ԱԳՆ եւ ՊՆ հանցագործությունը․ մենք մեր հողը պաշտպանելու իրավունք չունենք

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է․ «Այսինքն՝ ի՞նչ է ստացվում. ադրբեջանական զինված ծառայողները ներխուժել են մեր երկրի տարածք, և հիմա դեռ մենք պետք է քննենք, թե մեր տարածքում ադրբեջանցիների հանդեպ ի՞նչ մեղք ենք գործել: Բա ու՞ր մնաց իրողությունը, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն ի սկզբանե անօրինական, հանցավոր է: Նրանք դեռ 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում` հոկտեմբերի 20-ին են ներխուժել Ծավ գյուղի հարևանությամբ տարածքներ, իսկ 2021 թվականին ու դրանից հետո ընդլայնել են ներխուժումների աշխարհագրությունը»:

Ո’չ ՀՀ ԱԳՆ, ո’չ Պաշտպանության նախարարությունը, ոչ էլ Փաշինյանը չեն նշել, որ Ներքին հանդի դիրքերի ուղղությամբ փետրվարի 13-ին թշնամին կրակ է բացել ՀՀ օկուպացված տարածքից։ Չեն խոսել նաեւ այն մասին, թե ինչո՞ւ այդ դիրքերում կանգնած են եղել երկրապահի զինվորները, եւ ինչպե՞ս է ստացվում, որ դիրքում 67 տարեկան զինվոր է զոհվում։

Բրյուսելում գտնվող ԱԳ չնախարար Արարատ Միրզոյանը եվրոպական իր գործընկեր Բորելի հետ հանդիպմանը չի  հայտարարել, որ Հայաստանի զինված ուժերը իրավասու են կրակել ՀՀ տարածքը զավթած եւ սադրանքների դիմող ցանկացած մեկին։ ՀՀ ռազմաքաղաքական վայ-ղեկավարությունը չի հիշատակում ինքնապաշտպանության իրավունքը, որը դրոշակի պես առած Իսրայելը ոչնչացնում է Գազան։ Նման «իրավունքով» Բաքուն ցեղասպանեց Արցախը եւ հիմա անցել է Հայաստանի այլ շրջաններին։

Ժոզեպ Բորելը, անդրադառնալով Ներքին հանդում կատարվածին, հայտարարել էր, որ «հայկական կողմից ադրբեջանցի զինծառայողների ուղղությամբ կրակոցի արձակումը ցավալի էր, սակայն Ադրբեջանն անհամաչափ է պատասխանել՝ անտեսելով ՀՀ ՊՆ այն հավաստիացումը, որ միջադեպը հետաքննվելու է»։

Միրզոյանը չի հակաճառել եւ չի ասել ՀՀ տարածքի օկուպացիայի մասին։ Պաշտոնական Երեւանը ոչ միայն օրինական քայլեր չի ձեռնարկում տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար, այլեւ շփման գիծը վստահում է տարիքն առած մարդկանց, ցույց տալու համար, որ բանակը չի կռվելու։

Բանակը չկրակելու եւ «սադրանքներ ու էսկալացիա չհրահրելու» հրամանն է միայն կատարում, ասել է Փաշինյանը բրիտանական պատվիրակության հետ հանդիպմանը։ Դա Փաշինյանի ուղիղ հրամանն է թշնամուն՝ հարձակվել։ ՀՀ իշխանությունը երաշխավորում է, որ պատասխան չի լինելու։ Իսկ Արարատ Միրզոյանը գործուղվել է Բրյուսել, որ Եվրամիությունը հանկարծ չճանաչի Հայաստանի ինքնապաշտպանության իրավունքը։

Մենք ենք մեղավոր, կրակել ենք, էսկալացիա ենք հրահրել, ճիշտ են արել, որ սպանել են երկրապահներին։ Դա մեր հողը չէ, ով գրավել է՝ նրանն է, կրակելու իրավունքն էլ հետը։ Դա են ասում ՀՀ ռազմաքաղաքական չիշխանությունները։

«Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի կողմից իրականացվող նողկալի, սադրիչ գործողությունների այս շղթան և կոչ անի Ադրբեջանին դուրս բերել իր օկուպացիոն ուժերը ավելի քան 215 քառակուսի կիլոմետր Հայաստանի ինքնիշխան տարածքից, ինչը ագրեսիա և սադրանք է Հայաստանի դեմ»։ Փաստորեն, ըստ Մարուքյանի, դա միջազգային հանրության գործն է։ Իսկ ՀՀ իշխանությունը միայն “հերոսների” հարկերը հավաքագրելու համար է։

Փոփոխություն ՀՀ ԶՈՒ հրամանատարության կազմում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի փետրվարի 13-ի հրամանագրով՝ Արտակ Բուդաղյանը նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար։

Նույն օրը մեկ այլ հրամանագրով էլ ՀՀ նախագահը ԶՈւ ԳՇ պետի տեղակալ է նշանակել Արթուր Երոյանին․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Արթուր Երոյանին նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից»:

Հիմա էլ ասում են՝ գրանցվեք առանց սեփակատիրոջ համաձայնության․ ձե՞ռ եք առնում արցախցիներին

ԼՂ-ից տեղահանված անձինք կարող են հաշվառվել իրենց փաստացի բնակության հասցեում, եթե նույնիսկ սեփականատերը համաձայնություն չի տվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ-ն:

Հաղորդագրության մեջ նշվում է. «ԼՂ-ից տեղահանված անձինք ինչպե՞ս կարող են իրացնել ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու իրավունքը, եթե բնակելի տարածության սեփականատերը չի ներկայացնում վերջինիս հաշվառելու համաձայնություն:

Դիմումատուի հաշվառումն իրականացվում է ՀՀ ոստիկանության կողմից տրված փաստացի բնակվելը հավաստող փաստաթղթի հիման վրա, քանի դեռ բնակելի տարածության սեփականատիրոջ կողմից հաշվառման վերաբերյալ գրավոր առարկություն չի ստացվել»:

Եթե 1989 թ․ դեկտեմբերի 1-ի որոշումը ուժի մեջ է, ո՞րն է մեր հաջորդ քայլը

Step1.am-ի զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

-Պարո՛ն Խզմալյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասին 1989 թվականի որոշումը «իրավական ուժ չունի», քանի որ Խորհրդային միության սահմանադրական հանձնաժողովն այն ճանաչել է Խորհրդային միության Սահմանադրությանը հակասող։ Բայց նրա հայտարարությունից հետո Ալիևի հատուկ դեսպանն ասաց, որ հայկական կողմի հետ բանակցություններում անընդհատ բարձրացվում են մի քանի հարցեր։ Խոսքն Անկախության հռչակագրի մասին է, որը հղում է անում Հայաստանի եւ Արցախի միացման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմանը։ Նաեւ խոսք է գնում Ալմաթիի հռչակագրի շրջանակում Հայաստանի խորհրդարանի վերապահումների մասին։ Այսինքն՝ Բաքուն հերքում է Փաշինյանին, ասում է, որ վերամիավորման որոշումն ուժի մեջ է։ Ինչպե՞ս եք գնահատում սա։

