Միասնական սոցիալական ծառայության Մասիսի տարածքային կենտրոնում Արցախի Մարտակերտ քաղաքից տեղահանված Նվարդ Վանյանը պատահական հանդիպեց իր համաքաղաքացի Անահիտ Գևորգյանին․ նրա ուրախությանը չափ չկար։ Ինչպես ինքն է ասում՝ այդ պահին Անահիտը նրա փրկությունն էր։
56-ամյա Նվարդը միայնակ է ապրում։ Դժվար կյանքն իրենն արել էր․ կինը տարիքին անհամեմատ մեծ էր երևում՝ վհատ դեմքով, տխուր աչքերով։
Արցախից տեղահանվելուց հետո նա հաստատվել է Վեդի քաղաքում, ապա տեղափոխվել Մասիս քաղաքը, որտեղ ապրում էր վարձակալած բնակարանում։ Միայնակ կնոջ համար, ով ունի առողջական լուրջ խնդիրներ, ծանր էր ապրուստի միջոցներ հայթայթել ու գոյատևել, իսկ ՀՀ կառավարության կողմից տրվող բնակվարձերի աջակցության դադարից հետո նա մնացել է անօթևան։
-Այնպես է ստացվել, որ մենակ եմ ապրում։ Մինչև այսօր կարողանում էր մի կերպ գոյատևել։ Հիմա կանգնել եմ մեծ խնդրի առաջ։ Տանտիրոջ պահանջով հուլիսի 5-ից ազատել եմ բնակարանը, քանի որ ի վիճակի չեմ վարձավճարը տալու։ Անահիտին հանդիպելն ինձ համար իսկապես փրկություն էր։ Նա ինձ չթողեց, որ դրսում մնամ, իր տուն բերեց` բաժին հանելով իր մի կտոր հացից։ Նրա աջակցությամբ մի քանի անգամ բժշկի եմ գնացել, քանի որ մենակ ի վիճակի չեմ ազատ տեղաշարժվել։ 2020 թվականից հետո իմ մոտ առողջական խնդիրներս ավել են բարդացել։ Ձած ոտքս թույլ է, ձեռնափայտով եմ քայլում։ Այդ իսկ պատճառով չեմ կարողանում ոչ մի տեղ աշխատել։ Արցախում հողի հետ էի աշխատում և իմ օրվա հացը կարողանում էի վաստակել իմ քրտինքով։
Հիմա չգիտեմ՝ ի՞նչ անեմ, ո՞ւմ դիմեմ։ Մինչև ե՞րբ պետք է ապրեմ Անահիտի տանը, ով մի կերպ է իր ընտանիքի կարիքները հոգում։
ՀՀ կառավարության կողմից տրվող բնակվարձերի աջակցությունն անհրաժեշտ է բոլորիս։ Իմ շրջապատում շատ մարդիկ կան, ովքեր կանգնած են բազմաթիվ սոցիալական խնդիրների առաջ։ Շատերն են ստիպված բնակարան փոխել, կամ գնացել հարազատների տուն, սակայն դա հարցի լուծում չէ,- ասում է միայնակ կինն ու ավելացնում,- մարդու ցավի աստիճանը կիմանա միայն նման ցավն իր մեջ կրողը։ Միայն նա կկարողանա օգնության ձեռք մեկնել դիմացինին։
Նվարդ Վանյանի նման հարյուրավոր տեղահանված արցախցիներ կան, ովքեր ապրում են միայնակ, հոգեկան ու նյությական ծանր պայմաններում։ Նրանք չգիտեն, թե վաղը որտեղ են հայտնվելու, ո՞վ է նրանց հանգրվան տալու կամ երբևէ ունենալու են տանիք, թե ոչ․․․
Հ․Գ․
Այն սրտացավ մարդիկ, ովքեր կցանկանան օգնել արցախցի միայնակ կնոջը, կարող են զանգահարել 098405737 հեռախոսահամարին։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