Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որոշում կայացնելու համար քննարկումներ կանցկացնի

Երեկ երեկոյան Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել․

«Այսօր ամփոփվել են ՀՀ կառավարության հետ բանակցությունները, որի արդյունքում կառավարությունը պատրաստակամություն է հայտնել կատարել հետևյալ քայլերը՝

Երկու ամսով (մինչև հունիսի 1-ը) 40,000 բնակվարձի աջակցություն տրամադրել բոլոր այն տեղահանված անձանց, որոնք մինչև ապրիլի 1-ը եղել են բնակվարձի աջակցության ծրագրի շահառու.

Ձևավորել փորձագիտական խմբեր՝ բովանդակային ու մանրամասն կերպով քննարկելու բնակվարձի աջակցության, բնակարանային և զբաղվածության ծրագրերը՝ առաջարկելու այդ ծրագրերի նշանակալի բարեփոխումներ:

Կառավարության ներկայացուցիչներն ընդունել են, որ այդ ծրագրերը էական բարելավման կաիք ունեն՝ պատրաստակամություն հայտնելով համապատասխան վերանայումները կատարել փորձագիտական խմբերի առաջարկների հիման վրա.

Փորձագիտական խմբերը ձևավորել՝ Խորհրդի ու կառավարության կողմից ազատ ու լիիրավ կերպով ներկայացված մասնագետներից.

Այս փուլում ոչ մի այլ ընդառաջ քայլ չի քննարկվում ՀՀ կառավարության կողմից, որոնք կարող են առնչվել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի՝ մարտի 29-ին հրապարակված պահանջագրի մնացած 11 կետերի կատարմանը:

Կառավարությունն ակնկալում է Խորհրդից այդ ընթացքում հանել Ազատության հրապարակում տեղադրված շտաբ-վրանը և աշխատանքները տեղափոխել մասնագիտական դաշտ:

Այժմ, հաշվի առնելով վերոգրյալ զարգացումները՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարում է՝

Մենք ցանկանում ենք կարևորագույն ու հրատապ հարցերի շուրջ սկսած հանրային քննարկումները շարունակել ավելի լայն ձևաչափով՝ լսելու ժողովրդի տարբեր շրջանակների կարծիքներն ու առաջարկները մեր հետագա որոշումների ու անելիքների շուրջ։

Ուստի, խնդրում ու հորդորում ենք բոլոր շահագրգիռ ու սրտացավ անձանց և կազմակերպությունների ներկայացուցիչներին առաջիկա օրերին ներկայացնել ձեր դիտարկումներն ու առաջարկները՝ թե՛ այցելելով Ազատության հրապարակի վրան և թե՛ գրելով Խորհրդի ֆեյսբուքյան էջին։

Բացի դրանից, Խորհրդի ներկայացուցիչները կկազմակերպեն հանրային հանդիպումներ տարբեր վայրերում՝ լսելու համար հատկապես արցախցիների կարծիքները և համատեղ քննարկելու մեր անելիքները:

Նման ձևաչափով քննարկումների արդյունքների ամփոփումից հետո՝ հաջորդ շաբաթվա ընթացքում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը կհայտարարի միասնական որոշման ու հետագա անելիքների մասին:

Ինչպիսի որոշում էլ կայացնենք համաժողովրդական քննարկումների արդյունքում, մի բան ակնհայտ է, որ մենք շարունակելու ենք մեր իրավունքների պաշտպանության համար պայքարը՝ չբացառելով ՀՀ օրենսդրությամբ չարգելված որևէ միջոցի կիրառում որևէ պահի»:

Փոքր ընտանիքների մեծ խնդիրները։ Ի՞նչ  է կառավարությունը առաջարկում արցախցիներին

Մինչ ՀՀ կառավարությունը անտեսում է արցախահայության սոցիալական խնդիրները, փոխարենը շրջանառության մեջ դնելով նոր սոցիալական ծրագիր, արցախահայությունը կանգնում է լուրջ խնդրի առաջ` աղքատություն, պարտադրված արտագաղթ: Ըստ շրջանառության մեջ դրված նոր սոցիալական ծրագրի աջակցությունը կտրվի այն ընտանիքներին, որոնց ընտանիքի մեկ անդամի հաշվով եկամուտը չի գերազանցում 55.000 ՀՀ դրամը:

Սակայն ծրագիրը ունի մի շարք բացեր և ուղղված չէ արցախահայության սոցիալական խնդիրների թեթևացմանը: Step1.am կայքը զրուցել է միջին վիճակագրական արցախյան մի քանի ընտանիքների հետ, որոնք բնակվում են թե Երևանում, թե մարզերում:

Եւ այսպես, Կոտայքի մարզում ապրող տիկին Գայանեի ընտանիքը բաղկացած է 3 հոգուց, ընտանիքում չունեն անչափահաս երեխաներ, աշխատում է ամուսինը, տղան նոր մասնագիտություն է սովորել, սակայն վարձակալության բարձր գների պատճառով, որպես սկսնակ, չի կարող դեռ տարածք վարձակալել:

«Տղաս նոր արհեստ է սովորել, հիմա տարածք ենք փնտրում, որ սկսի աշխատել, ոտքի կանգնենք, բայց տարածքի վարձակալության գումարները գրեթե տների վարձակալության գներին են հասել: Ես էլ ամբողջ կյանքս գլխավոր հաշվապահ եմ աշխատել, հիմա որտեղ դիմում եմ, ասում են մինչ 45 տարեկան պետք է լինեմ, ես էլ 50 տարեկան եմ: Հիմա մինչև թոշակս 13 տարի դեռ կա, բայց աշխատանք` չկա»:

Երևանում ժամանակավոր բնակություն հաստատած տիկին Ռուզաննայի ընտանիքի կազմված է 2 հոգուց` ինքը և աղջիկը: Տարիներ առաջ նրա ամուսինը մահացավ ավտովթարից։ Ի հակառակ ՀՀ կառավարության առաջ քաշած թեզի, որ արցախցիները չեն աշխատում, տիկին Ռուզաննան և աղջիկը աշխատում են, ընհանուր եկամուտը չի գերազանցում 170.000 ՀՀ դրամը, որի առույծի բաժինը հասնում է 1 սենյականուց, պետական վիճակում գտնվող տան վարձակալության գումարին: Ըստ ՀՀ կառավարության կողմից շրջանառության մեջ դրված ծրագրի, նրանց եկամուտը գերազանցում նախատեսված 110.000 ՀՀ դրամը, ինչի պատճառով ընտանիքը շահառու լինել չի կարող:

«Քաղաքացիություն ենք ստացել, ցանկանում ենք դիմել բնակապահովման ծրագրին, սակայն մեր ընտանիքը կազմված է 2 հոգուց: Ըստ ձեզ, այդ գումարով կկարողանա՞մ գոնե մեկ սենյականոց տուն գնել, Երևանում չէ, գոնե Երևանից դուրս»:

Տիկին Սվետլանան Առաջին ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկի այրի է։ Նրա ընտանիքը երկու հոգուց է բաղկացած` ինքը և որդին: 40+10 սոցիալական օգնության ծրագրի ժամանակ 2 սենյականոց տուն էին վարձակալում, որդին աշխատում էր որպես արհեստավոր, սակայն աջակցության բացակայության պայմաններում ստիպված են արտագղթել․

«2 սենյականոց տուն էինք վարձակալում, հիմա քանի որ աջակցությունը այլևս չկա, փոխել ենք տունը` 1 սենյականոց է, առանց հարմարությունների: Տղաս պետք է գնա Ռուսաստան, մի քանի ամսից ես էլ եմ գնալու, միևնույնն է՝ բնակապահովման ծրագրով տրված գումարով նույնիսկ Չարենցավանում մեկ սենյականոց նորմալ տուն գնել չենք կարող: Ցանկանում էինք Հայաստանում մնալ, որ որդիս ամուսնանար, այստեղ մնայինք, բայց ամեն ինչ արվեց, որպեսզի հեռանանք»:

Այս օրինակները արտացոլում են արցախահության հազարավոր ընտանիքների վիճակը, որոնք մայիս ամսվանից կանգնելու են լուրջ սոցիալական խնդիրների առաջ, այն ընտանիքների, որոնք անկեղծ ցանկություն ունեն մնալ Հայաստանում, բայց ստիպված մտածում են արտագաղթի մասին, իսկ ՀՀ կառավարության կողմից գործող և առաջարկովող ծրագրերը չեն ծառայում արցախահայության խնդիրների լուծմանը:

Արցախի ժողովրդը տեսնում է, որ կառավարությունը առաջարկում է ծրագրեր, որոնք խրախուսում են միգրացիան, կամ աղքատության շեվից ցածր կյանք։ Աշխատատեղերի պակասի, ցածր աշխատավարձերի և վարձակալության բարձր գների ֆոնին, կարծես, կառավարությունը միտումնավոր է դրդում արցախցիներին լքել Հայաստանը՝ իրեն չծանրաբեռնելու համար Արցախի հետ կապված իրավունքների խնդիրներով։

Ալվարդ Գրիգորյան

Մխիթար Գոշի Դատաստանաագիրքը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային հիշողության» գրանցամատյանում

Մխիթար Գոշի՝ 12-րդ դարի օրենքների ժողովածուն (Դատաստանաագիրքը) ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային հիշողության» գրանցամատյանում։

Իսկական հանճարի` մտածողի, գիտնականի, օրենսդիրի և մանկավարժի գրած նրա հավերժական աշխատությունն այժմ աշխարհի ամենաթանկ մշակութային գոհարների շարքն է անցել:

Արցախի ԱԺ-ն սահմանադրական փոփոխությունների նախագիծ է ընդունվել

Այսօր կայացել է Արցախի Ազգային ժողովի նիստ, ընդունվել է սահմանադրական փոփոխությունների նախագիծ, համաձայն որի ապահովվում է պետական ինստիտուտների շարունակականությունը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Խոսքը տարբեր, ոչ սովորական իրավիճակներում օրենքին, սահմանադրությանը համապատասխան կարգավորումներ տալու մասին է։ Հիմա ձևակերպումներն այնպես են արված, որ ցանկացած ֆորսմաժորային իրավիճակում պետական ինստիտուտները կարողանան լուծումներ գտնել, և հետագայում չհամարվի, թե դրանք անօրեն մարմիններ են։ Պետական ինստիտուտները բոլոր առումներով ապահովվում են։ Հույս ունեմ, որ այսօրվա նիստը խթան է հանդիսանալու, որ թե՛ խորհրդարանը, թե՛ նախագի ինստիտուն առավել կենսունակ լինեն»,–ասաց Մետքասե Հակոբյանը։

Նա նշեց, որ նիստին մասնակցել է 30 պատգամավոր, փոփոխությունների նախագիծն ընդունվել է միաձայն։

Պատասխանելով հարցին, ադրյո՞ք դա ենթադրում է, որ Արցախի խորհրդարանի և նախագահի լիազորությունները երկարաձգվել են, Մետաքսե Հակոբյանն ասաց.

«Փոփոխություններով կարող են և շարունակվել նախագահի լիազորությունները, բայց դա չի նշանակում, որ փոփոխությունները դրա համար են արվել։ Փոփոխությունների նախագիծն ընդունվել է բոլոր իրավիճակներում կարգավորումներ մտցնելու համար։ Կարգավորումներից մեկը կարող է լինել նաև լիազորությունների շարունակականությունը, բայց որևէ մեկն այդ առումով վստահ ոչինչ չի կարող ասել»։

Դատախազությունն ընթացք է տվել արցախցիների նկատմամբ ատելnւթյան վերաբերյալ հաղորդմանը

ՀՀ դատախազությունն, օրենքով սահմանված կարգով, ընթացք է տվել արցախցիների  նկատմամբ  ատելության խոսքի  տարածելու վերաբերյալ ներկայացված հաղորդմանը։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Նախօրեին տեղի էր ունեցել բողոքի ակցիա ՀՀ գլխավոր դատախազության մոտ, որի ժամանակ էլ  արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ ընդդեմ արցախցիների գեներացվող ատելության։

Կառավարությունը պետք է նման կարգավիճակով մարդկանց ապահովի սոցիալական բնակարաններով

Շողիկ Պողոսյանն Արցախում գրեթե 40 տարի հաշվապահություն էր անում։ Ծննդով Մարտունու շրջանի Նոր շեն գյուղից է, ապրում էր Ասկերանի շրջանի Շոշ գյուղում։ Միայնակ կնոջ ամբողջ կյանքը Շոշ համայնքի զարգացմանն ու շենացանն էր նվիրված։

Արցախի տեղահանությունից հետո Շողիկը կանգնեց դառն իրականության առաջ մենակ չէր կարող տուն վարձակալել։ Միացավ քրոջ ընտանիքին, որ կարողանար գոյատևել և հարազատների միջավայրում մեղմել հայրենիքի կորստի ցավը։

-Տեղահանությունից հետո միացել եմ քրոջս ընտանիքին, որ կարողանամ գոյատևել։ Ոչ թոշակառու եմ, ոչ էլ երիտասարդ տարիքում, որ հեշտությամբ աշխատանք գտնեմ իմ մասնագիտությամբ։ Ամենուր տարիքային սահմանափակումներ են։ Բոլորովին վերջերս ինձ հաջողվել է աշխատանք գտնել կարի արտադրամասում։ Աշխատավարձը ցածր է, այն էլ տրամադրվում է ուշացումներով։ Աշխատանքն էլ միշտ չի լինում, միայն այն դեպքում, երբ հումք են ստանում ու կանչում։

Ապրիլի 1-ից չեմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կողմից տրվող աջակցությունների ծրագրերում։ Անգամ սոցիալական վերջին ծրագրիը, որ տրվելու է անապահով ընտանիքներին, հասու չէ ինձ, որովհետև գրանցված աշխատող եմ, չնայած աշխատավարձս ցածր է՝ ընդամենը 60000 դրամ։ Այդ գումարով ինչպե՞ս ապրեմ, ինչքա՞ն կարող եմ ապրել բարեկամների մոտ։ Արցախում ես իմ տունն ունեի։ Բնակապահովման ծրագրից ևս չեմ կարող օգտվել, որովհետև ինձ տրամադրվելու է 3 կամ 4 մլն դրամի հավաստագիր, իսկ դրանով ինչպե՞ս բնակարան ձեռք բերեմ։ Իմ կարգավիճակը թույլ չի տալիս ոչ մի քայլ ձեռնարկել,- ասում է Շողիկը։

Այս խնդրի առաջ կանգնած են հազարավոր արցախցիներ, ուստի անհրաժեշտ է, որ ՀՀ կառավարությունը վերանայի նման կարգավիճակով մարդկանց վերաբերյալ բնակարանային ծրագիրը և նրանց ապահովի սոցիալական բնակարաններով, այլապես այդ ընտանիքները կմնան առանց տանիքի։ Արցախցիների զգալի մասը չի ցանկանում արտագաղթել և ակնկալում է Հայաստանում ապրելու համար լիարժեք ու արժանապատիվ կյանք։ 

 Շողիկ Պողոսյանի համար կարևոր է արցախցիների իրավունքների պաշտպանությունը

 -Մեր խնդիրները մենակ սոցիալական բնույթի չեն։ Մենք ուզում ենք պաշտպանել մեր իրավունքներն ու ապրել արժանապատվորեն։ Սեփական ցանկությամբ չենք թողել մեր երկիրը, ամբողջ կյանքի մեր ստեղծածը։ Արցախցին գտնվում էր ցեղասպանության եզրին ու իր փրկությունը տեսավ Մայր Հայաստանում։ ՀՀ կառավարությունը պետք է հետամուտ լինի արցախցիների սոցիալական խնդիրների լուծմանը, մշակի այնպիսի ծրագրեր, որ հասանելի լինեն տեղահանվածներին։ Ես միանում եմ արցախցիների բարձրացված պահանջներին։ ՀՀ կառավարությունը պետք է կոնկրետ քայլեր իրականացնի արցախցիների հավաքական վերադարձի, հայ գերիների ազատ արձակման գործում։ Արցախի թեման չպետք է փակվի քանի դեռ կանք մենք՝ արցախցիներս։

Շողիկն Արցախի Շոշ համայնքի աշխատակազմի հաշվապահն էր։ 1984ից գյուղի կոլտնտեսությունում էր աշխատում, իսկ 2001-ից մինչև 2023-ի սեպտեմբերի 19-ը՝ համայնքապետարանում։

-Աշխատանքային ժամ էր, երբ սկսվեց հրետակոծությունը։ Դպրոցականներին ու մանկապարտեզի սաներին անմիջապես դպրոցի նկուղ տարան, իսկ Շոշի բնակչությունն ապաստան գտավ համայնքապետարանի շենքի առաջին հարկում։ Գյուղը հրետակոծվում էր՝ անզիջում, անդադար։ Ականանետի պայթյունից դպրոցի բակում վիրավորվեցին 4 շոշեցի, իսկ մի հոգի վիրավորում ստացավ իր տան բակում։

Սեպտեմբերի 19-ի երեկոյան՝ մինչև ատամները զինված ադրբեջանցիները արդեն հայտնվել էին գյուղում։ Պետք է շուտափույթ լքեինք գյուղը։ Ռուս խաղաղապահները եկան, բացատրեցին իրավիճակի վտանգավոր լինելու մասին, ապա բնակչությանը տեղափոխեցին գյուղի տակ գտնվող ռուսական հենակետ՝ ասելով, որ այլևս օգնել չենք կարող։ Մարդիկ, ինչպես կարող էն, հասան Ստեփանակերտ ու տեղավորվեցին նկուղներում։ Բոլորը գիտեն, որ շոշեցիները գյուղից հեռացել են առանց անձնական փաստաթղթերի, հագուստի, դեղորայքի, իսկ հիվանդ մարդիկ շատ կային, որոնք առանց դեղերի պարզապես չէին կարող։ Անասելիի ծանր օրեր էին, երբևէ՝ չջնջվող մեր հիշողությունից։ Ամեն օր մտովի Շոշում եմ, երազում եմ տուն գնալ։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Փաշինյանը խոստովանեց, որ ինքն է օտար քաղաքական գործիչներին խնդրում չպաշտպանել Հայաստանի շահերը

Հայաստանը բացասական հետևանքներ է ունենում որոշ արտասահմանյան քաղաքական գործիչների իբր հայանպաստ, բայց իրականում պոպուլիստական ​​հայտարարություններից։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Որոշ երկրներում, որտեղ ընտրություններ են սպասվում, կլինեն թեկնածուներ, ովքեր կհայտարարեն, որ պատրաստ են զոհաբերվել հանուն հայ ժողովրդի։ Ես արդեն ասել եմ մեր որոշ միջազգային գործընկերներին, և ոմանց ավելի կտրուկ կասեմ, որ նրանք բացահայտ անտեսում են մեր երկրի շահերը՝ հանուն իրենց ընտրազանգվածի»,– հավելեց Փաշինյանը։

Կոնկրետ ո՞ւմ հայտարարություններին է ակնարկում Փաշինյանը։ Դժվար է հիշել քաղաքական գործիչների «հայամետ» նախընտրական հայտարարություններ, ասենք, Ռուսաստանում, ԱՄՆ-ում կամ Գերմանիայում։ Նույնիսկ Ֆրանսիայում, կարծես թե, ընտրությունների ժամանակ նման հայտարարություններ չեն հնչում, հատկապես՝ պոպուլիստների կողմից։ Թեկուզ միայն այն պատճառով, որ հայկական թեման հազիվ թե կարելի է պոպուլիստական անվանել։

Թերևս Փաշինյանը նկատի ունի Եվրախորհրդարանի, Շվեյցարիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի խորհրդարանների բանաձևերը, որոնք իսկապես պաշտպանում են հայկական շահերը։ Կամ ԵԽ նախագահի վերջին հայտարարությունը, ով Ալիեւին մեղադրել է Արցախում էթնիկ զտումների եւ եվրոպական կառույցների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ։ Իսկ գուցե Փաշինյանը նկատի ունի Գերմանիայի նախագահ Շտայնմայերի՝ Երեւանում արած հայտարարությունն ու Արցախի դրոշով X-ում նրա գրառումը։

Հայաստանի իշխանությունը լավագույն դեպքում ձևացնում է, թե նման հայտարարություններ չկան և «շունը հաչում է, քարավանը առաջ է գնում»։ Բայց շատ դեպքերում Փաշինյանն անձամբ կամ իր “դիվանագետների” միջոցով եվրոպացի քաղաքական գործիչներին կոչ է անում չպաշտպանել Հայաստանի շահերը՝ “սպառնալով” պատերազմով։ Այդպես էր 2023 թվականին, երբ Փաշինյանի դիրքորոշումը խանգարեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գումարմանը։ Սրանից հետո Մակրոնը հայ համայնքի հետ զրույցում խոստովանել է, որ խնդիրները պետք է փնտրել Հայաստանի կառավարությունում։ Նույնը եղավ Փաշինյանի՝ Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ համատեղ ասուլիսում, երբ գերմանացին հայտարարեց ինքնորոշման իրավունքի մասին, և Փաշինյանը չնկատելու տվեց այս հայտարարությունը՝ շեշտը դնելով միայն տարածքային ամբողջականության վրա։

Այս բոլոր հայտարարությունները կապված չէին պոպուլիզմի կամ ընտրությունների հետ, և դրանք կյանքի չկոչվեցին Հայաստանի իշխանության դիրքորոշման պատճառով։

Հիմա Փաշինյանը բացահայտ խոստովանում է, որ ինքն է մեղավորը, ու ասում, որ այսուհետ եւս ոչ մեկին թույլ չի տա պաշտպանել հայ ժողովրդի շահերը։ Որ հանկարծ չպարզվի՝  Հայաստանը դաշնակից ունի։

Արցախցիներին ևս 2 ամիս 40 հազարական դրամ կտրամադրեն

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներն այսօր հերթական անգամ հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ։ Հանդիպումից հետո խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը լրագրողներին ասաց, որ համաձայնության եզրեր այնուամենայնիվ կան։

«Կառավարությունը պատաստ է եւս երկու ամսով երկարաձգել 40 հազար դրամ աջակցությունը։ Այսինքն՝ կարելի է ասել, որ հետքայլը եղել է մասնակի․ 50 հազար դրամ աջակցության ծրագրի մասին խոսք լինել չի կարող, միայն 40 հազար դրամ յուրաքանչյուր անձի համար։ Զուգահեռ պատրաստ են ձեւավորել մասնագիտական խմբեր, կքննարկենք սոցիալական ծրագրի վերաբերյալ հարցեր, բնակարանային ծրագրի վերաբերյալ բոլոր հարցերն ու դիտարկումները։ Իրենք պատրաստ են, իհարկե, ընդունել են, որ ձախողված է ծրագիրը, փաստերը ներկայացրել ենք թվերի տեքով»,- ասաց նա։

Պատմամշակութային ժառանգության հարցով եւս կառավարությունը պատրաստ է աշխատանքային խումբ ձեւավորել եւ քննարկումներ իրականացնել։ Նժդեհ Իսկանդարյանն ասաց, որ պահանջագրի մնացած 11 կետերը կառավարությունը չի քննարկել։

«Մենք այսօր պետք է հանրահավաքի մասին հայտարարությամբ հանդես գայինք, բայց հիմա բնականաբար մեզ եւս 2-3 օր անհրաժեշտ է մեր արցախցի հայրենակիցների, մտահոգ քաղաքացիների հետ հանդիպումներ կազմակերպել՝ հասկանալու համար այս ծրագրի վերաբերյալ իրենց դիրքորոշումը որն է, որից հետո խորհուրդը հանդես կգա վերջնական հայտարարությամբ»,- ասաց Նժդեհ Իսկանդարյանը։

Նա հավելեց, որ կառավարության նախապայմանն ուժի մեջ է, այսինքն՝ պահանջում են Ազատության հրապարակից հանել վրանը։

«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակում քննարկվել է Շվեյցարիայի պարլամենտի որոշումը

Նախորդ շաբաթ գումարված «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի նիստում քննարկվել է Շվեյցարիայի Դաշնային ժողովի վերին պալատի՝ Կանտոնների խորհրդի, «Խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղի համար․ հնարավորություն տալ հայերի վերադարձին» որոշումը:

Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչ Սարգիս Շահինյանը մանրամասնել է որոշման գործընթացը։ Նկատի ունենալով, որ այս որոշումը պարտավորեցնում է Շվեյցարիայի կառավարությանը մեկ տարվա ընթացքում գումարել Ադրբեջանի և արցախահայության ներկայացուցիչների միջև միջազգային ֆորում՝ միջազգային անվտանգության երաշխիքների ներքո խթանելու արցախահայության վերադարձի իրավունքը՝ Շահինյանը ներկայացրեց հավանական գործընթացի կարելիությունները։

Այնուհետեւ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է արցախահայերի վերջին օրերի նախաձեռնությունները, Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված հանձնախմբի աշխատանքները։

Հարթակի անդամները որոշել են առաջիկայում իրենց համայնքներում նախաձեռնել միջոցառումներ։

Վերոնրշյալ նիստում «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը որոշել է նաեւ բաղոքի նամակ հղել Վատիկանի Գրեգորյան համալսարանի տնօրինությանը՝ ապրիլի 10-ին Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանության և ադրբեջանական որոշ կազմակերպությունների նախաձեռնությամբ կազմակերպած «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» վերտառությամբ միջոցառման նախաձեռման համար, որտեղ ջանք է թափվել ամբողջապես ժխտել հայկական քրիստոնեական ներկայությունն Արցախում։

Որոշվել է յուրաքանչյուր համայնք նույնաբովանդակ բողոք-նամակ հղի Վատիկան՝ պահանջելով արդարության և իրականությանը համապատասխան հայտարարություն։

Անթալիայից հետո Ռուբեն Ռուբինյանը ուղիղ մեղադրեց Քոչարյանին և Սարգսյանին

«Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը մեծագույն դերակատարություն եւ մեղք ունեն Լեռնային Ղարաբաղի հայաթափման հարցում։ Եվ դրա վերջին արարն այն էր, երբ իրենք ԼՂ-ում իրականացրեցին իշխանափոխություն, եւ դրանից շաբաթներ կամ օրեր անց ԼՂ-ն հայաթափվեց»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նախկիներին մեղադրելուց հետո Ռուբինյանն ասաց, որ ՔՊ-ն ամեն ինչ անում էր, որպեսզի ԼՂ ժողովուրդը կարողանար անվտանգ ապրել ԼՂ-ում։ «Բայց հետո եղավ այն, ինչ եղավ։ Այն ժամանակ մեր քաղաքականությունը միտված էր նրան, որ ԼՂ ներկայացուցիչներն ուղիղ բանակցեն Ադրբեջանի հետ՝ ԼՂ ժողովրդի անվտանգության եւ իրավունքների շուրջ»,- հավելեց նա։

Լրագրողները հիշեցրին, որ Բաքուն այդ բանակցությունների ժամանակ պարտադրելու էր լուծարել Արցախն ու ինտեգրվել Ադրբեջանին, դա՞ էր ՔՊ-ի առաջարկած օրակարգը, Ռուբինյանը պատասխանեց․ «Ներողություն, իսկ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կողմից ԼՂ-ում իշխանափոխության իրականացումից հետո էդ լուծարումը տեղի ունեցավ, թե՞ տեղի չունեցավ։ Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը մենք ենք ստորագրե՞լ, թե՞ իրենք»։ Դիտարկմանը, որ Արցախի իշխանությոնները եւ տարբեր գործիչներ հայտարարել են, որ այդ փաստաթուղթն առոչինչ է, մեկ անձը չի կարող ժողովրդի հանրաքվով հաստատված հանրապետություն լուծարել, Ռուբինյանը պատասխանեց․ «Մարդիկ բան են ստորագրել, ի՞նչ է նշանակում առոչինչ է»։

«Հիմա դուք լսե՞լ  եք ԼՂ էլիտայի որեւէ ներկայացուցիչ, որ խոսի անկախության մասին։ Իրենք խոսում են ԼՂ ժողովրդի իրավունքների մասին։ Այսինքն՝ երբ ԼՂ ժողովուրդն այնտեղ էր, եւ մենք առաջակում էինք խոսել դրա մասին, իրենք մեզ ասում էին՝ դավաճան։ Հիմա, երբ ԼՂ-ում էթնիկ զտում է իրականացվել, եկել են մեր ասածին։ Ես ուզում եմ ԼՂ մեր ժողովրդին, որոնք մեր քույրերն ու եղբայրներն են, ասել, որ ՀՀ կառավարությունը ոչ մի հակաղարաբաղյան սենտիմենտ չունի, եւ թող հեռու ուղարկեն իրենք այս ավանտյուրիստներին, որոնք փորձում են հակադրություն մտցնել Հայաստանի կառավարության եւ ԼՂ ժողովրդի միջեւ»,- ասաց Ռուբինյանը։

Լրագրողները հարց տվեցին՝ եթե իշխանությունները չեն թիրախավորում արցախցիներին, ինչո՞ւ են ասում՝ «միտինգի մատերիալ», «մսացու»։ Ի պատասխան Ռուբինյանն ասաց․ «Ինչո՞ւ եք խեղաթյուրում՝ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ասում էր, որ արցախցիները միտինգի մատերիալ են, այլ ասում էր՝ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու իրենց խմբակները փորձում են ԼՂ ժողովրդին դարձնել միտինգի մատերիալ։ Համաձայնեք՝ դրանք տարբեր բաներ են»։

«Երկիրն այնքան հանգիստ էր թվում». Քեթի Փերին խոսել է իր տիեզերական ուղևորության մասին

Ամերիկացի հայտնի երգչուհի Քեթի Փերին պատմություն է կերտել որպես առաջին ամբողջովին իգական ենթաօրբիտալ թռիչքի մասնակից, որը տեղի է ունեցել Ջեֆ Բեզոսի հիմնադրած Blue Origin ընկերության հրթիռով:

Քեթի Փերին միացել է մի խումբ կանանց, ովքեր թռչել են Տեխասից արձակված New Shepard հրթիռով: Թռիչքի գրեթե 11 րոպեի ընթացքում անձնակազմի հետ պարկուճը հատել է Կարմանի գիծը՝ Երկրից 100 կիլոմետր բարձրության վրա, ինչը տիեզերքի պաշտոնապես ընդունված սահմանն է:

Փերիին տիեզերք գնալուց են միացել նույնքան հայտնի կանայք՝ լրագրող և Բեզոսի հարսնացուն Լորեն Սանչեսը, CBS Mornings-ի հաղորդավար Գեյլ Քինգը, ակտիվիստ Ամանդա Նգուենը, NASA-ի նախկին աշխատակից Այշա Բոեն և պրոդյուսեր Քերիան Ֆլինը:

Փերիի զգացմունքներն այնքան ուժեղ են եղել, որ նա կատարել է հայտնի What a Wonderful World երգի մի մասը տիեզերքում։ «Երկիրն այնքան հանգիստ էր թվում, այնքան հանգիստ… Մենք բոլորս այստեղ ենք միասին», – կիսվել է Բեզոսի հարսնացուն Լորեն Սանչեսը՝ չթաքցնելով իր հուզմունքը:

Իշխանությունը չկարողացավ արցախցիների բողոքը վերածել ներազգային առճակատման

Լուսանկարը՝ Մարիամ Սարգսյանի

Այսօր լրանում է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից ՀՀ կառավարությանը տրված ժամկետը։

Կառավարությունն այս ընթացքում արձագանքեց՝ 3000 արցախցի ընտանիքներին սոցիալական աջակցության փոքր փաթեթ տրամադրելով և 50 հազարանոց ծրագիրը ևս մեկ ամսով շարունակելու դիմաց վրանը Ազատության հրապարակից հանելու անպարկեշտ առաջարկով։

Սա որպես պատասխան արցախցիները չընդունեցին։ Առավել ևս, որ վերջին երկուսուկես շաբաթվա ընթացքում հնչել են արցախցիների հիմնական պահանջները՝ պահանջագրեր են ուղարկվել կառավարություն և արտաքին գործերի նախարարություն, հանդիպումներ են եղել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, ծանուցումներ են ուղարկվել գլխավոր դատախազություն՝ Արցախի ժողովրդի նկատմամբ ատելություն սերմանելու փաստերի առթիվ, ՀՀ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ քննարկել են Արցախի ներկայացուցիչների հետ հայ ժողովրդի իրավունքների համար պայքարը, իսկ հայկական ԶԼՄ-ը մի քանի քննարկումներ են կազմակերպել այս հարցերի շուրջ արցախցիների մասնակցությամբ։

Մարտի 29-ի բավականին բազմամարդ հանրահավաքին հաջորդած գործողությունները, հայտարարություններն ու հնչեցրած տեքստերը ձևավորեցին Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքների տեղեկատվական որոշակի շղարշ։ 2020 թվականից ի վեր այդ իրավունքները չեն բարձրաձայնվել կամ հանգեցրել են առճակատման, սակայն արցախցիների գործողությունները ցույց են տվել, որ այդ իրավունքները չեն վերացել։ Եվ բաց վերքը թաքցնելու բոլոր փորձերը միայն կհանգեցնեն դրա քայքայմանը և ամբողջ մարմնի թունավորմանը:

Այս անգամ ևս փորձ արվեց բարձրաձայնված իրավունքները թաղել կեղտոտ ատելության ալիքի տակ, սակայն արցախցիներին հաջողվեց զսպել այս ալիքը։ Նախ հավաքագրվել են ատելության հրահրման փաստերը և փոխանցվել դատախազություն։ Երկրորդ, ինչպես ասվեց երեկվա հանրահավաքում, արցախցիները կոչ են արել հենց իրավապահներին և Հայաստանի այլ մարմիններին բացահայտել և վերադարձնել Արցախի ժողովրդից թալանվածը, ոչ թե հասարակ ժողովրդին սադրել նախկին պաշտոնյաների դեմ։

Բայց ամենակարեւորն այն է, որ արցախցիները կոնկրետ քաղաքական ու իրավական պահանջներ են առաջադրել, ինչին «Հայաստանի» անունից արձագանքել է հայտնի Պետրոս Ղազարյանը։ Երեկ Հանրային հեռուստատեսությամբ տեղի ունեցավ նրա հարցազրույցը Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ, և Պետրոսն ամեն խոսքի հետ պնդում էր, որ արցախցիների իրավունքների բարձրաձայնումը կարող է հանգեցնել Հայաստանի կորստի։

Հայաստանի ներկայիս իշխանության որոշ ներկայացուցիչներին բնորոշ վախկոտ կոլաբորացիոնիզմը լիովին դրսևորվում էր Պետրոս Ղազարյանի կերպարում, որը հեքյաթի կկու նման փորձում էր արցախցիներին «համոզել» ինքնակամ դուրս թռնել բնից։ «Դուք հասկանում եք, որ խոսելով ձեր իրավունքների մասին, պահպանելով ձեր իշխանությունները՝ վտանգի եք ենթարկում Հայաստանը»,- հարցնում էր Պետրոս Ղազարյանը՝ ակնարկելով, որ Հայաստանի իշխանությունները հազիվ են պայմանավորվել «խաղաղության պայմանագրի» շուրջ և չեն կարող ավելին անել Արցախի ժողովրդի համար։

Գեղամ Ստեփանյանը սրան ի պատասխան չասեց, որ «չկարող» իշխանությունները պետք է հեռանան։ Բայց արցախցիների առավոտյան ակցիան Հայաստանի ԱԳՆ-ում հենց այս մասին էր։ Արցախցիները ցուցադրաբար այրել են ՀՀ կառավարության ծրագիրը, որը ինքը կառավարությունը կտրականապես հրաժարվում է իրականացնել։

ԱԳՆ-ի դիմաց տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հասարակական գործիչ Նարե Սիմոնյանը նշել է. «Երբ 2021-ին իշխանությունը գնում էր արտահերթ ընտրությունների, և նրանք քվեների կարիք ունեին, իրենց նախընտրական ծրագրում ոչ միայն չասեցին, որ պատրաստվում են հանձնել Արցախի մնացած մասը, այլև նշել են, որ մտադիր են դեօկուպացնել Շուշին և Հադրութը»։

Արտաքին գործերի նախարարությանը հղած միջնորդությամբ արցախցիները պահանջում են «դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբին, խնդրելով իր միջազգային մանդատի շրջանակներում սկսել միջազգային ընթացակարգ՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորմանը և վերը նշված պայմաններով Արցախի ժողովրդի վերադարձը հայրենիք ապահովելուն»։ Սա է գլխավոր պահանջը։

Արցախի ժողովրդի առաջադրած պահանջներին Հայաստանի իշխանությունը որեւէ հակափաստարկ չի ներկայացրել։

Նաիրա Հայրումյան