-Ես կարծում եմ՝ սա ընդհանրապես իրավական հարց չէ։ Հայաստանի եւ Արցախի վերամիավորումը՝ որպես ազգային գաղափար, հիմք է ծառայել Հայաստանի ազգային-ազատագրական շարժման համար։ Հայ ժողովուրդն առաջինն է, որը սովետական շրջանում համախմբվեց հենց այդ հարցի շուրջը եւ մարտահրավեր նետեց Սովետական միությանը։ Այնպես որ, սա ամենեւին իրավական հարց չէ։ Իսկ եթե գնանք իրավական հարթություն, շատ արագ կհասնենք Հայաստանի վերաբերյալ Ազգերի լիգայի մանտադին։ Ազգերի լիգայի մանդատը միջազգային իրավունքի տեսակետից շատ ավելի լուրջ իրավական հիմք ունի, քան Ստալինի Կովկասյան բյուրոյի կուսակցական 1921 թվականի որոշումը, որն ընդհանրապես պետական որոշում էլ չէ։ Այնպես որ, իրավական հարթության մեջ դա ընդհանրապես չարժե քննարկել, հակառակ դեպքում մենք անմիջապես կառնչվենք մեր ինքնության հարցերին։ Եվ այս հարցում Հայաստանի Եվրոպական կուսակցությունը բոլորովին չի կիսում վարչապետ Փաշինյանի եւ նրա կուսակցության մոտեցումները։

Երբ արձանագրում ենք, որ վերամիավորման որոշումն ուժի մեջ է, ՀՀ օրենսդրության մաս է կազմում, հաջորդ քայլը ո՞րը պետք է լինի։

-Ես համարում եմ, որ 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագրի հենց առաջին կետում կա լուրջ թերություն։ Դա Լեւոն Տեր-Պետրոսյանի ստորագրությամբ այն կետն է, համաձայն որի՝ Հայաստանի խորհրդային սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն։ Ես բազմիցս նշել եմ, որ սա ողբերգական եւ հանցագործ սխալ է։ Համեմատելու համար ասեմ, որ Մերձբալթյան երկրների, Ուկրաինայի, Վրաստանի եւ անգամ Ադրբեջանի սահմանադրություններում ու իրենց Անկախության հռչակագրերում այդ երկրներն իրենց հայտարարել են իրենց առաջին հանրապետության իրավահաջորդը։ Հայաստանը, չգիտես ինչու, արեց այդ բացառությունը, ինչը կասկածների տեղիք է տալիս։

-Բաքուն պնդում է, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոփոխվի, նույն բանն ասում են Հայաստանի իշխանությունները։ Դա ի՞նչ հետեւանք կարող է ունենալ Հայաստանի համար։

-Իշխանությունը չի կարող նման փոփոխություն անել՝ առանց ժողովրդի կամարտահայտության ու համաձայնության։ Այն հավաքները, որոնց անհրաժեշտության մասին մենք հիմա խոսում ենք, կունենան նաեւ այդ իմաստը։ Պետք է ժողովրդի կամարտահայտություն լինի նաեւ այդ հարցով՝ ուզո՞ւմ ենք մենք, որ մեր Սահմանադրությունը գրվի Բաքվում կամ Մոսկվայում, թե՞ ոչ։ Հայաստանի Սահմանադրությունը հայ ժողովրդի շահերի եւ կոլեկտիվ կամքի արտահայտությունն է, այլ ոչ թե այլ պետությունների, հատկապես մեր թշնամիների ցանկությունների սպասարկման դաշտ։

Հիշողության ուժը․ Սեւակ Ասրյանի առաջին ցուցահանդեսը Երեւանում

Հայաստանում լուսանկարիչ Սևակ Ասրյանի «Հիշողության ուժը» առաջին ցուցահանդեսը, որը կտևի փետրվարի 13-27-ը, հրավիրում է դիտողներին հետաքրքրաշարժ ճանապարհորդության դեպի Արցախի գեղատեսիլ վայրեր: 2016-ից 2023 թվականների լուսանկարները ներկայացնում  են Արցախի տեսողական հիշողությունն ու պատմությունը:

Նկարները Արցախի յոթ տարբեր շրջաններից են, որոնք մեզ համար հիշողություն են դարձել։ Պատմական իրադարձությունների հետ կապված՝ ցուցահանդեսը կամուրջ է դառնում անցյալի և ներկայի միջև։ Աշխատանքների մի մասը նախկինում ներկայացված էին Ստեփանակերտում։

