Կարևոր փոփոխություն արցախցիների բնակապահովման ծրագրոմ

  • 13:29 02.07.2025
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է այն կետերից մեկը, որի մասին դեռ հունիսի 11-ին Արցախցիների իրավունքների պաշտպանության Խորհրդի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էինք։ Խոսքը վերաբերում է բնակարանային աջակցության ծրագրի փուլերի վերացմանը՝ սկսած հուլիսի 1-ից։ Սա մեր կողմից ստեղծված մասնագիտական աշխատանքային խմբերի և տարբեր ջանքերի տեսանելի արդյունքներից է։
Մի կողմից սա դրական ազդակ է. գոնե ՀՀ կառավարության որոշ պայմանավորվածություններ ի վերջո սկսում են իրականացվել։ Սակայն, ինչպես բազմիցս հայտնել ենք քննարկումների ժամանակ, այնպես էլ հրապարակային ձևով նշում ենք, որ բնակարանային ծրագիրը կարող էր լինել առավել արդյունավետ և մատչելի, եթե ընդունվեին մեր առաջարկները՝ ամբողջությամբ։
Միևնույն ժամանակ զգուշացնում ենք՝ եթե ծրագիրը մնա մասնակի, առանց բնակֆոնդի ձևավորման և վերահսկողական հստակ մեխանիզմների, ապա այն չի տալու իրական արդյունք։
Օրինակ՝ այն համայնքներում, որտեղ բնակարանային աջակցության ծրագրի շրջանակներում մեկ շնչի հաշվով աջակցության չափը բարձրացվել է 3,000,000 դրամից մինչև 4,000,000 (ինչի մասին մենք նախապես հայտնել էինք), մեր ուսումնասիրություններով և տեղի բնակիչների վկայությամբ՝ բնակարանների գները համարժեք բարձրացել են։ Սա փաստում է այն մասին, որ առանց համալիր մոտեցման ծրագիրը կարող է հակառակ արդյունք ունենալ։
Ուստի՝ կրկին կոչ ենք անում բոլոր մեր հայրենակիցներին՝ ակտիվորեն մասնակցել հուլիսի 12-ին՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին, որպեսզի կարողանանք հասնել մեր խնդիրների համապարփակ լուծմանը։ Միայն միասնական և հետևողական պայքարի միջոցով կարող ենք հասնել իրական և ամբողջական լուծումների։