«Արցախի ներկայացուցչության շենքի շուրջ իրավական պայքարը պետք է տանել մինչև վերջ». Ռոման Երիցյան

  • 14:50 21.08.2025

Փաստաբան Ռոման Երիցյանի խոսքով՝ Վիեննայի կոնվենցիայի և այլ միջազգային փաստաթղթերի ուժով դիվանագիտական ներկայացուցչությունները համարվում են այն պետության տարածքը, որին ծառայումէ։

«Սա նշանակում է, որ Արցախի ներկայացուցչության շենքը մեր տիրապետության տակ մնացած միակ հողն է, և մենք պարտավոր ենք թույլ չտալ, որ այն վերցնեն մեր ձեռքից»,- նշեց փաստաբանը։

Նրա խոսքով՝ Արցախի ներկայացուցչության շենքը հատկացվել է դեռևս 1997 թվականին։ «Դատախազությունն այժմ հայց է ներկայացրել՝ պնդելով, թե 1997-ին շենքի հատկացումից հետո պայմանագիր չի կնքվել։ Բայց այստեղ անտեսվում է այն հանգամանքը, որ այդ տարիներին նման պայմանագիր պահանջող օրենք պարզապես գոյություն չուներ։ Ստացվում է՝ դատարան ներկայացվել է անհիմն և իրավական տրամաբանությունից զուրկ հայց, որը, ցավոք, դատարանն էլ ընդունել է՝ ժամկետների բացթողմամբ»,- ընդգծեց Երիցյանը։

Նրա համոզմամբ՝ գործը քաղաքական պատվեր է, սակայն դա չի նշանակում, որ պետք է ձեռքերը ծալած նստել։

«Իմ պարտքն է այս հարցում անել առավելագույնը։ Եթե երկու տարի անց իշխանությունը փոխվի, այս գործը միևնույն է վերաբացվելու է, և ես չեմ ցանկանում ապագայում զղջալ, որ մինչև վերջ չեմ պայքարել։ Ես երբեք չեմ առաջնորդվում այն մտքով, թե եթե այս կամ այն քաղաքական ուժն է իշխանության, ապա իրավաբանության դաշտում անելիք չունեմ։ Օրենքի ու իրավունքի գերակայության համար պայքարն անկախ է քաղաքական իրավիճակից»,- նշեց փաստաբանը։

Մարիամ Սարգսյան