Լարվածությունը բացառելու համար կոնկրետ՝ հասուն քաղաքական քայլեր են պետք

Այս գիշեր, ըստ Արցախի ՊԲ-ի, գրոհի են ենթարկվել հայկական ուժերի դիրքերը Մարտակերտում և Մարտունիում։ Զոհվել է 4 զինվոր. Օգտագործվել են մարտական ​​անօդաչու սարքեր, ականանետեր։

Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Քննարկվող թեմաներից մեկը կարող է լինել Արցախի և Լաչինի միջանցքի անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմները։ Թե ինչ են նշանակում այս մեխանիզմները, պարզ չէ։ Պաշտոնական Երևանը չի մանրամասնում այս առաջարկը, սակայն եւ չի դիմում ՄԱԿ-ին և այլ կազմակերպություններին միջազգային զորքեր ուղարկելու կոչով։ Թեպետ նույնիսկ կույրն է տեսնում, որ այն «անվտանգության» համակարգը, որով Ռուսաստանը խոստացել էր երաշխավորել նոյեմբերի 9-ի իր հայտարարությամբ, չի գործում։ Ավելի ճիշտ՝ աշխատում է հակառակ ուղղությամբ՝ 2020 թվականի նոյեմբերից սկսած վերջին համարյա երեք տարիներին Արցախը կորցրել է նոր տարածքներ, օկուպացվել է Հայաստանի սահմանադրական տարածքների մի մասը, փակվել է միջանցքը, հարյուրավոր հայ զինվորներ գերվել են։

Արցախի Հանրապետության պետական ​​նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ իրավիճակը սրելու Բաքվի մտադրության հետ կապված երեկ Telegram-ի իր ալիքում ասել է, որ միջանցքի ու մարդասիրական մատակարարումների արգելափակումը, գնդակոծությունները տեղի են ունենում մի շարք գործոնների ֆոնին։ «Դրանք են՝ վերջին օրերին Ադրբեջանի վրա միջազգային ճնշման աճն և առաջիկա օրերին Արդարադատության միջազգային դատարանի և ՄԻԵԴ-ի նոր որոշումների հեռանկարը։ Ռուսաստանի լրացուցիչ զբաղվածությունը ուկրաինական ճակատում և ներքին գործերում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև վաշինգտոնյան բանակցությունների նոր փուլի սկիզբ»,- գրում է Բեգլարյանը։ Նա նշում է, որ «իրավիճակն էլ ավելի սրելու Ադրբեջանի հանցավոր ծրագրերը պետք է դադարեցվեն գործնական քայլերով»։

Ալիեւի վրա ի՞նչ ճնշումների մասին է խոսքը։ Վերջին օրերին արցախյան հիմնախնդրի շուրջ անկեղծ քննարկումներ են ծավալվել արևմտյան մայրաքաղաքներում. արձանագրվել է, որ միջանցքը արգելափակված է, որ Ադրբեջանը չի կատարում իր կոնվենցիոն պարտավորությունները, և Ռուսաստանը չի կարողանում երաշխավորել Արցախի անվտանգությունն ու իրավունքները։ ԵԽԽՎ-ն պահանջել է միջազգային դիտորդներին թույլ տալ մտնել Արցախ և Լաչինի միջանցք, սակայն պատասխան չի ստացել։ Բաքուն միայն հանել է Բերձորի միջանցքում մի քանի օր առաջ տեղադրված բետոնե բլոկները և հիմա թույլ է տալիս ԿԽՄԿ մեքենաներին անցնել այնտեղով։

Բուն Ստեփանակերտում ուղղաթիռներ են երևում․ ռուսական զորքերը, ինչպես ասում են, սնունդ և այլ ապրանքներ են բերում: Եթե ​​դա այդպես է, ապա ստացվում է, որ Մոսկվան համաձայն է օգտվել թանկարժեք օդային տրանսպորտից, միայն թե ճանապարհը չբացվի եւ Արցախում «օտար» դիտորդներ չերեւան։

Ակնհայտ է, որ խոսքն ամենևին էլ Ուկրաինայում Ռուսաստանի «զբաղվածության» մասին չէ։

Ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի մուտքի արգելափակումը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների խախտում է, ավելի վաղ՝ ԵԽԽՎ-ում և ԱՄՆ Կոնգրեսում քննարկումներից հետո հայտարարել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հույս ունենք, որ Երևանը դուրս չի գա եռակողմ ձևաչափերով փոխգործակցությունից։ Այդ ձեւաչափերի դադարեցումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրա և հանգեցնում է «տեղում» էսկալացիայի», – նշել է Զախարովան։

Փաստորեն, սա «տեղում» էսկալացիայի ուղղակի սպառնալիք է, եթե հայկական կողմը փորձի եռակողմի հետ մեկտեղ օգտագործել այլ ձևաչափեր։ Այս ֆոնին իրավիճակի սրումը Վաշինգտոնում բանակցությունների ընթացքում սաբոտաժի փորձ է թվում։

Այն, ինչ տեղի ունեցավ այս գիշեր Մարտունիում և Մարտակերտում, պետք է քննարկվի Արցախի խորհրդարանում՝ Մոսկվայի իրական նպատակների և միջազգային օրինական կազմակերպություններին՝ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին իրական խաղաղապահ աջակցության ուղղակի կոչ անելու նպատակահարմարության համատեքստում։ Դա են “գործնական քայլերը”։

ԱՄՆ-ը «կշարունակի օգնել Հայաստանին և Ադրբեջանին զարգացնել այս գործընթացը»

Ազզստություն

ԱՄՆ-ն ուրախ է միջնորդ հանդիսանալ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցություններում, երեկ հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Միլլերը փոխանցել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի առավոտյան հանդիպում է ունեցել երկու երկրների արտգործնախարարների հետ՝ ինչպես առանձին, այնպես էլ եռակողմ ձևաչափով, և յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ընդգծել է, որ ուղիղ երկխոսությունը շատ կարևոր է խնդիրների լուծման, տևական ու արժանապատիվ խաղաղության ապահովման համար։

Միլլերն ասել է, որ ԱՄՆ-ը ոգևորված է վերջին շրջանում խաղաղ գործընթացում Ադրբեջանի և Հայաստանի արդյունավետ մասնակցությունից, և «մենք կշարունակենք օգնել նրանց զարգացնել այս գործընթացը», – նշել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Հունիսի 27-ը հանդիպման առաջին օրն էր, և քննարկումները կշարունակվեն մինչև հունիսի 29-ը, նաև ասել է Մեթյու Միլլերը:

Երեքշաբթի օրն ավելի վաղ պետքարտուղար Բլինքենն էր գրառում կատարել Թվիթերում՝ հայտնելով Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանին և Ադրբեջանին «տևական և արժանապատիվ համաձայնության ուղղությամբ համատեղ աշխատանքում»: «Երկխոսությունն է կայուն խաղաղության բանալին», – ընդգծել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է

Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների վերաբերյալ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
ԶԼՄ-ներին և սոցիալական ցանցերի օգտատերերին հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել, հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն

Ադրբեջանը կրակ է բացել Մարտունու և Մարտակերտի դիրքերի ուղղությամբ. հայկական կողմն ունի չորս զոհ

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախորդ օրերին շարունակաբար տարածելով կեղծ հաղորդագրություններ այն մասին, թե իբր պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտում են հրադադարը, և, մասնավորապես հունիսի 27-ին տարածելով իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություն` հայկական կողմի կրակից Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի վիրավորման մասին, տեղեկատվական հիմք ստեղծեց հերթական սադրանքի համար:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասվում է ՊԲ հայտարարության մեջ:

Մենք ներկա ենք Սյունիքում և շարունակելու ենք աջակցել Հայաստանին՝ իրականացնելով տարբեր նախագծեր. ԵՄ դեսպան

Գերմանիայի համագործակցությունը շատ երկրների հետ ընդգրկում է կոնկրետ ոլորտներ, որոնցից առաջնայինը մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունն է։ Գերմանիան ներգրավված է նաև հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում։ ԵՄ գրասենյակը գերմանական կողմի մասնակցությամբ Հայաստանում իրականացնում է մասնավոր ծրագրեր՝ համոզված լինելով, որ համատեղ աշխատանքը կարող է տալ սպասված արդյունք և կողմերին դարձնել ավելի ուժեղ։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Գյոթեի անվան հայ-գերմանական կենտրոնում կազմակերպված «Փոփոխություններ Գերմանիայի արտաքին և զարգացման քաղաքականության մեջ. ինչո՞վ են դրանք հետաքրքիր Հայաստանի համար» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։

«Մենք ներկա ենք Սյունիքում և շարունակելու ենք աջակցել Հայաստանին՝ իրականացնելով տարբեր նախագծեր», – ասաց դեսպանը։

Նրա դիտարկմամբ՝  ԵՄ անդամ երկրները համատեղ ջանքերով են կառուցում համաեվրոպական քաղաքականությունը՝ ներդնելով իրենց կարողություններն ու ներուժը, հետևաբար Գերմանիայի արտաքին քաղաքականության մեջ առկա բազում տարրեր կարելի է տեսնել եվրոպական ընդհանուր քաղաքականության մեջ։ Գործընկեր երկրներին օժանդակելը բխում է ԵՄ գրասենյակին տրված մանդատից։ Եվրոպական նախաձեռնություններն ակտիվորեն իրականացվում են նաև Հայաստանում։ Դրանցից մեկն էլ, ԵՄ դեսպանի հիշատակմամբ, Սյունիքի մարզում իրականացվող մեծ ծրագիրն է, որի միջոցով ապահովվում են անհրաժեշտ ներդրումներ։

Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի պատգամավոր Մերլե Շպելլերբերգն իր հերթին նշեց, որ Գերմանիայի արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցող փոփոխությունները շրջադարձային են և կապված են աշխարհաքաղաքական գործընթացների ու էներգակիրների պաշարների օգտագործման հետ։ Գերմանիայի արտաքին քաղաքականությունն այսօր կենտրոնացած է նաև գլոբալ կլիմայական փոփոխություններով պայմանավորված բնապահպանական խնդիրների վրա, որոնք առնչվում են մոլորակի բոլոր տարածաշրջաններին։ Այդուհանդերձ մեծածավալ զարգացումների ֆոնին՝ քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության և համապարփակ անվտանգության հետ կապված ավանդական հարցերը նախկինի պես գտնվում են Գերմանիայի կողմից վարվող քաղաքականության առանցքում։

Քննարկման մասնակից ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանն անդրադառնալով հայ-գերմանական հարաբերություններին՝ մասնավորապես ասաց, որ մենք միշտ ստերեոտիպային մոտեցում ենք ունեցել Գերմանիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ, սակայն նոր սերնդի գործիչներն առաջնորդվում են ժամանակակից չափանիշներով, նոր աշխարհայացքով, ինչը կարելի է կիրառել ներհայաստանյան պայմաններում, երբ խոսք է գնում արդեն մեր քաղաքականության ուղենիշների մասին։

«Վերջին շրջանում ականատես եղանք նոր շրջադարձերի, որոնց ազդակները տրվեցին բարձրաստիճան պաշտոնյաների այցերով։ Հիշատակման արժանի են ՀՀ վարչապետի, նախագահի և արտգործնախարարի այցերը, որոնք արտացոլեցին հայ-գերմանական հարաբերությունների խորքային բնույթը և ևս մեկ անգամ առիթ դարձան՝ ավելի ընդլայնելու երկկողմ հարաբերությունները»,- ասաց Մարգարյանը։

Ըստ նրա՝ հայկական կողմը մեծապես գնահատում է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի անհատական ջանքերն՝ ուղղված հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը։ Այդ համատեքստում բավականին արդյունավետ ստացվեց կանցլերի, Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Էլհամ Ալիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումը Մոլդովայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։

ՀՀ ԱԳՆ ներկայացուցչի համոզմամբ՝ Գերմանիան ոչ միայն ԵՄ առանցքային երկրներից է, այլև մեծ կշիռ ունի ամբողջ աշխարհում, հետևաբար կարող է իր հեղինակությունն ու ներուժն օգտագործելով՝ մեզ ավելի մոտեցնել համապարփակ խաղաղության ու կայունության։ 2018 թվականից ի վեր Հայաստանն իրականացնում է արմատական բարեփոխումներ և այդ գործում զգում է Գերմանիայի անվերապահ աջակցությունն ու Հայաստանին հետայսու նույնպես օգնելու պատրաստակամությունը, ինչն անկասկած կնպաստի հայ ժողովրդի հետագա բարգավաճմանը։

«Հայաստանը ԳԴՀ-ի հետ զարգացնում է ոչ միայն երկկողմ  հարաբերություններ, այլև դիտարկում է նրան որպես կարևոր գործընկեր՝ ԵՄ-ում Հայաստանի ինտեգրումը խթանելու և կենսական որոշումներ կայացնելու գործում էական դերակատարություն ունենալու առումով։ Հայաստանն ու Գերմանիան կարող են առկա աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստում համատեղ գործողություններով դիմակայել հարաճուն մարտահրավերներին»,- եզրափակեց Մարգարյանը։

Ծիծեռնավանք՝ բռնայուրացվող պատմություն

Արցախյան 3-րդ պատերազմից հետո եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանին անցավ նաև Քաշաթաղի շրջանը, որտեղ գտնվում է նաև 4-րդ դարում կառուցված Ծիծեռնավանքը, կամ Սուրբ Գևորգ եկեղեցին։ Այն  աչքի է ընկնում իր ինքնատիպ հարդարանքով և վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության կարևորագույն կառույցներից է։ Եկեղեցին այսօր հայտնվել է ադրբեջանական կեղծ քարոզչության թիրախում ու ներկայացվում է որպես ուդիական։

Ադրբեջանը հատուկ նպատակադրությամբ, այսպես կոչված ուդիական համայնքի ներկայացուցիչների համար ուխտագնացություններ է կազմակերպում ի թիվս այլ հայկական եկեղեցիների նաև Ծիծեռնավանք։ Եվ յուրացնելով, կամ օտարելով, հայակականությունից կտրելով պատմաճարտարապետական հուշարձանը, աղավաղվում է նրա հետ կապված պատմությունը, նրա հոգևոր ու պատմական նշանակությունը,  ինչը  մշակութային ցեղասպանության դրսևորում է։

,,Ուխտագնացությունների,, ժամանակ ոչ միայն խաթարվում են հայ առաքելական եկեղեցու հոգևոր ավանդույթներն ու ծիսակարգերը, այլև շատ հաճախ հուշարձանին վնաս է հասցվում բառիս ամենաուղիղ իմաստով։

Ուդիների Ծիծեռնավանք կատարած հերթական ,,ուխտագնացության,, տեսանյութից ու լուսանկարներից պարզ դարձավ, որ բարբարոսները քանդել են եկեղեցու խորանի առջև գոյություն ունեցած քառակուսի շուրֆը։ Որը մինչև 2020 թվականի դեպքերը փակված էր օրգանական ապակիով և ցուցադրվում էին Ծիծեռնավանքի կառուցողական առաջին փուլերի հատակները, որոնք պահպանվել էին դեռ 4-5րդ դարերից և որպես այդպիսին (կավահատակ) եզակի էին։ Շուրֆի մեջ ցուցադրվում էր նաև երրորդ փուլի կրասվաղ հատակը, որը իր եզակիությամբ չէր զիջում առաջինին։ Առկա էր նաև 5-րդ՝ 17-րդ դարի կառուցողական փուլի կոպտատաշ հատակը։ Շուրֆի մեջ պահպանվում էր նաև կավե կարասի ներքևի մասի մնացորդները, որոնք  հայտնաբերվել էին կրասվաղ հատակի տակ։ Հղում անելով պահպանված աղբյուրներին, Պատմական Գիտությունների դոկտոր Ալեքսան Հակոբյանը նշում է, որ ամենավաղ շրջանում, եկեղեցական ծիսակատարությունների ժամանակ, երբ որ աղոթականներին գինի էին բաժանում, Ծիծեռնավանքում այն ոչ թե փոքրիկ սկիհից են լցրել, այլ անմիջապես կարասից՝ շերեփներով են մատուցել։ Ըստ նրա դա եզակի մի ֆենոմենալ երևույթ է։ Առկա տեսանյութերից պարզ է դառնում, որ հիմա այդ բոլոր փուլերի նյութերը խառնված է իրար։

Ծիծեռնավանքը գտնվում է Արցախի (ԱՀ) Քաշաթաղ շրջանում, Աղավնո գետի աջ ափին, Ծիծեռնավանք գյուղի եզրին: Եռանավ բազիլիկ է` ուղղանկյուն հատակագծով, չորս զույգ մույթերով, շենքի ծավալում արտաքուստ շեշտված միջին նավով: Հարավային կողմից ունի չորս դուռ: Հայկական նույնատիպ կառույցների միակ կանգուն և լավ պահպանված օրինակն է: Շինարարության առաջին փուլը սկսվել է 4-րդ դ.-ում: Վանքը գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է Սյունյաց նախարար Վասակի որդի Փիլիպպեի 844 թ.՝ Տաթև գյուղը Տաթևի վանքին հանձնելու նվիրատվական փաստաթուղթը վավերացնելու կապակցությամբ, որին մասնակցող անձանց թվում հիշատակվում Է նաև Ծիծեռնավանքի վանական Ստեփանոսը։ Ստեփանոս Օրբելյանը Ծիծեռնավանքը հիշատակում Է Սյունիքի եկեղեցիների շարքում՝ որպես նա­հանգի 30 նշանավոր վանքերից մեկը, որը պատկանում էր Տաթևի թեմին։

20-րդ դարի սկզբին տեղի ունեցած հայ-թուրք-թաթարական ընդհարում­ների հետևանքով և փո­խադարձ անհանդուրժողա­կանության պայմաններում հայ բնակիչները ստիպված էին հեռանալ հայրենի վայրերերից։ 1905-ին Ծիծեռնա­վանք գյուղը հայաթափվում Է, իսկ 1993-ին ազատագրվում և վերան­վանվում Ծիծեռնավանք։

1997 թվականինին կառույցը հետազոտել և չափագրել է Ս․ Կարապետյանը, իսկ 1997-2001 թվականներին Ծիծեռնավանքում  իրականացվել են հնագիտական պեղումներ  Հ. Սիմոնյանի գլխավորությամբ, ապա վերականգնվել:

ԵՄ-ում հայտարարել են, որ Անդրկովկասի շուրջ քննարկումները կարող են մեծ արդյունքներ չբերել

Անդրկովկասի անվտանգության շուրջ առաջիկա Ժնևյան քննարկումները կարող են մեծ արդյունքներ չտալ՝ հաշվի առնելով աշխարհում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրադրությունը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտարարել է Ժնևյան քննարկումներում ԵՄ-ի կողմից համանախագահ Տոյվո Կլաարը՝ ամփոփելով բանակցային գործընթացի Հարավային Օսիայի մասնակիցների հետ Ցխինվալում տեղի ունեցած հանդիպման արդյունքները։

Հունիսի 27-ին Ցխինվալ են ժամանել Անդրկովկասի անվտանգության և կայունության շուրջ միջազգային քննարկումների համանախագահները ԵԱՀԿ-ից, ՄԱԿ-ից և ԵՄ-ից՝ քննարկելու Ժնևյան քննարկումների հաջորդ փուլի օրակարգը, որը նախատեսված է հուլիսի 11-12-ը։

«Քննարկումների բոլոր մասնակիցների համար օգտակար կլինի դրսևորել ճկունություն և միմյանց լսելու ցանկություն: Հաշվի առնելով աշխարհաքաղաքական բարդ իրադրությունը, ամենայն հավանականությամբ, մենք չենք կարողանա հասնել մեծ արդյունքների, բայց շատ կարևոր է, որ այս փուլը կայանա, որպեսզի մենք հնարավորություն ունենանք՝ քննարկելու ներկա իրավիճակը, գնահատելու իրադրությունը և լսելու կարծիքները», – ասել է Կլաարը։

Անդրկովկասի անվտանգության և կայունության շուրջ միջազգային քննարկումները Ժնևում տեղի են ունենում 2008 թվականից` Աբխազիայի, Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Հարավային Օսիայի մասնակցությամբ՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչների միջնորդությամբ։ Աշխատանքն ավանդաբար ընթանում է երկու աշխատանքային խմբերով՝ անվտանգության և հումանիտար հարցերով: Ժնևյան քննարկումները մնում են Սուխումի, Թբիլիսիի և Ցխինվալի միջև երկխոսության միակ հարթակը:

Միրզոյանը և Բլինքենը կարևորել են ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատումը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի և 1975թ. քարտեզի վրա

Վաշինգտոնում հունիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Ըստ աղբյուրի՝ կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի ապահովումը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի և 1975թ. քարտեզի վրա, սահմանից զորքերի հետքաշումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրումը՝ որպես տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման կարևոր գործոն:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերի շուրջ:

Նշվում է, որ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը: Նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու, ինչպես նաև բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հրամայականը:

Ինչո՞ւ է Ռաիսին զանգել Փաշինյանին ու Պուտինին․ Նախիջեւանի հարցն արդիականում է

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին իր լիակատար աջակցությունն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը հունիսի 24-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ։ «Շոշափվել են նաև միջազգային օրակարգի որոշ հարցեր, այդ թվում՝ Անդրկովկասում կայունության ապահովումը և սիրիական կարգավորումը»,- ասվում է ուղերձում։ Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության հեռանկարները՝ կենտրոնանալով առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում առկա համաձայնագրերի գործնական իրականացման վրա։

Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իբրահիմ Ռաիսիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդհանուր օրակարգին վերաբերող հարցեր։

Իրանն ու Ռուսաստանը փորձում են ավարտին հասցնել Ադրբեջանով անցնող Ռեշտ-Աստարա երկաթուղու բացումը։ Մյուս կողմից, Բաքուն, Երևանն ու Մոսկվան ասում են, որ գրեթե համաձայնության են եկել այն հարցում, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը կսկսվի Երասխ-Նախիջևան-Հորադիզ երկաթուղու բացմամբ։ Սա Իրանի համար կարևոր փոփոխություն է նշանակում. եթե Հայաստանից ապրանքներ սկսեն հասնել Նախիջևան, ապա հնարավոր կլինի Նախիջևանով իրականացնել նաեւ հայ-իրանական երկաթուղային փոխադրումներ։

Սակայն 1923 թվականի Կարսի պայմանագրով Ադրբեջանի ժամանակավոր պրոտեկտորատի տակ տրված հայկական Նախիջեւանի կարգավիճակի հարցը այս համատեքստում կարող է ակտուալացվել։ Ալիևը ամեն կերպ փորձում է «ապասուվերենիզացնել» Նախիջևանը, սակայն Իրանում այդ փորձերը դժվար թե «ըմբռնումով» ընկալվեն։

Թուրքիայի նախագահ Էրդողանը վերջերս հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքի բացումը կապված է ոչ թե Հայաստանի, այլ Իրանի դիրքորոշման հետ»։ “Բացի այդ, նրանք չափազանց բարձր են սահմանել փախադրման սակագները»,- ասել է Էրդողանը։ Նրա խոսքով, «եթե իրենք դրական մոտենան հարցին, ապա Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը կարող են ինտեգրվել միմյանց թե՛ ավտոմոբիլային, թե՛ երկաթուղային ճանապարհով, եւ Պեկին-Լոնդոն գիծը կբացվի»։

Դատելով Էրդողանի ինտոնացիայից՝ Իրանը չի ընդունում թուրքական կողմերի և Ռուսաստանի պայմանները։ Դա վերաբերում է նաև նրան, որ Ռուսաստանը ցանկանում է վերահսկել Մեղրիի ճանապարհը ԱԴԾ-ի սահմանապահ զորքերի միջոցով։ Բաքուն ակտիվորեն առաջ է տանում այս գիծը։

Հայաստանն ու Իրանը կտրականապես մերժում են այս տարբերակը։ Երեւանն ասում է, որ ճանապարհների հսկողությունը պետք է լինի ինքնիշխան։

Իրանն իր հերթին կոնկրետ քաղաքական և ռազմական գործողություններ է իրականացնում՝ կանխելու տարածաշրջանային հաղորդակցությունների ապասուվերենացումը։

Հայկական կողմը հետախուզական տվյալներ ունի, որ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը պատրաստվում էր Հայաստանի դեմ ավելի լայնածավալ ագրեսիայի։ Այս մասին Al-Monitor-ին ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Նա նշել է, որ Բաքվի ագրեսիվ ծրագրերը շատ ավելի մեծ էին, քան ռազմական գործողությունները, որոնք նա սանձազերծեց սեպտեմբերի 13-14-ին։ Միաժամանակ, ըստ Կոստանյանի, Հայաստանի հարավային հարեւան Իրանի գործողություններն ու հռետորաբանությունը օգնեցին կասեցնել այս իրավիճակի հետագա վատթարացումը։

Հայերի ունեցվածքը Թուրքիայում․ ինչպես էն կողոպտել մի ամբողջ ազգ – Բարսեղով

ArmenianHouse

Յուրի Բարսեղով

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԱՍՆԱԿՑՎԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՔԱՎԵՆ իրենց մեղքը

Ցեղասպանության համար՝ անձերի եւ պետությունների ատասխանատվության սահմանումը պայմանավորված է ոչ միայն արդարադատության, խախտված գույքի և գույքային այլ իրավունքների վերականգնման անհրաժեշտությամբ։ Ցեղասպանության համար պատասխանատվության իրավական իմաստը կայանում է նրանում, որ ապրուստի միջոցներից բռնի զրկելը պայմաններ է ստեղծում ցեղասպանության հանցագործության մաս կազմող ազգային խմբի ոչնչացման համար, և, հետևաբար, այդ հանցագործությանը հակազդելը նախ և առաջ ենթադրում է ոտնահարված իրավունքների վերականգնում։ Եւ երկրորդ՝ համապատասխան պատժամիջոց՝ դրանք կատարողների նկատմամբ։ Տնտեսական պատժամիջոցների են ենթարկվում նաև բոլոր նրանք, ովքեր ներգրավված են այդ գործողություններում՝ մասնավոր անձինք և հենց պետությունը։ Օտարերկրյա պետությունները, բանկերը և մասնավոր անձինք, ովքեր յուրացրել են ցեղասպանության առարկա դարձած մարդկանց կողոպուտի պտուղները, նույնպես պետք է նյութական պատասխանատվություն կրեն։

1919 թվականին օտարերկրյա մասնագետների հայկական ազգային պատվիրակության նախաձեռնությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով՝ գնահատելու ցեղասպանության հետեւանքով Օսմանյան կայսրությունում հայերին հասցված նյութական վնասը։ Հանձնաժողովը միաձայն եկել է այն եզրակացության, որ թուրքերը հայերից խլել են 3 միլիարդ 750 միլիոն դոլարի արժեքը։
Հայերը թալանվել են ոչ միայն Օսմանյան կայսրության տարածքում, այլև դրանից դուրս՝ նախկին Ռուսական կայսրության տարածքում՝ Կարսի մարզում, Ալեքսանդրապոլում, Երևանում …

1919-ին Փարիզի խաղաղության կոնֆերանսին ներկայացվեց թուրքական Հայաստանի և Կովկասի Հայկական Հանրապետության տարածքում հայերին հասցված վնասի հատուցման և փոխհատուցման մոտավոր գնահատականը։ Ժամանակային առումով նախահաշիվն ընդգրկում էր միայն 1915-ից 1919 թվականները և, հետևաբար, հաշվի չէր առնում 1878-1914 թվականներին ցեղասպանության վաղ փուլում պատճառված վնասը: Չհաջողվեց ծածկել շարունակվող ցեղասպանության ընթացքում ինչպես 1920-1923 թվականներին Օսմանյան կայսրության սահմաններում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության սահմաններում հասցված վնասը։
Ամենանախնական և ամբողջական գնահատականներից հեռու՝ վնասի չափը 1915-1919 թթ. կազմել է 19.130.932.000 ֆրանսիական ֆրանկ, որից 14.598.460.000-ը կազմում է թուրքական Հայաստանի հայերը, իսկ 4.532.472.000-ը՝ Կովկասյան Հայաստանի Հանրապետությանը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք ռուսերեն