Շարունակելով Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի շահառուների մասին պատմությունների շարքը՝ ներկայացնում ենք Հարություն Սահակյանի պատմությունը։
Հարությունը ծնունդով արցախցի է։ Նա ևս այն երիտասարդների շարքում էր, ովքեր հայտնվել էին Ստեփանակերտի մոտ գտնվող Հայկազովի վառելիքի պահեստում՝ ողբերգական պայթյունի վայրում։ Նա ստացել է ծանր այրվածքներ և վնասվածքներ, այդ թվում՝ դեմքի շրջանում։
Այս դեպքից հետո նրա կյանքը կտրուկ փոխվեց։ Հարությունը սկսեց իր երկար և դժվարին ճանապարհը դեպի ապաքինում և այսօր շարունակում է վերականգնողական բուժում ստանալ Երևանի ազգային այրվածքաբանական կենտրոնում, որտեղ բժիշկներն ու մասնագետները անսահման նվիրվածությամբ աջակցում են նրան՝ օգնելով հաղթահարել ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական դժվարությունները։
Նրա մարմնի վրա կան ցավոտ հետքեր՝ սպիներ, որոնք միշտ կհիշեցնեն նրան այն ճակատագրական օրվա մասին։ Բայց այսօր Հարությունն ապրում է լիարժեք կյանքով։ Նա ապաքինվել է իր մեծ կամքի, տոկունության և հույսի շնորհիվ։
«Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Ազգային այրվածքաբանական կենտրոնի ղեկավարությանը և ողջ անձնակազմին՝ այդքան երկար ժամանակ ցուցաբերած խնամքի, բժշկական օգնության և մեզ վերականգնողական սենյակի տրամադրման համար», – նշում է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի թիմը։
Հիշեցնենք, որ Կենտրոնի աշխատակիցները Ազգային այրվածքաբանական կենտրոնում աշխատում են հարկադիր տեղահանության առաջին օրերից՝ օգնելով տեղի մասնագետներին պայթյունից տուժածների վերականգնման գործում։ Նրանց շնորհիվ մեր շատ հայրենակիցներ ոտքի են կանգնել և ապրում են լիարժեք կյանքով, սակայն վերականգնման հետագա փուլերն անցնելու համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ, և չափազանց կարևոր է աջակցել Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի թիմին նոր ժամանակակից կենտրոնի բացման գործում։
Արսեն Աղաջանյան
Կազմակերպության հաշիվներ ACBA բանկում։
AMD-220313350666000
USD-220313350419001
EUR-220313350328002
GBP-220313350021003