Фанфан-Тюльпан՝ Ստեփանակերտից Երևան

Արցախցիները միշտ աչքի են ընկել իրենց տոկունությամբ և աշխատասիրությամբ։ 2023 թվականի բռնի տեղահանությունից հետո, Արցախում թողնելով իրենց կյանքի լավագույն տարիները, ունեցվածքը և հարազատների ու ընկերների շիրիմները, մեր հայրենակիցներից շատերը ուժ են գտնում իրենց մեջ ապրելու և արարելու հայրենիքից հեռու։

Սոֆյա Մելքումյանը ծնվել է Ստեփանակերտում։ Նա մանկուց սեր ուներ ծաղիկների նկատմամբ, եւ 2017 թվականին որոշեց իրեն փորձել ծաղկավաճառության ոլորտում։

Համապատասխան վերապատրաստման դասընթացներ է անցել Երևանի Any Rose ընկերությունում, իսկ Արցախ վերադառնալուն պես Ստեփանակերտում բացել է Фанфан-Тюльпан ծաղկի խանութը։

Բիզնեսը արագ զարգացավ, և մի քանի ամիս անց նրան հաջողվեց բացել երկրորդ խանութը։

«Նույնիսկ ամենածանր օրերին՝ 44-րդ պատերազմի և շրջափակման ժամանակ, Фанфан-Тюльпан-ը չդադարեց աշխատել՝ փորձելով դրական էմոցիաներ հաղորդել բոլոր արցախցիներին։ Բարեգործություն ենք արել նաև 2020 և 2023 թվականների Արցախյան երկու պատերազմների ժամանակ՝ անվճար ծաղիկներ բաժանելով զոհվածների ընտանիքներին։ Անգամ շրջափակման ժամանակ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների օգնությամբ մեզ հաջողվում էր թարմ ծաղիկներ հասցնել Ստեփանակերտ։

Фанфан-Тюльпан-ը աշխատել է մինչև 2023 թվականի սեպտեմբեր։ Արցախից արտաքսվելուց որոշ ժամանակ անց որոշեցի վերսկսել իմ բիզնեսը Երևանում և այդ նպատակով վարկ վերցրեցի։ Առայժմ տանն եմ աշխատում, բայց շատ շուտով, որոշակի նախապատրաստական ​​միջոցառումներից հետո, բոլորի սիրելի Фанфан-Тюльпан -ը նորից կբացի իր դռները՝ արդեն Երևանի Խանջյան փողոց, 7 հասցեում”, Step1․am-ի հետ զրույցում ասաց Սոֆյան։ 

Արսեն Աղաջանյան

Օսիպյան։ Հայաստանի քաղաքացիությունը կզրկվի Արցախի իրավունքից

Հարկադիր գաղթի առաջին ամսից Հայաստանի իշխանությունն արցախցիներին ստիպում է ընդունել ՀՀ քաղաքացիություն։ Աշխատանքի, բնակարանային ծրագրին մասնակցելու համար, ամեն ինչի համար։

Իսկ արցախցիները զարմացած ու տարակուսած են՝ ինչո՞ւ ՀՀ քաղաքացիությունը փոխել ՀՀ քաղաքացիությաmb։ Եւ ինչպե՞ս եղավ, որ, ըստ ՀՀ կառավարության անդամների, անձը հաստատող փաստաթուղթը հանկարծ վերածվեց «ճանապարհորդական կտրոնի»։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ բռնի տեղահանված արցախցիների մեծամասնությունը չի շտապում փոխել անձնագրերը, որքան էլ տարբեր տրամաչափի պաշտոնյաները վստահեցնում են, որ իրենք մնալու են Արցախում իրենց ունեցվածքի տերը և շարունակելու են սոցիալական աջակցություն ստանալ որպես փախստական ​​Հայաստանում։

Վերջին տվյալներով՝ Հայաստանի քաղաքացիություն է ընդունել 5210 փախստական։

Պարզվեց, որ արցախցիները հասկանում են, որ գործը միայն սոցիալական խնդիրներով չի սահմանափակվում. ուստի հստակ պարզաբանումներ են սպասում իրենց՝ Արցախի քաղաքացիական, պետական, քաղաքական պաշտոնյաներից։

«Իմ իրավունքը» շարժման ներկայացուցիչ Արթուր Օսիպյանը ամենայն պատասխանատվությամբ կոչ է անում չփոխել 070 ծածկագրով անձնագրերը, քանի որ այս քայլով արցախցիները կզրկվեն Արցախի իրավունքից։

Ալվարդ Գրիգորյան

Բաքուն հույս ունի, որ Մոսկվան կընդունի իր մեղքը Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանման մեջ

DW

Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) Embraer 190 ինքնաթիռի կործանման պատճառ է դարձել ռուսական «երկիր-օդ» հրթիռը։ Այս մասին հինգշաբթի՝ դեկտեմբերի 26-ին, հայտնում է Euronews առցանց հրատարակությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի կառավարության աղբյուրները։ Նրանց տվյալներով՝ հրթիռը արձակվել է 8432 չվերթի ուղղությամբ Գրոզնիի վրայով անօդաչու թռչող սարքերի թռիչքների ժամանակ, և դրա բեկորները հարվածել են ուղեւորներին ու անձնակազմի անդամներին՝ պայթելով ինքնաթիռի կողքին՝ թռիչքի կեսին։

Euronews-ի զրուցակիցները հայտնել են նաև, որ, չնայած օդաչուների՝ վթարային վայրէջք կատարելու խնդրանքին, խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել ռուսական օդանավակայաններում և հրամայվել է թռչել Կասպից ծովով դեպի Ակտաու։ Ստացված տվյալների համաձայն՝ օդանավի GPS նավիգացիոն համակարգերը խցանվել են ծովի վրայով թռիչքի ողջ ընթացքում։

Reuters-ը նաև հայտնել է, որ AZAL ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից՝ վկայակոչելով «հետաքննությանը ծանոթ Ադրբեջանում չորս աղբյուրներ»:

Իր հերթին, ադրբեջանական Caliber հրատարակությունը, վկայակոչելով նաև «կառավարական հավաստի աղբյուրները», գրում է, որ AZAL ինքնաթիռը խոցվել է Պանցիր հակաօդային պաշտպանության համակարգով, որն այդ օրը օգտագործվել է Գրոզնիի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ մղելու համար։ Ադրբեջանական կողմի համար «իրավիճակը բացարձակապես ակնհայտ է», գրում է Caliber-ը։

«Ոչ ոք չի պնդում, որ դա միտումնավոր է արվել։ Սակայն, հաշվի առնելով հաստատված փաստերը, Բաքուն ակնկալում է, որ ռուսական կողմը կընդունի, որ խոցել է ադրբեջանական ինքնաթիռը, պաշտոնական ներողություն կխնդրի ադրբեջանական ժողովրդից և կանցկացնի լիարժեք հետաքննություն, որի արդյունքում բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»,- եզրափակում է Caliber-ը:

Ստացվում է՝ նախկին նախագահները համոզում էին Ալիեւին վերցնել Ղարաբաղը, իսկ նա չէր համաձայնվում

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը համոզված է, որ Փաշինյան միտումնավոր է նախաձեռնել այս շոուն, որը, նրա գնահատմամբ, կշարունակվի մի քանի ամիս՝ փորձելով շեղել քաղաքացիների ուշադրությունը։

Մամիջանյանը հիշեցրել է Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանը 30 տարի բանակցել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին փոխանցելու շուրջ. «Այդ դեպքում ինչի՞ շուրջ էին այս ընթացքում բանակցում Հայաստանի երեք նախկին նախագահները, ինչպես նաեւ Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահները եւ նրանց ներկայացուցիչները։ Նրանք համոզում էին Ադրբեջանին, որ վերցնեն ԼՂ-ն, բայց Ադրբեջանը չհամաձայնեց եւ սպասեց, որ Փաշինյանն իշխանությա՞ն գա Հայաստանում»,- տարակուսել է պատգամավորը։

Ընդդիմադիրը նշել է, որ 2007թ. Մադրիդյան փաստաթղթերում ամրագրված էր, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը հավասարեցվում է տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքներին։ «Այս դեպքում ի՞նչ նպատակով է ընդունվել այս փաստաթուղթը։ Բացի այդ, ընդունվել է Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների հինգ հայտարարություն։ Ինչո՞ւ Ալիեւը Կազանում հրաժարվեց ստորագրել փաստաթուղթը, եթե խոսքը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին փոխանցելուն։ Ինքը՝ Փաշինյանը, այս փաստաթուղթն անվանել է ղարաբաղյան խնդրի լուծման լավագույն տարբերակը։ Ստացվում է, որ նրա համար ԼՂ-ն Ադրբեջանին հանձնելը լավագույն լուծումն է»,- ընդգծել է Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ 2019թ. Փաշինյանը, վկայակոչելով Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների հայտարարությունները, ասել է, որ Ալիեւն ընդունել է այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում։

