Փետրվարի 26-28-ը սպասվում է ձյուն և ցուրտ եղանակ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ փետրվարի 26-28-ը Հայաստանում սպասվում է ձյուն, ճանապարհներին ցածր տեսանելիություն, մերկասառույց և փոթորկային քամի (18-23 մ/վ)։
Կանխատեսման համաձայն՝ ջերմաստիճանը կնվազի 8-12 աստիճանով։
Փետրվարի 26-ին Շիրակում, Գեղարքունիքում և Լոռիում ջերմաստիճանը կլինի +6°C, Կոտայքում՝ +12°C, Տավուշում և Արագածոտնում ՝ +12°C, Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորում՝ +15°C, իսկ Սյունիքում՝ +14°C։
Ձյուն և ուժեղ քամի է սպասվում նաև Երևանում։ Հայաստանի մայրաքաղաքում այսօր ջերմաստիճանը կբարձրանա մինչև +14°C։

Փաշինյան․ Արցախի, Սյունիքի և Նախիջևանի հանձնումը ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի կոնսենսուսն էր

Նիկոլ Փաշինյանը, Վարշավայում ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև «դեռ չկայացած խաղաղությունը», նշեց երեք հիմնական հանգրվան՝ Պուտինի օգնությամբ ռազմական գործողությունները դադարեցվեցին 2020-2024 թվականներին, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Շառլ Միշելի և Մակրոնի միջնորդությամբ որոշվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները պետք է լինեն «սովետական»՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի, իսկ 2025 թվականի օգոստոսի 8-ին Թրամփի միջնորդությամբ նախաստորագրվեց համաձայնագիր, որը ևս հղում էր կատարում Ալմա-Աթայի հռչակագրին։ 

Նա չբացատրեց, թե ինչու Պուտինը 2020-ին չհիշատակեց «խորհրդային սահմանները». Փաշինյանը “լռեց” այն մասին, որ Պուտինը ինքը խախտել է այդ «խորհրդային սահմանները» 2014-2022 թվականներին՝ անեքսիայի ենթարկելով Ուկրաինայի տարածքները։ Սակայն Հայաստանի դեպքում էական է, որ Պուտինը, Թուրքիա-Հայաստան-Ռուսաստան-ԱՄՆ-ԵՄ կոնսենսուսի պայմաններում, կատարեց հատկապես կեղտոտ աշխատանքի իր բաժինը. 2020-2024 թվականներին, Արցախում իր զորքերի ներկայությամբ, կանխեց հայ ժողովրդի դիմադրությունը և ապահովեց «խաղաղություն» Ղարաբաղում՝ առանց հայերի և հայկական իրավունքների։

Արցախում, Սյունիքում և Նախիջևանում հայեր չպետք է լինեն, որպեսզի տարածաշրջանի՝ Կարսի ռուս-թուրքական պայմանագրից դուրս գալու վերաբերյալ միջազգային կոնսենսուսը անսասան լինի, և որպեսզի հայերը առաջ չքաշեն իրենց իրավունքները։ Հայաստանի «խորհրդային սահմանները» և Նիկոլ Փաշինյանի երկաքե քարտեզը, զուգորդված նոր պատերազմի սպառնալիքների հետ, պետք է օրինականացնեն Հայաստանում նոր սահմանները՝ Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում։
Բաքուն «լուծում է» արդեն հայաթափված Նախիջևանի հարցը՝ փոփոխելով Նախիջևանի Սահմանադրությունը և վերացնելով նրա 100-ամյա հայկական ինքնավարությունը։ Պուտինը նպաստեց Արցախի հարցի լուծմանը՝ դրա հայաթափման միջոցով։ Ինչ վերաբերում է Սյունիքին, ապա Թրամփն արդեն իր անունով է անվանել հայ-իրանական սահմանը, և հիմա ԱՄՆ-ն կորոշի՝ Սյունիքը հանձնել ռուսներին, թե՞ թուրքերին, հայերով թե՞ առանց հայերի։

Փաշինյանը Լեհաստանում ընդգծել է, որ խաղաղության ճարտարապետությունը հիմնված է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա և խաղաղության գործընթացն իր գագաթնակետին է հասել օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շրջանակի մասին ընդունված համատեղ հռչակագրի ստորագրմամբ:

Նա հիշեցրել է նաև 2022-ի հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հրավերով հանդիպումը, որտեղ Հայաստանը և Ադրբեջանը որոշեցին ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և քաղաքական անկախությունը՝ հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա։

Փաշինյանը նաև հիշեցրել է, որ 2020-ի նոյեմբերին ՌԴ նախագահի դերը վճռորոշ եղավ Ադրբեջանի հետ հրադադարի հարցում։։ «Մենք որևէ պլան, ծրագիր կամ մտահոգություն չունենք՝ կապված ռուսական ռազմաբազայի Հայաստանում ներկայության հետ», ասել է Փաշինյանը։

ԵԱՀԿ Մինսկի խումբը գոյություն է ունեցել 30 տարի՝ հարցը հասցնելով “լուծնան” 2020 թվականին, ապա արդարացնելով ցեղասպանությունն ու ուժի կիրառումը՝ այս բարդ խնդիրը լուծելու համար։ Բարդ, քանի որ նոր «աշխարհակարգի» հիմքը կախված էր Արցախի հարցի լուծումից, իսկ Ռուսաստան-ԱՄՆ-ԵՄ արյունալի կոնսենսուսը, որի մսսին Փաշինյանը անխոնջորեն հիշեցնում է, մատնանշում է ապագա աշխարհակարգի անմարդկային բնույթը։

Իրանի նախագահը Պապիկյանին. ողջունում ենք Երևանի և Բաքվի միջև «խաղաղության համաձայնագիրը»

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որը գործուղվել էր Իրան՝ այդ երկրի դեմ ԱՄՆ-ի կողմից սպասվող ռազմական գործողության ֆոնին, եթե դիվանագիտական ​​լուծումները ձախողվեն, քննարկել է երկկողմ համագործակցությունները Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ և ընդգծել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական ​​միջոցներով թուլացնելու կարևորությունը։

Պապիկյանը նաև հանդիպել է Իրանի պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի հետ։

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավին զգուշացրել է, որ ռազմական ագրեսիայի վերսկսման դեպքում Իրանը ծանր կորուստներ կպատճառի ցանկացած հակառակորդի՝ անվանելով Իրանը և Հայաստանը խորը պատմական կապեր ունեցող վաղեմի հարևաններ։

Նա նշել է, որ տարածաշրջանային երկրների միջև համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, և վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը ընդլայնել ռազմական համագործակցությունը Հայաստանի զինված ուժերի հետ։

Մուսավին հայտարարել է, որ տարածաշրջանային սահմաններից դուրս գտնվող ուժերի առկայությունը հակասում է տարածաշրջանի ժողովուրդների շահերին և անկայունության ու անապահովության պատճառ է։

Պապիկյանին ընդունել է նաև Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը, ով ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը, հաղորդում է նախագահի աշխատակազմը։

Նա նաև վերահաստատել է Թեհրանի վճռականությունը՝ ավարտելու Հայաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մշակումը՝ ընդգծելով երկու հարևան երկրների միջև տնտեսական և տարանցիկ համագործակցության ընդլայնման կարևորությունը։

Իսկ այդ պահին Երևանում Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրգոլամին չի բացառել Երևանի հետ նոր համատեղ զորավարժությունների անցկացումը, որոնք կարող են ավելի մեծ մասշտաբի լինել, քան անցյալ տարվա ապրիլյան հատուկ նշանակության ուժերի զորավարժությունները երկու երկրների սահմանին։

Շիրգոլամին հայտարարել է, որ Երևանի և Թեհրանի միջև ռազմական համագործակցությունը արագ զարգանում է, ինչի մասին վկայում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Իրան կատարած ներկայիս այցը։

Այս այցը վաղուց էր պլանավորված, և կողմերը մտադիր են քննարկել նոր ոլորտներ և ծրագրեր, հավելեց իրանցի դիվանագետը։

Նա ասաց, որ պաշտպանական համագործակցությունը հիմնված է սահմանների անձեռնմխելիության և երկու երկրների տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։

Իրանի նախագահի հայտարարությունը, որով նա ողջունվում է Երևանի և Բաքվի միջև «խաղաղության համաձայնագիրը» և պաշտպանական ու տնտեսական համագործակցությունը ընդլայնելու պատրաստակամությունը, ցույց է տալիս, որ Իրանը պատրաստ է ընդունել տարածաշրջանում սահմանային բաժանման ամերիկյան ծրագիրը, որը հիմնված է ոչ միայն «Ալմա-Աթայի հռչակագրի», այլև «Թրամփի ճանապարհի» վրա։ Այս ճանապարհը, ըստ էության, կանցնի հայ-իրանական սահմանի ողջ երկայնքով և գուցե կարգելափակի Հայաստան-Իրան կոմունիկացիաները։

Իրանը նախկինում դեմ էր տարածաշրջանում «աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությանը», սակայն այժմ համաձայն է «փոխզիջման»։

ՄՈԳ. միջին որակակա՞ն, թե՞ առավելագույն խոչընդոտ

Թևանյան Մարիամ՝ 74,5%, Գասպարյան Դիանա՝ 74,9%, Շահրամանյան Դավիթ՝ 74,8%, Սահակյան Սոֆիա՝ 74,7%, Սահակյան Ռոման՝ 74,5%…

Սա պարզապես անունների ու թվերի շարք չէ։ Սա 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն ուսանողների շարունակական ցանկի մի հատվածն է, որոնց ճակատագիրը որոշվել է ընդամենը մի քանի տասնորդականով։ Նրանք չեն հաղթահարել սահմանված 75% Միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը և, հետևաբար, զրկվել են ուսման վարձից ազատվելու հնարավորությունից։

2023 թվականի սեպտեմբերից հետո տեղահանված ուսանողներին աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է մի շարք ծրագրեր։ Մասնավորապես, 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1762-Լ և դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշումներով սահմանվեցին կարգավորումներ, որոնք միտված էին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված միջին մասնագիտական և բուհական կրթություն ստացող ուսանողների ինտեգրմանը Հայաստանի կրթական համակարգում։ Այս որոշումները կարևոր նշանակություն ունեցան՝ ապահովելով կրթության շարունակականությունը և մեղմելով ընտանիքների ֆինանսական բեռը։

Սակայն հետագա փոփոխությունները ստեղծեցին նոր դժվարություններ։ Եթե սկզբնական շրջանում սահմանված ՄՈԳ-ի շեմը 65% էր և հարաբերականորեն հաղթահարելի, ապա դրա բարձրացումը՝ մինչև 75%, դարձավ լուրջ խոչընդոտ բազմաթիվ տեղահանված ուսանողների համար։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շեմի բարձրացումը հիմնավորեց բարձր առաջադիմությունը խրախուսելու անհրաժեշտությամբ։ Ըստ պաշտոնական դիրքորոշման՝ այս մոտեցումը պետք է նպաստի ավելի մրցունակ մասնագետների ձևավորմանը։

Համաչափության և արդարության հարց

Այս ամենը ամբողջապես հիմնավոր կլիներ, եթե չլիներ մի հանգամանք՝ այն, որ տեղահանված ուսանողը տեղահանությունից դեռևս 2 տարի անց շարունակում է մնալ խոցելի խումբ և այն, որ ի սկզբանե տեղահանված ուսանողին տրված արտոնություններն ունեն սոցիալական աջակցության բաղադրիչ:

  • Արդյո՞ք ՄՈԳ-ի շեմի իջեցումը մինչև 65% իրականում կխոչընդոտի կրթության առաջադիմությանը։ Թեև առաջին հայացքից կարող է թվալ, որ ավելի ցածր շեմը կարող է բացասաբար ազդել կրթության որակի վրա, այնուամենայնիվ, 65% և 75% շեմերի միջև տարբերությունը չի կարելի գնահատել միայն կրթական չափանիշների տեսանկյունից։ Այս տարբերությունը հատկապես նշանակալի է այն ուսանողների համար, ովքեր հայտնվել են արտակարգ սոցիալական պայմաններում։ Հետևաբար, սա բավարար հիմք է վերանայելու գործող շեմը՝ հաշվի առնելով ոչ միայն ակադեմիական, այլև սոցիալական գործոնները։
  • ՄՈԳ-ի բարձր շեմը հակասում է սոցիալական աջակցության տրամաբանությանը: Տեղահանված ուսանողները շարունակում են բախվել բնակարանային անկայունության, ֆինանսական դժվարությունների և սոցիալական անորոշության հետ։ Այս պայմաններում պետական աջակցության նպատակը պետք է լինի նրանց խոցելիության հաղթահարումը և կրթության շարունակականության ապահովումը։ Երբ աջակցությունը պայմանավորվում է միայն բարձր ակադեմիական ցուցանիշով, այն աստիճանաբար կորցնում է իր սոցիալական նշանակությունը և դադարում է ծառայել իր հիմնական նպատակին։

Հնարավոր տարբերակներից է՝  50% ՄՈԳ-ի դեպքում՝ ուսման վարձավճարի 50% փոխհատուցում, 75% ՄՈԳ-ի դեպքում՝ ուսման վարձավճարի ամբողջական փոխհատուցում։

  • Խնդիրը նաև հավասարության և համաչափության մեջ է։ Տեղահանված ուսանողների և մյուս ուսանողների մեկնարկային պայմանները էապես տարբեր են։ Տեղահանված ուսանողները ոչ միայն կորցրել են իրենց բնակավայրը, այլ նաև դուրս են մնացել իրենց սովորական կրթական միջավայրից, հաճախ ունեցել են ուսումնառության ընդհատում և մինչ օրս կրում են տեղահանության հոգեբանական և սոցիալական հետևանքները։ Այս պայմաններում նրանցից նույն ակադեմիական արդյունքները պահանջելը՝ առանց լրացուցիչ աջակցության մեխանիզմների, փաստացի խորացնում է անհավասարությունը՝ փոխանակ այն մեղմելու։

ՄՈԳ-ից բացի՝ այլ համակարգային խնդիրներ

  • Տեղահանված ուսանողին արտոնյալ պայմաններ տրամադրող բուհերի ցանկը նախապես չհրապարակելը
  • Անհրաժեշտ է բուհերի ցանկի ընդլայնում՝ ներառելով այնպիսի առաջատար բուհեր, ինչպիսին են՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը, Ռուս-հայկական համալսարանը, Եվրասիա Միջազգային համալսարանը, Եվրոպական համալսարանը:
  • Սահմանամերձ գյուղերում ապրող ուսանողներին 30 տոկոս զեղչ է տրամադրվում, իսկ տեղահանված ուսանողի դեպքում, ով նույնպես սահմանամերձ գյուղում է ապրում՝ ոչ, քանի որ համարվում է, որ մշտական բնակիչ չէ, այլ միայն հաշվառված է:
  • Զոհվածի զինծառայողի երեխա համարվող ուսանողից ամեն ուսումնական տարվա սկզբին ՊԲ-ից փաստաթուղթ պահանջելը:
  • ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ միջև տվյալների համապատասխանեցման բացակայության պատճառով 2023-ի սեպտեմբերի 19-ի մարտական գործողություններին մասնակցած ուսանողների վարձի զեղչից զրկվելը:
  • Ուսման վարձավճարների ժամանակավոր չգանձման կամ վերադարձման մեխանիզմի բացակայություն
  • Ուսման վարձավճարի փոխհատուցման ծրագրի շահառուի կարգավիճակի պահպանման ապահովում բուհ կամ կրթական ծրագիր փոխելու դեպքում

Երբ թիվը որոշում է ապագան

 Տեղահանված ուսանողների կրթության ապահովումը միայն կրթական քաղաքականության հարց չէ։ Սա նաև սոցիալական արդարության, հավասար հնարավորությունների և ապագայի հարց է։

Հետևաբար, անհրաժեշտ է ոչ միայն վերանայել ՄՈԳ-ի շեմը, այլ նաև ձևավորել ավելի ճկուն և մարդակենտրոն քաղաքականություն՝ հիմնված տեղահանված ուսանողների իրական կարիքների վրա:

Հաշվի առնելով վերոնշյալ բուհերի կրթական որակը, միջազգային ճանաչվածությունը և առաջադեմ ուսումնական ծրագրերը՝ դրանց ընդգրկումը կնպաստի շահառու ուսանողների կրթական հնարավորությունների ընդլայնմանը։

Պետական կառույցների և ուսանողների միջև ուղիղ երկխոսությունը կարող է դառնալ այս խնդիրների լուծման առաջին քայլը։

Թամարա Հայրապետյան

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հետաքննություն է սկսում Արցախում մշակութային բարբարոսության վերաբերյալ

Center for Truth and Justice

2026 թվականի փետրվարի 25-ին CFTJ-ի ներկայացուցիչ Նարինե Վլասյանը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում կներկայացնի Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ զեկույցը։

CFTJ-ն իր փաստաթղթային ապացույցներն ու իրավական վերլուծությունը կներկայացնի Միջազգային իրավունքի, արդարադատության և հաշվետվողականության հարցերով խորհրդարանական բազմակուսակցական խմբի և Հայաստանի հարցերով խորհրդարանական բազմակուսակցական խմբի անդամներին։ Ուսումնասիրությունը դիտարկում է հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը և աղավաղումը 2023 թվականից ի վեր։

Խորհրդարանական հետաքննությունից առաջ CFTJ-ի զեկույցը կներկայացնի Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում մշակութային ժառանգության ոչնչացման համապարփակ պատկերը, ներառյալ 2020 թվականի պատերազմը և դրան նախորդող տարիները։

Այս իրադարձությունը տարիների փաստաթղթավորման, հետազոտությունների և հարգված միջազգային իրավական փորձագետների հետ համագործակցության գագաթնակետն է։ Սա արտացոլում է CFTJ-ի կողմից ստեղծված ապացույցների հավաստիությունն ու լրջությունը։

Այս աշխատանքը խորհրդարանական հետաքննությանը ներկայացնելը ապահովում է, որ հարցը քննարկվի միջազգային իրավական և քաղաքական շրջանակներում՝ ամենաբարձր մակարդակով։

Նոր մշակութային ավերածություններ Արցախում՝ Փաշինյանի և Ալիևի “մրցանակից հետո”

2026 թ. փետրվարի 4-ին Աբու Դաբի քաղաքում Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը արժանացան ԱՄԷ «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակին՝ իբր «հաստատված խաղաղության» համար։ Այս մասին գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը:

«Մրցանակաբաշխությունը, որը ներկայացվեց որպես տարածաշրջանային հաշտեցման և փոխըմբռնման խորհրդանիշ, իրականում լուրջ հակասություն է առաջացնում տեղում առկա իրողությունների հետ։ Այն պարագայում, երբ Արցախում շարունակվում են հայկական մշակութային և հիշողության վայրերի համակարգված ոչնչացման և ձևափոխման գործընթացները, «խաղաղության» անվան տակ նման պարգևատրումը ոչ թե նպաստում է հաշտեցմանը, այլ ստեղծում է անպատժելիության մթնոլորտ։

Փետրվարի 4-ից հետո արձանագրվել են մշակութային ժառանգության համակարգված վնասման և ոչնչացման նոր դեպքեր։ Մասնավորապես ՝ Արցախի Մոնթեաբերդ (Մարտունի) քաղաքում գտնվող հուշահամալիրը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի (1941–1945 թթ.) և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին։ Օրերս ադրբեջանական սոցիալական հարթակներում տարածվեց տեսանյութ, որը նկարահանված է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում։ Տեսանյութում հստակ երևում է, որ ավերված է Արցախյան պատերազմում զոհվածների գերեզմանոցը։

Գերեզմանոցի ավիրումը պարզապես վանդալիզմի ակտ չէ։ Այն ուղղված է հիշողության ջնջմանը, զոհվածների հիշատակի արժեզրկմանը և համայնքի պատմական ներկայության վերացմանը։

Խաղաղությունը չի կարող կառուցվել ավերված գերեզմանոցների, պղծված սրբավայրերի և ջնջվող հիշողության վրա»,-գրել է նա:

Ընտրությունները և Հայաստանին «ինքնասպանության դրդելը». բոլոր մեթոդները «ընդունելի են», նույնիսկ Էփշտեյնը

Որքան մոտենում են Հայաստանում ընտրությունները, այնքան ավելի ակնհայտ է «ինքնասպանության մղումը», որին դրդում են Հայաստանին, քանի որ, ինչպես սպասվում է, ընտրություններից հետո պետք է սահմանադրական հանրաքվե տեղի ունռնա։ Այս հանրաքվեն կնշանակի, որ հայ ժողովուրդը «կամավոր» կհրաժարվի իր բոլոր իրավունքներից և կսահմանափակվի 29,800 քառակուսի կիլոմետր անօրեն տարածքով, որի հարավային մասը (հայ-իրանական սահմանը) արդեն 99 տարով փոխանցվել է մասնավոր ամերիկյան ընկերության։

Միայն Հայաստանի սահմանադրության փոփոխությունը կարող է թույլ տալ Թուրքիային և Ադրբեջանին հայտարարել իրենց ներկայիս սահմանների «օրինականությունը»։ Եւ միայն եթե Հայաստանը պնդի և վերականգնի իր իրավունքները, կարող է կայանալ նոր, արդար աշխարհակարգ։

Այնուամենայնիվ, այն փաստը, որ Հայաստանին ստիպում են հրաժարվել իր իրավունքներից, նշանակում է, որ նոր աշխարհակարգը ի սկզբանե արդար չի լինի։ Այդ կարգը «հաստատելու» համար օգտագործվում են բոլոր միջոցները, այդ թվում՝ ռազմական գործողությունները և ցեղասպանության սպառնալիքը։ Այս շանտաժին մասնակցող երկրները դառնում են հայ ժողովրդի շարունակական ցեղասպանության մեղսակից։

Նաև ամոթալի մեթոդներ են կիրառվում Հայաստանին իր իրավունքներից զրկելու համար։

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA) այսօր տարածած հայտարարության մեջ նշել է, որ մանկապղծության մեջ մեղադրվող Էփշտեյնի ֆայլերը բացահայտում են նրա հանցավոր ցանցի և Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության ճանաչումը ճնշելու ջանքերի միջև ուղիղ կապը։

Հայտարարության համաձայն՝ 2026 թվականի փետրվարի 11-ին X սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութում Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն խոստովանել է, որ ամերիկացի միլիարդատեր Թոմաս Պրիցկերի հետ իր հանդիպումը, որը փաստաթղթավորված է Արդարադատության նախարարության գործերում, հատուկ կազմակերպված էր «հայկական լոբբիի դեմ» աջակցություն ստանալու համար՝ 2015 թվականի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին։

ANCA-ի տվյալներով՝ օրինաչափությունը հստակ է. ցեղասպանության ժխտումը և «Էպշտեյնի գործերը» առանձին դեպքեր չեն։

«Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հերքել է Հայոց ցեղասպանությունը Անկարայի անունից» Դավութօղլուն օգտագործել է Էփշտեյնի ցանցը՝ Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարելու համար», – ասվում է կազմակերպության հայտարարության մեջ՝ կոչ անելով Թրամփի վարչակազմին ազատել Բարաքին աշխատանքից։

Մինչդեռ, ԱՄՆ Կոնգրեսի 1959 թվականի բանաձևը ճանաչել էր Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Բալթյան երկրները որպես կոմունիստական ​​Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներ: Այս որոշման հիման վրա բոլոր երեք Բալթյան երկրները 1991-ին վերականգնեցին իրենց նախկին պետականությունը, այլ ոչ թե ստեղծեցին նորը: Հայաստանը անտեսում է այս որոշումը, իսկ ներկայիս ԱՄՆ վարչակազմն անամոթաբար «երաշխավորում» է խորհրդային սահմանները Հայաստանի և Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին նախաստորագրված «խաղաղության համաձայնագրում»:

ԱՄՆ-ն նաև անտեսում է նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թվականի նոյեմբերի 22-ի Իրավարար վճիռը Թուրքիայի հետ Հայաստանի սահմանների վերաբերյալ, որը երբեք չեղյալ չի հայտարարվել կամ չի դատապարտվել: Հետագա աշխարհաքաղաքական իրադարձությունների պատճառով այն պարզապես չի իրականացվել:

Ո՞վ է խանգարում Հայաստանի ղեկավարությանը հարցնել ԱՄՆ Պետդեպարտամենտին Վիլսոնի Իրավարար վճիռի վավերականության և արդիականության մասին: Սա անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր կնքելու և պետության սահմանները սահմանելու իրավական հիմք ունենալու համար, ըստ Էստոնիայում բնակվող պատմաբան Ռաֆիկ Գրիգորյանի:

Մինչդեռ, մի քանի տարի առաջ Ռուսաստանի քաղաքացի Ռուբեն Միրզախանյանը հայց էր ներկայացրել ՌԴ դատարան՝ պնդելով, որ 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի համաձայն՝ իր ընտանիքի ունեցվածքը փոխանցվել է Թուրքիային, և ինքը այժմ դրան մուտք չունի։ Նա դիմել է բոլոր դատական ​​​​ատյաններ, և Ռուսաստանի Սահմանադրական դատարանը նրան տեղեկացրել է, որ Կարսի պայմանագրի հարցը Ռուսաստանի իրավասության մեջ չէ, չնայած Մոսկվան է ստորագրել Կարսի պայմանագիրը։ Ռուսական դատարանը նրան խորհուրդ է տվել դիմել միջազգային դատարան։

Օրերս հայտնի դարձավ, որ Միրզախանյանը դիմում է ներկայացրել Միջազգային դատարան՝ 1921 թվականի Մոսկվայի պայմանագրի օրինականությունը վերանայելու համար, և դատարանը ընդունել է նրա հայցը։

Մասնագետների կարծիքով՝ ոչ մի միջազգային մարմին, այդ թվում՝ ՄԱԿ-ի դեպոզիտարիումը, չունի Կարսի պայմանագիր կոչված փաստաթուղթ, չնայած այն է ներկայումս սահմանում Հայաստանի սահմանները, այդ թվում՝ Նախիջևանը։ Եւ պատահական չէ, որ հիմա է Ալիևը Նածիջևանի Սահմանադրությունից հանում Կարսիպայմանագրի հղումը՝ քանի որմինչ օրս նրան դա թույլ էին տալիս։

1921 թվականի մարտի 16-ին ՌՍՖՍՀ-ի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ներկայացուցիչները ստորագրեցին Մոսկվայի պայմանագիրը։ Դրա համաձայն՝ Կարսի մարզը և Սուրմալուի շրջանը զիջվեցին Թուրքիային, իսկ հայկական Նախիջևանը դարձավ ինքնավար մարզ՝ Ադրբեջանի պրոտեկտորատի ներքո։ Միևնույն ժամանակ, Խորհրդային Հայաստանը ապահովեց ավելի քան 29,000 քառակուսի կիլոմետր տարածք, այդ թվում՝ Զանգեզուրը և Լոռին։

Սակայն դեռ 1920 թվականի փետրվարի 24-ին, Ազգերի լիգայի հատուկ հանձնաժողովը, որը ստեղծվել էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանները որոշելու համար, կայացրեց իր վերջնական որոշումը։ Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին, ապա գոյություն ունի միայն մեկ օրինական քարտեզ՝ Ազգերի լիգայի քարտեզը, որի որոշումները դեռևս չեն չեղարկվել: Մնացած բոլոր քարտեզները լիովին անօրինական են:

Ժամանակակից Նախիջևանի Ինքնավար Մարզի՝ Լեռնային Ղարաբաղի տարածքը և հարակից տարածքները, ինչպիսիք են ժամանակակից Քաշաթաղը (Լաչին), Քարվաճառը (Քելբաջար), Շահումյանը, Քարխաթը, Թարթառը, Գետաբեկը, Շամխորի լեռնային մասը և Ակնան (Աղդամի շրջան), որոնք ներկայումս անօրինական կերպով վերահսկվում են Ադրբեջանի կողմից և զբաղեցնում են ընդհանուր 20,000 կմ² տարածք, Ազգերի լիգայի հատուկ հանձնաժողովի կողմից ճանաչվել են որպես Հայաստանի Հանրապետության մաս։

1920 թվականին այս տարածքներում բնակվում էր 450,000 մարդ, որոնցից 320,000-ը (72%) հայեր էին, 40,000-ը՝ (8%) քրդեր, իսկ 90,000-ը՝ (20%) թուրքեր։

Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունները պարտավոր են դիմել Միջազգային դատարան, որը պետք է պատասխանի մեկ շատ պարզ հարցի՝ ո՞ւմ որոշումներն են օրինական Հայաստանի և Ադրբեջանի սահմանների վերաբերյալ՝ Ազգերի լիգայի (ՄԱԿ-ի նախորդի) թե՞ Ռուսաստանի ԿԿ Կովկասյան բյուրոյի որոշումները, գրում է լրագրող Վահրամ Աղաջանյանը։

Ինչպիսի՞ն կլինի եղանակը փետրվարի 25-ին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ փետրվարի 25-ին շրջանների մեծ մասում հնարավոր են տեղումներ. լեռներում՝ ձյուն, հովիտներում և նախալեռներում՝ անձրև և ձնախառն անձրև։

Փետրվարի 25-ից 27-ը հնարավոր են քամու պոռթկումներ մինչև փոթորկային ուժգնությամբ (15-19 մ/վ)։

Փետրվարի 25-ին Շիրակում օդի ջերմաստիճանը կլինի +6°C, Կոտայքում՝ +11°C, Գեղարքունիքում՝ +5°C, Լոռիում՝ +10°C, Տավուշում՝ +14°C, Արագածոտնում՝ +12°C, իսկ Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում և Սյունիքում՝ +15°C։

Երևանում տեղումներ չեն սպասվում, մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +14°C-ի։

Չինաստանը պատրաստ է գերձայնային զենք վաճառել Իրանին. Reuters

Իրանը մտնում է Չինաստանի հետ բանակցությունների վերջին փուլ՝ առաջադեմ հակածովային հրթիռներ գնելու վերաբերյալ, որոնք կարող են զգալիորեն փոխել տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը։

Ռոյթերսի տվյալներով՝ դրանք CM-302 գերձայնային հրթիռներ են, որոնք կարող են հարվածել մինչև 290 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախներին։ Աղբյուրների համաձայն՝ Իրանի և Չինաստանի միջև բանակցությունները գրեթե ավարտվել են, և միայն մատակարարման ժամանակացույցն է մնացել չլուծված։

Ռազմական վերլուծաբանները նշում են, որ եթե գործարքը կյանքի կոչվի, Իրանը զգալիորեն կբարձրացնի իր ծովային կարողությունները։ Սա, առաջին հերթին, վերաբերում է Պարսից ծոցում և հարակից ջրերում ներկայումս գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերին հնարավոր սպառնալիքին։

Բարձրանալու են նաև հաշմանդամություն ունեցող անձանց նպաստները

Բարձրանալու են նաև հաշմանդամություն ունեցող անձանց նպաստները։ Այդ մասին հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Առաջին, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողների, ինչպես նաև միջին, ծանր և խորը ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձանց համար թոշակը կբարձրանա 10 000 դրամով։ 36 000, 37 500 և 39 000 դրամի փոխարեն դրանք դառնալու են 46 000 դրամ, 47 500 և 49 000 դրամ։
Թորոսյանը նաև ընդգծեց, որ պատրաստվում են բարձրացնել զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակները։ Այստեղ բարձրացումները մի փոքր այլ կլինեն․ միջին բարձրացումը մոտ 8000 դրամ կլինի, բայց որոշ դեպքերում էլ կլինի 10 000 կամ 15 000 դրամ։ Որոշ դեպքերում մի փոքր ավելի ցածր կլինի այդ բարձրացումը։ Ըստ նախարարի՝ այս կենսաթոշակները բավականին բարձր են, միջինը մոտ 100 000 դրամ է։
«Բարձրանալու են նաև որոշ քաղաքացիների վճարվող կենսաթոշակները, որոնք համեմատաբար ցածր են։ Օրինակ՝ կերակրողին կորցնելու կենսաթոշակը։ Ապրիլի 1-ից բոլորն այդ տարբերակով են ստանալու, չհաշված հետվճարը 20 տոկոսի չափով»,- ասաց Թորոսյանը։

Ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան` մինչև 10 հազ․ դրամ

Ընտրություններից մի քանի ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է՝ ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան: Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում նա նշել է, որ համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձր թոշակները՝ ավելի քիչ:

Մանրամասն հաշվարկներ վարչապետը չի հայտնել՝ շեշտելով, որ սրա մեջ ներառված չէ հետվճարը:

Դեռ երկու ամիս առաջ, սակայն, կենսաթոշակառուների մասին վարչապետ Փաշինյանը աղմկոտ հայտարարություն էր արել՝ պնդելով, թե նրանք չգիտեն՝ ինչպես արդյունավետ փող ծախսել։

«Թոշակառուների թոշակը ամսական 11 հազար դրամով կամ 10 հազար 400 դրամով ավելացնենք. ի՞նչ է անելու թոշակառուն։ Այդ գումարը ի՞նչ է անելու, ինչի՞ վրա է ծախսելու», – ասել էր վարչապետը:

Այսօրվա ուղերձում Նիկոլ Փաշինյանը նշեց՝ որոշումը կայացվում է հիմա, քանի որ 2025-ի տնտեսական աճը եղել է կանխատեսվածից ավելի բարձր, մեկ այլ պատճառ է այն, որ առողջության ապահովագրության համակարգի համար նախատեսված բյուջետային հատկացումները, հունվար-փետրվար ամիսների տվյալներով, իշխանության հաշվարկներով բավարար են դրա կարիքների համար: Մյուսը, նրա խոսքով, հարկերը վճարող քաղաքացիներն են:

ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով, թե ինչպես և որքանով կբարձրանան քաղաքացիներին տրվող կենսաթոշակներն ու հաշմանդամության նպաստները։

Ըստ նախարարի, բոլորին տրվող թոշակներն ավելանալու են 10 հազար դրամով։ Բարձրանալու են նաև զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակները։

Բացի այս բարձրացումից, քաղաքացիներն իրենք էլ կարող են ևս մինչև 10 հազար դրամով բարձրացնել իրենց կենսաթոշակը՝ հետվճարի ծրագրով։

Ուղիղ 4 տարի է՝ Ուկրաինայի ժողովուրդը դիմադրում է ռուսական կայսրության բանակին

Ուղիղ 4 տարի է՝ Ուկրաինայի ղեկավարությունը, որքան էլ թերի և կոռումպացված լինի, դիմադրում է ռուսական կայսրության բանակին։
Ուկրաինան 4 տարի դաժան և մաշեցնող պատերազմից հետո, ոչ մի թիզ չի համաձայնվում զիջել առանց կրակոցի և նույնիսկ հակահարձակման է անցնում։
Չորս տարվա ընթացքում ռուսական զորքերին չհաջողվեց իրականացնել ոչ ենթադրյալ սկզբնական «խնդիրները» (Կիևի գրավում և Ուկրաինայում իշխանության փոփոխություն), ոչ էլ ավելի ուշ հայտարարված նպատակները՝ դուրս գալ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի վարչական սահմաններ, այն դեպքում, երբ Ուկրաինան բազմիցս զիջում է Ռուսաստանին զինված ուժերի թվաքանակով։
Ռուսաստանը կորցրեց ինտեգրումը համաշխարհային ֆինանսական, տեխնոլոգիական և ինստիտուցիոնալ համակարգերին։ Պատժամիջոցները սահմանափակեցին հասանելիությունը կապիտալին, պահուստներին, շուկաներին, լոգիստիկային, տեխնոլոգիաներին և միջազգային ապահովագրությանը՝ տնտեսությունը մղելով ավելի թանկ և պակաս արդյունավետ շրջանակներ։ Խզվեցին կապերը գիտության, կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում, իսկ միջազգային ձևաչափերին մասնակցությունը հասցվեց նվազագույնի։ Ռուսաստանը դարձավ աշխարհի ամենապատժամիջոցային երկրներից մեկը։
44-օրյա դիմադրությունից հետո Հայաստանի կապիտուլյանտ ռեժիմը զիջեց ավելի շատ տարածք, քան պատերազմով էինք զիջել։
Հայաստանը և հայկական բանակը 44-օրյա պատերազմի ընթացքում ունեին բոլոր հնարավորությունները պաշտպանելու Քարվաճառը՝ կանանց և երեխաներին դուրս բերելով Ստեփանակերտից, և նույնիսկ եթե մարզկենտրոնի ժամանակավոր կորստ լիներ, ապա՝ խրամատավորվելով, ձմեռային ամիսներին պաշտպանվելով և գարնանը ճիշտ արտաքին քաղաքականություն վարելով, հնարավոր էր անցնել հակահարձակման, վերագրավելով Ստեփանակերտը և ունենալով նվազագույն տարածքային կորուստներ, ստիպելվ թշնամուն զինադադարի։
Դրա փոխարեն Փաշինյանի կապիտուլյանտ ռեժիմը ստորագրեց Պուտինի կողմից գրված նոյեմբերի 9-ի դավաճանական հայտարարությունը, և երեք տարի անց հայկական բանակի ղեկավար կազմի հետ լուռ հետևեցին Արցախի մարզի հայաթափմանը և հայ ժողովուրդը մինչև այսօր դա հանդուրժում է։
Ուկրաինան գործում է իր շահերից ելնելով և, եթե պետք լինի, մերժում է Արևմուտքի առաջարկները ու շարունակում իր համար սրբազան պատերազմը։
Հայաստանն իր դավաճան իշխանություններով կատարում է բոլորի կամքը՝ թուրքերի, ռուսների և Արևմուտքի՝ զիջելով հայկական բոլոր շահերը և անցնելով բոլոր կարմիր գծերը։
Այսքանից հետո ծիծաղելի են այն հայերը, որոնք ծաղրում են Զելենսկուն և Ռուսաստան–Ուկրաինա հակամարտության մեջ բռնում են ռուսների կողմը։
Երջանահիշատակ Իգոր Մուրադյանի խոսքը հիշեցի․ պատերազմից ավելի վատ բան կա, դա՝ կապիտուլյացիան է։
Սամվել Ասլիկյան, Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