1996 թվականի սեպտեմբերի 4-ին Ստեփանակերտ քաղաքում մի մանուկ ծնվեց: Արզումանյանների ընտանիքը լույսով լցվեց. արու զավակ է ծնվել: Ծնողները նրան Արսեն անունը տվեցին։
Սակայն ճակատագիրը տղայի համար բոլորովին ուրիշ ուղի էր նախանշել. նա պիտի հայոց Անմահների գունդը համալրեր։
2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախում պատերազմ սկսվեց կրկին: 44-օրյա պատերազմ, որ մեզանից խլեց հազարավոր կյանքեր։ Ծնվեցին նորօրյա հերոսներ, ովքեր հայրենիքի համար չխնայեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը։
Արսեն Արամի Արզումանյանն այդ հերոսներից մեկն է։ Նա ավարտել է Ասկերանի շրջանի Իվանյանի Օնիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցը: Այն ավարտելուց հետո ուսումը շարունակել է բարձրագույն ուսումնական հաստատությունում և 2013-2020 թվականներին սովորել Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետում:
2014-2016 թվականներին ծառայել է ԱՀ ՊԲ շարքերում։ Ցուցաբերելով օրինակելի վարքագիծ՝ նա աչքի է ընկել պատասխանատվությամբ և մարդկային բարձր արժեքներով: Ընկերների խոսքով՝ ծառայության տարիներին արդեն երևում էին երիտասարդի հայրենասիրական գաղափարներն ու հայրենիքին ծառայելու անմնացորդ նվիրումը: Նա իր մտահոգություններն էր կիսում ծառայակից ընկերների հետ և երազում, որ Արցախում հարատև խաղաղություն լինի:
2017 թվականից Արսենը ծառայության է անցել ԱՀ ԱԱԾ-ում: Կարգապահ, լրջախոհ երիտասարդն այստեղ ևս բարի համբավ ձեռք բերեց։ Թվում էր՝ սկսվել էին իրականանալ նպատակները, սակայն 2020 թվականի պատերազմն իր սև կնիքը դրեց Արսենի ճակատագրի վրա ու կիսատ թողեց ամեն ինչ։
…Առաջին իսկ օրերից նա մարտի դաշտում էր. հայրենիքի նվիրյալի համար երկրի պաշտպանությունը վեր էր ամեն ինչից: Հարազատներին ու սիրած աղջկան հորդորում էր չվհատվել․ շուտով կավարտվի պատերազմը, պատվով տուն կվերադառնա և կիրականանան բոլոր երազանքները։
Արսենը հերոսաբար կռվում էր Եղնիկների, Ջրականի, Հադրութի համար մղվող մարտերում: Նա պայքարում էր անմնացորդ նվիրումով, նախնիների արյան կանչով:
Ավա՜ղ, նոյեմբերի 3-ը նրա կյանքի վերջին օրը դարձավ: Արսենը զոհվեց Սղնախ գյուղի համար ընթացող մարտերում:
Հայրենիքի պաշտպանության գործում իր առջև դրված բոլոր մարտական խնդիրները գերազանց կատարելու համար Արսեն Արզումանյանը հետմահու պարգևատրվել է <<Արիության համար>> և <<Մարտական ծառայություն>> մեդալներով:
Այսօր հայոց քաջորդու երկնային ծննդյան օրն է։ Նա կդառնար 29 տարեկան, սակայն բոլորիս համար մնաց հավերժ 24։
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո անցել է 5 տարի։ Արցախը տեսել է նաև 2023-ի սեպտեմբերի 19-ի մեկօրյա պատերազմ ու հայաթափում։ Այսօր արցախահայությունը սփռված է աշխարհով մեկ՝ հոգու խորքում հույս ունենալով, որ մի օր կվերադառնա Արցախ, որտեղ սպասում են մեր սուրբ շիրիմները, հերոսների արյամբ շաղախված մայր հողը։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