«Ալիեւն ինքն է ասել, որ իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Անգամ 2020թ. պատերազմից հետո է նա ասել, որ ոչ մի փաստաթղթով Լաչինն ու Քելբաջարը չէին լինի Ադրբեջանի կազմում, քանի որ Լաչինի եւ Քելբաջարի կարգավիճակի փոփոխությունը փոխկապակցված էր հանրաքվեի արդյունքների հետ»,- նշել է նա։

Մամիջանյանը կրկնել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկը՝ կոչ անելով ՀՀ վարչապետին գաղտնազերծել բոլոր փաստաթղթերը, որոնց շուրջ բանակցություններ են տարվել։

Առանց տոմսի երթևեկելու համար տուգանք կսահմանվի

Հետագայում հասարակական տրանսպորտով առանց տոմսի երթևեկելու համար տուգանք կսահմանվի։ Դրա մասին դեկտեմբերի 26-ին ամփոփիչ ասուլիսում հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա պարզաբանել է, որ երբ բարեփոխումներն ամբողջությամբ մեկնարկեն, և ադապտացիայի փուլն անցնի, ավտոբուսներում պարբերաբար ստուգումներ կիրականացվեն։

Ըստ երևույթին, Երևանի տրանսպորտի անհեթեթ «բարեփոխումը» հանգեցրել է նրան, որ մարդիկ պարզապես չեն վճարում, և ոչ ոք նրանց պատասխանատվության չի ենթարկում դրա համար։ Ավելի շատ գումար ստանալու մոլուցքը, չմտածված մեխանիզմները հանգեցնում են նրան, որ մարդիկ պարզապես չեն վճարում:

“Կյանքը զրոյից ստեղծող ընտանիքներին տրամադրվող 50 հազար դրամը չի կարելի «փաթեթավորել որպես լավություն»

Step1.am-ի հարցերին պատասխանել է արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը։

-Ֆինանսների նախարարն ասաց, որ արցացխիները ակտիվ չեն օգտվում ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրից, քանի որ կառավարությունը սոցիալական աջակցության բավականին լավ փաթեթ է տալիս արցախցիներին։ Մարտից հետո, երբ աջակցությունը դադարի, ըստ նախարարի, այն ժամանակ մարդիկ ավելի ակտիվ կդիմեն՝ այդ ծրագրից օգտվելու համար։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, իրո՞ք, ամսական 50 հազար դրամ աջակցության պատճառո՞վ արցախցիները չեն ցանկանում բնակապահովման ծրագրի շահառու դառնալ։

-Բազմիցս անդրադարձ եմ կատարել ՀՀ կառավարության առաջարկած բնակապահովման ծրագրի անհամապատասխանելիությանը Արցախից տեղահանվածների իրական կարիքներին։ ՀՀ Ֆինանսների եւ ԱՍՀՆ նախարարները ու նախարարությունների ներկայացուցիչները չպիտի փորձեն ծրագրի անհաջողությունը փոխկապակցել կառավարության կողմից տրամադրվող սոցիալական աջակցությանը։ Նախ՝ այդ աջակցությունը շահառուների կողմից երբեւէ չի գնահատվել իբրեւ «լավ փաթեթ», հակառակը՝ դա միակ աջակցությունն է, որ գրեթե մեկ տարի տրամադրվում է տեղահանվածներին, այն էլ՝ բազմաթիվ տեխնիկական խոչընդոտներով, բացերով ու անբացատրելի պայմաններով։ Ամեն ինչ կորցրած, կյանքը զրոյից ստեղծող ընտանիքների մեկ անձին տրամադրվող 50 հազար դրամը չի կարելի «փաթեթավորել որպես լավություն» այն պարագայում, երբ նույն այդ կառավարությունն ունի մի շարք պարտավորություններ փախստականների նկատմամբ, այդ թվում՝ միջազգային իրավունքի շրջանակում։

-Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, կառավարությունն իր ձախողումը փորձում է բարդել արցախցիների վրա՞։ Խնդիրն այսպես խեղաթյուրելը ի՞նչ նպատակ ունի։

-Բնակապահովման ծրագրից չօգտվելու բազմաթիվ պատճառներ կան, որոնք ներկայացվել են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, եւ նախատեսվում է տվյալ ծրագրի վերանայում։ Գործադիրի ֆինանսական բլոկի ներկայացուցիչը, հավանաբար, իր անձնական կարծիքն է արտահայտել։

