«Պետք է ցույց տալ, որ մեր պետականությունը պաշտպանելու համար մենք նույնպես կանգ չենք առնելու»

  • 23:15 27.06.2025

«Այն, որ օրվա իշխանությունները նպատակաուղղված գնում են բոլոր ազգային հենասյուների, ազգային արժեքների ոչնչացմանը, արդեն գաղտնիք չէ։ Առաջինն Արցախն էր, հետո բանակն էր, հետո սկսեցին ցեղասպանության թեման շահարկել։ Եվ այժմ անցել են ամենահին ու ամենաամուր հենասյանը՝ փորձում են վերացնել նաեւ Հայ Առաքելական եկեղեցին։ Եվ այս հարձակումները հենց այդ համատեքստում են, այսինքն՝ ցանկացած ազգային արժեքի, ցանկացած ազգային միավորի օրվա իշխանությունները նայում են որպես սպառնալիք։ Այն բոլոր մարդիկ, միավորները, հատկապես կազմակերպված ինստիտուտները, որոնք ազգային արժեքներն են պաշտպանում, օրվա իշխանությունների համար որպես սպառնալիք են ընկալվում»,- step1.am-ի հետ զրույցում ասաց արցախցի իրավապաշտպան Նարե Սիմոնյանը։

Այս գործողութուններով իշխանությունները թիրախավորում են նաեւ արցախցիներին։ Նարե Սիմոնյանի խոսքով՝ արցախցիների նկատմամբ ճնշումներ եղել են պաբերաբար, այդ թվում՝ 2024 թվականի սեպտեմբերին, «Սրբազան շարժման» ժամանակ։ Նրա խոսքով՝ արցախցիներն իրենց մաշկի վրա զգացել են գործող իշխանությունների հակահայ տրամադրությունները։ Եվ այժմ արցախցիները շատ վճռական են մայր հայրենիքը պաշտպանելու գործում եւ ակտիվրեն մասնակցում են ցանկացած պրոցեսի, որն ուղղված է ազգային ինստիտուտների ու հայկական պետականության պահպանմանը։

«Դրա տակ կարելի է բացատրել նաեւ այս յուրահատուկ “վերաբերմունքը”, որն ունեն այս իշխանությունները ինչպես արցախցիների, այնպես էլ հոգեւորականների եւ ընդհանրապես ազգային ինստիտուտների նկատմամբ։ Ահաբեկչություն անվանել այս ամենը, ինչպես իրենք են անվանում, շատ անհեթեթ է։ Եթե խոսենք ահաբեկչության մասին, շատ ավելի ահաբեկչության նման է այն ամենը, ինչը 7 տարի տեղի է ունենում մեր պետության հետ՝ քանդում, հանձնում, կործանում, արժեզրկում եւ ահաբեկում են։ Եվ դա տեղի է ունենում իշխանության կողմից»,- հավելեց  նա։

Նարե Սիմոնյանի խոսով՝ արցախցի պատգամավոր Դավիթ Գալստյանի կալանավորումը լրացուցիչ ճնշում է արցախցիների նկատմամբ՝ հաշվին առնելով նաեւ արցախցիների վերջին շրջանի ցույցերը, ակտիվությունն ու իրենց իրավունքների համար պահանջատեր լինելը։ Սա քաղաքական ճնշման լրացուցիչ լծակ է։ Նա հիշեցնում է՝ դեռեւս 2024 թվականից շարունակվող գործեր կան արցախցիների նկատմամբ՝ հորինված մեղադրանքներով։ Դրանց հաջորդել են «Սրբազան շարժմանը» մասնակցած Արցախի տարբեր համայնքապետերի քաղաքական հետապնդումները։

«Եվ արդեն օրերս տեսանք՝ եւս մեկ կարմիր գիծ հատեցին՝ (իսկ իրականում նրանք կարմիր գծեր չունեն) ձերբակալեցին Արցախի գործող ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին։ Իրենք ուզում են հենց դա ցույց տալ, որ իրենց համար օրենքի, բարոյականության, արժեհամակարգի ոչ մի կարմիր գիծ չկա։ Կարող են կալանավորել զոհված հերոսի ծնողներին, կարող են կալանավորել իրենց իրավունքները պաշտպանող կանանց ու աղջիկներին, հոգեւորականներին, կարող են կալանավորել գործող պատգամավորներին եւ այլն։ Այսինքն՝ սրանով ի ցույց են դնում իրենց «ուժը», որը բարոյականության բացարձակ բացակայությունն է։ Ես համոզված եմ, որ սա հենց առանձին խմբերին տրվող մեսիջ է՝ եւ արցախցիներին, եւ հոգեւորականներին, եւ կանանց։ Տարբեր խմբերի քաղաքական ճնշումների ենթարկելով՝ փորձում են ցույց տալ, որ կանգ չեն առնելու ոչնչի առաջ»,- նշեց նա։

Անդրադառնալով այս իրավիճակում հասարակության անելիքին՝ Նարե Սիմոնյանն ասաց, որ պետք է ցույց տալ, որ մեր պետականությունը պաշտպանելու համար մենք նույնպես կանգ չենք առնելու․ «Օրինական բոլոր միջոցներով պաշտպանելու ենք մեր պետությունն ու մեր հայրենակիցներին եւ առաջին հերթին՝ մեր հազարմյա ազգային կառույցը՝ Հայ Առաքելական եկեղեցին»։

Ռոզա Հովհաննիսյան