Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հրավիրում է մեծ հավաք հուլիսի 12-ին

  • 21:37 23.06.2025
Այս վճռականությունը հստակ ուղերձ է։ ԱԻՊ Խորհուրդը հայտարարում է՝
ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ
Մեր պայքարի նոր փուլը սկսում է Հուլիսի 12-ին, ժամը 18:00-ին՝ խորհրդանշական Ազատության հրապարակից։ Այստեղից երթով շարժվելու ենք դեպի համապատասխան պետական հաստատություններ և իրականացվելու են զանգվածային անհնազանդության ակցիաներ։
Մենք հաստատակամ ենք մեր խոստումներում և չենք շեղվելու մեզ հանձն առած ուղուց։ Մեր անելիքների մանրամասները կհայտնենք ինչպես հարցազրույցների ընթացքում, այնպես էլ տեղում՝ անմիջական շփման ձևաչափով։
Մեր նպատակն է՝ ապահովել համախմբված, համակարգված և արդյունավետ համագործակցություն՝ հանուն ընդհանուր նպատակի։
Մենք կոչ ենք անում՝
Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը, Սփյուռքի բոլոր կազմակերպություններին, արցախյան և հայաստանյան հասարակական կազմակերպություններին ու քաղաքական ուժերին, Արցախի իշխանություններին և համայն հայ ժողովրդին՝
Միավորվել Արցախի գաղափարի շուրջ
և Արցախի հարցը դարձնել ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ։
Մեր օրակարգը պաշտպանողները պիտի լինեն մեզ հետ, մեր կողքին։
Հիշենք՝ 1988-ին, նույն ոգով, նույն գաղափարով, նույն վճռականությամբ Արցախի զարթոնքը սկսվեց ժողովրդի ընդվզմամբ։ Այսօր այդ նույն ոգին արթուն է։