Ռոզա Հովհաննիսյան

“Ճարտար, եկ փունջդ տար” ծաղկի սրահը մեկ տարեկան է

Արցախի բռնատեղահանումից հետո Երևան քաղաքում բացվածՃարտար, եկ փունջդ տար
ծաղկի սրահն այսօր մեկ տարեկան է։ 2023-ին տեղահանվելուց հետո Արցախի Ճարտար քաղաքի բնակիչ Խաչիկ Ավագյանը որոշել է զբաղվել սիրած գործով ու Երևանում ծաղկի սրահ բացել։ Ինչպես ինքն է ասում՝ սերը գեղեցիկի ու ծաղկի հանդեպ իր մեջ սերմանվել է դեռևս փոքր տարիքից։ Այդ է պատճառը, որ հետագայում որոշել է զբաղվել ծաղկի գործով։

Ավագյանները 2019-ին Ճարտարում ծաղկի մասնագիտացված սրահ են բացել ու սկսել ընտանեկան բիզնեսը։ Հետո Խաչիկն ընկերոջ հետ ջերմոցներ է կառուցել, որպեսզի վաճառեն իրենց աճեցրած ծաղիկները։ Անգամ շրջափակման օրերին էին ծաղիկներ մատակարարում և ուրախություն պարգևում հաճախորդներին։ Ամեն ինչ ընթանում էր բնականոն հունով 2023-ի պատերազմը գլխիվայր շուռ տվեց ամեն ինչ:

Սակայն արցախցի ընտանիքը կարողացավ ուժ հավաքել ու վերստին ստեղծել։ Սրահի բացման առաջին տարեդարձը նշում են ջերմ ու գեղեցիկ մթնոլորտում, իսկ ճաշակով զարդարված սրահն ու բուրումնավետ ծաղկեփնջերն ավելի տոնական են դարձնում օրը։

Քույրը՝ Լենան, որ նույնպես մասնակից է այդ բոլոր աշխատանքներին, ասում է

-Արցախից տեղահանվելուց հետո հաստատվել ենք Արարատի մարզի Արբաթ գյուղում։ Ճարտարում թողել ենք մեր կյանքի ողջ վաստակը ու ամեն ինչ սկսել զրոյից։ Իհարկե, դժվար ենք հարմարվում, սակայն մենք սովոր ենք աշխատել ու կրկին ստեղծել։ Մեկ տարի է, ինչ Երևանում զբաղվում ենք ծաղկի բիզնեսով։ Անշուշտ, սկզբից հեշտ չէր, սակայն հետզհետե ամեն ինչ հունի մեջ ընկավ։ Նոր միջավայրում ձեռք բերեցինք բավականաչափ հաճախորդներ։

Մեզ համար ամենակարևորն այն է, որ կարողանում ենք մեր ծառայությունները գեղեցիկ ու կատարելագործված մատուցել և արդեն ունենք հավատարիմ հաճախորդներ, ովքեր Երևանի տարբեր տեղերից գալիս են, որ մեր ծաղիկներից օգտվեն։ Դա ուրախացնում, պարտավորեցնում և, իհարկե, ուժ է տալիս մեզ։ Մեր սրահն իր համ ու հոտով, յուրահատուկ բարբառով և ընդունելությամբ մի փոքրիկ Ճարտար է հիշեցնում, և այդ է պատճառը, որ արցախցի հաճախորդներ շատ ունենք։ Այստեղ արցախցիները վայելում են փոխադարձ ջերմություն ու սեր, որն այսօր շատ է հարկավոր բոլորիս։ Այնուհանդերձ, մենք երազում ենք տունդարձի մասին և չենք կորցնում հույսը, որ այդ երանելի օրը մի օր կգա։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Բեգլարյան․ ՀՀ-ն պետք է քննարկի Միջազգային քրեական դատարանի հետաքննության հարցերը

Օրերս Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի իշխանություններին կոչ էր արել համագորկացել  իրենց հետ՝ Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու քրեական գործերի շրջանակներում։

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն այսօր հրավիրած ասուլիսում, անդրադառնալով Ադրբեջանի այս առաջարկին, ասաց․ «Սա հերթական խայծն է կամ այնպիսի քաղաքական պահանջ է, որը հետագայում կարող է դառնալ բանակցությունների առարկա եւ լրացուցիչ քաղաքական լծակ ՀՀ եւ հայ ժողովրդի դեմ։ Այս առաջարկով նախ փորձում են կրկին Հայաստանին դնել այնպիսի դիրքում, պայմաններում, որ Հայաստանը մերժող կողմ լինի եւ, այսպես ասած, միջազգային հանրությունը դիտարկի, որ Հայաստանը ապակառուցողական է»։

Մյուս կողմից, ըստ Բեգլարյանի, իրենք այս առաջարկով փորձում են ձեւացնել, թե պատրաստ են համագործակցել, տվյալներ փոխանակել։ Բայց սա մյուս կողմից հնարավորություն է Հայաստանի համար, որ այս բոլոր հարցերը վերհանվեն, եւ Բաքվում գտնվող բոլոր գերիների, քաղաքական բանտարկյալների հարցերով ՀՀ-ն ավելի ակտիվ գործողություններ կատարի ու սա դարձնի նաեւ բանակցությունների թեմա։

«Սա նաեւ հնարավորություն է՝  քննարկել համակարտության ընթացքում՝ 1980-ականների վերջերից ի վեր այն բոլոր փոխադարձ մեղադրանքները, որոնք մենք ունենք, այդ թվում՝ ՀՀ կողմից Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՀՀ-ն պետք է քննարկի նաեւ Միջազգային քրեական դատարանի հետաքննության հարցերը եւ այս հարցում Ադրբեջանից ակնկալվող համագործայկցությունը։ Եթե ՀՀ-ն նմանատիպ հակընդդեմ առաջարկով հանդես գա, սա տանելու է փակուղի, եւ ադրբեջանական կողմն է ստիված լինելու մերժել, որովհետեւ իրենք պատրաստ չեն որեւէ հարցում համագործակցել»,- հավելեց Բեգլարյանը։

Ըստ Արտակ Բեգլարյանի՝ Հայաստանի իշխանությունները հնարավորություն ունեն ավելի հիմնավորված ու փաստերով ցույց տալ եւ Բաքվի բանտերում գտնվողների մեղքի բացակայությունը, եւ ադրբեջանցի զինվորականների կատարած հանցագործությունն ու դրանց հետաքննության անհրաժեշտությունը։

Երեք որոշում մոտակա օրերին․ պառակտված Հայաստանը հեշտ է գրավել

Հայկական լրատվամիջոցները գրում են, որ վերջին օրերի իրադարձությունները կարեւոր գործընթացների նախերանգ էին։ Մասնավորապես, այսօրվա թերթերը գրում են սպասվող երկու իրադարձությունների մասին։

«Ասում են՝ ՌԴ-ում հասկացել են, որ Փաշինյան-Ալիեւ տետ ա տետ պայմանավորվածությունների ֆորմատով են գործում, եւ չի բացառվում, որ մոտ ապագայում «ոչ խաղաղ» ճանապարհով Փաշինյանն Ալիեւին հանձնի «Զանգեզուրի միջանցքը», իսկ հետո դա գցի ՀԱՊԿ-ի գրպանը, թե` ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակում եղավ, ՀԱՊԿ-ը մատը մատին չխփեց։ Ուստի հորդորում են` դուրս եկեք, որ մենք որեւէ պարտավորություն ձեր հանդեպ չունենանք», գրում է Հրապարակը:

Գրոմ են նաեւ 300 հազար «ադրբեջանցու» մոտակա մուտքի մասին Հայաստան․ նույնիսկ քննարկում են, թե որ անցակետով են նրանք անցնելու։ «Վերադառնալու» իրավունքը ոչ ոք չի վիճարկում։

Այս երկու կարեւոր թեմաները, ինչպես նաեւ Մինսկի խմբի արձակման Երեւանի եւ Բաքվի հնարավոր դիմումը, Փաշինյանի միանձնյա որոշումները պետք է լինեն։ Եթե «1994-ից հետո» բանակցությունների պատասխանատվությունը Փաշինյանը կարող է գցել «նախկին նախագահների», Մինսկի խմբի, Արցախի ղեկավարության եւ ժողովրդի վրա, ապա ընդունվելիք որոշումների պատասխանատուն միայն Փաշինյանը կարող է լինել։ Նա պատրաստ է այդ որոշումներին եւ ամեն ինչ արեց, որ երկրում թույլ չտա կոնսոլիդացիա եւ դիմադրություն։

Փաշինյանն ի սկզբանե երեք նախագահներին առաջարկեց բանավեճ, ամեն ինչ տանելով կոնֆրոնտացիայի, այլ ոչ թե կոնսոլիդացիայի դաշտ։ Նա կարող էր դիմել նախագահներին, դժվար որոշումների պահին խորհրդակցել նրանց հետ, սակայն՝ «բանավեճ» առաջարկելով եւ վիժեցնելով, նա հասարակության մեջ հերթական պառակտումը ստեղծեց։ Այդ նոր անդունդը թույլ չի տալիս կոնսոլիդացիա գոյաբանական խնդիրների շուրջ։

Պառակտված Հայաստանը կարող են նույն 384 զինյալով վերցնել․ Պուտինն ասել է, որ Սիրիան հենց այդքան գրոհային է գրավել։

Բաքու-Գրոզնի ինքնաթիռը կարող էր խոցվել ռուսական ՀՕՊ-ի կողմից՝ անօդաչուների հարձակումը հետ մղելիս

Այն բանից հետո, երբ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռն ընկել է գետնին Ակտաու օդանավակայանի մոտ, համացանցում հայտնվեցին մի քանի տեսանյութեր, որոնցում օդանավի վրա երևում էին բազմաթիվ փոքր անցքեր։

Նման անցքեր կարող են առաջանալ հրթիռի մարտագլխիկի հարվածների արդյունքում։

Ակտաուի ավիավթարից փրկված Սուբխոնկուլ Ռախիմովն ասում է, որ օդաչուները երեք անգամ փորձել են ինքնաթիռը վայրէջք կատարել Գրոզնիում, սակայն «երրորդ անգամ ինչ-որ բան պայթել է»։ «Պայթյուն է եղել, չէի ասի ինքնաթիռի ներսում»,- ասում է նա։

Արտաքին ազդեցությամբ վարկածը հաստատվում է նաև այն փաստով, որ մոտավորապես նույն պահին, երբ արտակարգ դեպք է տեղի ունեցել ադրբեջանական ավիաուղիների ինքնաթի հետ, ռուսական հակաօդային պաշտպանությունը հետ էր մղում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը, գրում է ВВС-ն։

Ինչպես նշում է Reuters-ը, իշխանությունները դեռ չեն բացատրել, թե ինչու է Կասպից ծովի վրայով թռչող ինքնաթիռը կործանվել Ռուսաստանի հարավում անօդաչու թռչող սարքերի հարվածներից անմիջապես հետո։

Տարածաշրջանում անօդաչու թռչող սարքերի գործունեությունը նախկինում դարձել է օդանավակայանների փակման պատճառ, իսկ ինքնաթիռի թռիչքի ուղու մոտակա ռուսական օդանավակայանը փակվել է չորեքշաբթի առավոտյան:

Էրդողանը խոստացել է «թաղել» քրդական ուժերին Սիրիայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Սիրիայում քուրդ զինյալները կա՛մ վայր կդնեն զենքերը, կա՛մ «կթաղվեն», հայտնում է Reuters-ը։

«Անջատողական մարդասպանները կա՛մ հրաժեշտ կտան իրենց զենքին, կա՛մ կթաղվեն սիրիական հողում իրենց զենքերի հետ միասին»,- ասել է Էրդողանը խորհրդարանում իր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներին:

«Մենք կոչնչացնենք ահաբեկչական կազմակերպությանը, որը փորձում է արյան պատ կառուցել մեր և մեր քուրդ եղբայրների միջև»,- հավելել է նա։

ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա բոլոր կառույցները ենթակա են լուծարման. ՌԴ ԱԳՆ

Մինսկի կոնֆերանսի բոլոր կառույցները՝ Մինսկի խումբը, բարձր մակարդակի պլանավորման խումբը, ղարաբաղյան կարգավորման հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնը ենթակա են լուծարման։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Համապատասխան որոշումներ կայացնելու օպտիմալ միջոցը Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն է՝ լուծարել այդ հաստատությունները», – ասաց նա։
Նրա խոսքով՝ Մինսկի խմբի ամերիկացիներն ու ֆրանսիացի համանախագահները դադարեցրել են շփումը ռուս գործընկերների հետ 2022 թվականի փետրվարին։ Դրան հաջորդեց Հայաստանի կողմից Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժան մաս ճանաչելը Հայաստան-Ադրբեջան-ԵՄ-Ֆրանսիա գագաթնաժողովից հետո, որը տեղի ունեցավ Պրահայում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին։
«2023 թվականի սեպտեմբերին գետնի վրա իրավիճակի հիմնարար փոփոխությունից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԵԱՀԿ-ի կողմից հաստատված մանդատը ղարաբաղյան կարգավորման հարցում կորցրեց իր արդիականությունը»,- ասաց նա։