««Կըսեի` ես քեզ շատ ում սիրում ու վստահ ում իլալ, վար տու տա զգացալս»

  • 09:23 27.06.2025

«Կըսեի` ես քեզ շատ ում սիրում ու վստահ ում իլալ, վար տու տա զգացալս, ես քեզ շատ սիրումմ ու գիդում, վար հասկանումս: Աչքերդ փակե ու տեմ կաց, էտ գույները քունդ չն, տու մեզ մեր գույներավ հիշի: Սիրումմ քեզ»,- Նարեն այսպես է խոսում իր քաղաքի՝ Մարտակերտի հետ, որն արդեն շուրջ 2 տարի է իր կարոտի կարեւոր հասցեն է։

Մարտակերտը լի է խորհրդանիշներով, որոնք տպավորվել են մարտակերտցիների սրտերում։ Կարուսելը, որ երբեք չի գործել, սակայն քաղաքի կարեւոր «հերոսներից» մեկն է, ազատագրման խորհրդանիշ սուրը, որը կարծես լուռ հսկում էր ողջ քաղաքը՝ այդ պատկերներն անջնջելի հիշողություններ են։

Հունիսի 28-ը Մարտակերտի ազատագրման օրն էր։ «Մարտակերտի ազատագրման օրը մեզ համար տարվա ամենակարևոր օրերից մեկն էր, այդ օրը միշտ մեծ համախմբման իմաստ ուներ»,- պատմում է Նարեն, ով հիշում է, թե ինչպես ամեն տարի տասնյակ հյուրեր էին գալիս քաղաք։

Մարտակերտի շրջանի գյուղերի բնակիչներն ու քաղաքի բնակիչները, ինչպես նաև արդեն վաղուց Մարտակերտում չապրող, բայց ծնունդով մարտակերտցիները, օրվա առիթով միշտ վերադառնում էին տուն՝ Մարտակերտ։

Պատմական տեսանկյունից Մարտակերտի ազատագրումը ազատագրական պայքարի ամենակարեւոր իրադարձություններից մեկն է։ «Եվ քանի որ տասնամյակներ շարունակ օրը մեր ինքնության կարեւոր մասն է եղել, որոշել ենք, որ որտեղ էլ լինենք, ինչ հանգամանքներում էլ ապրենք՝ օրվա խորհուրդը պետք է պահպանենք ու այդ կարևոր իրադարձությունը չջնջենք մեր հավաքական հիշողությունից ու կյանքից»,- ասում է Նարեն, ով մի խումբ մարտակերտցիների հետ նախաձեռնել է Երեւանում Մարտակերտի օրվան նվիրված միջոցառումներ՝ քաղաքացիներին նորից մեկտեղելու ջերմ ու կարևոր առիթ ստեղծելու համար։

«Ծրագիրը շարունակական է, և մենք մեզ ու մեր սերունդներին հիշեցնելու ենք մեր պատմության մասին։ Միայն վերջին դեպքերը չէ, որ պետք է հիշենք։ Հաղթանակներն ու պարտություններն էլ պետք է ընկալենք ու ընդունենք՝ պատճառահետևանքային կապերով»,- վստահ է Նարեն։

Մարտակերտի ազատագրման օրը ինքնության պահպանման, անցյալի հիշողությունների, ներկայի ու ապագայի սերունդների՝ հայրենի քաղաքի կարոտով ու վերադարձի հավատով լցվելու օր է։

Մարիամ Սարգսյան