Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին: Այս մասին նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ լրանում է սումգայիթյան ջարդերի 38–րդ տարելիցը։
Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին: Այս մասին նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ լրանում է սումգայիթյան ջարդերի 38–րդ տարելիցը։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցի կապակցությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան գրառումը ՀՀ ԱԳ նախարարությունը տարածել է X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«1988 թվականին Ադրբեջանական ԽՍՀ ուժերի կողմից կազմակերպված Սումգայիթի կոտորածների զոհերի հիշատակի այս օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին։ Մոտ կես միլիոն մարդ բռնի տեղահանվել է։
Հիշողությունը միայն անցյալի մասին մտորելու մասին չէ։ Այն վերահաստատում է մեր համատեղ պատասխանատվությունը՝ պաշտպանելու մարդու իրավունքները, մերժելու ատելությունն ու ատելության խոսքը բոլոր դրսևորումներով, միաժամանակ անսասան աշխատելով հաշտեցման և երկարատև խաղաղության համար»,-նշված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
1988 թ․ փետրվարի 27-29-ը Սումգայիթում հայկական բնակչության դեմ իրականացված զանգվածային հանցագործության պատշաճ իրավական գնահատականի բացակայությունն ադրբեջանական իշխանությունների մոտ ամենաթողության թյուր զգացում ծնեց։ Ամիսներ անց Բաքվում տեղի ունեցած հանրահավաքների ժամանակ հայտնվեցին սումգայիթյան մարդասպանների դիմանկարները՝ «Կեցցե՛ն Սումգայիթի հերոսները» կարգախոսներով։
Անպատժելիությունը հանգեցրեց նրան, որ հայկական բնակչության դեմ ահաբեկչությունը սկսեց համատարած բնույթ կրել Ադրբեջանի ամբողջ տարածքում։ 1988-1991 թթ․ Ադրբեջանական ԽՍՀ-ով անցած հայկական ջարդերի ալիքի արդյունքում հարյուրավոր հայեր սպանվեցին, տասնյակ հազարավորներ բռնի կերպով արտաքսվեցին, հարյուր հազարավորներ դարձան փախստական։
1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպվեց և իրականացվեց հայ ազգաբնակչության զանգվածային կոտորած, որն ուղեկցվում էր առանձնակի դաժանությամբ՝ խոշտանգումներ, ողջ ու սպանված մարդկանց հրկիզում, խեղումներ, բռնաբարություններ: Միայն հայ լինելու համար Սումգայիթի 18 հազարանոց հայությունը ենթարկվեց բռնությունների։ 1988 թվականի փետրվարի 27-ը դարձավ հայ ժողովրդի պատմության հերթական արյունալի էջը:
Ռուզաննա Ավագյանն առաջին անգամ փախստականի ցավն զգացել է 1988-ի փետրվարին, երբ Սումգայիթում սկսվել էր հայ բնակչության բնաջնջման ու արտաքսման ծրագիրը, և թշնամու ճիրաններից փրկված հայությունը բռնել է տեղահանության ճանապարհը։
Նա պատմում է սումգայիթյան դեպքերի մասին
-Ծնվել ու մեծացել եմ Սումգայիթ քաղաքում։ Ծնողներս հարգված մարդիկ էին։ Հայրս ինժեներ էր, մայրս գործարաններից մեկում բրիգադիր էր աշխատում։ Այդ ժամանակ ես աշխատում էի պրոֆտեխուսումնարանում, միաժամանակ հեռակա սովորում Կազանի պետական համալսարանում։
Փետրվարի 20-ին մենք լսեցինք, որ Արցախում մեծ շարժում է սկսվել։ Հորեղբայրս եկել էր Սումգայիթ ու պատմել, որ ստորագրահավաքներ են սկսվել, միտինգներ են կազմակերպվում։ Հիշում եմ, որ քույրս ասաց հորեղբորս՝ մեզ՝ Ադրբեջանի բնակավայրերում ապրողներիս համար շատ վատ է լինելու։ Մի քանի օր անց սկսվեց սարսափելին։
Փետրվարի 26-ին ադրբեջանցիներն արդեն մեկ-մեկ մտնում էին հայերի տները, ծեծի ենթարկում մարդկանց, իսկ հաջորդ օրը նրանք սկսեցին մեծ հանրահավաքներ անել՝ պահանջելով դատաստան տեսնել հայության հետ։
Այդ օրը ես հիվանդ էի ու աշխատանքի չէի գնացել։ Քույրս զանգեց ու խնդրեց իր հետ ատամնաբույժի մոտ գնալ։ Համաձայնեցի ու միասին գնացինք։ Երբ բժշկի մոտից դուրս եկանք, քույրս ասաց՝ մեր ճանապարհները տարբեր են, ո՞նց ես մենակ տուն գնալու։ Պատասխանեցի, որ չանհանգստանա, կգնամ։ Չէի պատկերացնում, որ իմ ծննդավայրում կարող է վտանգված լինել իմ կյանքը։
Տունդարձի ճանապարհին հանկարծ լսում եմ, որ մեկը կանչում է, բայց ադրբեջանական անունով։ Ծանոթ տղա էր՝ մայրը ռուս էր, հայրը՝ ադրբեջանցի։ Մոտենում եմ․ տղան հորդորում է հարցեր չտալ, իր հետ անձայն քայլել։ Այդ պահին նկատում եմ, որ դիմացից մեծ ամբոխ է առաջ գալիս։ Կոչեր էին անում, հայերին վարքաբեկում։ Ու իմ աչքի առաջ նրանք հարձակվում են մի հայի վրա, ով չէր հասցրել թաքնվել։ Անխնա ծեծի են ենթարկում։
Մղկտալով անցա ամբոխի մոտով, չէի կարող բացահայտվել։ Ադրբեջանցի տղան ինձ ուղեկցեց մինչև տուն՝ փրկելով կյանքս։ Փետրվարի 28-ին մեր տուն եկավ իմ գործընկեր մի աղջիկ ու տեղեկացրեց, որ տնօրենությունից պահանջել են հայերի ցուցակները, սակայն մեր տնօրենը իմ տվյալները չի ներկայացրել։ Գործընկերս եկել էր զգուշացնելու, որ չգնամ աշխատանքի և, առհասարակ, զգույշ լինեմ։
Նրան ճանապարհեցի ու եկա տուն։ Հայրս էլ էր տանը։ Նա մի կերպ էր կարողացել տուն դառնալ՝ ականատես լինելով 3-րդ միկրոշրջանում կատարվող ահասարսուռ դեպքերին։ Հանկարծ մեր շենքի մոտ մի բեռնատար ավտոմեքենա կանգնեց, որի մեջ մոտ 100 ադրբեջանցի կլինեին։ Նրանք գոռում-գոչում էին, և մենք լսում էինք, որ ինչ որ մեկն ասում էր՝ այս շենքում արդեն հայ չկա, նրանք տեղափոխվել են։ Այդ պահին մեր դռան մոտ ձայներ լսեցինք։ Հետո իմացանք, որ մեր մոտիկ հարևանը հանում էր դռանը փակցված հայկական մեր ազգանվան ցուցանակը։
Այսօրվա պես հիշում եմ․ հայրս կանգնած էր գունատ դեմքով, կացինը ձեռքին։ Տատիկս, մայրս ու ես արդեն գիտակցում էինք, թե ինչ է մեզ սպասվում։ Հորս ասացի՝ եթե մտնեն մեր տուն, անմիջապես սպանիր ինձ։ Նա երկար նայեց ինձ ու ասաց դողացող ձայնով՝ ես չեմ կարող սպանել իմ երեխային, բայց դու գիտես քո անելիքը ու նայեց դեպի պատշգամբը․ մենք բնակվում էինք 5-րդ հարկում․․․
Հասկացա հայրիկիս ու անխոս դուրս եկա պատշգամբ։ Պատրաստ էի ցած նետվել, միայն թե չընկնեմ թշնամու ձեռքը։ Այն, ինչ տեսա մեր պատշգամբից, ահավոր էր։ Խառնամբոխը, համոզվելով, որ մենք արդեն շենքում չենք, հայտնվել էր դիմացի շենքի մոտ։ Պատշգամբներից ինչ որ բաներ էին թափվում։ Հասկացա, որ մտել են հայերի տներն ու շպրտում են նրանց իրերը։ Սարսափով տեսա, թե ինչպես են քարշ տալով հանում հայ աղջկա, որին լրիվ մերկացրել ու ծաղրուծանակի էին ենթարկում։ Անունը Օլգա էր․․․
Ամենավերջին բառերն ասելով, նրան նստեցրին բեռնատարի վրա, կապեցին պարաններով՝ իբր հարսանեկան տիկնիկ ու քշեցին մեքենան։ Հետագայում լսեցինք, որ նրան հասցրել են 4-րդ թաղամաս, մի թեյարանում խմբակային բռնաբարել, մարմինը վառել ծխախոտով։ Աղջիկը փրկվել է միայն մի ռուս սպայի շնորհիվ, ով անցնում էր այդ տարածքով։ Թե ինչպես է դասավորվել նրա ճակատագիրը, հայտնի չէ ինձ։ Նման դեպքեր շատ-շատ են եղել։
Խառնամբոխը փողոցներում շարունակում էր իր վայրագությունները։ Մեր ադրբեջանցի հարևանը մեզ իր տուն է տանում, թաքցնում։ Հիշում եմ, թե ինչպես մի ուրիշ ադրբեջանցի հարևան եկավ ու ցանկանում էր մեզ մատնել՝ ասելով, որ ունևոր հայեր են, լավ կվճարեն իրենց։ Սակայն չկարողացավ համոզել մեր վաղեմի հարևանին, ով ատամներով էր պաշտպանում մեզ։
Իսկ վտանգը մեծանում էր․ ստուգում էին նաև ադրբեջանցիների բնակարանները։ Հաջորդ օրը մեր հարևանի հետ ոտքով դուրս եկանք, որ ծպտված հասնենք 45-րդ թաղամաս, որտեղից էլ միկրոավտոբուսով հասնենք Բաքու։ Ողջ ճանապարհին ինչ որ տղաներ էին պտտվում ու քայլում մեր հետևից։ Երևի կասկածում էին, որ հայեր ենք։ Հայրս ինձ նախօրոք հորդորել էր՝ քայլելու ենք իրարից անջատ, իբր անծանոթներ։ Եթե անգամ իրեն, տատիկիս, կամ մորս սպանեն, ես չպետք է աչք թարթեի, բառ խոսեի, այլապես ինձ սպասում էր սարսափելի ճակատագիր։
Բարեբախտաբար ողջ տեղ հասանք ու նստեցինք ավտոբուսը։ Մեր շուրջը պտտվող երիտասարդները նույնպես նստեցին ու ողջ ճանապարհին հրահրող կոչեր էին անում, զրպարտում հայերին՝ իբր Ղափանում սպանում են ադրբեջանցիներին, իրենք էլ պետք է հայերին սպանեն, վրեժ լուծեն։ Սակայն մի ադրբեջանցի տղա սաստեց նրանց, ասելով, որ սուտ լուրեր են։ Մի օր առաջ է եկել Ղափանից, նման բաներ այնտեղ չկան։
Ես կարծում եմ, որ վարորդը կռահել էր, որ մեքենայում հայեր կան, սակայն ձայն չէր հանում։ Ավելին ասեմ, նա աշխատում էր հնարավորինս շուտ դուրս գալ Սումգայիթից, որի փողոցները լեցուն էին արյունարբու ադրբեջանցիներով։
Հասանք Բաքու, որտեղ դեռևս հանգիստ էր։ Երեք օր հետո հայրս վերադարձավ Սումգայիթ, որ գտնի քույր, եղբայրներին։ Մի քանի օր հետո ես ևս մեկնեցի այնտեղ։ Որոշվեց պատվիրակություն ուղարկել Մոսկվա՝ հանդիպելու Գորբաչովի հետ։ Ես ևս այդ կազմում էի, և մարտի 8-ին մեր պատվիրակությունը մեկնեց Մոսկվա։
Իհարկե, մեզ չհաջողվեց հանդիպել Գորբաչովին։ Իբր Մոսկվայում չէր։ Մեզ ընդունեց նրա տեղակալը, և առանց որևէ արդյունքի վերադարձանք, բայց արդեն Հայաստան։ Ծնողներս մեկնել էին Արցախ։ Արցախյան շարժումը դուրս էր եկել ընդհատակից։ Մեծ ու փոքր Շարժման մասնակիցն էին։ Երևանում ես միացա հացադուլին, որը կազմակերպվում էր Օպերայի մոտ։ Հենց այդ օրերին էլ լրացավ իմ 20-ամյակը։ Որոշ ժամանակ հետո ես ևս մեկնեցի Արցախ ու իմ ամբողջ կյանքը նվիրեցի իմ ժողովրին, փախստականների իրավունքների պաշտպանությանը։
Ռուզաննա Ավագյանն ականատեսն է 1988-ի փետրվարի 27-29-ը Բաքվից ընդամենը 20 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ոճրագործություններին։ Դրանք մարդու հիշողությունից երբեք չջնջվող, ցավով ու արյունով լի փաստեր են։
Հրաշքով ողջ մնացած կինն ասում է
-Այո՛, դա ցեղասպանություն էր հայերիս հանդեպ՝ ամենադաժան և անմարդկային ձևով, որը չի կարող տեղավորվել մարդկային բանականության մեջ: Այդ օրերը միշտ կմնան մեր հիշողության մեջ, քանզի այդ ցավը մեր անբաժանելի մասն է դարձել արդեն 38 տարի։ Կատարված հանցագործություններն այդպես էլ ոչ մի իրավական գնահատական չեն ստացել և փաստացի մնացել են անպատիժ: Տարիներ շարունակ մենք բարձրաձայնում էինք դրա մասին, որպեսզի արդարությունը վերականգնվի և ոճրագործները պատասխան տան կատարածի համար: Սակայն աշխարհը մնաց խուլ ու համր, ինչպես այդ ոճրագործությունների, այնպես էլ Արցախյան պատերազմների ու 2023-ի բռնատեղահանության ժամանակ։ Ցավոք, մենք կորցրինք ամեն ինչ։
Սումգայիթից տեղահանվելուց հետո Ռուզաննա Ավագյանն Արցախում ընտանիք է կազմել (ցավոք, ամուսինը անժամանակ հեռացել է կյանքից)։ Նա երկու երեխաների մայր է։ Մինչև 2023-ի սեպտեմբերն ապրում էր ԱրՊՀ հանրակացարաններից մեկում իրեն հատկացված բաժնեմասում։ Իր ուժերով վերանորոգել ու պայմաններ էր ստեղծել, որպեսզի իր երեխաներն ապրեն լիարժեք կյանքով։
Ռուզաննա Ավագյանի ամբողջ կյանքը նվիրում էր ու պայքար։ Արցախում «Փախստական կանանց միավորում» ՀԿ-ի նախագահն էր։ Կազմակերպությունը միավորում էր 1988-1990 թվականներին Ադրբեջանի ԽՍՀ տարբեր բնակավայրերից փախստական դարձած և Արցախում ապաստանած անձանց։ ՀԿ նախագահը տարբեր հարթակներում անընդհատ բարձրաձայնում էր փախստականների խնդիրների ու կարիքների մասին, որոնց շարքում ամենակարևորը բնակարանային ապահովության հարցն էր։ Այսօր, ցավոք, ողջ արցախահայությունն է հայտնվել այդ կարգավիճակում, իսկ ապագան դեռևս անորոշ է։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
“Ապառաժ”
Փետրվարի 26-ին Ժնևում կայացած բանակցություններում Իրանը մերժել է ԱՄՆ պահանջները, հաղորդում է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով աղբյուրներին: Վաշինգտոնը պահանջել է Թեհրանի երեք միջուկային օբյեկտների ապամոնտաժումը Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում և իր հարստացված ուրանի ամբողջ պաշարի հանձնումը: Թեհրանը մերժել է այդ պահանջները, նշվում է հաղորդագրության մեջ:
Այնուամենայնիվ, Իրանի Կառավարության տեղեկատվական խորհրդի ղեկավար Էլիաս Հազրատին հայտարարել է, որ WSJ-ի և New York Times-ի կողմից իրենց հաղորդագրություններում ստեղծված «մթնոլորտը» «չի համապատասխանում բանակցությունների իրականությանը»:
«Հարստացումը կշարունակվի անհրաժեշտության դեպքում, և Իրանից ոչինչ չի հեռացվի: Քննարկվում են այլ տարբերակներ, այդ թվում՝ նոսրացումը: Իրանը ձգտում է վերացնել պատժամիջոցները», – ընդգծել է Հազրատին:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իրանական և ամերիկյան պատվիրակությունները «լավ առաջընթաց» են գրանցել Ժնևում կայացած բանակցությունների ընթացքում և սկսել են էական քննարկումներ ապագա միջուկային համաձայնագրի տարրերի վերաբերյալ:
Նա ասել է, որ թիմերը երկուշաբթի օրը Վիեննայում կսկսեն քննարկել և վերանայել տեխնիկական հարցեր, իսկ բանակցությունների նոր փուլը սպասվում է մեկ շաբաթից էլ պակաս ժամանակում:
ԱՄՆ-ի առաջին տիկին և Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանիան, առաջիկա օրերին կգլխավորի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։ Դա տեղի կունենա մարտի 2-ին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Վալցը X սոցիալական ցանցում։
Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ռոտացիոն նախագահությունը շուտով կփոխանցվի Միացյալ Նահանգներին։ Սակայն սա առաջին դեպքը կլինի, երբ նիստը կգլխավորի գործող նախագահի կինը, չնայած այս նիստերը սովորաբար նախագահում են դեսպանը կամ ռոտացիոն երկրի կառավարության ավագ անդամը։
Առաջին տիկնոջ գրասենյակը X-ում պարզաբանել է, որ «տիկին Թրամփի ղեկավարությամբ… Խորհրդի անդամները կքննարկեն կրթության, տեխնոլոգիաների, խաղաղության և անվտանգության հարցեր»։
Վերջին մի քանի օրերի ընթացքում տեղի են ունեցել մի շարք կարևոր իրադարձություններ, որոնք ոչ այնքան ընտրությունների նախապատրաստություն են հիշեցնում, որքան արագընթաց գնացքից թռնելու մտադրություն։
Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակավ խոստովանությունից հետո, որ շրջափակումը չի վերացվի, քանի որ Անկարան և Բաքուն հրաժարվում են շարունակել Թրամփի ճանապարհը Նախիջևանով և Հայաստանով, իշխանությունների հռետորաբանությունը կտրուկ փոխվեց։ Մասնավորապես, Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ հաստատված խաղաղությունը դեռևս չի կայացել, որ համաձայնագիրը չի ստորագրվել՝ ակնարկելով, որ “խաղաղությունը” կարող է իրականություն չդառնալ։
Իսկ միջազգային մամուլը իրար հետևից հրապարակում է վերլուծական նյութեր, որոնցում հստակ նշվում է, որ Փաշինյանի կուսակցությունը ընտրություններից հետո պետք է անցկացնի սահմանադրական հանրաքվե, ինչը, ըստ էության, կնշանակի Հայաստանի Երրորդ Հանրապետության լուծարում՝ առանց Չորրորդ Հանրապետության ստեղծման որևէ երաշխիքի։ ԵՄ-ն նույնիսկ պատրաստ է «մոնիթորինգային խումբ» ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի կուսակցությանը «գնացքից ցատկելը» թույլ չտալու համար։
Հանրապետության լուծարումը չափազանց դժվար պարտավորություն է, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի համար, և պատահական չէ, որ պարադիգմը փոխվել է։ Մասնավորապես, կառավարությունը անսպասելիորեն 10,000 դրամով բարձրացրեց կենսաթոշակները, չնայած պնդում էր, որ փող չկա։ Կիրակի օրը Փաշինյանը մասնակցեց պատարագի, որտեղ հիշատակվեց կաթողիկոսի անունը, այն բանից հետո, երբ պարզվեց, որ Ավստրիայում Եպիսկոպոսական հավաքի հայտարարության մեջ բացակայում էր Արցախում Եկեղեցու ժառանգության մասին հիշատակումը, չնայած դա էր Փաշինյանի կաթողիկոսի դեմ արշավի պատճառը։
Այսօր հայտարարվեց, որ Մեսրոպ Մաշտոցի դիմանկարը, որը բացակայում էր ներկայիս դասագրքերից, կվերականգնվի առաջին դասարանցիների այբբենարաններում։ Հնարավոր է, որ Արարատ լեռան «արգելքը» նույնպես վերացվի։
Սակայն պարադիգմի ամենաակնհայտ փոփոխությունը Փաշինյանի քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի հեռանալն է, ով ակնհայտորեն չի ցանկանում մասնակից լինել Հայաստանում առաջիկա երեք ամիսների ընթացքում ծավալվելիք իրադարձություններին։
Դեռևս 2018 թվականի հունվարին, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր հայտնի քայլերթը Գյումրիից դեպի Երևան, լուրեր էին շրջանառվում, որ Փաշինյանը և իր կինը առանձին են ապրում, և որ Փաշինյանը, իբր, խոստացել էր Աննային թագուհի դարձնել, եթե նա աջակցի իր նախաձեռնությանը: Աննա Հակոբյանը աջակցեց, և նրա համար բացվեցին ամենաթանկ և հեղինակավոր դարպասները: Սակայն վերջերս նա զգաց անխուսափելի սպառնալիք և որոշեց մի կողմ քաշվել:
Սպառնալիքը առկա է անկախ ընտրությունների արդյունքից: Եթե Փաշինյանը «չհաղթի» ընտրություններում, լավագույն դեպքում նա կկանգնի ազգային դատարանի առջև: Եթե հաղթի, նա կարող է դառնալ Հայաստանի «հուղարկավորողը»՝ դրանից բխող հետևանքներով: Երրորդ տարբերակը ընտրություններից կարճ ժամանակ առաջ լարվածության սրումն է՝ սահմանադրական հանրաքվեի պարտավորությունների չեղարկմամբ: Սակայն այս մոտեցումը կարող է հեշտությամբ դուրս գալ վերահսկողությունից:
Աննա Հակոբյանի հեռանալը դիտվում է նաև որպես Փաշինյանի «ազատագրում» իր ընտանիքը այս դժվարին ժամանակահատվածում պաշտպանելու պարտավորությունից: Այնուամենայնիվ, ամենաիրատեսական սցենարն այն է, որ Աննա Հակոբյանը զգաց, որ ցիկլն ավարտվել է, և դրական սցենարը ամենաքիչ հավանականն է: Իսկ եթե ստացվի, միշտ կարելի է վերադառնալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարշավայում այցելել է Հանրապետության պալատում գտնվող Լեհաստանի ազգային գրադարան: Տնօրեն Տոմաշ Մակովսկիի ուղեկցությամբ շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է գրադարանի ժառանգությանը:
Ազգային գրադարանում մշտական ցուցադրության է ներկայացված Սկևռայի Ավետարանը՝ 1197 թվականի մագաղաթե ձեռագիր մատյանը, որի նկարազարդումները պատկանում են Գրիգոր Սկևռացուն, իսկ գրքի պատվիրատուն է եղել Ներսես Լամբրոնացին: Ըստ ձեռագրի հիշատակարանի՝ այն ստեղծվել է հայոց թվագրության 647 թվականին, այսինքն՝ 1198/1199 թթ․, Ռուբինյանների տոհմից թագավոր Լևոն Ա-ի և կաթողիկոս Գրիգոր Զ Ապիրատի իշխանության ժամանակ։
Նշվել է, որ 1997 թվականին Ավետարանի հայկական ինքնությունը հաստատելուց և անհրաժեշտ թույլտվությունները ստանալուց հետո ձեռագիրը փոխանցվել է Լեհաստանում հայկական ծեսի հավատացյալների օրդինարիոսին՝ կարդինալ Յոզեֆ Գլեմպին։ 2006թ. լեհ արքեպիսկոպոս Պրիմաս Գլեմպը,արձագանքելով լեհահայ համայնքի ներկայացուցիչների խնդրանքին, Ազգային գրադարանի տնօրենի հետ ստորագրել է համաձայնագիր, որի համաձայն Ավետարանը տրամադրվել է ի պահ գրադարանին և ներկայումս ներկայացված է ցուցադրության:
Լեհաստանի ազգային գրադարանում ներկայացված է նաև հայկական պատմական ժառանգությունը ներկայացնող այլ ցուցանմուշներ:
Հարգելի ընկերներ, մարտի 7֊ին Կինոյի տանը արցախցիների բռնի տեղահանման մասին պատմող «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմի ևս մեկ ցուցադրություն է։
Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը, հավանաբար, չի մասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Սերժ Սարգսյանն այսօր դա չբացառեց՝ նշելով, թե արդյո՞ք արժե ընտրություններին մասնակցել մի քանի մանդատի համար, թե՞ ավելի լավ է մեղմել ներընդդիմադիր պայքարը։
Ընտրություններին մնացել է ընդամենը երեք ամսից մի փոքր ավելի ժամանակ, սակայն մասնակիցների ներկապնակը դեռևս անորոշ է։ Հնարավոր է, որ իրենց որպես ազգային կողմնորոշում ունեցող դիրքավորվող կուսակցությունները հրաժարվեն մասնակցել ընտրություններին, և սա վերաբերում է ոչ միայն Հանրապետական կուսակցությանը, այլև Դաշնակցությանը, Ազգային-ժողովրդավարական բևեռին և այլն։
Սա պայմանավորված է ոչ միայն նրանով, որ ազգային գաղափարները հիմա ակտոալ չեն, այլև նրանով, որ ընտրություններից հետո Հայաստանի նոր կառավարությունը դժվար քայլերի պետք է գնա։ Սա ենթադրում է սահմանադրական հանրաքվե, որը կարող է հանգեցնել Հայաստանի Երրորդ Հանրապետության լուծարմանը և 100-ամյա ռուս-թուրքական տարածաշրջանային հանցավոր բաժանման փոփոխությանը, ինչը կարող է ոչ միանշանակ հետևանքներ ունենալ։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հույս ունի, որ հանրաքվեի արդյունքում կհռչակվի Չորրորդ Հանրապետություն 29.8 քառակուսի կիլոմետր սահմաններում։ Սակայն փորձագետները կարծում են, որ հանրաքվեն կարող է ավարտվել Հայաստանի փլուզմամբ, ինչպես դա տեղի ունեցավ Արցախի հետ 2023 թվականի սեպտեմբերին։
Ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը պետք է գիտակցեն, որ ընտրություններից հետո կարող են խաղարկվել տարբեր սցենարներ։ Եվ թե՛ դրականի, թե՛ բացասականի պատասխանատվությունը կընկնի հունիսի 7-ին ընտրված կուսակցությունների վրա։ Ավելին, այն կուսակցությունները, որոնք կկատարեն «կեղտոտ աշխատանքը», անմիջապես կհայտնվեն պատմության աղբանոցում, և լավագույն դեպքում կնշանակվեն նոր ընտրություններ։
Ինչպես 2020 թվականի գարնանը, համավարակի ժամանակ, Արայիկ Հարությունյանի կուսակցությունը, հատելով բոլոր կարմիր գծերը, ներխուժեց խորհրդարան՝ նախապես ստանձնելով 2020-2023 թվականներին տեղի ունեածի պատասխանատվությունը, այնպես էլ Հայաստանում «Քաղաքացիական պայմանագիրը» գլխապտույտ շարժվում է դեպի աշխարհաքաղաքական աղետներ։ Նրանց համար ընտրություններին չմասնակցելը նույնքան ճակատագրական է, որքան հաղթանակը, և ոչ ոք չգիտի, թե ինչով կավարտվի այս իրարանցումը։
Մինչև 1 միլիոն դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում հաստատել է հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակները և շեմերը:
Սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա չեն՝
1. ստացվող վարկերի գումարները՝ առանց գումարային սահմանափակման,
2. ընտանիքի անդամ չհամարվող անձանցից փոխանցած միանվագ մինչև 1 միլիոն դրամ գումարները,
3. ՀՀ ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթներում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները, ինչպես նաև պետական պարգևները,
4. գործատուի կողմից առողջության ապահովագրության համար կատարվող ապահովագրավճարները, ինչպես նաև դրա շրջանակում ֆիզիկական անձանց կամ նրանց փոխկապակցված անձանց համար (օգտին) կատարվող ապահովագրավճարները,
5. մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակների արժեքը` յուրաքանչյուր մրցանակի դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով,
6. ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ արժեքով ստացվող գույքը, դրամական միջոցները,
7. ոչ առևտրային կազմակերպություններից մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ չափով անհատույց ստացվող ակտիվները, աշխատանքները, ծառայությունները,
8. սեփականության իրավունքով ֆիզիկական անձին պատկանող գույքի օտարումից ընտանիքի անդամ չհամարվող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ ստացվող եկամուտները, բացառությամբ՝ ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետով սահմանված հողամասի օտարումից ստացվող եկամուտների»։
Փետրվարի 26-ը օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի կողմից հորինված, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակի օրն է:
1992թ. փետրվարի 26-27-ին Արցախի ինքնապաշտպանական ուժերն ազատագրել են Արցախի Իվանյան (Խոջալու) ավանը: Նախքան ավանի ազատագրման ռազմական գործողությունը սկսելը հայկական ինքնապաշտպանական ուժերը դեպի Ակնա անվտանգ հեռանալու համար միջանցք էին բացել ընդամենը մի քանի տարի առաջ Միջին Ասիայից վտարված և Խորհրդային Ադրբեջանի իշխանության հրամանով Իվանյանում հաստատված հարյուրավոր թուրք-մեսխեթցի բնակչության համար:
Սակայն Ադրբեջանի ժողովրդական ճակատի զինված ջոկատներն Ակնայից 3կմ հեռավորության վրա գնդակահարել են Իվանյանի թուրք-մեսխեթցի բնակչությանը, անարգել դիակները և դրա մեղավոր հայտարարել հայկական կողմին: Նման վայրագության նպատակն այն ժամանակ Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովին իշխանությունից հեռացնելն էր: Սակայն, օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը, ստեր տարածելով, տարիներ շարունակ մեղադրում է հայկական կողմին կատարվածի մեջ:
Իվանյանում (Խոջալուում) տեղի ունեցած դեպքերն Ադրբեջանի այն ժամանակվա ընդդիմության՝ ժողովրդական ճակատի կողմից կազմակերպված և իրականացված լինելու մասին վկայում են հետևյալ փաստերն՝ ըստ ժամանակագրության՝
ՓԱՍՏ ԱՌԱՋԻՆ
Իվանյանում (Խոջալուում) տեղի ունեցած սպանդից երկու օր անց՝ 1992թ. փետրվարի 29-ին, ադրբեջանցի հեռուստալրագրող Չինգիզ Մուստաֆաևը նկարահանումները է իրականացրել դեպքի վայրում:
Իվանյանում (Խոջալուում) տեղի ունեցած դեպքերը քննող Ադրբեջանի Միլի մեջլիսի խորհրդարանական հանձնաժողովում 1992թ. մայիսին տեղի ունեցած քննարկման ժամանակ Չինգիզ Մուստաֆաևը, մասնավորաբար, հայտնել է հետևյալը. «Ամսի 29-ին,… ես տեսա և նկարահանեցի, որ այնտեղ,… մեր 50-ից ավելի դիակներ ցրված էին գետնին։ Եվ ամենասարսափելին ու անհասկանալին ինձ համար մինչ օրս այն է, ինչ ես նկարահանել եմ վերևից – մերոնցից 10 հոգի շրջում էին դիակների միջով։ Նրանք Աղդամից էին, զինվորական համազգեստով: Նրանք նաև մեզ էին նկարահանում… Պարզապես շրջում էին դիակների միջով…
Մինչ այդ ինձ ասում էին. «Այնտեղ դիակներ չկան, մեկ-երկու դիակ կա, հնարավոր չէ գնալ այնտեղ, այնտեղ հայեր կան, այնտեղ կրակոցներ են» և այլն:
Եվ երբ մենք, վերջապես, վայրէջք կատարեցինք այնտեղ ուղղաթիռներով, ինչ-ինչ պատճառներով երեք ուղղաթիռներ հանկարծ անմիջապես թռան դեպի Աղդամ։ Եվ այն 10 հոգին, ինչպես ոտքով եկել էին, այնպես էլ հեռացան:…
Վայրէջքից հետո մենք մնացինք այնտեղ 45 րոպե, դիակների մեջ իրականացրեցինք նկարահանումներ: Ավտոճանապարհից 25 մետր հեռավորության վրա երկու անգամ հայերով լիքը մեքենաներ անցան, մեզ նկատեցին և մենք արդեն ոտքով շարժվում էինք դեպի Աղդամ: Ոչ մի փամփուշտ չարձակեցին:
Մինչև հիմա ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ էին մեր դիրքից 600-700 մետր հեռավորության վրա, որտեղ մեր զինվորներն ազատորեն շրջում էին, ընկած այդ դիակները և ոչ ոք չէր հավաքում նրանց։…», (Правда о Ходжалы – Чингиз Мустафаев / Truth about Khojaly – Chingiz Mustafaev, https://www.youtube.com/watch?v=Gba0aDRdG88):
ՓԱՍՏ ԵՐԿՐՈՐԴ
Իվանյանում (Խոջալուում) տեղի ունեցած դեպքերի իրական մեղավորներին օբյեկտիվորեն մատնանշել է 1991-1992թթ. Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը 1992թ. ապրիլի 2-ին «Независимая газета» ռուսալեզու թերթին տված հարցազրույցի ժամանակ՝ հայտարարելով, որ դրա կազմակերպիչը և մեղավորը Ադրբեջանի ընդդիմությունն էր՝ ժողճակատը, որը ցանկանում էր այդ ժամանակ հեռացնել իրեն իշխանությունից. «Ինչպես ասում են այն խոջալեցիները ովքեր փրկվել են, այդ ամենը կազմակերպվել էր նրա համար, որպեսզի առիթ լինի իմ հրաժարականի համար: … Կարելի է ենթադրել, որ ինչ որ մեկը շահագրգռված է եղել, որ հետո այդ կադրերը ցուցադրի Գերագույն խորհրդի նստաշրջանում և ամեն ինչ կենտրոնացնի իմ անձի վրա:
Եթե ես հայտարարում եմ, որ դա ադրբեջանական ընդդիմության մեղքն է, կարող են ասել, որ ես նրանց զրպարտում եմ: Բայց քննարկման ընդհանուր նախապատմությունն այն է, որ միջանցք, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերն, այնուամենայնիվ, թողել էին: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է նրանք կրակեին: Առավել ևս Աղդամին մոտ այդ տարածքում, որտեղ այդ ժամանակ կային բավարար ուժեր, որպեսզի մտնեին և օգնեին մարդկանց: Կամ ուղղակի պայմանավորվեին, որպեսզի խաղաղ բնակիչները հեռանան: Այդպիսի պրակտիկա միշտ եղել է:
Ինձ մշտապես ասում էին, որ խոջալեցիները դիմանում են, որ իրենց անհրաժեշտ է օգնել զենքով, մարդկանցով, մթերքով: Ես հանձնարարել եմ կատարել դա ուղղաթիռներով: Սակայն օդաչուները, ինչպես ինձ բացատրեցին, հրաժարվել են այնտեղ թռչել, քանի որ նրանք չունեն հատուկ սարքեր, որպեսզի խուսափեն ստինգերներից (ստինգեր – զենիթահրթիռային համակարգ՝ նախատեսված ցածր թռչող օդային թիրախները ոչնչացնելու համար – Ս. Հ.-Ջ.): …Այնտեղ մոտակայքում տեղակայված է եղել Աղդամի խմբավորումը, որը պարտավոր է եղել մշտապես հետևել իրադարձությունների զարգացմանը: Հենց որ տեխնիկան շրջապատել է Խոջալուն, պետք է էվակուացնեին բնակչությանը: Նախկինում ես նման հանձնարարություն տվել եմ Շուշիի հետ կապված: …Իմ վարքագիծը եղել է օբյեկտիվ և միարժեք: Ես այդպիսի հանձնարարություն տվել եմ, բայց, թե ինչու Խոջալուում այդ հանձնարարությունը չեն կատարել, ինձ համար պարզ չէ:
Ես, ի դեպ, այդ շրջանում մի քանի անգամ խոսել եմ Մկրտչյանի՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի հետ. «Դուք հազարավոր մարդկանց եք պառկեցրել, հնարավորություն տվեք մեզ՝ դուրս բերելու նրանց դիակները»: Սակայն նա պատասխանեց, որ որևէ դիակ չպետք է լինի, մեր մարդիկ իրենց մոտ են, որոնց կերակրում են, չնայած սնունդը չի բավականացնում և պատրաստ են բաց թողնել իրենց գերիների դիմաց:», (Газета “Независимая газета”, N 64, Москва, 2.04.1992, с. 3):
Իվանյանում (Խոջալուում) տեղի ունեցած դեպքերի մասին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հետ հարցազրույցի հեղինակ՝ «Независимая газета» թերթի թղթակից, չեխ լրագրող Դանա Մազալովան, «Արմենպրես» հայկական լրատվական գործակալության հետ 2020թ. փետրվարի 17-ի զրույցում վերահաստատելով, որ Ա. Մութալիբովի հետ իր հարցազրույցն իրական է, մասնավորապես ասել է. «…տպագրվածն ամբողջովին համապատասխանում է Ադրբեջանի նախկին նախագահի խոսքին, որքան էլ ներկա նախագահ Իլհամ Ալիևը փորձի հերքել այն:
…ես հաստատում եմ, որ այն, ինչ գրել եմ, Այազ Մութալիբովն ասել է, այնտեղ որևէ բան չի հնարվել: Նա կարող է ինչպես ուզում է հերքել այն, սակայն այն ժամանակ նա դա ասել է, ինչպես տպագրված է «Նեզավիսիմայա գազետա» թերթում: Այդ թերթի օրինակը ես ունեմ, համացանցում էլ է հասանելի` Այազ Մութալիբովը դա ասել է», (Խոջալուի մասին Մութալիբովի հարցազրույցն իրական է, Դանա Մազալովան վերահաստատում է, Ալիևը՝ ստում, 17.02.2020, https://armenpress.am/hy/article/1005249):
ՓԱՍՏ ԵՐՐՈՐԴ
1990-1995 թվականներին Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր, Իվանյանում (Խոջալուում) տեղի ունեցած դեպքերը քննող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ռամիզ Ֆաթալիևը 2009թ. սեպտեմբերի 9-ին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ Իվանյանում (Խոջալուում) տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ, մասնավորապես, ասել է հետևյալը. «Դրանք այն ժամանակներն էին, երբ բոլորը պայքարում էին իշխանության համար։ Բոլորը գիտեն, թե ով էր պայքարում։ Ոմանք ուզում էին իշխանափոխություն, մյուսները փորձում էին հասնել դրան։ Ոմանք ուզում էին, որ հանձնաժողովը հանի Խոջալուի ողբերգության համար պատասխանատուների դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները, իսկ մյուսները՝ որ մենք որքան հնարավոր է շատ կեղտ նետենք նրանց վրա, որպեսզի առաջինները կարողանան իշխանության գալ։…
Նախքան Խոջալուում տեղի ունեցած դեպքերը մնացել էր չորս օր։ Փետրվարի 22-ին տեղի ունեցավ Ազգային անվտանգության խորհրդի խորհրդակցություն՝ նախագահի, վարչապետի, ՊԱԿ-ի (Պետական անվտանգության կոմիետի – Ս. Հ.-Ջ.) նախագահի և այլոց ներկայությամբ։…
Հանդիպման ժամանակ որոշում կայացվեց չտարհանել մարդկանց Խոջալուից։
Կարծիք կար, որ եթե մենք տարհանենք բնակչությանը, դրանով մենք կհրավիրենք հայերին գրավել գյուղը։ Այլ կերպ ասած, մենք ինքներս էինք հայերին դրդել հարձակման։ Նույնիսկ Անվտանգության խորհրդի անդամները գիտեին, որ հայերը չեն կարող կատարել ցեղասպանության նման գործողություններ։ Նրանք կարծում էին, որ եթե մարդիկ հեռանան, մենք ինքներս կհանձնենք Խոջալուն։…
Գոյություն ունի սղագրություն, կարելի է ստուգել…», («Siyasi uzaqgörənliyin olmaması Xocalı hadisəsinə gətirib çıxırdı», 9.09.2009, https://www.azadliq.org/a/1818751.html; Муталибов, премьер-министр, председатель КГБ приняли решение не выводить людей из Ходжалы: Рамиз Фаталиев, 25.02.2020, https://www.aniarc.am/2020/02/25/ramiz-fataliev-interview-azadlig-2009-khojalu/):
ՓԱՍՏ ՉՈՐՐՈՐԴ
1992թ. ապրիլի 2-ին «Независимая газета» թերթին տված հարցազրույցից 22 տարի անց՝ 2014թ. փետրվարի 27-ին, արաբական «Ալ-Ջազիրա» միջազգային հեռուտաընկերության թուրքական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ, Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը վերահաստատել է իր կարծիքը Իվանյանում (Խոջալուում) տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ, ի մասնավորի, ասելով. «…Ժողովրդական ճակատի կողմից ստեղծված այդ սարսափն ուղղված էր իմ դեմ, քանի որ ես էի այն ժամանակ նախագահը, …ընթանում էր պայքար իշխանության համար: Որքան վատ Մութալիբովի համար, այնքան լավ նրա հակառակորդների համար: Ահա սա է մեր ազգային գաղափարը:», («Խոջալու»-ն կազմակերպել էր Ադրբեջանի ժողճակատը. Այազ Մութալիբով, Ալ-Ջազիրա Հ/Ը, 27.02.2014, https://www.youtube.com/watch?v=KGWNoSfbvtU&t=4s):
Այսպիսով, հիմնվելով վերոնշյալ անառարկելի փաստերի վրա՝ կարող ենք պնդել, որ մի քանի տարի առաջ Միջին Ասիայից վտարված և Խորհրդային Ադրբեջանի իշխանության հրամանով Իվանյանում հաստատված հարյուրավոր թուրք-մեսխեթցի բնակչության մի մասին Ակնայից 3կմ հեռավորության վրա 1992թ. փետրվարի 26-ին գնդակահարել, ապա սպանվածների դիակներն անարգել են Ադրբեջանի ընդդիմության՝ ժողովրդական ճակատի զինված ջոկատները, սակայն դրա մեղավոր են հայտարարել հայկական կողմին:
Նման հրեշավոր գործողությամբ Ադրբեջանի ընդդիմությունը նպատակ է հետապնդել իշխանությունից հեռացնել այն ժամանակ Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովին:
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ
Փետրվարի 26-ին Ժնևում տեղի կունենա Իրան-ԱՄՆ բանակցությունների երրորդ փուլը, և վերլուծաբանները ավելի ու ավելի հաճախ են խոսում այն մասին, որ ռազմական գործողությունները՝ լայնածավալ կամ սահմանափակ հարվածները, անխուսափելի են ցանկացած դեպքում, չնայած նախագահ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել: Նա վերջերս հայտարարել է, որ Իրանը այդպես էլ չի խոստացել միջուկային զենք չմշակել:
Միևնույն ժամանակ, Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը, մեկնաբանելով ամերիկյան կողմի հայտարարությունները, այսօր հայտարարել է, որ Թեհրանը միջուկային զենք մշակելու մտադրություն չունի: Նրա խոսքերը հաղորդել է Tasnim լրատվական գործակալությունը:
«Հակառակորդներն ասում են, որ Իրանը չպետք է ձգտի միջուկային զենք ձեռք բերել, բայց մենք բազմիցս հայտարարել ենք, որ դա չենք ուզում», – ասել է նախագահը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդականները կնախընտրեին, որ Իսրայելը հարվածեր Իրանին Վաշինգտոնի հարձակումներից առաջ, Politico-ին ասել են Թրամփի վարչակազմի երկու պաշտոնյաներ:
Նրանք այս դիրքորոշումը բացատրվում է նրանով, որ Իսրայելի հարվածը կդրդի Իրանին հակահարված տալ, ինչը կօգնի Միացյալ Նահանգներին ապահովել հանրային աջակցություն հարձակման համար: Politico-ն մեջբերում է վերջին հարցումները, որոնք ցույց են տալիս, որ ամերիկացիները կողմ են Իրանում ռեժիմի փոփոխությանը, բայց պատրաստ չեն ընդունել ԱՄՆ-ի զոհողությունները՝ դրան հասնելու համար։
Իրանը նույնպես սպասում է հարվածների: Խարկա կղզուց նավթի արագացված նավթի առաքումը ցույց է տալիս, որ Թեհրանը փորձում է նվազագույնի հասցնել հնարավոր տնտեսական ռիսկերը Միացյալ Նահանգների հետ հետագա սրման դեպքում: Bloomberg-ի՝ Kpler վերլուծական ընկերության հղմամբ տվյալներով, Իրանը զգալիորեն մեծացրել է նավթատարներով բեռնափոխադրումների ծավալը փետրվարի կեսերին՝ տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ուժերի կուտակման ֆոնին: