Ստեփանակերտը շարունակում է մնալ ադրբեջանական վանդալիզմի քաղաքականության կենտրոնում

Monument Watch

«2020-2023 թվականների պատերազմների, ցեղասպանական գործողությունների և էթնիկ զտումների հետևանքով Արցախի ողջ տարածքում բազմաթիվ հուշարձաններ են ոչնչացվել Ադրբեջանի կողմից, սակայն հատկապես կարևոր է արձանագրել, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը եղել և շարունակում է մնալ ադրբեջանական վանդալիզմի քաղաքականության կենտրոնում։

Ստեփանակերտը, որպես Արցախի պետականության, ինքնության կենտրոն վերջին տարիներին ենթարկվել և շարունակում է ենթարկվել թե՛ յուրացման, թե՛ պղծման, թե՛ իսլամացման և թե՛ ուղղակի ոչնչացման։ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում ծրագրի թիմը վերջին տարիներին բազմաթիվ ուսումնասիրությունների և մշտադիտարկման գործողությունների արդյունքում պարզել է քաղաքում մի շարք հուշարձանների ոչնչացման դեպքեր։ Այս գործընթացները զերծ չեն եղել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռասայական ատելություն քարոզող հռետորաբանությունից։ Մասնավորապես՝ 2023 թվականի դեկտեմբերի 21-ին Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Ստեփանակերտ քաղաքի մարզադաշտում, հայտարարել է, որ «Խանքենդին (Ստեփանակերտը) հին ադրբեջանական շրջան է: Այս գյուղը հիմնադրվել է Ղարաբաղի խանի կողմից, իսկ դրանից հետո ադրբեջանցի ճարտարապետների և շինարարների կողմից Ադրբեջանի Հանրապետության միջոցներով ստեղծվել է խոշոր քաղաք»։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի ելույթը պարունակում է պատմական փաստերի բացահայտ կեղծումներ և աղավաղումներ և ինչպես Արցախի բազմաթիվ բնակավայրերի, այնպես էլ Ստեփանակերտ քաղաքի ինքնության և պատմության «ադրբեջանականացումը» այս երկրի վարչակարգի հայատյաց քաղաքականության մասն է:

Ինչ վերաբերում է պատմական եզակի վկայությունների ոչնչացմանը, ապա նշենք, որ ադրբեջանական կողմը քանդել է Ստեփանակերտ քաղաքի կենտրոնում գտնվող պատմական թաղամասը, որի տները կառուցվել էին 19-րդ դարավերջին և 20-րդ դարի սկզբներին։ Ոչնչացվել են նաև Հայոց ցեղասպանության և Արցախյան հերոսամարտերի հիշատակին կանգնեցված հուշարձանները: Ջնջվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 2015 թվականին կանգնեցված զանգակատուն-հուշարձանին կից պատի հայերեն գրությունը:

2025 թվականի փետրվարին ադրբեջանական կողմն էական վնասներ է հասցրել և պղծել Ստեփանակերտի հուշահամալիրի տարածքում գտնվող մի շարք շիրմաքարեր: Մասնավորապես միտումնավոր կերպով փորագրել, ջնջել են որոշ տապանաքարերի վրա պատկերված ազատամարտիկների դեմքերը՝ աչքերը, բերանը: Որոշ տապանաքարեր էլ կոտրված են:

Բացի այդ մշակվում են քաղաքում նոր մշակութային ենթակառուցվածների նախագծեր, որոնք արվում են հայկականի ոչնչացման ճանապարհով։ Մասնավորապես՝ 2025 թվականի հուլիսի 20-ին նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում անցկացվող III Գլոբալ մեդիա ֆորումի մասնակիցներին ներկայացրեց Ստեփանակերտում (Ադրբեջանի պաշտոնական անվանմամբ՝ «Խանքենդի») «Հաղթանակի թանգարան» կառուցելու ծրագիրը, որն ըստ նախագահի հայտարարության, տեղակայվելու է «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի նախկին կուսակցական կոմիտե»-ի շենքում (Արցախի Հանրապետության նախագահական նստավայր)։

2025 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության օրը, ադրբեջանական կողմը քանդեց Ստեփանակերտ քաղաքի կենտրոնում գտնվող Արցախի Արտաքին գործերի նախարարության շենքը, որը անցած դարի 50-ական թվականներին ստեղծված ճարտարապետական կառույց էր և ներառված Արցախի հանրապետության հուշարձանների ցանկում:

2024 թվականի փետրվարին ադրբեջանցիները ոչնչացրել են Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հուշաքարը, որը պատրաստել էր քանդակագործ Յուրի Սամվելյանը՝ 1996 թվականի Արցախի ամենամյա սիմպոզիումի շրջանակներում, ինչպես նաև 1960-ական թվականներին կառուցված Ստեփանակերտի Վերին զբոսայգում դեռ խորհրդային ժանակաաշրջանում կառուցված և ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշը հանդիսացող Արծվի հուշարձանը։ Ոչնչացվել է նաև Ստեփանակերտի Մարտունի փողոցում գտնվող խորհրդային պետական-քաղաքական գործիչ, մտավորական ու գրականագետ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը, որը քանդակվել էր քանդակագործ Յուրի Հովհաննիսյանի կողմից։ Ադրբեջանը ոչնչացրել է նաև Ստեփանակերտի հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում գտնվող Շառլ Ազնավուրի կիսանդրին։ 2024 թվականի փետրվարին 16-ին ադրբեջանական կողմը Ստեփանակերտ քաղաքում հեռացրել է ադմիրալ Իվան Իսակովի կիսանդրին: Քաղաքում Ադրբեջանի կողմից ոչնչացվել է հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու՝ հայտնի ռուս քանդակագործ Սալավատ Շչերբակովի կողմից պատրաստված հուշարձանը։

2023 թվականի հունվարի 10-ին Ստեփանակերտ քաղաքում՝ Արցախ թաղամասում ոչնչացվել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինևիչի կիսանդրին։ Ոչնչացման թիրախում է հայտնվել նաև ՀԽՍՀ հասարակական-քաղաքական գործիչ Ստեփան Շահումյանի արձանը։

Ստեփանակերտում արդբեջանական կողմը ոչնչացնում է նաև քաղաքի ամբողջական թաղամասեր: Դա նկատելի է Արցախի պետական համալսարանի շրջակայքում, ուր բազմաբնակարան և սեփական տները քանդվել են, իսկ համալսարանի շենքը «վերակառուցվել» և այլափոխվել է (մանրամասն տես՝ Ադրբեջանի «նոր համալսարան» ստեղծելու պատրվակի տակ քանդում և ձևախեղում է Արցախի պետական համալսարանի շենքը)։ Նկատելի է նաև քաղաքի արտաքին կերպարը, կառուցապատաման ամբողջական համալիրները փոփոխելու միտումը, ինչն արվում է քաղաքի տարբեր հատվածներում մեծածավալ ավերումներ իրականացնելով: Քանդվում է Ստեփանակերտից բռնագաղթված քաղաքացիների մասնավոր սեփականությունն ամբողջ ունեցվածքով:

Ազգային Ժողովի շենքի քանդումից հետո, 2023 թ․ հուլիսի 5-ին քանդված Ազգային ժողովի և Ազատամարտիկների միության շենքրի վայրում Իլհամ Ալիևը կատարեց վարչական նոր շենքի հիմնարկեք։

Ադրբեջանական կողմը ձեռնամուխ է եղել նաև Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկի՝ Ազատամարտիկների պողոտայի վերակառուցման աշխատանքներին: Ընդգծենք, որ ադրբեջանական ‹‹վերակառուցման›› է ենթարկվում քաղաքի երաժշտական քոլեջը, հարակից շենքերը, շինտեխնիկա է կանգնած Ստեփանակերտի երկրագիտական թանգարանի մոտ:

Ի լրումն նշենք նաև, որ ադրբեջանական կողմը գետնին է տապալել նաև Ստեփանակերտի մերձակայքում՝ Դաշուշեն գյուղի մոտակայքում գտնվող բլուրներից մեկի վրա գտնվող 50 մետրանոց լուսատու խաչը։

Վերջերս Ստեփանակերտի ոչնչացումներ տվյալները համալրվեցին նաև Արցախի մշակույթի և զբոսաշրջության կենտրոնի կողմից արված Google Earth-ի արբամյակային թարմացումների տվյալներով․ մասնավորապես, ոչնչացվել են Հայրենական Մեծ պատերազմի հերոսներ՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանի, օդաչու Նելսոն Ստեփանյանի արձանները, մշակույթի գործիչներ՝ Հենրիխ Բարխուդարյանի, Հովհաննես Թումանյանի, Խաչատուր Աբովյանի, Վահրամ Փափազյանի, իրավապաշտպան՝ Անդրեյ Սախարովի հուշարձանները, ազատագրական շարժման մասնակիցներ և հայրենիքի պաշտպաններ՝ Քրիստափոր Իվանյանի, Յուրի Պողոսյանի, Ալեքսանդր Ծատուրյանի հուշարձանները https://www.facebook.com/share/p/15u82qZ3xK/։

Մեր արձագանքը

Ստեփանակերտի հուշարձանների նկատմամբ Ադրբեջանի գործողությունները հակասում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1972թ. «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 4-րդ և 5-րդ հոդվածներին։ Ըստ այդմ՝ յուրաքանչյուր պետություն պարտավոր է ճանաչել, պաշտպանել և պահպանել իր տարածքում գտնվող մշակութային ժառանգությունը հետագա սերունդների համար: Ժառանգության դիտավորյալ ոչնչացումը կամ դրա պահպանման համար անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելը պետության միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում է։

Քաղաքի մշակութային շերտերի յուրացման և սեփականաշնորհման փորձերը խախտում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970թ. «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու ուղղված միջոցառումների մասին» կոնվենցիան։ Մասնավորապես, կոնվենցիայի 11-րդ հոդվածի համաձայն՝ օկուպացնող կողմից մշակութային արժեքների սեփականության իրավունքի բռնի փոփոխումը համարվում է անօրինական:

Ստեփանակերտի մշակութային ժառանգության ոչնչացումը հարվածում է նաև բնակչության հոգևոր ժառանգությանը, ինչը պաշտպանվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայով։ Քաղաքի պատմական միջավայրի փոփոխությունը և «իսլամացումը» նպատակ ունեն վերացնելու այն սոցիալական և մշակութային հիշողությունը, որը կապված է այդ վայրերի հետ, ինչը հակասում է կոնվենցիայի՝ մշակութային ինքնությունը հարգելու սկզբունքին։

Ավելին, մշակութային ժառանգության թիրախավորումը խախտում է Ֆարոյի կոնվենցիայի (Մշակութային ժառանգության արժեքի մասին հասարակության համար) դրույթները։ Այս փաստաթուղթը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի մշակութային ժառանգությունից օգտվելու և դրա պահպանմանը մասնակցելու իրավունք։ Հայկական հետքի համակարգված ոչնչացումը զրկում է հայ ժողովրդին իր մշակութային իրավունքների իրացումից և դիտարկվում է որպես մարդու իրավունքների ոտնահարում:

Կոնվենցիայի առանցքային պահանջն այն է, որ մշակութային ժառանգության պահպանությունը ուղղակիորեն կապված է մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ:

Ադրբեջանը, որպես պետություն, պարտավոր է ճանաչել, որ յուրաքանչյուր ոք ունի իրավունք՝ օգտվելու մշակութային ժառանգությունից և նպաստելու դրա հարստացմանը: Կոնվենցիան շեշտում է հասարակության իրավունքը՝ մասնակից լինելու իր ժառանգության պահպանմանը: Ստեփանակերտի հայկական հուշարձանների թիրախավորումը կամ ոչնչացումը խախտում է արցախահայության՝ իրենց մշակութային կյանքին մասնակցելու հիմնարար իրավունքը:

Փաստաթուղթը պահանջում է, որ պետությունները պաշտպանեն ժառանգությունը որպես հասարակության ինքնության և պատմական հիշողության կարևորագույն տարր:

Որպես Եվրոպայի խորհրդի անդամ և կոնվենցիայի պոտենցիալ կողմ (կամ դրա սկզբունքներով առաջնորդվող պետություն), Ադրբեջանը կրում է պատասխանատվություն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում մշակութային բազմազանության հարգման և ժառանգության պահպանման համար՝ անկախ դրա էթնիկ պատկանելությունից»։

«Հիսուսի անունով». ԱՄՆ-Իսրայել պատերազմը Իրանում

ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթի՝ «Հիսուս Քրիստոսի անունով» Մերձավոր Արևելքում ռազմական հաղթանակի մասին արած դիտողությունից հետո, Հռոմի պապ Լևոն XIV-ը հայտարարեց, որ ռազմական գերիշխանությունը «օտար է Հիսուս Քրիստոսի ճանապարհին»։

Նա նշեց, որ քրիստոնեական առաքելությունը հաճախ «աղավաղվում է գերիշխանության ցանկությամբ»։ «Մենք հակված ենք մեզ հզոր համարել, երբ գերիշխում ենք, հաղթական, երբ ոչնչացնում ենք մեզ հավասարներին, մեծ, երբ մեզանից վախենում են», – ասաց նա Զատկից առաջ քարոզում։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն, պատասխանելով լրագրողի հարցին Իրանում իշխանության կայունության և երկրում գազային օբյեկտների վրա հարձակման մասին, մեջբերեց ամերիկացի պատմաբան Ուիլ Դյուրանտին վերագրվող մի մեջբերում. «Հիսուսը ոչնչով լավը չէ Չինգիզ խանից, քանի որ եթե դու բավականաչափ ուժեղ, անողոք և հզոր լինես, չարը կհաղթի բարուն։ Ագրեսիան կհաղթի չափավորությանը»։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին կտրուկ քննադատեց Նեթանյահուի հայտարարությունը, որով Հիսուս Քրիստոսին համեմատում էր Չինգիզ խանի հետ։

«ԱՄՆ-ում քրիստոնյաների բարի կամքից այդքան կախված մարդու համար Նեթանյահուի բացահայտ արհամարհանքը Հիսուս Քրիստոսի նկատմամբ բավականին բացահայտող է», – գրել է Արաքչին իր X էջում՝ կցելով Իսրայելի վարչապետի խոսքերի տեսանյութը։

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ։  Բանկը իր «Կողք կողքի» սոցիալական պատասխանատվության նախաձեռնության շրջանակում կֆինանսավորի արցախցի 103 ուսանողի կրթավճարները, որը կազմում է ավելի քան 35 մլն դրամ։ 

Համագործակցության հուշագրի շրջանակում նախատեսվում է կրթաթոշակներ տրամադրել Մայր բուհի 103 արցախցի ուսանողների՝ նպաստելով նրանց կրթության առաջընթացին և սոցիալական կայունությանը, հայտնում է news. am-ը։

IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով Բանկի համար չափազանց կարևոր է լինել հայրենակիցների կողքին։ «Երևանի պետական համալսարանի կողմից իրականացվել էր կարիքների գնահատում և արցախցի 103 ուսանող սոցիալական խնդիրների պատճառով հայտնվել էր ուսումն ընդհատելու վտանգի առջև։ Կարևորելով կրթությունը և դրա շարունակականությունը՝ IDBank-ը որոշում կայացրեց ԵՊՀ-ին փոխանցել բոլոր 103 ուսանողների կրթավճարները։ Նման նախաձեռնությունների շնորհիվ մենք կարողանում ենք ոչ միայն նյութական աջակցություն տրամադրել, այլ նաև կայունության և վստահության զգացում փոխանցել երիտասարդներին՝ օգնելով նրանց կերտել իրենց ապագան Հայաստանում», – ասել է Մհեր Աբրահամյանը։

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ ԵՊՀ-ն առաջին իսկ օրերից կանգնել է արցախցի ուսանողների կողքին՝ փորձելով հնարավոր բոլոր միջոցներով աջակցել նրանց թե՛ կրթությունը շարունակելու, թե՛ սոցիալական դժվարությունները հաղթահարելու ճանապարհին. «Մենք դիմել ենք մեր բարեկամներին, գործընկերներին և բոլոր այն կառույցներին, որոնք պատրաստակամ են եղել կիսելու այս պատասխանատվությունը և իրենց ներդրումն ունենալու մեր ուսանողների ապագայի կերտման գործում։ Այսօր առանձնակի ուրախությամբ ենք արձանագրում, որ IDBank-ը միացել է այս կարևոր նախաձեռնությանը՝ կատարելով իսկապես մեծ ու նշանակալի ներդրում։ Մենք բարձր ենք գնահատում այս գործընկերությունն ու խորին շնորհակալություն հայտնում IDBank-ին՝ մեր ուսանողների նկատմամբ դրսևորած վստահության, հոգատարության և կրթության շարունակականությունը կարևորելու համար»:

IDBank-ի «Կողք Կողքի» ծրագիրն իրականացվում է 2024 թվականից։ Ստորև ծրագրերից մի քանիսը՝

«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին

IDBank-ի ֆինանսավորմամբ Սվարանց գյուղը մանկապարտեզ կունենա․ «Կողք կողքի» ծրագիրը շարունակվում է

«Կողք կողքի»․ մեկնարկել է IDBank-ի՝ արցախցիներին ուղղված նոր ծրագիրը

Կրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակում

IDBank-ն ամփոփել է արցախցի դպրոցականների համար ֆինանսական կրթության ծրագրի արդյունքները

Իրանը երեկ խոցեց երկրորդ ամերիկյան հարձակողական ինքնաթիռը

DW

Իրանի ՀՕՊ-ը Հորմուզի նեղուցի մոտ որսացել է ամերիկյան A-10 գրոհային ինքնաթիռ, հայտարարել է Իրանի զինված ուժերը ուրբաթ՝ ապրիլի 3-ի երեկոյան։ «ԱՄՆ A-10-ը խփվել է բանակի ՀՕՊ համակարգերի կողմից և ընկել Պարսից ծոցի ջրերը», – բանակի հաղորդագրությունը մեջբերել է Իրանի պետական ​​IRIB հեռուստաալիքը։

Ավելի վաղ  The New York Times-ը, հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների, հաղորդել էր, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի A-10 Thunderbolt II գրոհային ինքնաթիռը կործանվել է Պարսից ծոցում։ Թերթի աղբյուրների համաձայն՝ ինքնաթիռը կործանվել է Հորմուզի նեղուցի մոտ, իսկ օդաչուն փրկվել է։ Վթարի պատճառը չի հաղորդվել։

Այս գրոհային ինքնաթիռը, հավանաբար, վերջին 24 ժամվա ընթացքում Մերձավոր Արևելքում կորած ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկրորդ մարտական ​​ինքնաթիռն է։ Ուրբաթ օրը ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ Իրանի ՀՕՊ ուժերը խոցել են ամերիկյան կործանիչ։ Սկզբում իրանական կողմը հայտնել էր, որ խոցվել է F-35 կործանիչ, սակայն փորձագետները, ուսումնասիրելով ինքնաթիռի բեկորների հրապարակված լուսանկարները, պարզել են, որ դա F-15E է։

ԱՄՆ վարչակազմը հաստատել է կործանիչի կորուստը։ Երկու կողմերն էլ որոնում են օդաչուներին։ Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ անձնակազմի երկու անդամներից մեկը փրկվել է, սակայն երկրորդ օդաչուի ճակատագիրը մնում է անհայտ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, NBC News-ին հեռախոսով մեկնաբանելով կործանիչների կորուստը, ասել է, որ դա չի ազդի Իրանի հետ բանակցությունների վրա։ «Ոչ, ամենևին էլ։ Սա պատերազմ է», – ասել է նա։

Թրամփը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե ինչ կանի, եթե խոցված F-15E-ի անձնակազմի երկրորդ անդամը գերի վերցվի կամ վիրավորվի։ «Դե, ես չեմ կարող մեկնաբանել դա, քանի որ մենք կարծում ենք, որ դա տեղի չի ունենա», – ասել է Թրամփը։

Թեհրանը նախկինում մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ պահպանել 48-ժամյա հրադադար։ Պակիստանում բանակցողների հանդիպումները նույնպես արդյունք չեն տվել, քանի որ Իրանի ղեկավարությունը չի ձգտում երկխոսություն վարել Վաշինգտոնի հետ։

ՄԱԿ-ի զեկույց. Արցախից տեղահանված կանայք Հայաստանում հայտնվել են «ծայրահեղ խոցելի վիճակում»

Արցախ Միությունը հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ)՝ Կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության հարցերով աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ՝ վերջիններիս 2026 թվականի մարտին Հայաստան կատարած այցի շրջանակներում։

Այս այցի ընթացքում ներկայացրեցինք մեր զեկույցը, որը պատրաստվել է «Մարդու իրավունքների համալսարանական ցանցի» (UNHR) հետ համագործակցությամբ, և որում մանրամասն ներկայացված է Արցախից (Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված կանանց օրհասական վիճակը:

Այցի արդյունքներով կազմված և մարտի 25-ին հրապարակված ամփոփիչ հայտարարության մեջ Աշխատանքային խումբն առանձնահատուկ անդրադարձ է կատարում այն կանանց վիճակին, որոնք 2023 թ. սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 120,000 արցախցիներից են։

Աշխատանքային խումբը ողջունում է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղից տեղահանված կանանց ու աղջիկներին ընդունելու և նրանց մարդասիրական օգնությամբ ապահովելու հանձնառությունը, սակայն միաժամանակ արձանագրում է, որ նրանք բախվում են տնտեսական խոցելիության, բնակարանային անապահովության, ինչպես նաև սոցիալ-տնտեսական մի շարք յուրահատուկ ու խտրական մարտահրավերների։ Նրանց այս խոցելի վիճակն ուղղակիորեն բխում է բռնի տեղահանումից, հայրենի հողի, նյութական ունեցվածքի և նախկինում համախմբված համայնքների կորստից»,— նշված է Աշխատանքային խմբի զեկույցում։

Աշխատանքային խմբի եզրահանգումներն ուղղակիորեն հիմնված են մեր համատեղ զեկույցում և մարտին ունեցած այցի շրջանակում բարձրաձայնված այն հիմնական խնդիրների վրա, որոնց բախվում են արցախցի կանայք տարածաշրջանի էթնիկ զտումից հետո։

Ավելի քան երկու տարի առաջ տեղի ունեցած բռնի տեղահանման հետևանքով Հայաստանում տասնյակ հազարավոր կանանց առջև ծառացած ծայրահեղ տնտեսական և բնակարանային անապահովության մեր փաստագրմանը զուգահեռ՝ մենք վերհանել ենք նաև այս խմբին ուղղված ՀՀ կառավարության ծրագրերի կառուցվածքային թերությունները։ Դրանց թվում է բնակարանային ապահովման պետական ծրագիրը, որը լրացուցիչ չափով խոցելի է դարձնում հատկապես փոքր ընտանիքներին, միայնակ մայրերին և միայնակ ապրող կանանց, քանի որ հատկացվող աջակցությունը չի բավարարում նույնիսկ մեկ բնակարանի ձեռքբերման նվազագույն շուկայական արժեքը ծածկելու համար։

Մենք նաև բարձրաձայնել ենք իրավական և սոցիալական պաշտպանության համակարգային այն բացթողումների հրատապությունը, որոնք արցախցի կանանց ու խոցելի այլ խմբերի համար ստեղծում են «իրավական վակուում»։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է 2023 թ. սեպտեմբերին Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունից տուժածների ընտանիքներին պետական աջակցության տրամադրման հարցում առկա խնդիրներին, միայնակ ծնող ունեցող ընտանիքների համար կենսական նշանակության երաշխիքների կորստին, ինչպես նաև այն իրավազորային խոչընդոտներին, որոնց բախվում են ամուսնալուծված կանայք՝ ՀՀ դատարաններում ալիմենտի բռնագանձումն ապահովելու հարցում։

Ավելին, զեկույցն արձանագրում է տեղահանման թողած հոգեբանական ծանր հետևանքները, տրավմայի հաղթահարման պետական համակարգված ռազմավարության բացակայությունը և շրջափակման ընթացքում կանանց վերարտադրողական առողջությանը հասցված ծանր վնասը։ Ի վերջո, մենք շեշտել ենք այն շարունակական հոգեկան տառապանքը, որն առաջացել է հայրենի հողից զրկվելու, մշակութային կենսակերպի խաթարման ու Արցախում մնացած հարազատների շիրիմներին այցելելու ողբերգական անհնարինության հետևանքով։

«Հումանիտար մարտահրավեր լինելուց զատ՝ արցախցի կանանց տեղահանությունն արժանապատվության և իրավունքների համակարգային ճգնաժամ է։ Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանն անհապաղ ներդնել բնակարանային համարժեք երաշխիքներ և հոգեբանական տրավմաները հաշվի առնող ազգային ռազմավարություն՝ խոցելի կանանց տնտեսական և հոգեբանական փլուզումից պաշտպանելու համար։ Այս միջոցառումներն էական քայլեր են դեպի մեր վերջնական նպատակը՝ անվտանգ ու արժանապատիվ վերադարձ հայրենիք և նրանց իրավունքների համապարփակ վերականգնում»,- նշեց Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը։

«Մեր փաստագրած տվյալները վկայում են, որ արցախցի կանանց նկատմամբ դրսևորվող խտրականությունը էթնիկ զտման ուղղակի և շարունակական հետևանքն է։ Միջազգային հանրությունը պարտավոր է սոսկ հայտարարություններից անցնել գործողությունների և ստեղծել հաշվետվողականության մեխանիզմներ, որոնք թույլ կտան փոխհատուցել հողի ու գույքի կորուստը և հասցեագրել կանանց կյանքի բնականոն ընթացքի խաթարումը»,- նշել է «Մարդու իրավունքների համալսարանական ցանցի» իրավական և քաղաքական հարցերով տնօրեն, գործնական ուսուցման ավագ ղեկավար Թոմաս Բեքերը։

Արցախ Միությունը մնում է հաստատակամ իր առաքելության մեջ՝ պաշտպանելու Արցախի բռնի տեղահանված ժողովրդի հավաքական շահերը, իրավունքները և արժանապատվությունը: Ի վերջո, մենք ձգտում ենք նպաստել Արցախի ժողովրդի հավաքական վերադարձին իրենց նախնիների հայրենիք՝ ինքնորոշված, խաղաղ, արդար, արժանապատիվ և անվտանգ կյանքով ապրելու համար:

Ամբողջական զեկույցը կարող եք կարդալ այստեղ։

Անվճար իրավաբանական խորհրդատվություն արցախցիների համար՝ հրատապ հարցերով

✅ Անվճար իրավաբանական խորհրդատվություն արցախցիների համար՝ հրատապ հարցերով!
🔹 Ի՞նչ անել, եթե ՔԿԱԳ-ն մերժել է ծննդյան վկայականի վերականգնման դիմումը:
🔹 Նոտարական կարգով ծննդյան գրանցման փաստը հաստատելու և պետական տուրքը փոխհատուցելու ի՞նչ հնարավորություններ կան և ինչպե՞ս օգտվել:
🔹 Ո՞րն է փաստաթղթերի վերականգնման ամենաարագ և արդյունավետ ճանապարհը:
🔹 Ինչպե՞ս դառնալ բնակարանային ապահովման ծրագրի շահառու, եթե անարդարացիորեն դուրս եք մնացել նախորդ աջակցության ծրագրերից:
🔹 Ինչպե՞ս ճիշտ ներկայացնել քաղաքացիության առցանց հայտը:
Սիրելի արցախցիներ, այս և այլ հրատապ իրավական հարցերի շուրջ անվճար թեմատիկ իրավաբանական խորհրդատվություն եմ կազմակերպում:
📅 Ապրիլի 18-ին, ժամը 16:00-ին
📍 Անի Պլազա հյուրանոց, «Գառնի» սրահ
Տեղերը խիստ սահմանափակ են: Մասնակցության համար խնդրում եմ գրանցվել նախապես՝ ուղարկելով ինձ նամակ, որտեղ անհրաժեշտ է նշել Ձեր՝
• Անուն, ազգանունը
• Հեռախոսահամարը
💡 Այս նախագիծը «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի մաս է կազմում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Commit Global-ի և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կողմից:

Իրանը խոցել է ամերիկյան F-15, հնարավոր է՝ նաև Blackhawk ուղղաթիռ և Lucas դրոն

Մի աղբյուր հայտնել է, որ նախկինում խոցված F-15-ի երկրորդ օդաչուին գտնելու համար փրկարարական գործողության ժամանակ Իրանի օդում կարող է խոցված լինել նաև Blackhawk ուղղաթիռը։

Երկու ամերիկացի պաշտոնյաներ Newsmax-ին հաստատել են, որ F-15-ի օդաչուներից մեկը փրկվել է և բուժում է ստանում։ Որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Իրանական Tasnim լրատվական գործակալությունը նախկինում հայտնել էր ամերիկացի օդաչուի գերեվարման մասին, որը փրկվել էր կատապուլյատորի միջոցով։ Միևնույն ժամանակ, Իրանի պետական ​​ռադիոն հայտնել է, որ երկու օդաչուների ճակատագիրն էլ մնում է անհայտ։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանը և «Հեզբոլլահը» համատեղ հարձակում են իրականացրել Իսրայելի վրա։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) մամուլի ծառայությունը նույնպես հայտարարել է Պարսից ծոցի օդում ամերիկյան բանակի Lucas կամիկաձե անօդաչու թռչող սարքի խոցման մասին՝ շնորհիվ նոր, առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգի։

Էրդողանը զանգահարել է Պուտինին՝ Թուրքմենչայի պայմանագրի մասին խոսելուց հետո

Թուրքական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Էրդողանը զանգահարել է Պուտինին Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցից և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հարցազրույցից հետո, ով, Թրամփի ճանապարհի մասի խոսելով, հիշեցրել է, որ 1828 թվականի ռուս-պարսկական Թուրքմենչայի պայմանագրով հաստատված տարածաշրջանային հավասարակշռությունը սպառնալիքի տակ է։ Օվերչուկը նշել է, որ այս պայմանագրով Ռուսաստանը Պարսկաստանից ստացել է «Էրիվանի և Նախիջևանի խանությունները»։

Օվերչուկը չի հիշատակել 1921 թվականի ռուս-թուրքական Կարսի պայմանագիրը, որը փաստորեն չեղյալ է հայտարարել Թուրքմենչայի պայմանագիրը ավելի քան 100 տարի առաջ, չնայած 1828 թվականի պայմանագրում նշված էր, որ այն կնքվել է հավերժ։ Ռուսաստանի վերադարձը Թուրքմենչայի պայմանագրին, անկասկած, անհարմարություն է առաջացրել Անկարայում, և Էրդողանը զանգահարել է Պուտինին՝ երաշխիքներ ստանալու համար, որ Կարսի պայմանագիրը ուժի մեջ կմնա՝ մինչև Հայաստանը սահմանադրություն ընդունի և «կամավոր» հրաժարվի իր տարածքներից, որոնք Կարսի պայմանագրով փոխանցվել են Թուրքիային և Ադրբեջանին։

Վերջերս Ալիևը Նախիջևանի Սահմանադրությունից հեռացրեց Կարսի պայմանագրի հղումը՝ թողնելով մեծ հարց. ինչպե՞ս է այդ դեպքում հայկական Նախիջևանը հայտնվել նորաստեղծ Ադրբեջանի կազմում։ Սակայն, նախքան Ալիևի թանաքը չորանար, Պուտինը հիշեց, որ Ռուսաստանը նվաճել է Նախիջևանը Պարսկաստանի հետ պատերազմում։

Էրդողանը չէր կարող չզանգահարել և չհարցնել. ի՞նչ է կատարվում։ Կարսի պայմանագիրը այլևս ուժի մեջ չէ՞, թե՞ Փաշինյանը Պուտինին անսասան երաշխիքներ է տվել, որ նա կփոփոխի Հայաստանի Սահմանադրությունը և կհրաժարվի Նախիջևանից, Արցախից, Կարսից, Արդահանից և Արարատ լեռից։

Թուրքական կողմի պնդմամբ՝ Էրդողանը ասել է Պուտինին, որ անհրաժեշտ է դադարեցնել Նեթանյահուի կառավարության ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանում և կանխել Իսրայելի կողմից Ալ-Քուդսի (Երուսաղեմ) կարգավիճակը խաթարելուն ուղղված քայլերը։

Նա նշել է, որ Սիրիայում կայունությունն ամրապնդելու ցանկացած քայլ համապատասխանում է Անկարայի և Մոսկվայի ընդհանուր շահերին, և այնտեղ ձեռք բերված արդյունքները չպետք է վտանգվեն։

Էրդողանը նաև ընդգծել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում Անկարայի կողմից խաղաղության հասնելու ջանքերի խափանումը կանխելու կարևորությունը։

