4 մլն սահամանչափով բնակավայրերում տների գներն արդեն թանկանում են

  • 19:05 07.07.2025

Ինչպես տեղեկացրել ենք, կառավարությունն օրերս ընդունեց արցախցիների բնակապահովման պետական ծրագրի փոփոխված տարբերակը։ Ըստ այդմ՝ սահմանվում է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ, որում ներառված են 57 համայնքների 611 բնակավայրեր՝ նախկին 452-ի փոխարեն։

Արցախցի բռնի տեղահանված անձինք ահազանգում են, որ 4 մլն սահամանչափով բնակավայրերում անշարժ գույքի գներն արդեն թանկանում են։ Այս խնդրի մասին արցախցիները սոցիալական ցանցում գրառումներ են անում։

Նշենք, որ այդ 57 խոշորացված համայնքներն են՝

Արագածոտնի մարզ- Ապարան, Թալին, Ալագյազ, Արևուտ Ծաղկահովիտ, Մեծաձոր, Շամիրամ համայնքներ։

Արարատի մարզ- Արարատ, Վեդի, Վերին Դվին համայնքներ։

Արմավիրի մարզ- Արմավիր, Վաղարշապատ, Մեծամոր, Արաքս, Բաղրամյան, Խոյ, Ֆերիկ համայնքներ։

Գեղարքունիքի մարզ- Մարտունի, Սեւան , Ճամբարակ, Վարդենիս համայնքներ։

Լոռու մարզ- Վանաձոր, Ալավերդի, Տաշիր, Թումանյան, Լերմոնտովո, Սպիտակ, Ստեփանավան, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Փամբակ, Ֆիոլետովո համայնքներ։

Կոտայքի մարզ- Բյուրեղավան, Ծաղկաձոր, Հրազդան, Չարենցավան, Ակունք, Արզնի համայնքներ։

Շիրակի մարզ- Գյումրի, Արթիկ, Անի, Ախուրյան, Ամասիա, Աշոցք համայնքներ։

Սյունիքի մարզ- Կապան, Մեղրի, Սիսիան, Քաջարան համայնքներ։

Վայոց ձորի մարզ- Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Արենի, Եղեգիս համայնքներ։

Տավուշի մարզ- Իջեւան, Դիլիջան, Նոյեմբերյան համայնքներ։

Վերոնշյալ 57 խոշորացված համայնքների կազմում ներառված 611 բնակավայրերում տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար ընտանիքի յուրաքանչյուր անձի կհատկացվի 4 մլն դրամ գումար։

«4 միլիոնի անունը լսելուն պես տները թանկացրել են: Պետությունը ինչ-որ լծակներ չունի՞ էս անկուշտ տանտերերի վրա»,- գրել է արցախցիներից մեկը։

«4 մլն-ը ո՞ւմ ա պետք, էջմիածինցիները լսելով 4 միլիոնի անունը՝ տների գինն ավելի բարձրացրել են, ուժեղ բիզնես ա արցախցիների վրա»,- գրել է մեկ այլ օգտատեր։

«Ես ապրում եմ սահմանամերձում գյուղում, տան գները սարքել են 15 միլիոն, էն էլ գոմ ա, հիմի 2 հոգի ենք, էտ գնին տունը ո՞նց առնենք»,- հարցադրում է արել արցախցիներից մեկը։

«4 միլիոն հենց դարձրին, տների գները բարձրացրին, եւ դարձավ միեւնույն»,- գրել է մեկ այլ արցախցի։

Մյուս խնդիրն այն է, որ փոքր ընտանիքները չեն կարող այդ գումարով բնակարան ձեռք բերել։ Մարդիկ նաեւ այս հարցն են բարձրաձայնում։

Արցախցիներից մեկը գրել է՝ եթե նույնիսկ 5 մլն տան, երկու հոգանոց ընտանիքները կմնան դրսում։

Կան նաեւ հետեւյալ բովանդակությամբ գրառումներ․ «Մեկ կամ երկու հոգին մա՞րդ չեն, ի՞նչ կարան անեն այդ գումարով, թող դրա մասին մտածեն, «Ես չեմ հասկանում՝ էս ի՞նչ ծրագիր ա, որ փոքր ընտանիքներն ամեն ինչով տուժվեն, 12 000 000 դրամով ես ի՞նչ տուն առնեմ, ազաբ տղա ունեմ, վաղը ամուսնալու է՝ կին, երեխա, ո՞նց ենք անելու», «1-2 հոգանոց ընտանիքներն ի՞նչ անեն, նամանավանդ եթե երկուսն էլ թոշակառու են»։

Ռոզա Հովհաննիսյան