ՌԴ ՊՆ հաղորդագրությունը Արցախում զինադադարի մասին

Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվել են ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման շուրջ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ադրբեջանական կողմի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ, որը կիրականացվի Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ համաձայնեցված»,- ասել են գերատեսչությունում։

Կրեմլի խոսնակը չի կարող հաստատել Արցախում հրադադարի մասին տեղեկությունը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Արցախում ռուս խաղաղապահների միջնորդությամբ հրադադարի մասին տեղեկությունները, հայտնել է, որ չի կարող հաստատել այդ տեղեկությունը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես դեռ այդ տեղեկությանը մանրամասն չեմ տիրապետում, հետեւաբար չեմ կարող բան ասել այդ հաշվով։ Մեկ անգամ եւս կրկնում եմ. այնտեղ մշտապես շփումներ են իրականացվում, ուստի չեմ կարող ստույգ հաստատել դա»,- տեղեկացրել է Պեսկովը լրագրողներին։

Արցախի իշխանություններն ընդունում են կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկը

«Սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի Հանրապետությունը հռթիրահրետանային և ավիացիոն զանգվածային հարվածներ հասցնելուն զուգընթաց անցել է լայնածավալ հարձակման Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով։

Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու և նրա կենսունակությանն անդառնալի վնաս հասցնելու խնդիր։ Երկու օր տևած համառ մարտերի ընթացքում Արցախի ԶՈւ ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանում են կենդանի ուժով և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամուց՝ պատճառելով նրան մեծագույն կորուստներ:

Դժբախտաբար, կորուստներ և վիրավորներ ունի նաև արցախյան կողմը, իսկ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների:

Ստեղծված իրադրությունում անբավարար են միջազգային հանրության գործողությունները՝ պատերազմի դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ:

Հաշվի առնելով այս ամենը Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ», – հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Մարտակերտը շրջափակման մեջ է. բնակիչներին չեն հասցրել տարհանել

Մոտ մեկ ժամ առաջ Մարտակերտում որոշում է կայացվել տարհանել բնակիչներին, հիմնականում կանանց ու երեխաներին, սակայն այս պահին արդեն տարհանումը կասեցված է։

«Փաստինֆո»-ին Արցախից տեղեկություններ են հասնում, որ բնակիչներին չեն հասցրել տարհանել; «Մոստը խփել են ու փակել։ Կաշենը վերցրել են, մոտակայքով։ Շրջափակման մեջ են, քաղաքի հետ կապ չկա։ Վանք գյուղը և շրջապատը տարհանել են։ Մարտակերտը լրիվ կտրվել է»։

Ստեփանակերտի քաղաքապետարանը կոչ է անում․ տեղաշարժվելու կարիք չկա

Բնակչության շրջանում խուճապային տրամադրրություններով պայմանավորված որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը: Այս մասին հաղորդում է Ստեփանակերտի քաղաքապետարանը:

«Այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա,  հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և մնալ ապաստարաններում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Սամվել Շահրամանյանի հայտարարությունը

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 20-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ։ Այս մասին հաղորդում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և Արցախի Հանրապետության կողմից այս համատեքստում իրականացվող քայլերը:

Երկրի ղեկավարը նշել է, որ միջազգային դերակատարների արձագանքն Արցախում ստեղծված կացության և նրա հաղթահարման վերաբերյալ համարժեք չէ և որևէ գործնական քայլ չի ձեռնարկվում, ինչից ելնելով՝ Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը:

Մահերի և վիրավորների թիվն արագորեն աճում է. Արտակ Բեգլարյան

«Ադրբեջանական ցեղասպան ուժերը շարունակում են ռազմական գործողություններն ու դիրքային առաջխաղացումը՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանն ու օբյեկտներին։ Մահերի և վիրավորների թիվն արագորեն աճում է», գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Բաքվին չդիմակայելը կարող է հանգեցնել ոչ միայն արցախահայության լիակատար ոչնչացման, այլև տարածաշրջանում ավելի լայն պատերազմի․ Լեմկինի ինստիտուտ

