Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն այս օրերին հանդիպումներ է անցկացնում մարզերում բանկվող արցախցների հետ։ Իսկ հունիսի 23-ին հայտարարելու են պայքարի նոր փուլ սկսելու մասին։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ առաջիկա օրերին հանդիպումները շարունակելու են այն համայնքներում, որտեղ բնակվում են մեծ թվով արցախցիներ։ «Այնուհետեւ կամփոփենք արդյունքները, հետագա քայլերը մանրամասն կներկայացնենք։ Բայց արդեն ակնհայտ է, որ բոլոր ճանապարհները տանում են դեպի ցույց, որովհետեւ շատ հարցերի պատասխաններ մնացել են անբավարար»,- ասաց նա։
Օրերս խորհրդի անդամները հանդիպում են անցկացրել Մասիս համայնքում, ըստ Սայիդա Պողոսյանի, արցախցիները բոլորն էլ հասկանում են, որ այն հարցերը, որոնք առաջ են քաշվել, արդար են եւ պետք է ստանան լուծումներ։ Այսինքն՝ մարդիկ պատրաստ են պայքարի։ Սայիդա Պողոսյանն ասաց, որ միայն սոցիալական հարցերը չէ, որ հետաքրքրում են մարզերում բնակվող արցախցիներին։ Խորհրդի առաջ քաշած 12-13 կետերի ուղղությամբ մարդիկ պատրաստ են աշխատանք տանել ու պայքարել իրենց իրավունքների իրացման համար։
Սոցիալական աջակցության ծրագրերի կրճատման հետեւանքով, Սայիդա Պողոսյանի խոսքով, արցախցիները սոցիալական խնդիրների առաջ են կանգնում։ «Իրենք միշտ էլ աշխատում են, այն աջակցությունը, որը ստանում էին, դրանով վճարում էին տան վարձը, իսկ աշխատած գումարով ապրում էին։ Իսկ հիմա, եթե աջակցությունից զրկվեն, չեմ պատկերացնում, թե ինչ է սպասվում։ Մեր միակ մտահոգությունն այն է, որ արցախցիները Հայաստանը չլքեն, որովհետեւ Հայաստանը լքելու դեպքում կփակվի նաեւ Արցախ վերադարձի խնդիրը։ Չկա արցախցի, չկա Արցախի հարց։ Միայն Մասիսի շրջանում ապրում է մոտ 7500 արցախցի։ Իսկ դա մեծ թիվ է, քիչ չէ։ Ասացին, որ փորձում են աշխատել, ամեն աշխատանք էլ կատարում են, միայն թե գիտեն, որ իրենց ընտանիքն են պահում, իրենց հայրենիքում են մնում, իրենց եղբայրների գերեզմաններին են այցելում»,- ասաց նա։
Ռոզա Հովհաննիսյան