Հունիսի 12-ին արցախցիների հանրահավաքից հետո առաջացած անհույս վիճակը, ՀՀ կառավարության կողմից 40 հազար դրամի չափով բնակարանային աջակցությունը շարունակելուց կտրուկ հրաժարվելը և բնակարանային ծրագրում որոշ դրական փոփոխությունները հանգեցրին նրան, որ ավելի ու ավելի շատ արցախցիներ հասկանում են, որ այլընտրանք չկա։
Անձնագրային բաժանմունքներում կրկին նկատվում է արցախցիների մեծ հոսք․ ակտիվացել է քաղաքացիություն ստանալու պրոցեսը՝ գոնե կառավարության առաջարկած գումարը ստանալու համար։ Այլ օգնություն ակնկալելու կարիք չկա, և չնայած բանկերը դեռևս մեծ մասամբ հրաժարվում են արցախցիներին վարկեր տրամադրել, մարդիկ փորձում են լրացուցիչ գումար գտնել, որ “գումարեն” սերտիֆիկատին և բնակարան գնեն։
Նույնիսկ «ավելացումով» սերտիֆիկատի գումարը հազիվ հերիքում է երկրորդային շուկայում բնակարան գնելու համար։ Հայաստանում շատ տանտերեր փորձում են օգտվել իրավիճակից և իրենց անհույս, խարխուլ բնակարանները վաճառել արցախցիներին, վերցնել «օդից ընկած» փողը և լքել Հայաստանը։ Նրանցից շատերը վաղուց ունեն ռուսական կամ այլ անձնագիր, և նախընտրում են իրենց տան վաճառքից ստացված «պետական» գումարը ներդնել Կրասնոդարի կամ Չեռնոգորիայի անշարժ գույքի մեջ։
Եվ պարզվում է, որ կառավարության բնակարանային ծրագիրը նպաստում է ոչ թե Հայաստանի ժողովրդագրության բարելավմանը արցախցիների հաշվին, այլ ՀՀ որոշ բնակիչների հեռանալուն։
Սկզբում և նույնիսկ հիմա շատ փորձագետներ առաջարկում էին կամ նոր բնակարաններ կառուցել արցախցիների համար՝ լինի դա սոցիալական թե այլ հիմունքներով, կամ միջոցները հատկացնելով նոր շենքերում բնակարաններ գնելու կամ նոր տներ կառուցելու համար։ Որպեսզի արցախցիները համալրեն Հայաստանի ժողովրդագրությունը և չզբաղեցնեն նրանց տեղը, ովքեր նստած էին ճամպրուկների վրա և սպասում, թե ով կգնի իրենց անհույս բնակարանները։
Սակայն կառավարությունը չգնաց այս ճանապարհով, և այժմ մնում է վիճակագրական կոմիտեն հաշվի, թե քանի ՀՀ քաղաքացի է վաճառել տները արցախցիներին (իրականում, կառավարությունն ինքն է այդ տները գնում սեփական քաղաքացիներից՝ խրախուսելով նրանց արտագաղթը) և ընդմիշտ լքել Հայաստանը։ Եվ քանի՞ օտարերկրացիներ այն երկրներից, որոնք դիվանագիտական հարաբերություններ չունեն Հայաստանի հետ, տներ են գնել նոր շենքերում Հայաստանում։