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել․

«Արցախի բնակիչներն այժմ բախվում են ոչ միայն սովի և դրանից բխող բժշկական արտակարգ իրավիճակների՝ Ադրբեջանի կողմից 9-ամսյա պաշարումից հետո, այլ նաև մահանալու վտանգի՝ քաղաքացիական հատվածներին հասցված ավիահարվածների, անօդաչու թռչող սարքերի հարվածների և զանգվածային գնդակոծության հետևանքով։ Ադրբեջանի ռազմական հարձակումը տեղի ունեցավ ընդամենը մեկ օր այն բանից հետո, երբ երկիրը (խմբ.՝ Արցախի Հանրապետությունը), ի վերջո, ստիպված եղավ անկլավ թույլ տալ 2023 թ․ հունիսի 15-ից ի վեր առաջին օգնության առաքման մուտքը։

Այս պահին ժամանակի հրամայականն է, որ հզոր ղեկավարները և պետությունները դեմ կանգնեն Ադրբեջանին և հստակ ցույց տան, որ հայերի դեմ հետագա ագրեսիա չեն հանդուրժի, և որ դրա դեմ կօգտագործվեն ցեղասպանության կանխարգելման գործիքակազմի բոլոր հասանելի տարբերակները։ Եթե նման բան չարվի, ապա արդյունքում այդ ղեկավարները և պետությունները պատասխանատու կլինեն ցեղասպանությանը մեղսակցելու համար։ Ադրբեջանին չդիմակայելը կարող է նաև հանգեցնել սրացման, որը կբերի ոչ միայն արցախահայության լիակատար ոչնչացման, այլև տարածաշրջանում ավելի լայն պատերազմի, քանի որ Ադրբեջանը և նրա դաշնակից Թուրքիան տարածքային հավակնություններ են հետապնդում Հայաստանի հարավում և Իրանի հյուսիսում», նշված է հայտարարությունում։

Լեմկինի ինստիտուտը նշում է, որ ցեղասպանության կանխարգելման հարցերով զբաղվող բոլոր փորձագետները կասկած չունեն՝ «այն, ինչի ենթարկվում են հայերն Ադրբեջանի կողմից, ցեղասպանություն է»։

Գուտերեշը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ է արել

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակման հետևանքով ստեղծված իրադրությամբ, որի հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ՝ այդ թվում և քաղաքացիական բնակչության շրջանում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը տարածել է նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է տարածաշրջանում ռազմական ուժի կիրառման առնչության և զոհերի՝ այդ թվում և քաղաքացիական բնակչության շրջանում, մասին հաղորդումների առնչությամբ։ Նա ցավում է, որ այս անհանգստացնող զարգացումները հաջորդեցին տեղի բնակչությանը սեպտեմբերի 18-ին այդքան անհրաժեշտ հումանիտար օգնության տրամադրմանը։

Գլխավոր քարտուղարը խստորեն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դե-էսկալացնել իրադրությունը և խստորեն պահպանել 2020 թվականի հրադադարն ու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները։ Նա շարունակում է մտահոգված մնալ տեղում հումանիտար իրավիճակով և կրկնում է իր կոչը՝ շտապ քայլեր ձեռնարկել՝ դյուրացնելու հումանիտար կազմակերպությունների լիարժեք հասանելիությունը դրա կարիքն ունեցող անձանց։ Նա կողմերին կոչ է անում կրկին կենտրոնանալ վստահության ամրապնդման և տարածաշրջանում տևական խաղաղության ապահովման ջանքերի վրա»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին ծանուցել է ԼՂ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքների մասին

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը ծանուցել է Արդարադատության միջազգային դատարանին երեկ և այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի առկա հետևանքների, ինչպես նաև հնարավոր անդառնալի կորստի ռիսկի մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:

Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համառ դիմադրություն են ցույց տալիս․ Արցախի ՊՆ

Գիշերվա ընթացքում մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են։ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ շարունակել են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համառ դիմադրություն են ցույց տալիս, հայտնում են Արցախի ՊՆ-ից: