Հասարակական գործիչ Անաստաս Իսրայելյանը, ով վերջերս նշել է, որ հեռացել է «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ»-ից, հայտարարությամ է հանդես եկել՝ վաղը՝ հունիսի 19-ին կառավարության դիմաց հավաքվելու կոչով։
Նրա խոսքով, մարտի 29-ի բազմահազարանոց հավաքի պահանջները մինչ օրս կատարված չեն, ինչը արտագաղթի նոր ալիք կարող է բարձրացնել։
«Սոցիալապես այսքան վատ վիճակում գտնվող ժողովրդի իրավունքները չպետք է ոտնահարվեն այստեղ։ Մեր հարցերի պատասխանները պետք է ստանանք, սոցիալական աջակցությունները կտրել են եւ արհամարհում են ցեղասպանությունից մի կերպ փրկված ժողովրդին»,- տեաուղերձի ընթացքում նշել է նա։
Իսրայելյանը նշում է, որ արցախցիների նպատակը հավաքական վերադարձն է, իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե արցախահայերը մնան հայրենիքում եւ պայքարեն վերադարձի իրավունքի համար։ Զրկվելով սոցիալական՝ բնակարանային վարձակալության համար տրվող նպաստից, շատերը ստիպված են արտագաղթել։
Հիշեցնենք, որ պայքարի խորհրդանիշ համարվող վրանի՝ Օպերայի հրապարակից հեռացնելու պայմաններից մեկը 2 ամսով սոցիալական վճարների երկարաձգումն էր, որից հետո առաջարկվում է սոցիալական այլ ծրագիր, որը սակայն ոչ մի կերպ չի կարղ փոխարինել նախորդ՝ 40+10 ծրագրին։