Օկուպացված Արցախում եւ Նախիջեւանում մեկնարկել են մարտավարական զորավարժություններ Բաքվի բանակի եւ Թուրքիայի ԶՈՒ մասնակցությամբ

Օկուպացված Արցախում եւ Նախիջեւանում մեկնարկել են մարտավարական զորավարժություններ Բաքվի բանակի եւ Թուրքիայի Զինված ուժերի մասնակցությամբ։ Դրանք կրում են «Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրք-2023» անվանումը եւ նվիրված են Թուրքիայի հանրապետության 100-ամյակին։

Ըստ Բաքվի ՊՆ-ին, համատեղ մարտավարական զորավարժություններին գործադրվել են մոտ 3 000 մարդ, 130 միավոր զրահատեխնիկա, 100 հրետանային սարք, ավելի քան 20 ավիացիոն եւ թռչող սարքեր, ինժեներական տեխնիկա։

«Ժամանակակից մարտի մեթոդների օգտագործմամբ կկատարվեն տարբեր առաջադրանքներ հրետանու, ավիացիայի եւ այլ զորատեսակների կիրառմամբ, կամուրջներ կգցվեն գետերի վրայով, կիջեցվի դեսանտ պայմանական հակառակորդի թիկունքում։ Համատեղ տակտիկական զորավարժություններում հիմնական ուշադրությունը կհատկացվի մարտական համախմբման ապահովմանը՝ զորքերի փոխգործակցությամբ, կառավարման կատարելագործմամբ, փորձի փոխանակմամբ եւ անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացմամբ», ասվում է հղորդագրության մեջ։

Հայաստանի կառավարությունն աջակցության նոր ծրագիր է սկսում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար

Հայաստանի կառավարությունը ֆինանսական աջակցության նոր ծրագիր է սկսում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների համար սկսում ենք առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակցության նոր ծրագիր:

Նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների ընթացքում բացի բնակության եւ կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարներից, պետական բյուջեից յուրաքանչյուրին կհատկացվի 50 հազարական դրամ: Բացառություն կլինեն այն անձիք եւ նրանց ընտանիքի անդամները, ովքեր ունեն բանկային հաշիվների որոշակի շեմը գերազանցող մնացորդներ, բնակվում են պետության հատկացրած կացարաններում կամ գտնվում են պետության խնամքի ներքո:

Այսօր Հումանիտար կենտրոնի ժամը 16:00-ի  եթերում մանրամասները կներկայացնի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Առաջիկա օրերին կսկսենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների բնակարանային ապահովման երկարաժամկետ աջակցության հարցերի քննարկումները, որոնք առավելագույնս համադրված կլինեն ՀՀ քաղաքացիների համար նախատեսվող նմանատիպ ծրագրերի հետ:

Հույս ունեմ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր գործունակ քույրերն ու եղբայրները առաջիկա երկու ամսվա ընթացքում Հայաստանում աշխատանք կգտնեն: Կառավարությունն, իհարկե, հնարավոր միջոցներով այս հարցում եւս կաջակցի նրանց»,- գրել է Փաշինյանը:

Մինչ այս Հայաստանի կառավարությունը սկսել էր ԼՂ-ից բռնի տեղահանված բոլոր անձանց միանվագ 100 հազարական դրամ հատկացնելու ծրագիրը։ Կառավարությունը սկսել է նաև նրանց բնակության և կոմունալ ծախսերի համար յուրաքանչյուր անձի հաշվով 50 հազարական դրամ հատկացնելու ծրագիրը, որը կշարունակվի 6 ամիս։

Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է Հայաստանի ակնկալիքները «3+3» ձևաչափով հանդիպումից

Հայաստանի ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրեց, թե Հայաստանը ինչ է ակնկալում «3+3» ձևաչափով հանդիպումից, որն անցկացվելու է Թեհրանում հոկտեմբերի 23-ին։

«Ակնկալում ենք տարածաշրջանային հստակ ձևակերպումներ ստանալը, որովհետև մասնակցում են հիմնականում տարածաշրջանի երկրները՝ գումարած Ռուսաստանի Դաշնությունը, որն այսպես թե այնպես տարածաշրջանում է։ Այնպես որ, մենք մեր իրավունքները այդ հարթակում պետք է կարողանանք պահել և կպահենք։ Իսկ մեր իրավունքները տարածաշրջանում բոլորին հայտնի են՝ դա Հայաստանի Հանրապետության սահմանների անառիկությունն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ կարևոր է նաև թույլ չտալ, որպեսզի չլուծված խնդիրներին փորձեն լուծումներ տալ Հայաստանի հաշվին։

Տարածաշրջանային խորհրդակցական «3+3» հարթակում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, ինչպես նաև Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով հոկտեմբերի 23-ին կմասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի «3+3» հանդիպմանը։ Վրաստանը հրաժարվել է մասնակցությունից։ 

3+3(2) Թեհրանում. Իրանը փորձում է իրեն ապահովագրել Իսրայելի պատերազմի ֆոնին

Իսրայելա-պաղեստինյան պատերազմը, ըստ որոշ վերլուծաբանների, ուղղված է Պաղեստինի հարցը օրակարգից «հանելուն», այնպես, ինչպես «լուծվեց» ղարաբաղյան խնդիրը՝ շրջափակում, ռազմական հարվածներ, բնիկ բնակչության տեղահանում և «տարածքի իրավունքի» ճանաչում այն պետության կազմում, որը կընտրի միջազգային կոնսենսուսը։ Այս “կոնսենսուսը” ներառում է նաեւ Հայաստանի ներկայիս իշխանությունը։

Արցախի հարցում կոնսենսուսն ակնհայտ էր՝ թե՛ շրջափակման շուրջ ՄԱԿ-ի նիստի ժամանակ, թե՛ հետո, երբ պարզ դարձավ, որ սեպտեմբերի 17-ին՝ Արցախի դեմ ագրեսիայից երկու օր առաջ, Պոլսում հավաքվել էին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները։ Այս ուժերը խոսել են բացառապես արցախահայության «մարդասիրական խնդիրների» մասին՝ չճանաչելով նրանց նախնիների հողում ապրելու իրավունքը։

Այժմ ԱՄՆ-ն և ԵՄ-ն միաձայն խոսում են պաղեստինցիների մարդասիրական իրավունքների մասին և օգնում Իսրայելին արաբներին Գազայից վտարելու հարցում։

Ռուսաստանի հետ մեկտեղ Իսրայելը շահառու է Արցախի, հատկապես Իրանին սահմանակից տարածքի օկուպացիայից։ NEWS.am-ի հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հայտարարեց.

«Իսրայելը «Երկաթե գմբեթ» համակարգը տրամադրել է միայն Ադրբեջանին և ոչ մեկին։ Որովհետև այս համակարգը պետք է պաշտպաներ Մինգեչևիրը 44-օրյա պատերազմի ժամանակ հասցված հարվածներից, բայց այդ հարվածները չհասան թիրախին։ Բացի այդ, Իսրայելը տրամադրել է անօդաչու թռչող սարքեր, Հայաստանի ճշգրիտ թվային քարտեզներ և Lօra բարձր ճշգրտության հրթիռներ։

Բայց Իսրայելին ինչի՞ն էր պետք Ադրբեջանի հաղթանակը։ Որպեսզի Ադրբեջանը դառնա Իրանի վրա հարձակումների ցատկահարթակ։ Իսրայելը հաշվարկը կատարել է ոչ միայն Իրանին Ադրբեջանի աշխարհագրական մոտիկությունից ելնելով, այլեւ հաշվի առնելով Իրանում բնակվող բազմամիլիոնանոց ադրբեջանցի բնակչությունը։ Արևմուտքը վաղուց է պլանավորում ադրբեջանական անջատողականություն իրականացնելով Իրանը պայթեցնել ներսից»,- հավելեց Զուրաբյանը։

Իրանը անմիջապես ներգրավված չէ պաղեստինյան պատերազմի մեջ, թեև բոլորը հասկանում են, որ Հայաստանի հետ մեկտեղ կոնսենսուսի «զոհ» է ընտրվել նաև Իրանը։ Իրանը բազմիցս ճանաչել է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»՝ չպաշտպանելով Ղարաբաղին։ Այժմ Իրանը նախաձեռնել է արտգործնախարարների հանդիպում 3+3 ձևաչափով (Վրաստանը մերժել է, ինչը նշանակում է, որ կլինի 3+2)։ Պաղեստինի պատերազմի ֆոնին Իրանը փորձում է պաշտպանվել Ադրբեջանից և Ռուսաստանից, որոնք արդեն պատրաստ են խայթել իր տարածքը։

Իսրայելն արդեն ասել է, որ պատերազմը կարող է տևել ամիսներ և դեռ չի հայտարարել Գազայում ցամաքային գործողության մասին: Թերևս Իսրայելը սպասում է օկուպացված Նախիջևանում և Արցախում այսօր մեկնարկող «թուրք-ադրբեջանական զորավարժությունների» արդյունքներին, որոնք «ուղղված» են և՛ Հայաստանի, և՛ Իրանի դեմ։

Հնարավոր է, որ միաժամանակ Կիպրոսում սկսվի բնիկ բնակչության արտաքսման օպերացիան։ Էրդողանը պատրաստվում է «Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին».

Վրաստանը հրաժարվել է մասնակցել 3+3 ձեւաչափով վաղվա հանդիպմանը

Վրաստանի ԱԳՆ հայտարարել է, որ Վրաստանը չի մասնակցի վաղը Իրանի մայրաքաղաքում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։ «Վրաստանը չի մասնակցում նշված հանդիպմանը և երբեք չի մասնակցել»,- նշել են արտաքին քաղաքականության գերատեսչությունում։

«Այսպես կոչված «3+3» նախաձեռնությունը պատկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում 2021 թվականի դեկտեմբերի 10-ին։ Թուրքիայի հետ միասին դրան մասնակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը և Իրանը։ Վրաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ ռուսաստանյան գործոնի պատճառով չի մասնակցի նշված ձևաչափին»։

Արարատ Միրզոյանը Թեհրանում կմասնակցի «3+3» ձևաչափով տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպմանը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով հոկտեմբերի 23-ին Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ Անի Բադալյանը։

Ըստ նրա՝ այցի ընթացքում նախատեսված են նաև երկկկողմ հանդիպումներ:

Տարածաշրջանային խորհրդակցական հարթակում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, ինչպես նաև Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան։

Քաշաթաղի պատմական Հոչանց գյուղն ու քարեղեն վկաները․ Կորուսված Հայրենիք

Մեծ Հայքի Սյունյաց աշխարհի Աղահեճք գավառի Հոչանց բնակավայրի մասին առաջին անգամ  հիշատակվում է 13-րդ դարի պատմիչ Ստ. Օրբելյանի «Սյունիքի պատմություն» աշխատության մեջ, Աղահեճք գավառի բնակավայրերի ցանկում՝ 12 միավոր հարկաչափով, Հունչաք ձեւով եւ «Ժամանակագրութիւն»-ում՝ Հոչանց ձեւով՝ Տաթեւի վանքին 3450 միավոր հարկաչափով: Դատելով այս հիշատակություններից կարող ենք ասել, որ բնակավայրը եղել է գավառի մարդաշատ, շեն ու հարուստ գյուղերից: Հոչանցի մասին հիշատակել է նաև 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցին: Նա նկարագրում է, որ 17-րդ դարի սկզբին Տաթեւի մեծ անապատից մի խումբ բարձրաստիճան հոգեւորականներ են հեռացել: Նրանցից Կիրակոս եւ Թովմա եպիսկոպոսները, որոնց մասին պատմիչը գրում է մեծ սիրով և ներկայացնում, որպես իսկական սրբեր, եկել են Հոչանց եւ գյուղի մոտ անապատ հիմնել 1621թ., <<․․․տէր Կիրակոսն և Թումա եպիսկոպոսն գնացին յերկիրն Քշտաղս մերձ ի գիւղն Հօչանց, շինեցին անապատ՝ և անդ բնակեցան>>:

1920 թվականին Հոչանցը բռնակցվել է խորհրդային Ադրբեջանին, իսկ 1923 թվականից մինչև 1930 թվականը գտնվում էր Կարմիր Քուրդիստանի, իսկ այնուհետև ԱԽՍՀ Լաչինի շրջանի կազմում։

1993 թվականի գարնանը գյուղն ազատագրվել է, իսկ 1997 թվականից սկսվել է վերաբնակեցման գործընթաց։ 2018 թվականին գյուղում կար 17 տուն, 53 բնակիչ, գործում էր համայնքապետարան, դպրոց ու բուժկետ։

Գյուղի տարածքում և շրջակայքում շատ են հայոց դարավոր գոյությունն այս տարածքում վկայող հուշարձանները՝ եկեղեցիներ, խաչքարեր, ամրոցներ, բնակելի եւ եկեղեցի դարձրած քարայրներ եւ այլն: Հոչանց սարի հարավ –արևմտյան կողմի սարալանջերից մեկի վրա պահպանվել է վաղնջական շրջանի ամրացված բնակատեղի՝ դամբարաններով, պատմական փարախներով, այլ շինությունների հետքերով…

Հոչանց գյուղում պահպանվել է սուրբ Ստեփանոս եկեղեցին։ Եկեղեցու կառուցման տարեթվի մասին հստակ տեղեկություններ չկան, բայց դատելով ճարտարապետական տիպից, այն վերագրվում է 17- դարի երկրորդ կեսին։ Այն  միանավ, թաղածածկ հորինվածքով, անմշակ քարով կառուցված շինություն է։ Եկեղեցին ունի խորան, հյուսիսային պատի մեջ մկրտարանի ավազան։ Միակ մուտքը հարավային կողմից է։ Եկեղեցին ունի չորս լուսամուտ, որոնք բացվում են չորս ճակատներից։ Արևմտյան պատին ագուցված են 3 խաչքարեր՝ 2-ը արձանագիր և մեկ արձանագիր քար, բոլորն էլ եղծված։

19-րդ դարի վերջերին գյուղում հաստատված քրդերը հայկական եկեղեցին օգտագործում էին, որպես անասնակերի պահեստ, իսկ խորհրդային վերջին տարիներին այն ծառայում էր որպես հացի փուռ, և եկեղեցին հարմարեցվել է ըստ դրա, ձևափոխվել, կցվել նոր կառույցներ։ Ազատագրումից հետո, «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից հիմնանորոգվել և 2019 թվականին վերաօծվել է Սբ․ Ստեփանոս եկեղեցին: Տարածքի մաքրման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 10-ից ավելի խաչքար ու տապանաքար, որոնք խորհրդային տարիներին հողով էին ծածկել։

Դատելով եկեղեցու հարևանությամբ գտնվող տների պատերին ագուցված տապանաքարերի կտորներից ու շրջակայքում հայտաբերված տապանաքարերից, կարող ենք ասել, որ տարածքում գոյություն է ունեցել նաև հայկական գերեզմանոց, որն ավերվել է քրդերի կողմից։

Արցախյան երրորդ պատերազմի ռազմական գործողությունների ընթացքում եկեղեցին չի տուժել։ Քաշաթաղի շրջանը կրկին Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո, եկեղեցու վիճակի մասին տեղեկություններ չկան։

Արմինե Հայրապետյան

Կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը. Սպիտակ տուն և ԵՄ

Հոկտեմբերի 20-ին ԱՄՆ-ում ավարտված գագաթնաժողովից հետո Սպիտակ տունը և Եվրամիությունը համատեղ հայտարարություն են տարածել, որում հայտարարել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման իրենց հանձնառությունը։

«Մենք հավատարիմ ենք մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղում մնացածների, ինչպես նաև իրենց տները վերադառնալ ցանկացողների իրավունքներն ու անվտանգությունը։ Մենք նաև կոչ ենք անում բոլոր կողմերին հավատարիմ մնալ ուժի չկիրառման և դրա կիրառման սպառնալիքի սկզբունքին»,- ընդգծվում է հայտարարության մեջ։

Այսօր Հայաստանի հետ պայմանագիր կկնքենք ֆրանսիական զենք տրամադրելու համար․ նախարար

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն ասել է, որ Փարիզը և Երևանը կիրակի օրը կկնքեն համաձայնագրեր ֆրանսիական զենք գնելու վերաբերյալ։ Խոսքը, մասնավորապես, հակաօդային պաշտպանության միջոցների մասին է։ Այդ մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով Le Parisien պարբերականին։

«Հայաստանը պետք է հնարավորություն ունենա պաշտպանել իր քաղաքացիական բնակչությանը և ապահովել իր սահմանների պաշտպանությունը։ Վաղը մենք պաշտոնապես կձևակերպենք Հայաստանի կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ սպառազինությունների ձեռքբերումը՝ պայմանագիր ստորագրելով, որը թույլ կտա Հայաստանին ապահովել իր օդային տարածքի պաշտպանությունը»,- ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը։

 

Երեկվա ակցիայի ժամանակ խոշոր չափով գողությո՞ւն է տեղի ունեցել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում է քննություն՝ հոկտեմբերի 20-ին Երևանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության շենքի դիմաց մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած առերևույթ խուլիգանության, բռնության գործադրման, ինչպես նաև՝ հափշտակության հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հոկտեմբերի 20-ին հաղորդում է ստացվել՝ Երևան քաղաքում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության շենքի բակում հավաքված անձանց կողմից քաշքշոցների, ձեռքերով մեկ անձի մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելու, մոտակայքում գտնվող «Toyota» մակնիշի ավտոմեքենան վնասելու, անհայտ հանգամանքներում ավտոմեքենայի սրահի պահոցից խոշոր գումարի անհետացման, բջջային հեռախոս և պետհամարանիշ վերցնելու վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (անձի, կամ նրա մերձավոր ազգականի, կամ մերձավորի նկատմամբ հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական, կամ հասարակական գործունեության, կամ պարտքի կատարման հետ,) 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը), 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (տուժողի մարմնի վրայից, հագուստից, պայուսակից, այլ պահոցից կամ օբյեկտից խոշոր չափերով գողություն կատարելը) և 456-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելը, շորթելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձևավորվել է քննչական խումբ։ Մեկ անձ՝ Կ․ Շ․-ն (Կարեն Շահրամանյանը,  խմբ), ճանաչվել է տուժող։

Ոստիկանության ծառայողների կողմից դեպքի վայրից մի խումբ անձինք տարվել են Ոստիկանության բաժին, ապա ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։

Որոշում է կայացվել, հանցավոր արարքներ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով, թվով 10 անձի ձերբակալելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է։

Կատարվածի հանգամանքների լիարժեք պարզման շրջանակներում Ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն։

Ո՞ւր են Արցախի պետական ​​բյուջեի միջոցները. վերջակետը դրվա՞ծ չէ

Երեկ Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ երկու հիմնական հարց բարձրացվեց․ Սամվել Շահրամանյանն իրավունք ունե՞ր ստորագրել Արցախի «լուծարման» մասին հրամանագիրը, և որտեղ են Արցախի բյուջեի գումարները։

Առաջին հարցի պատասխանն այնքան էլ հստակ չէր, բայց հնչեց. Շահրամանյանը չի ստորագրել Արցախի պետական ​​մարմինների լուծարման մասին հրամանագիրը, ժողովրդի ստեղծած պետությունը չի կարող լուծարվել ոչ մի փաստաթղթով, իսկ բանակին վերաբերող փաստաթուղթը ստորագրվել է խաղաղ բնակչության կոտորածը կանխելու համար։

Սրանք թեև լիովին հստակ պատասխաններ չեն, բայց ճանապարհ են բացում հետագա գործողությունների համար՝ հաստատելով, որ, ի հեճուկս թշնամիների, Արցախի հարցը ամբողջությամբ փակված չէ։

