Վճիռը կատարվեց. սկսած 2023-ի հոկտեմբերից ընտանիքին փոխանցվեցին 40+10 հազար դրամը

Անուշ Շահրամանյան

 

Հաղթանակ վարչական և վերաքննիչ վարչական դատարաններում. Վերականգնվեց բռնի տեղահանված ընտանիքի սոցիալական աջակցության շահառու ճանաչվելու իրավունքը։ Վճիռը կատարվեց. սկսած 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ընտանիքի բոլոր անդամներին փոխանցվեցին 40+10 հազար դրամ աջակցության գումարները՝ ամբողջությամբ։

2023 թվականի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախից բռնի տեղահանված Լ.Հ.-ն, Ե.Հ-ն և նրանց անչափահաս երեխաները հայտնվեցին դժվարին իրավիճակում։ Չնայած պետության կողմից սահմանված աջակցության ծրագրին, ընտանիքը չէր ստանում ամսական 40 000 + 10 000 դրամ չափով սոցիալական օգնությունը։ Պատճառը վարչական մարմնի մեկնաբանությունն էր՝ ընտանիքն ունի սեփականություն Հայաստանում, ուստի չի կարող համարվել ծրագրի շահառու։

Ընտանիքը դիմեց ՀՀ փաստաբանների պալատ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և Պալատի կողմից համատեղ իրականացվող «Իրավաբանական աջակցություն բռնի տեղահանված անձանց» ծրագրին։

Որպես Ծրագրի Փաստաբան ստանձնեցի ընտանիքի իրավունքների պաշտպանությունը և ներկայացրեցի հայցադիմում վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ճանաչել աջակցության ծրագրի շահառու դիմողներին ու տրամադրել չվճարված գումարները (սկսած 2023 թվականի հոկտեմբերից)՝ համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 1763-Լ որոշման թիվ 1 հավելվածի 4-րդ կետի 1.1 ենթակետով սահմանված 50 000 դրամ չափով։

Հիմնավորումը հետևյալն էր. բնակարանը ձեռք էր բերվել ամուսնությունից հետո և համարվում էր համատեղ սեփականություն։ Այդ դեպքում ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով սեփականության մակերեսը չի գերազանցում 20 քառակուսի մետրը, ուստի ընտանիքը լիովին համապատասխանում է ծրագրի շահառուի կարգավիճակին։

Առաջին ատյանի վարչական դատարանը ամբողջությամբ բավարարեց հայցը։

Վարչական մարմինը բողոքարկեց վճիռը, սակայն վերաքննիչ վարչական դատարանում ևս հաղթանակ տարանք։ Առաջին ատյանի վճիռը մտավ օրինական ուժի մեջ։

Արդյունքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (Միասնական սոցիալական ծառայությունը) ամբողջությամբ կատարեց վճիռը։ Սկսած 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ընտանիքի բոլոր անդամներին փոխանցվեցին բոլոր չվճարված գումարները՝ յուրաքանչյուրին ամսական 50 (40+10) հազար դրամի չափով։

Անվճար որակյալ իրավաբանական աջակցությունը հասանելի է բոլոր արցախցիներին։

Եթե դուք կամ ձեր ընտանիքը բռնի տեղահանված եք և բախվում եք նման կամ այլ իրավական խնդիրների՝ դիմեք Հայաստանի փաստաբանների պալատի «Իրավաբանական աջակցություն բռնի տեղահանված անձանց» ծրագրին, հեռ՝ 033 600 714, Զաքյան 7, 2-րդ հարկ, Փաստաբանների պալատ։

Փոքր ընտանիք՝ մեծ մարտահրավեր

Արցախից բռնի տեղահանված հազարավոր քաղաքացիների համար բնակարանային խնդիրը շարունակում է մնալ ամենաակտուալը՝ կապված մի շարք մարտահրավերների հետ: Առավել խնդրահարույց է փոքր կազմով ընտանիքների հարցը:

ՍիվիլՆեթ լրատվականում թեմային է անդրադարձել լրագրող Իրինա Հայրապետյանը: Ըստ նրա՝ փոքր կազմով ընտանիքները հայտնվել են ծրագրի «կույր գոտում»: Ծրագրով տրամադրվող գումարը բավականին քիչ է բնակարանի վարձավճարը տալու համար՝ հաշվի առնելով Հայաստանի անշարժ գույքի շուկայական գները: «Սա նշանակում է, որ հենց ամենախոցելի խմբերից մեկը՝ միայնակ, տարեց անձինք կամ երիտասարդ ընտանիքները ստեղծված ծանր պայմաններում նվազագույն աջակցություն են ստանում»,- պարզաբանում է  հեղինակը։ «Մեկ այլ վիճահարույց դրույթ վերաբերում է շահառուների տարիքային չափանիշներին։ Ըստ գործող կարգավորման՝ մինչև երեք անդամ ունեցող ընտանիքները կարող են օգտվել ծրագրից միայն այն դեպքում, եթե ընտանիքը բաղկացած է միայն անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ անժամկետ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող կամ 60 և ավելի տարեկան անդամներից, ինչպես նաև այն դեպքում, եթե նրանց տարիքների հանրագումարը կազմում է առնվազն 115 տարի՝ երկու անդամի դեպքում, և 175 տարի՝ երեք անդամի դեպքում: Սակայն այս մոտեցումը, ըստ փորձագետների, արհեստական սահմանափակումներ է ստեղծում։ Օրինակ՝ միայնակ մայրը երկու երեխաների հետ դուրս է մնում ծրագրից միայն այն պատճառով, որ չի հասնում այդ տարիքային շեմին՝ չնայած ակնհայտ սոցիալական խոցելիությանը»,- հավելում է լրագրողը։

Հոդվածում տեղ են գտել նաև առաջարկներ, որոնք շահառուները որոշում ընդունող կառույցներին հորդորում են հաշվի առնել: Դրանք են՝

  • փոխել «չեն ցանկացել օգտվել ծրագրից» ձևակերպումը՝ ընդգծելով, որ շատ ընտանիքներ պարզապես չեն կարողանում օգտվել ծրագրից
  • վերացնել տարիքային սահմանափակումները, որոնք խոչընդոտում են նույնքան խոցելի, բայց ավելի երիտասարդ ընտանիքների մասնակցությանը
  • վերանայել վարձակալության պայմանագրի պարտադիր պահանջը և ներդնել վերահսկող ու կարգավորող մեխանիզմներ
  • բարձրացնել սոցիալական աջակցության չափը և սահմանել նվազագույն երաշխավորված շեմ փոքր ընտանիքների համար
  • ներդնել աջակցության չափի վերանայման (ինդեքսավորման) մեխանիզմ՝ հաշվի առնելով շուկայական փոփոխությունները
  • երկարաձգել դրամական աջակցության ստացման ժամկետները՝ նվազեցնելու համար վարչարարական խոչընդոտները։

Հոդվածում, բացի արծարծված խնդրից, ներառվել է նաև հարցում, որտեղ փոքր կազմով ընտանիքները կարող են մասնակցել, իրենց համաձայնությունը կամ անհամաձայնությունը հայտնել՝ ընտրելով հարցման տարբերակներից մեկը, ինչպես նաև մեկնաբանությունների բաժնում թողնել կարծիքներ ու առաջարկներ:

Հարցին՝ «Մասնակցելո՞ւ եք, թե՞ ոչ փոքր կազմով ընտանիքների համար ՀՀ կառավարության նոր ծրագրին», 405 օգտատերեր պատասխանել են՝

  • Այո՛, եթե ծրագրի պայմաններին մեր ընտանիքը համապատասխանի 61 %
  • Ո՛չ, կնախընտրեմ պահպանել բնակարան ձեռք բերելու հավաստագիրը 15%
  • Կմասնակցեմ, եթե ծրագրում որոշ փոփոխություններ իրականացվեն 7%
  • Մեկնաբանություններում նշեք, թե ինչ փոփոխություններ կցանկանայիք 17%

«Մեկնաբանություններ» բաժնում օգտատերերը գրել են իրենց կարծիքներն ու առաջարկները:

«Բնակապահովման ծրագիրը սխալ սկզբունքով է կազմված։ Բնակարանի ձեռք բերման գումարը պետք է հատկացնեն ընտանիքին, ոչ թե մարդուն։ Մեծ կազմով ընտանիքները և՛ տուն են առնում, և՛ կահույք, իսկ փոքր թվով ընտանիքները պետք է ամբողջ կյանքում անտուն մնան, կամ վարկի տակ մտնեն։ Իսկ փոքր ընտանիքներին վերաբերող նոր ծրագիրը հարմար է միայն թոշակառուներին։ Անչափահաս երեխա ունեցող կամ երիտասարդ փոքր ընտանիքների համար այլ ծրագիր պետք է մշակել»,- նշում է օգտատեր Արմիդա Աբրահամյանը։

