Գագիկ Ավանեսյան, Արցախցինրի իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ
Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող մասնակցել երկրի քաղաքական կյանքին: Արդյո՞ք այս հայտարարությունը վերաբերում էր նաև Արցախի ժողովրդին:
Ես կտրականապես համաձայն չեմ այս հայտարարության հետ: Եվ չնայած այն ուղղակիորեն չէր վերաբերում Արցախի ժողովրդին, բայց հաշվի առնելով, որ քաղաքացիության հարցը դարձել է արցախցիների համար պարտադիր պահանջներից մեկը, այս հայտարարությունը տարակուսանք է առաջացնում:
Մենք՝ արցախցիներիս, ունենք բոլոր իրավունքները մասնակցելու Հայաստանի ապագայի որոշմանը, արտահայտելու մեր քաղաքացիական դիրքորոշումը և ակտիվորեն մասնակցելու այն հարցերի քննարկմանը, որոնք անմիջականորեն ազդում են Արցախից բռնի տեղահանված անձանց ճակատագրի վրա: Արցախցիների ճակատագիրը ուղղակիորեն կապված է ՀՀ-ի հետ, և, համապատասխանաբար, մենք իրավունք ունենք մասնակցելու երկրի քաղաքական և հասարակական գործընթացներին՝ իրավական հիմքերով:
Հիշեցնենք, որ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման համաձայն՝ Արցախը և Հայաստանը ճանաչվում են որպես միասնական քաղաքական-իրավական տարածք, իսկ Արցախի ժողովուրդը՝ Հայաստանի քաղաքացի։ Արցախցիներն ունեն այս որոշումից բխող բոլոր իրավունքները, այդ թվում՝ քաղաքացիության և պետական քաղաքականությանը մասնակցելու իրավունքը։ Արցախի ժողովրդին քաղաքացիությունից և ընտրական իրավունքից զրկելը անընդունելի է թե՛ իրավական, թե՛ բարոյական տեսանկյունից։
Մենք, ինչպես բոլոր հայերը, ունենք ընդհանուր նպատակ՝ ուժեղ, արդար և անկախ Հայաստան, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի հավասար իրավունքներ և հնարավորություններ։
Ալվարդ Գրիգորյան