Հասարակական գործիչ, Ղարաբաղյան պատերազմի վետերան, Արցախի Մարտունու շրջանի բնակիչ Արտակ Բալայանը, ակցիայի ժամանակ Արցախի ներկայացուցչությունում պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ «Արցախի Հանրապետությունը հռչակել է ժողովուրդը և կարող է լուծարվել ժողովուրդի կողմից, դարձյալ հանրաքվեի միջոցով»։ «2000 թվականին իշխանությունները ստեղծեցին «Արցախ» ՓԲԸ-ն և ամեն կերպ շահագործեցին հանրապետությունը՝ հօգուտ իրենց։ Իսկ այս տարվա սեպտեմբերին լուծարեցին իրենց ՓԲԸ-ն։ Այսպիսով, նրանք լուծարեցին իրենց փակ բաժնետիրական ընկերությունը, իսկ Արցախի Հանրապետությունը շարունակում է գոյություն ունենալ»,- ասաց վետերանը։

-Ամեն ինչ ճիշտ է, բայց այդ դեպքում ո՞վ է ղեկավարում Արցախը, ո՞վ է տնօրինում նրա բյուջեն ու պաշտպանում տեղահանված բնակչության իրավունքները։

Հարցը հռետորական չէ, որովհետեւ մինչեւ Հայաստանում հայտնվելը արցախցիները հավաստիացումներ են ստացել, որ մինչեւ տարեվերջ աշխատավարձ ու թոշակ են ստանալու, հետո մի բան կորոշեն։ Բայց պարզվեց, որ բյուջեում փող չկա։ Արցախի իշխանությունները ոչ պաշտոնապես ասում են, որ այդ միջոցները սառեցվել են Հայաստանի կառավարության կողմից՝ Արցախի կառավարության հանդեպ դժգոհություն առաջացնելու համար։ Իսկ Փաշինյանի հետ փոխկապակցված որոշ շրջանակներ պնդում են, որ ամբողջ գումարը Հայաստանը հատկացրել է, սակայն Արցախի ղեկավարությունը յուրացրել է։

Ո՛չ Հայաստանի կառավարությունը, ո՛չ Արցախի իշխանությունները հստակ չեն ասում, թե որտեղ են գումարները, թեև չեն հերքում, որ այդ գումարները սառեցված են։ Ավելին, որոշ ալիքներ հայտնում են, որ Հայաստանի կառավարությունը չի ցանկանում հրապարակավ խոսել Արցախին սուբսիդավորման մասին, քանի որ Ալիևը սպառնացել է Փաշինյանին մեղադրել «ահաբեկչության ֆինանսավորման մեջ»։

Մյուս կողմից, տելեգրամ ալիքներն ասում են, որ «Արցախի բանկային նյութական ակտիվները, ներառյալ կանխիկ գումարը, հայտնվել են ադրբեջանցիների ձեռքում։ Հայաստանի իշխանությունները, որոնք սուբսիդավորել են Արցախը (տարեկան մինչև 150 միլիարդ դրամ), Բաքվին այդ փողերը վերադարձնելու պահանջներ չեն ներկայացնում»։

Երեկ Արտակ Բալայանի հետ հարցազրույցի ժամանակ հետաքրքիր դեպք է տեղի ունեցել. հակափաշինյանական հեռուստաալիքներից մեկի լրագրողը Բալայանին հարցրել է, թե ինչու, եթե ՀՀ կառավարությունն է սառեցրել հաշիվները, արցախցիներն իրենց գումարները չեն պահանջում ՀՀ կառավարությունից։ Բալայանին մի փոքր շփոթեցրեց այս հարցը, քանի որ նա չէր կարող ասել, որ «Հայաստանի կառավարությունը չի սառեցրել միջոցները», բայց և չէր կարող դա ընդունել։ Նրան օգնության հասավ փաշինյանամետ լրատվամիջոցի լրագրողը և հարցրեց. «Գուցե Հայաստանի կառավարությունը սառեցրել է միջոցները, որ Արցախի իշխանությունները չգողանան»:

Անհարմար ստացվեց, բայց Արտակ Բալայանն արձագանքեց. «Հայաստանի կառավարությունը սառեցրել է Արցախի կառավարության բանկային հաշիվները, որպեսզի Ղարաբաղի պաշտոնյաները չթալանեն պետական ​​բյուջեն։ Պարզ չէ՞»:

Հակափաշինյանական լրագրողները շարունակում էին պնդել, որ «Հայաստանի իշխանությունները հատուկ սառեցրել են Արցախի բանկային հաշիվը՝ ներքին տեղահանվածներին աշխատավարձ, թոշակներ և նպաստներ չվճարելու համար»։ Բայց, ըստ Արտակ Բալայանի, Արցախի պետական ​​բյուջեն երկար տարիներ թալանվել է նախագահներ Ղուկասյանի, Սահակյանի և Հարությունյանի և նրանց “կանտորների” կողմից։ Եվ կապ չունի, որ նրանք Բաքվում հետաքննության են ենթարկվում, նրանց “կանտորների” անդամները մնում են իշխանության ղեկին։ Նա ասաց, որ իրավապահ մարմինները, ցանկության դեպքում, կարող են ուսումնասիրել այս հարցը և գտնել անհրաժեշտ ապացույցները։ Բալայանը չի բացառում, որ ՀՀ կառավարությունը ցանկացած պահի, գուցե հաջորդ շաբաթ, կարող է լուծել արցախցիների սոցիալական վճարների հարցը։

Ահա այսպես։

«Ժողովուրդ». Արցախի պաշտոնյաները հրավիրվում են ԱԱԾ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայություն են հրավիրվում Արցախի Հանրապետության պաշտոնյաներ, որոնք, ըստ էության, ԱԱԾ-ում հարցաքննվում են տարբեր քրեական գործերով, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության լուծարման գործընթացով:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում հերթը հասնում է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին, որին եւս նախաքննական մարմինը խիստ հարցադրումներ ունի: Նկատենք, որ արդեն մեկ քրեական գործ կա, որ քննում է Քննչական կոմիտեն:

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հնչեցրած հայտարարությունների ու հաղորդման հիման վրա՝ քրեական գործ է հարուցվել: Վարույթը նախաձեռնվել է երկու հոդվածներով՝ Քրեական օրենսգրքի 550 հոդվածով («Զինվորական պաշտոնեական անփութությունը», որը սահմանում է՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում հրամանատարի կամ պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) եւ Քրեական օրենսգրքի 550 հոդվածով («Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելը կամ թողնելը», որը սահմանում է՝ առանց մարտի հանգամանքներով հարկադրված լինելու հրամանատարի (պետի) կողմից ամրությունը, մարտական տեխնիկան կամ մարտ վարելու այլ միջոցը հակառակորդին հանձնելը կամ թողնելը)։

Կարճ ասած, հող են նախապատրաստում քաղաքական իշխանությունները, որ Բաքվի բանտից եթե Արցախի 3 նախագահները Հայաստան գան, Հայաստանում անմիջապես կալանավորվեն: Ավելին՝ չի բացառվում, որ ԱԱԾ-ի կողմից առաջիկայում կալանավորումներ սկսվեն: Հանրայինին տված իր հարցազրույցում Սամվել Բաբայանը հայտարարել էր, թե ինքը քողարկված բանակցություններ է վարել Ադրբեջանի հետ, ավելին՝ ինչպես ինքը հայտարարեց, որոշ հարցերի շուրջ արդեն համաձայնության են եկել Ադրբեջանի հետ:

«Մենք Ադրբեջանի հետ պայմանավորվել էինք ավտոնոմ ռեսպուբլիկայի շուրջ, կետ առ կետ գրած էր (23 կետ)։ Ադրբեջանը համաձայնել էր»,-ասել էր Բաբայանը: Նա նաեւ ասել էր, որ Արցախի 3 նախագահներն էլ պետք է կալանավորվեն, ու հենց այդպես էլ արեց Բաքուն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում