Անհետ կորածների, զոհվածների եւ գերիների հարազատների բողոքի ակցիան

  • 16:00 21.08.2025

Անհետ կորածների, զոհվածների եւ գերիների հարազատներն այսօր դարձյալ բողոքի ակցիա էին անում կառավարության շենքի մոտ։

Արցախցի Բելլա Գալստյանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակման հետեւանքով Արցախում զոհված զինծառայող Սասուն Ավանեսյանի քույրն է։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ կառավարությանը նամակ են փոխանցել։ Նրա խոսքով՝ բարձրաձայնում են ոչ միայն մարտական գործողությունների ժամանակ անհետ կորածների հարցը, այլ նաեւ վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով անհետ կորածների հարցերը։ «Պայթյունն էլ հանդիսանում է պատերազմի հետեւանք, նույնն է, ոչ մի տարբերություն։ Հստակ թիվ չենք կարող ասել, որովհետեւ տարբեր է, կոնկրետ պայթյունի հետեւանքով անհետ կորածների թիվը 21 կամ 22 է, պատերազմի հետեւանքով 14 է»,- ասաց նա։

Բելլան նշեց՝ իրենց խնդրանքն այն է, որ անհետ կորածների հարցով գործընթացն ավարտին հասցնեն, գործի մեջ ընդգրկեն նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Աբազյանին, քանի որ Աբազյանը ասել էր անհետ կորածների հարազատներին, որ 8 թե 9 կետով պայմանավորվածություն կար Ադրբեջանի հետ։ Անհետ կորածների հարազատների պնդմմամբ՝ հունիսին արդեն պետք է ստորագրություններով հաստատվեր այդ պայմանավորվածությունը, բայց այդպես էլ չկայացավ այդ հանդիպումը։ «Հիմա մեր խնդրանքն այն է, որ պարոն Աբազյանին ընդգրկեն այդ գործի մեջ, որովհետեւ մենք քաջ գիտակցում ենք, որ նա ավելի տեղեկացված է, մեր այս գործի հետ անմիջական կապ է ունեցել»,- նշեց նա։

Զոհվածների հարազատները բարձրաձայնում են արտաշիրմում իրականացնելու հարցը։ «Շեշտել ենք նաեւ այն հանգամանքը, որ եթե հանկարծ մեզ բախտ վիճակի եւ հնարավորություն ընձեռնվի թույլտվություն ունենանք արտաշիրմում իրականացնելու, իրականացվի 2023 թվականին զոհված անձանց մարմինները տեղափոխելու համար։ Խոսքը չի վերաբերում եղբայրական գերեզմանոցում հուղարկավորվածներին, այլ 2023 թվականին զոհվածներին»,- նշեցին նրանք։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը եւս մասնակցում էր ակցիային, նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր գնալու են նաեւ ԱԱԾ՝ ԱԱԾ տնօրենին ուղղված նամակը փոխանցելու։ Ըստ Ստեփանյանի՝ զոհվածների, անհետ կորածների ու գերիների հարազատները հանդիպել են նաեւ ԱԱԾ ներկայիս տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հետ, բայց դժգոհ են մնացել, որովհետեւ տպավորություն են ստացել, որ նա գործընթացից տեղյակ չէ ու քայլեր չի իրականացնում այդ ուղղությամբ։

«Մարդկանց ակնկալիքն այն է, որ վերականգնվեն աշխատանքները, այսինքն՝ մարդիկ տեսնեն, որ այս ուղղությամբ պետությունը կոնկրետ գործառույթներ է իրականանցնում։ Այստեղ կան նաեւ գերիների ծնողներ, նրանց հետ անձնական շփումներում այդ մարդիկ իրենց դժգոհությունն արտահայտում են, չեն տեսնում զգալի աշխատանք։ Առնվազն ծնողներն ու հարազատները պետք է զգան, որ որոշակի աշխատանք է տարվում, եթե չեն զգում, ուրեմն ոչինչ էլ չի արվում»,- ասաց նա։

Գեղամ Ստեփանյանն ասաց, որ գերիների հարցն Ալիեւի համար քաղաքական հարց է, դրանում կասկած չկա։ «Եվ հավանաբար գերիներն այնտեղ պահվում են նաեւ այն պատճառով, որպեսզի ունենան այդ լծակը հայ ժողովրդի վրա ճնշումներ գործադրելու կամ այդ հարցն անընդհատ շահարկել՝ Հայաստանից զիջումներ կորզելու համար։ Չնայած՝ մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանություններն էլ հոժարակամ անում են այդ զիջումները եւ պոկելու անհրաժեշտություն չկա» ,- նշեց Ստեփանյանը։