Ցուցահանդես-վաճառքի նպատակը ոչ միայն տեսողական հիշողությունը պահպանելն է, այլ նաև Արցախի յուրահատուկ բնությունը ցույց տալը։

Ստեփանակերտում ծնված և մեծացած Սևակ Ասրյանը տեսախցիկի միջոցով պատմում է իր հայրենիքի մասին։ Աշխատանքները ոչ միայն գեղարվեստական լուսանկարներ են, այլ նաև մի քանի պատերազմներում նրա ապրած ժամանակի վկայությունն են:

«Ինձ համար շատ կարևոր է բոլորին այսօր այստեղ տեսնել։ Այս ծրագիրը պիտի իրականացվեր Արցախում, բայց պատերազմն ու տեղահանությունը փոխեցին ընթացքը։ Առաջին ցուցահանդեսի ժամանակ մենք ցույց տվինք 44-օրյա պատերազմի ընթացքում հակառակորդի գրաված տարածքները։ Հիմա ստացվեց այսպես․․․  Ես կյանքում չէի պատկերացնի, որ այս վայրերը կվերածվեն հիշողության»,-ասաց Սևակ Ասրյանը։

Տաթև Ազիզյան

Ըմբիշ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակիչում Մալխաս Ամոյանը մրցեց թուրք Էմրե Բասարի հետ: Ամոյանը հաղթեց 7:0 հաշվով և երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի ոսկե մեդալը:

Մալխաս Ամոյանը Եվրոպայի չեմպիոն դարձել էր նաև 2022 և 2023 թվականներին: Նա նաև 2021 թվականի աշխարհի չեմպիոն է: Ամոյանն իրավունք է ստացել մասնակցելու Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին:

Մինչ այս Հայաստանի հավաքականի կազմում 55 կգ քաշային կարգում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ էր նվաճել Մանվել Խաչատրյանը:

Փետրվարի 14-ին Եվրոպայի առաջնության 7-րդ ոսկե մեդալի համար կպայքարի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը:

Արցախցիների գրանցումը կամայակա՞ն է կատարվում․ օդում որոշումներ են ընդունում

Արցախցիների բռնի տեղահանումից հետո պարզվեց, որ ՀՀի կողմից տրված կապույտ անձնագիրը դեռ չեն փաստում այն ՀՀ քաղաքացիության մասին և, ըստ մեկնաբանության, այդ անձնագրերը ոչ ավելին են, քան ճամփորդական անձնագրեր:

Պարզաբանումից հետո 070 կոդով անձնագրեր ունեցող քաղաքացիների առջև ընտրելու երկու տարբերակ է դրվել՝ փասխստականի կարգավիճակ կամ ՀՀ քաղաքացիություն՝ առանց Արցախի հիշատակման:

Ըստ պարզաբանման, փախստականի վկայականը անպայման է արտասահման մեկնելու համար և այն իբր պաշտպանում է քաղաքացուն Ադրբեջանին արտահանձնումից:

Քաղաքացիների մեծամասնությունը ընտրում են առաջին տարբերակը՝ փախստականի կարգավիճակ, քանի որ վախենում են, որ դառնալով ՀՀ քաղաքացի, կզրկվեն իրենց հասանելիք աջակցություննից:

Այս ընտրությունից զատ արցախցիները բախվել են մի այլ խնդրի՝ հյուծիչ հերթեր, որոշ դեպքերում նաև անիմաստ քաշքշուկ: Որոշումները կամայական են ընդունվում, ըստ երեւույթին՝ ընթացքը դժվարացնելու համար։

Պարզվում է, ամեն անձնագրային բաժին ունի իր կանոները և փաստաթղթերի ցանկը, որոշները գրանցման համար ծնողների անձնագրերը, ամուսնության վկայականն են պահանջում, որոշները՝ ոչ: Թեկուզ ՀՀ ՆԳՆ ցուցկում չկա ծննդական, ծնողների ամուսնության վկայական եւ այլ փաստաթղթեր ներկայացնելու պահանջ։ Իսկ մարդիկ, որոնցից շատերը չունեն այդ փաստաթղթերը, ստիպված արխիվներում են այն փնտրում, ծախսելով մեծ ջանքեր, ժամանակ եւ գումար։

Երևան քաղաքում գործում է նաև առցանց գրանցման հարթակ: Քաղաքացիներից մեկը մեր հետ զրույցում նշել է, որ նրանք մի քանի օր առաջ են գրանցվել առցանց, բայց հերթը դեռ մայիսին է, ինչի պատճառով ստիպված են գնալ ժամերով հերթ կանգնել:

Անհանգստություն է առաջացնում նաև հաշվառումը, հասկանալի է, որ արցախցիների գերակշիռ մասը ՀՀ-ում չունի անշարժ գույքը, ինչի պատճառով ստիպված են ապրել վարձով բնակարաններում, և ոչ բոլոր տան տերերն են համաձայնվում իրենց տանը հաշվառել արցախցիներին: Արդեն լինում են կոնֆլիկտներ։

Քրիստինա Ալավերդյան

«Ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները». Պետդեպ

Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին, երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ շեշտելով՝ Վաշինգտոնը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի զինվորականների միջև բախումների մասին հաղորդումով, որ հանգեցրել է զոհերի։

«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները», – ասել է Միլլերն՝ ընդգծելով, որ կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ նստելն է։

«Հրադադարի ցանկացած խախտում պետք է հետաքննվի և պատշաճ կերպով հասցեագրվի: Ինչպես շարունակաբար շեշտում է պետքարտուղարը, Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին»,- եզրափակել է Միլլերը։

Երեկ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը հաղորդել է 4 զոհի և մեկ վիրավորի մասին։ Ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։

Մեկ ամիս առաջ ԱՄՆ դեսպանատունը 2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած ագրեսիայից հետո առաջին անգամ նախազգուշացում է արել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող իր աշխատակիցներին՝ կոչ անելով չայցելել Հայաստանի մի շարք մարզեր։

«ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում է որևէ ոչ էական ճանապարհորդություն դեպի հետևյալ վայրեր, ինչը արտացոլում է սահմանափակումների մեղմացում վերջին ծանուցման հրապարակումից ի վեր. Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսից արևելք, Սյունիքի մարզ՝ Գորիսից արևելք, Սյունիքի մարզ՝ Կապանից հարավ, Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ։

ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգույշ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմանների մոտ։ Իմացեք, որ ճանապարհի որոշ հատվածներ կարող են առանց նախնական ծանուցման հատել միջազգային սահմաններ: Ճանապարհները կարող են վերահսկվել անցակետերով կամ փակ լինել ճանապարհորդների համար առանց նախազգուշացման», – ասված է հաղորդագրության մեջ։

Դեսպանատունը գրեթե բացահայտ զգուշացնում էր, որ մոտ ապագայում Հայաստանի որոշ ճանապարհներ առանց նախազգուշացման կարող են արգելափակվել որոշակի ուժերի կողմից, ինչպես դա եղավ 2020 թվականի դեկտեմբերին Գորիս-Կապան ճանապարհին և 2023 թվականի ապրիլին՝ Հակարի գետի՝ Կոռնիձորի և Տեղի մոտակայքում։

Իսկ ո՞վ է հաստատել, որ հայկական կողմից կրակոց է եղել, ԵՄ դիտորդնե՞րը

Հայկական կողմից ադրբեջանցի զինվորների ուղղությամբ կրակոցների արձակումը ցավալի էր, բայց Ադրբեջանն անհամաչափ է արձագանքել։ Այս մասին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստից հետո ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգային քաղաքականության հարցերի բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցներին, որոնց հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ եւ 1 վիրավոր։

Ըստ Բորելի՝ Ադրբեջանը անտեսել է Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունն առ այն, որ նախօրեի միջադեպը լիովին կհետաքննվի։

Հիշեցնենք, որ հայտնելով փետրվարի 12-ին Հայաստանի կողմից իբր կրակոցի մասին, Բաքուն հատուկ ընդգծել է, որ դա տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության վերահսկողության գոտում, եւ դա հարցեր է առաջացնում առաքելության խնդիրների վերաբերյալ։ 
Մյուս կողմից, հայկական կողմը չի հերքել, բայց չի էլ հաստատել կրակոցի փաստը։ Սակայն Բորելի հաստատակամ պնդումը, որ կրակոց եղել է, ենթադրում է, որ նման տեղեկություն նա ստացել է ԵՄ դիտորդներից։ Թե՞ այդ հաստատակամությունը միտված էր փարատել Բաքվի “անհանգստությունը”։

Հայաստանի կառավարությունը քաշքշուկն օգտագործում է արցախցիների քաղաքական ակտիվությունը թուլացնելու համար

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի առաջին և երկրորդ գումարման պատգամավոր Աշոտ Սարգսյանը կարծում է, որ ներքին տեղահանվածների վերաբերյալ ՀՀ կառավարության բոլոր որոշումներն ուղղված են Արցախի բնակիչներին անվերջ բյուրոկրատական ​​քաշքշուկների և հերթերի մեջ ներքաշելուն։

«Այս ամենն արվում է, որպեսզի արցախցիների կյանքը Հայաստանում անտանելի թվա, և նրանք հեռանան երկրից։ Եվ նաև՝ Արցախի ժողովրդին շեղել քաղաքական կարևոր գործընթացներից՝ թաղելով սոցիալական խնդիրների ճահճում»,- ասաց Սարգսյանը։

Նա նաև չբացառեց, որ կառավարության նոր որոշումը տանտերերի և վարձակալների, այսինքն՝ տեղացիների և փախստականների միջև լարվածություն առաջացնելու ևս մեկ փորձ է։

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Հայաստանի ՆԳՆ-ն հրապարակել էր փաստաթղթերի նոր ցանկ, որոնք հարկ է տրամադրել ներքին տեղահանված անձանց գրանցման համար։ Անձը հաստատող փաստաթղթերի հետ միասին, ըստ ցանկի, պետք է ներկայացնել նաև տվյալ տարածքում բնակվելու իրավունքի ապացույց։ Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղից հարկադիր միգրանտն իրավունք չունի առանց գրանցման որեւէ գործարք կատարել Հայաստանում։

ԵՄ տրամադրված 4 մլն․եվրոն ուղղվելու է արցախցիներին վաուչերներ և կանոնավոր դրամական փոխանցումներ հատկացնելուն

Եվրոպական հանձնաժողովը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով հավելյալ 5․5 մլն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի: Այս մասին հայտնում են Հայաստանում ԵՄ գրասենյակից:

Տրամադրվող ֆինանսավորման 1.5 մլն եվրոն նպատակաուղղված է բարձրացնելու աղետների հանդեպ պատրաստվածությունը՝ հնարավոր ճգնաժամերին խոցելի համայնքների դիմակայունության բարձրացման նպատակով։ Մարդասիրական ֆինանսավորման մյուս 4 մլն եվրոն հիմնականում ուղղվելու է Ղարաբաղից տեղահանված հայերին վաուչերներ և կանոնավոր դրամական փոխանցումներ հատկացնելուն, որը կօգնի նրանց հոգալ իրենց հիմնական կարիքները:

Մարդասիրական գործընկերների միջոցով Եվրոպական միությունը նպատակ ունի աջակցելու կարիքի մեջ մարդկանց համար սննդի,  ապաստարանի, առողջապահական խնամքի և հոգեկան առողջության խնամքի ծառայությունների հասանելիությունը և պաշտպանությունը։

Այս ֆինանսավորումը հավելյալ աջակցություն է Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023 թվականին ԼՂ հայերի լայնածավալ արտագաղթին արձագանքելու նպատակով հայտարարված 12․2 մլն եվրո աջակցությանը։