Նա նշել է, որ Սև ծովում քաղաքացիական նավերի վրա հարձակումները խաթարում են կայունությունը և հավելել, որ Իրանի շուրջ պատերազմը չպետք է նոր հակամարտության գոտիներ ստեղծի Ռուսաստան-Ուկրաինա ճգնաժամի համատեքստում։

Քննարկվել են նաև ռուս-թուրքական քաղաքական, առևտրային և տնտեսական կապերի ընդլայնման հետագա քայլերը, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում համատեղ ռազմավարական նախագծերի իրականացման միջոցով, հավելել է Կրեմլը։ Երևի Փաշինյանի հավաստիացումները բավարար էին։

Հայաստանում արցախցիներին մեղադրում են անշորհակալ լինելու մեջ, դա կեղծ փուչիկ է

Արցախի Հանրային խորհուրդն այսօր կազմակերպել էր պանելային քննարկում՝ արցախցիների նկատմամբ ատելության խոսքի եւ խտրական վերաբերմունքի դրսեւորումների, անձանց նկատմամբ հետապնդումների, ինչպես նաեւ վերադարձի իրավունքի շուրջ ձևավորվող խոսույթի թեմայով։

«2023 թվականի Արցախի կորստից հետո Հայաստանի իշխանությունների նպատակն է ամեն ձեւով գտնել մեղավոր եւ արախցիներին մեղադրել Արցախի կորստի հարցում։ Միջազգային տերմինաբանությամբ սա կոչվում է զոհին մեղադրել»,- ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով արցախցիների նկատմամբ ատելության խոսքի դերսեւորումներին։

Երկրորդ նարատիվը, որը, Ստեփանայանի խոսքով, արցախցիների նկատմամբ ատելության խոսքի հիմք է դառնում, անշնորհակալության նարատիվն է։ Հայաստանում արցախցիներին մեղադրում են անշորհակալ լինելու մեջ, ասում, թե Հայաստանի Հանրապետությունը տարիներով աշխատել ու պահել է արցախցիներին։ Ըստ Ստեփանյանի՝ սա մի կեղծ ու փչված փուչիկ է, որը 30 տարի փչվել է, եւ հիմա արդեն պայթում է՝ իր ճանապարհին թիրախավորելով բոլորին։  Իսկ այսօր այդ թեզը պետական մակարդակով է շրջանառվում։

«Այն ժամանակահատվածներում, երբ քաղաքական պրոցես կա Հայաստանում կամ երբ արցախցիները բարձրաձայնում են իրենց իրավունքների մասին, ատելության խոսքի դոզան մեծ ծավալների է հասնում»,- ասաց Ստեփանյանը։

Արցախցի իրավապաշտպան Նարե Սիմոնյանի խոսքով՝  ոչ միայն ատելության խոսք, այլ նաեւ ատելության խոսույթ կա։ «Մենք տեսնում ենք, որ հիմնական նարատիվներն անշնորհակալ լինելու, փախնելու, զինվորներին մի բաժակ ջուր չտալու, Հայաստանը չսիրելու մասին են։ Միշտ կարող ենք տեսնել, որ այդ խոսույթը համակարգված առաջ է տարվում կամ օրվա իշխանությունների հայտարարություններից հետո, կամ նախորդում է նման հայտարարություններին։ Վերջին օրինակը Նիկոլ Փաշինյանի ասածն էր, թե «փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ հանձնել»։ Այսինքն՝ կարող ենք հստակ ֆիքսել, որ արցախցիների նկատմամբ ատելության քարոզը համակարգված գործընթաց է հենց ՀՀ իշխանությունների կողմից»,- ասաց իրավապաշտպանը։

Նախընտրական փուլում այդ խոսույթը մեծ թափ է ստացել։ Նարե Սիմոնյանի խոսքով՝ ատելության գործիքները կիրառելով՝ ՀՀ իշխանությունները փորձում են իրենց ընտրազանգվածը մոբլիզացնել ու տարբեր «թշնամիներ» հորինել, հետո էլ պայքարել այդ «թշնամիների» դեմ։ Տվյալ դեպքում թիրախում ազգային ինքնություն կրող տարրերն են, օրինակ, եկեղեցին, արցախցիները։

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն ասաց․ «Ատելության խոսքը դա գոծիքներից մեկն է, որը ոչ միայն արցախցիների, այլ հայության դեմ է ուղղված։ Այդպիսի գործողություններն ուղղակի ամենահզոր ու ուժեղ սպառնալիքն են ներքին անվտանգությանը»։

Գեղամ Ստեփանյանն արցախցիներին կոչ արեց պահանջել, որ անձնագրերում նշվեն իրենց բնակավայրերի անունները

Վերջին տվյալներով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել Արցախից բռնի տեղահանված 35 հազար անձ, որոնցից 12 հազարը անչափահասներ են։ Այս մասին Արցախի Հանրային խորհրդի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Նա անդրադարձավ այն ահազանգերին, որ ՀՀ քաղաքացիություն ստացող արցախցիների նոր անձնագրերում որպես ծննդավայր նշում են «Ադրբեջան»։

Գեղամ Ստեփանյանն արցախցիներին կոչ արեց տեր լինել իրենց իրավունքներին եւ պահանջել, որպեսզի անձնագրերում նշվեն իրենց բնակավայրերի անունները։ Նրա խոսքով՝ օրենքը դա թույլ է տալիս։ Նա ասաց, որ եղել են բողոքողներ, որոշ դեպքերում անձնագրում արված նշումը փոխել են։

«Օրենքի շրջանակներում անձնագրում կարող են նշել պետություն, քաղաք, բնակավայր, որտեղ ծնվել եք։ Ուզում եմ որպես իրազեկում մեր քաղաքացիներին ասել՝ պահանջեք, որ ծննդականի մեջ նշված ցանկացած տեղանուն նշեն նաեւ անձնագրում։ Եթե, օրինակ, իմ պարագայում նշված է Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզ, Ադրբեջանի խորհրդային հանրապետություն, իրենք կարող են նշել եւ խորհրդային Ադրբեջան, եւ ԼՂԻՄ, եւ Ստեփանակերտ։ Մենք պետք է պահանջենք, ասենք՝ չեմ ուզում անձնագրումս Ադրբեջան նշվի, ուզում եմ Ստեփանակերտ նշվի։ Իսկ իրենք պարտավոր են դա անել, որովհետեւ օրենքը թույլ է տալիս։ Անձի ծննդականում նշված ցանկացած տեղանուն կարող է տեղափոխվել անձնագրի մեջ»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը։

 

«Ազատություն Դավիթին». Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպը արթնացրել է երիտասարդներին

Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 18-ամյա Դավիթ Մինասյանի համակուրսեցիները կապ են հաստատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ՝ խնդրելով հանդիպում և նրան նամակ են հանձնել։

Նախկինում հաղորդվել էր, որ Արմավիրի քրեակատարողական հիմնարկից Աբովյանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխված Դավիթ Մինասյանի վիճակը կտրուկ վատացել է։ Նա տեղափոխվել է հիվանդանոց և վերակենդանացման բաժանմունքում է։

Ինչպես մետրոյի միջադեպը բացահայտեց Փաշինյանի արցախցիների նկատմամբ նսեմացնող վերաբերմունքի բնույթը՝ առաջացնելով վրդովմունք նույնիսկ “հակաղարաբաղյան” շրջանակներում, այնպես էլ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպը երիտասարդության մեջ ալիք բարձրացրեց։

Կիրակի և տոն օրերին անհնար է մտնել հայկական եկեղեցիներ, և նույնիսկ անզեն աչքով կարելի է տեսնել, թե որքան շատ երիտասարդներ են մասնակցում պատարագներին։ Հիմքը, որի վրա Հայաստանում սերունդներ են դաստիարակվել, փլուզվում է մեր աչքերի առաջ, և երիտասարդները հենք են փնտրում Եկեղեցում։

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո շատ երիտասարդներ անմիջականորեն ականատես եղան Հայաստանի կառավարության վերաբերմունքին եկեղեցու և հավատացյալների նկատմամբ: Մինչ իշխող կուսակցությունը նախկինում խոսում էր միայն եկեղեցու ղեկավարությանը մերժելու մասին, այս միջադեպը հստակեցրեց, որ այն սրբապղծում և վարկաբեկում է հենց եկեղեցին։

Ապրիլի 2-ին Մինասյանի համադասարանցիները բողոքի ցույց անցկացրին ՄԱԿ-ի երևանյան շենքի դիմաց՝ պահանջելով Դավիթի ազատ արձակումը: Միջազգային կազմակերպություններն ու դոնորները, որոնք դեռևս ցնցված էին մետրոյում տեղի ունեցած զզվելի միջադեպից, բացասաբար արձագանքեցին նաև երիտասարդի ձերբակալությանը։

«Արմլուր»-ը հաղորդում է, որ երկու քննիչներ, որոնք զբաղվում էին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում վերջերս տեղի ունեցած միջադեպի գործով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ, ազատվել են աշխատանքից։

Նշվում է, որ ազատվածներից մեկը հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի որդին է, իսկ մյուսը՝ նրա անմիջական ղեկավարը: Աշխատանքից ազատման որևէ պատճառ չի նշվել։

Կառավարության որոշման մեջ չկա գրված, որ 070 կոդով անձնագրերը վավեր չեն

«Ես հիշեցնեմ, որ այս վարչակազմը երեք տարի մերժել է հադրութցիներին ու շուշեցիներին փախստականի կարգավիճակ տալը՝ պնդելով, որ նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացի են։ Միշտ հիշենք դա եւ հատվածական մոտեցումից հեռու մնանք։ Սա նույն վարչակազմն է՝ 2020 թվականից մինչեւ 2023 թվականը մերժում էր՝ պնդելով եւ ապացուցելով, որ իրենց ձեռքի այդ անձնագրերը ոչ թե ճամփորդական փաստաթուղթ են, այլ քաղաքացիության մասին անձնագիր»- այսօր Արցախի հանրային խորհրդի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով արցախցիների 070 կոդով անձնագրերին։

Նա ասաց, որ Հայաստանի Սահմանադրության 47-րդ հոդվածի 8-րդ կետն ասում է՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, միջազգային իրավունքի հիման վրա, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո են»։ Այսինքն՝ որտեղ էլ լինի ՀՀ քաղաքացին, ՀՀ-ն պարտավոր է նրան պաշտպանել։ «Եվ քաղաքացուն պաշտպանելը կապ չունի տարածքի հետ՝ պատկանում է նա Ադրբեջանին, Զիմբաբվեին, թե Հայաստանին, ՀՀ քաղաքացիները, իսկ արցախցիներին իրենք համարում են քաղաքացի, պաշտպանված են»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ իրականում կառավարության որոշման մեջ չկա գրված, որ 070 կոդով անձնագրերը վավեր չեն։ Դա զուտ գործադիր իշխանության ինքնիրավչությունն է եւ հանցագործություն է, որովհետեւ Սահմանադրության համապատասխան կետն էլ ասում է՝ ՀՀ քաղաքացիությունից չի կարելի մարդուն զրկել։