Ներգաղթի և անօթևանության խաչմերուկում. Իսրաել-Իրան հակամարտությունը` նոր մարտահրավեր

  • 16:01 18.06.2025

Իսրաել-Իրան հակամարտությունը նոր մարտահրավերներ է առաջացրել Հայաստանի առաջ։ Իրան-Հայաստան սահմանի հատվածում Իրանի արդեն հարյուրավոր քաղաքացիներ տեղափոխվում են Հայաստան, նրանց այստեղ գալը նոր խնդիրների առաջ է կանգնեցնում սոցիալական վճարներից զրկված արցախահայերի համար։

Լիանա Պետրոսյանը, ով բավական ժամանակ բանակցություններ էր վարում ՀՀ կառավարության հետ՝ արցախցիների անունից, այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․ «Հունիսի 18… Արցախցիներին տրամադրվելիք մայիս ամսվա բնակվարձից ոչ մի նորություն… Մարդիկ փաստացի հայտնվել են զբաղեցրած վարձով բնակարաններն անհապաղ ազատելու խնդրի առջեւ (արդեն գրեթե մեկ շաբաթ այս մասին ստանում եմ անթիվ-անհամար նամակներ, զանգեր)։ Դրան զուգահեռ ՀՀ հարավային սահմանից ներգաղթի ալիքը կամաց-կամաց թափ է առնում։ Ի՞նչ է լինելու ՀՀ պաշտպանության ներքո գտնվող հարյուր հազարավոր փախստականների հետ, ինչպե՞ս պիտի մարդիկ շարունակեն ապրել այդ վարձով բնակարաններում, երբ դրսից ավելի վճարունակ մեծաթիվ մարդիկ են հայտնվելու… Ո՞ւր է Արցախից տեղահանվածների սոցիալական բարելավված վիճակը…»։

Այս իրադրությունը բացահայտում է մի շատ խորը ճգնաժամ՝ ոչ միայն սոցիալական ապահովության համակարգի արդյունավետության հարցում, այլ նաև պետական ռազմավարության բացակայությունը՝ միաժամանակ մի քանի ճակատով արձագանքելու նմանատիպ ճգնաժամերին։

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների խնդիրները գնալով սրվում են՝ վարձավճարների վճարման անորոշությունից մինչև առօրյա գոյության հնարավորությունների սահմանափակում։ Իսկ այդ ֆոնին Իրանից ներգաղթող նոր ալիքը կարող է էլ ավելի խորացնել սոցիալական լարվածությունը։

Պետությունը պարտավոր է հստակ լուծումներ առաջարկել՝ չմոռանալով իր առաջնահերթ պատասխանատվությունը Արցախի փախստականների նկատմամբ։ Այժմ, երբ հանրային ռեսուրսների բաշխման շուրջ մրցակցությունը թափ է առնում, պետք է գործել հավասարակշռված, արդար և երկարաժամկետ ռազմավարությամբ՝ կանխելու համար և՛ հումանիտար, և՛ ազգային անվտանգության ոլորտում առաջացող նոր մարտահրավերները։

Խնդիրը ժամանակավոր օգնության մեջ չէ միայն․ անհրաժեշտ է համակարգային մոտեցում, պետական կամք և հստակ քաղաքականություն՝ պաշտպանելու համար այն մարդկանց, ովքեր արդեն մեկ անգամ կորցրել են իրենց տունը։ Այսօր նրանք կրկին վտանգի տակ են՝ այս անգամ արդեն պետական անգործության պատճառով։

Մարիամ Սարգսյան