից գրիչ և թղթի կտոր էր գտել, որի վրա մի քանի բառից բաղկացած նամակ էր գրել:
«Ասեցի՝ Մհեր, որ մի նամակ գրեմ, կկարողանաս հասցնել, ասեց հա․ շատ ուրախացա: Ապաստարանի առաջ մեր նիվան էր կանգնած, թուղթ ու գրիչ վերցրեցի ու հենց մեքենայի վրա մի քանի տող նամակ գրեցի, վերջում էլ ավելացրեցի «բաբո», որ իմանա, որ իր տատիկն է գրել»:
Տիկին Ջուլիետտան հիշում է և երևի երբեք չի մոռանա աղջկա լացը, և երբ նույնիսկ ասում էին, որ որդուն տեսել էր՝ չէր հավատում: Մտածում էր, որ ասում են ուղղակի հանգստացնելու համար:
«Աղջկաս լացն եմ հիշում Ստեփանակերտի երիտասարդական պալատի դիմաց: Թոռիցս նորություն չկար»:
Մինչ հոկտեմբերի վերջ տիկին Ջուլիետտան իրեն հատուկ համառությամբ շարունակում էր գնալ զինվորական հոսպիտալ:
«Մի օր էլ էլի հոսպիտալում էի, մի երիտասարդ թևը արյունոտ կանգնած էր, ասեցի արի գնանք մեր տուն, գոնե կլվացվես, հաց կուտես, ասեց չէ՝ եղբայրս պատերազմում է: Պարզվեց, որ եղբայրը նույնպես «Եղնիկներում» է, տնից ուտելիք հավաքեցի, ասեցի, որ չես գալիս, գոնե տարեք կերեք»:
Այդ ընթացքում Ջուլիա տատին իր ամուսնու` Սերգեյի հետ փոքր թոռներին տարել էին մինչև Հակարիի կամուրջը ու նորից վերադարձել Ստեփանակերտ` երբ երիտասարդները կռվում են, մեծերը գոնե պետք է թիկունքում լինեն:
«Աղջկաս մյուս երեխան Հայաստանում էր, իսկ աղջիկս չէր ուզում դուրս գալ Ստեփանակերտից, ասում էր, որ վախենում է՝ հենց դուրս գա Արցախից, իր երեխայի հետ հնարավոր է վատ բան լինի: Համոզեցինք երկու օրով տարանք Հայաստան, որպեսզի մյուս երեխային տեսնի»:
Տիկին Ջուլիետտայի ընտանիքի կանայք Արցախից դուրս էին եկել հոկտեմբերի վերջին, իսկ տղամարդիկ պատերազմում էին:
«Տղաաս համոզեց, որ դուրս գանք` ասում էին, որ այդպես գոնե մի ուղղությամբ կմտածեն: Հայկի հայրը` փեսաս ասեց, որ ինչ էլ լինի, առանց որդուն Արցախից դուրս չի գալու»:
Նոյեմբերի 14-ին Ջուլիա տատիկի թոռը զանգեց` ծնողների ամուսնության 23 ամյակին: Սկիզբից չէին հավատում, նույնիսկ ձայնը նրա ձայնի նման չէր: Մեկ ամիս անց Հայկը վերադարձել էր տուն, ծոցագրպանում՝ սրտի մոտ պահելով տատիկի գրված նամակը:
Նյութը ավարտենք մի փոքր հատվածով Հայկի կողմից․
«Պատերազմի թեժ օրերն էին, նամակ բերեցին, բացեցի՝ կարդում, կարդում եմ և արդեն հասել էի վերջին տողին, մտքումս ասելով՝ «ջան, երևի ինչ-որ աղջիկ է գրել»։ Դե վերջում, ինչպես երևի գուշակեցիք, տեսա գրված «Բաբո»։ Ի դեպ, այդ ժամանակ մեր տնեցիներից ոչ մեկ չգիտեր այդ նամակի մասին, մինչև ես ծոցագրպանից չհանեցի պատերազմից մաշված նամակը»։