«Սոցիալական անարդարություն, փախստականների իրավունքների խախտում, մինչդեռ նույն պայմանները չեն գործում վերաբնակիչների ծրագրում, այնտեղ 1 անձը համարվում է ընտանիք և ստացել է մինիմում 8 մլն սերտիֆիկատ և իրացրել»,- նշում է Սուսաննան։

Եղել է նաև այսպիսի կարծիք: «Շնորհակալություն արցախյան ընտանիքների բնակարանային նպաստների հետ կապված համակարգային խնդիրները ընդգծելու համար: Մեր մտերիմ ընկերները փախստականներ են, և նրանք բախվում են հենց ձեր նշած խնդիրներին, որոնք խանգարում են նրանց օգտվել բնակարանային ծրագրից: Ես կցանկանայի տեսնել նրանց անվտանգ, տաք և կառուցվածքային առումով ամուր տանը, որը նրանցն է: Սակայն ներկայումս դա անհնար է»,-Մաուրեն Գումուս:

Հիմնական եզրակացություններ

Հարցվածների 61%-ը պատրաստակամ է մասնակցել ծրագրին, ինչը խոսում է բնակարանային խնդրի հրատապության մասին։ Թեման բավականին արդիական է և ունի բարձր հետաքրքրվածություն:

Մասնակիցների 24%-ը (17% + 7%) գտնում է, որ ծրագիրը լրամշակման կարիք ունի կամ ունի սեփական առաջարկներ։ Սա խոսում է այն մասին, որ ծրագիրը, որը դեռ պետք է գործարկվի, արդեն իսկ բավականին հրատապ հարցեր ու անհամաձայնություններ է իր մեջ պարունակում:

Իսկ ահա յուրաքանչյուր 7-րդ հարցվածը (15%) նախընտրում է ռիսկի չգնալ և պահպանել բնակարան ձեռք բերելու հավաստագիրը։

Հարցումն արտացոլում է 405 օգտատերերի սուբյեկտիվ կարծիքը և կարող է չներկայացնել բոլոր տեղահանվածների համընդհանուր տեսակետը, սակայն այն հստակ պատկերացում է տալիս առկա տրամադրությունների մասին։

Գայանե Զաքարյան

Կարո՞ղ է՝ սա է մոլդովական սցենարը

«Նիկոլ Փաշինյանը իր ուսապարկերով թաքուն նախաձեռնել է ընտրական օրենսգրքի փոփոխություն, որի համաձայն այն կուսակցությունները, որոնք ունեն անձնանվան հետ կապված անուններ կամ կրում են պետության հետ կապված անուններ՝ չեն կարող մասնակցել ընտրություններին։ Սա փաստում է, որ Փաշինյանի ռեժիմը փորձում է վերջնական հարված հասցնել Հայաստանի ժողովրդավարությանը»․ Գառնիկ Դավթյան
Հիշեցնենք, որ անցած տարի Մոլդովայում հենց այդպես են գործել, ընտրություններից մի քանի օր առաջ ընտրապայքարից հանելով մի քանի կուսակցությունների։

Իրանը մերժում է հրադադարը, Թրամփը դժգոհ է

Ապրիլի 6-ին Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ինքը շատ դժգոհ է Իրանի կառավարությունից և որ այն «ծանր գին կվճարի»։ Ավելին, Սպիտակ տան ղեկավարը նշեց, որ Թեհրանը չի կարողացել օգտվել Վաշինգտոնի կողմից իրեն տրված հնարավորություններից։

Իրանը մերժել է Վաշինգտոնի առաջարկը՝ հրադադար հաստատելու ԱՄՆ-Իսրայել պատերազմում։ Սա բխում է Թեհրանի կողմից բանակցությունների միջնորդ Պակիստանին փոխանցված փաստաթղթից, հաղորդել է իրանական պետական ​​IRNA գործակալությունը երկուշաբթի՝ ապրիլի 6-ի երեկոյան։

Այնտեղ նշվում է, որ Իրանի պատասխանը պարունակում է տասը կետ, այդ թվում՝ տարածաշրջանում պատերազմի դադարեցման կոչ անող դրույթ, Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցումն ապահովելու արձանագրություն և պատժամիջոցների վերացման և երկրի վերականգնման դրույթներ։

«Մենք կհամաձայնենք պատերազմի դադարեցմանը միայն այն երաշխիքներով, որ մեզ վրա այլևս հարձակում չի լինի», – AP լրատվական գործակալությունը մեջբերել է Եգիպտոսում Իսլամական Հանրապետության դիվանագիտական ​​​​առաքելության ղեկավար Մոջթաբա Ֆերդուսի Պուրի խոսքերը։

ԱՄՆ-ն Իրանի արձագանքը անվանել է «մաքսիմալիստական» և կասկածում է, որ այն թույլ կտա առաջընթաց ապահովել հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման ուղղությամբ։

Fox News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ Իրանին ԱՄՆ-ի ներկայացրած վերջնագրի ժամկետը լրանում է ապրիլի 7-ի գիշերը։

Ավելին, Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ Իրանից հենց հիմա, բայց որ պետք է ավարտի սկսածը։ «Իրանը կարող է միջուկային զենք ունենալ», – բացատրել է իր դիրքորոշումը ամերիկացի նախագահը։

Իրանի կամուրջների և էներգետիկ օբյեկտների վրա հարվածները ռազմական հանցագործություններ համարելու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Թրամփն ասել է. «Նրանք կենդանիներ են»։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ Իրանը «սպանել է 45,000 մարդու», որոնք ցույցի են դուրս եկել։

Թրամփը նաև նշել է, որ Իրանը «կարևոր առաջարկ» է արել։ «Դա այնքան էլ լավը չէ, բայց շատ կարևոր է», – հավելել է ԱՄՆ նախագահը։

«Հուսանք, որ սա արագ կավարտվի։ Բայց կրկին, կան բազմաթիվ այլընտրանքներ, և մենք ունենք բազմաթիվ այլընտրանքներ։ Մենք կարող ենք հեռանալ հենց հիմա, և նրանց 15 տարի կպահանջվի վերակառուցման համար։ Մենք կարող ենք հեռանալ հենց հիմա, բայց ես ուզում եմ դա անել։ Պատրա՞ստ եք։ Իրանը չի կարող միջուկային զենք ստանալ», – ասաց Թրամփը։

Վանդալները ոչնչացրել են

Այսօր մենք խոր մտահոգությամբ արձանագրում ենք, որ ադրբեջանական օկուպացիոն վարչախումբը Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տարածքում ոչնչացրել է մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը հանդիսացող Թատերական Աղբյուրը։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բռնազավթված տարածքներում մոնումենտալ արվեստի գործերի համակարգված ոչնչացումը դարձել է համատարած՝ հատկապես մայրաքաղաք Ստեփանակերտում։ Նման գործողությունները վկայում են Ադրբեջանի կողմից իրականացվող ծրագրված քաղաքականության մասին՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության վերացմանը և պատմամշակութային հետքի ջնջմանը։
Այս գործընթացների նկատմամբ լռությունն ու անգործությունը անընդունելի են։
Հայաստանի Հանրապետության պետական մարմինները պարտավոր են բարձրագույն մակարդակով արձագանքել ստեղծված իրավիճակին և ձեռնարկել համապատասխան քայլեր՝ մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ։
Միևնույն ժամանակ, միջազգային հանրությունը, որպես համամարդկային մշակութային արժեքների պահպանման պատասխանատու, կրում է ուղիղ պատասխանատվություն՝ կանխելու նմանատիպ գործողությունները և ապահովելու մշակութային ժառանգության պաշտպանությունը։
Հայկական մշակութային ժառանգությունը հանդիսանում է ոչ միայն մեր ժողովրդի ինքնության կարևորագույն բաղադրիչ, այլև համաշխարհային մշակութային ժառանգության անբաժանելի մաս։
Դրա պաշտպանությունը պետք է դառնա ինչպես համազգային առաջնահերթություն, այնպես էլ միջազգային օրակարգի կարևոր բաղադրիչ։

Դեպի ընտրություններ՝ առանց միավորված ազգային ուժերի․ ՀՀԿ-ն խոստովանում է

Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության 18-րդ համագումարի պատվիրակներն ընդունել են կուսակցության 18-րդ համագումարի բանաձևը։ Գարեգին Նժդեհի ցեղակրոն ուսմունքին հետևող կուսակցությունը որոշեց չմասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին և հայտարարեց, որ Հայաստանում ազգային ուժերը չեն կարողացել համախմբվել։

ՀՀԿ բանաձևը պարունակում է կոշտ քաղաքական գնահատականներ։

Համոզվածությամբ հայտարարում ենք, որ 2020 թվականի 44-օրյա աղետալի պատերազմը  պատահականություն չէր, այլ ՀՀ գործող կառավարիչների՝ հակապետական և արկածախնդիր կառավարման, արտաքին վտանգների և սպառնալիքների թերագնահատման, «խաղաղություն ամեն գնով» կեղծ օրակարգի առաջմղման, բանակցային դիրքերի հետևողական թուլացման ու պետական բարձր մակարդակով անպատասխանատու քաղաքականություն վարելու անխուսափելի հետևանք:

Փաստում ենք, որ ՀՀ իշխանությունը բռնազավթածների «խաղաղության դարաշրջանի» քաղաքական դոկտրինը ոչ միայն չապահովեց անվտանգություն և կայունություն, այլև հանգեցրեց Արցախի շրջափակմանը, հումանիտար աղետին, 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական ագրեսիային, արցախահայության՝ իր բնօրրանից էթնիկ զտմանը և բռնագաղթին:

Մերժում ենք ՀՀ կառավարիչների և նրանց արտաքին պատվիրատուների այն կեղծ թեզը, թե Արցախի հարցը փակված է, և պահանջում ենք ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում ամրագրել արցախահայության արժանապատիվ և միջազգային երաշխիքներով անվտանգ վերադարձի իրավունքը, ինչպես նաև պատերազմի հետևանքով անհայտ կորածների խնդրով հետևողական աշխատանքի անհրաժեշտությունը, Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող՝ գերեվարված, պատանդառված մեր հայրենակիցների շուտափույթ ազատ արձակման ու Հայրենիք վերադարձի հարցերը՝ որպես համազգային և միջազգային օրակարգի անբաժանելի բաղադրիչ:

Ամրագրում ենք, որ ՀՀ գործող կառավարիչների քաղաքականությունն ուղեկցվել է Սահմանադրության, իրավական և բարոյական նորմերի կոպտագույն խախտումներով, պետական շահի ստորադասմամբ և ազգային արժեքների հետևողական նահանջով:

Խոստովանում ենք, որ ընդդիմադիր ազգային ուժերը, այդ թվում՝ մենք, չկարողացանք անհրաժեշտ պահին ձևավորել լայն համազգային շարժում և քաղաքական համախմբում՝ ընդդեմ ազգադավ, պետականաքանդ կառավարիչների, և այդ բացթողումը ենթակա է ազնիվ գնահատման ու հետևությունների:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում «ազգային» բառը հիշատակվում է երեք անգամ՝ Ազգային ժողով, ազգային չափորոշիչներ և ազգային մարզադաշտ։

Սպանվել է Իրանի ԻՀՊԿ հետախուզության ղեկավարը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության ղեկավար Մաջիդ Խադեմին սպանվել է այսօր ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածների ժամանակ, հաստատել է իրանական բանակը։

Ըստ «Թասնիմ» լրատվական գործակալության՝ գեներալը գրեթե կես դար ծառայել է անվտանգության ուժերում և զգալի ներդրում է ունեցել Իրանի հետախուզական կազմակերպությունների զարգացման գործում։

Խադեմին ԻՀՊԿ հետախուզության ղեկավար է դարձել անցյալ ամռանը։ Նա փոխարինել է Մոհամմադ Քազեմիին, որը զոհվել էր Իսրայելի հետ 12-օրյա պատերազմում։

Վախեցնոզ թվեր․ Երևանում զորակոչի թիվը կրիտիկական ցածր է՝ 10–16%

Ապրիլի 6–ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը անդրադառձավ իր հայտարարությանը, թե դպրոցներից մեկում մեկ դասարանում բոլոր տղաները, բացի մեկից, հրաժարվել են Հայաստանի քաղաքացիությունից։

«Դա միակ դեպքը չի, բազմաթիվ դասարաններ կան, որտեղ դպրոցը ավարտելու հետո որևէ մեկը չի զորակոչվում բանակ, եթե ծանոթներ ունեք, հատկապես էլիտար համարվող դպրոցներում, մի հատ կարող եք հարցումներ անել, թե օրինակ, 2025 թվականին ձեր դպրոցից քանի՞ տղա է ավարտել դպրոցը, քանիսն է գնացել բանակ։ Սխեման հետևյալ է, ովքեր փող ունեն, մինչև 18 տարին լրանալը հրաժարվում են քաղաքացիությունից։ Այդ փողը Հայաստանում չեն ծախսում, դրսում են ծախսում՝ Եվրոպայում շատ, Ռուսաստանում ավելի քիչ։ Գումար է դուրս գալիս Հայաստանից դրա արդյունքում, այդ տղերքն են դուրս գալիս մեր պահեստազորից, հաշվառումից ընդհանրապես, ու մենք կորցնում ենք և՛ իրենց, և՛ իրենց գումարները։ Ես առաջարկել եմ այս սխեման փակենք ու շուռ տանք, որ այդ գումարները ոչ թե հոսեն Հայաստանից դուրս, այլ գան հոսեն ծառայող տղաների գրպանները։

Տեսեք, ըստ ՆԳՆ տվյալների, տարեկան 3000 տղա քաղաքացիությունից հրաժարվում է, մենք ասում ենք՝ 15 միլիոնը տուր, մեկ ամիս ծառայի, այսինքն դու ես որոշում 15 միլիոնը տալիս ես հրաժարվում ես ու չես ծառայում կամ նույն 15-ը տալիս ես գալիս մի ամիս ես ծառայում ու սրա արդյունքում եթե մեզ հաջողվեր այս 3000-ից 1000-ի բերել ծառայության, 1000-ով ավել շատ զորակոչ կունենայինք և մեր զորացրվողները ամեն մեկը 1.5 միլիոն կստանային։

Հիմա մեր գործընկերները որոշեցին, որ պետք չի այդ այդ հնարավորությունը տանք, պետք է թողնենք, ոնց որ կա, այսինքն էլիտար դպրոցներում էլի շարունակեն բոլորը քաղաքացիությունից հրաժարվել, չծառայել, մարզերում 50% զորակոչ ունենանք»,–ասաց Հայկ Սարգսյանը։

Նա հայտարարեց, որ Երևանում զորակոչի թիվը կրիտիկական ցածր է. «Երբ մենք ասում ենք՝ հանրապետությունում 30-35% է զորակոչը, դա մարզերի հաշվին է այդքան, Երևանում 10–16% է։ Տարի ենք ունեցել, որ 10 տոկոս է եղել, այսինքն անհավասարությունը կա։ Այն, որ ա օրենքի տապալմամբ ուզում են ասեն, որ այ չեղավ այդ անարդարությունը, այդ անարդարությունը խորանալու է, ինչի համար ցավում եմ»։

Հայկ Սարգսյանը նշեց, որ իր առաջարկի դեպքում անձը 1 ամիս կծառայի, կմտնի պահեստազոր, ու երբ կլինեն ենթադրյալ մարտական գործողություններ կամ էսկալացիա, այդ մարդուն պետությունը կունենար իր պահեստազորում. «Աայսինքն ինքը ոչ թե կլիներ ՌԴ քաղաքացի, այլ կլիներ մի ամիս պատրաստված զինծառայող, ով կկարողանար համալրել զինված ուժերի շարքերը։

Եղանակը կտաքանա

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ երկուշաբթի օրը Հայաստանի ողջ տարածքում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում։

Սպասվում է ջերմաստիճանի բարձրացում 2-4 աստիճանով։ Որոշ շրջաններում հնարավոր են տեղումներ, լեռներում՝ ձնախառն անձրև, իսկ հովիտներում՝ անձրև։

Կանխատեսման համաձայն՝ ապրիլի 6-ին Շիրակում ջերմաստիճանը կհասնի +12°C-ի, Կոտայքում՝ +14°C-ի, Գեղարքունիքում՝ +10°C-ի, Լոռիում և Արագածոտնում՝ +16°C-ի, Տավուշում և Արարատում՝ +20°C-ի, Արմավիրում և Վայոց ձորում՝ +19°C-ի, իսկ Սյունիքում՝ +22°C-ի։

Ապրիլի 6-ին նաև կարճատև անձրև է սպասվում Երևանում, ջերմաստիճանը կբարձրանա մինչև +18°C։

ԱՄՆ-ն, Իրանը և միջնորդները քննարկում են 45-օրյա հրադադարի տարբերակը. Axios

ԱՄՆ-ն, Իրանը և տարածաշրջանային միջնորդների խումբը քննարկում են հնարավոր 45-օրյա հրադադարի պայմանները, հաղորդում է Axios գործակալությունը՝ վկայակոչելով բանակցությունների ընթացքին ծանոթ չորս աղբյուրների:

Սպիտակ տունը և Պետդեպարտամենտը չեն մեկնաբանել այս լուրը:

Միջնորդները քննարկում են երկփուլ համաձայնագրի պայմանները, գրում է պարբերականը՝ հավելելով, որ առաջին փուլը կլինի 45-օրյա հրադադար, որի ընթացքում բանակցություններ կընթանան պատերազմի մշտական դադարեցման շուրջ:

Երկրորդ փուլը կլինի պատերազմի դադարեցման մասին համաձայնագիրը:

Նշվում է, որ հրադադարի ռեժիմը կարող է երկարաձգվել, եթե բանակցությունների համար լրացուցիչ ժամանակ պահանջվի:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի ասել է, որ վերջնաժամկետը, երբ Իրանը պետք է բացի Հորմուզի նեղուցը, կամ հարձակման ենթարկվեն կարևորագույն ենթակառուցվածքները, լրանում է երեքշաբթի երեկոյան:

Մոսկվան և Երևանը ակտիվացնում են «ծիսական խաղերը»

Հայաստանի և Ռուսաստանի միջև նախընտրական ծիսական պարը թափ է հավաքում՝ «համոզելով» եվրոպացի առաջնորդներին ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Փաշինյանի կառավարությանը։

Վերջերս տված կոշտ հարցազրույցից հետո Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը զգուշացրեց, որ եթե Հայաստանը միանա Եվրամիությանը, այլևս օդային կապ չի ունենա Ռուսաստանի հետ։ Առաջին ալիքի եթերում նա հայտարարեց, որ Հայաստանի քաղաքացիները պետք է հասկանան ԵՄ-ին մերձենալու Երևանի որոշման հնարավոր հետևանքները։

Ավելի վաղ՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Օվերչուկը հայտարարել էր, որ «հայերը մոտ են կրիտիկական կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի վերանայել տնտեսական հարաբերությունները»։

Ռուսական կապիտալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անօրինական ազգայնացումից հետո ռուսական բիզնեսը չի կարող իրեն անվտանգ զգալ, ասել է Օվերչուկը։ «Ռուսական երկաթուղիների» դուրս մղումը կհանգեցնի Հայաստանի տարանցիկ ներուժի վերջնական կորստին, հավելել է նա։

Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանը մինչև 2036 թվականը կշարունակի վերահսկել Հայկական ԱԷԿ-ը, և որ ամերիկյան մուտքը Մեղրիի միջանցք (TRIPP) և Ռուսաստանին բանակցություններից բացառելու փորձերը «խախտում են տարածաշրջանային հավասարակշռությունը և կասկածի տակ են դնում Հայաստանի մրցակցային առավելությունները»։

Քանի որ ռուսական բիզնեսը դուրս է մղվում Հայաստանից, Ռուսաստանում գործող հայկական բիզնեսները, որոնք վայելում են արտոնյալ վերաբերմունք, նույնպես պետք է հաշվի առնեն հետևանքները, նշել է Օվերչուկը՝ ակնարկելով Հայաստանի համար գազի գների հնարավոր բարձրացման մասին։

Երևանի արձագանքը մեղմ էր, բայց նույն տակտի մեջ։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ գազի գների վերաբերյալ խոսակցությունները շարունակվում են արդեն երկար տարիներ, բայց եթե նման որոշում կայացվի, Հայաստանը նույնպես կկայացնի իր սեփական որոշումը և, ի վերջո, դուրս կգա և՛ ՀԱՊԿ-ից, և՛ ԵԱՏՄ-ից։

«Բայց չեմ կարծում, որ դրան կհասնի, որովհետև գիտեմ, որ դրանից հետո նաև շատ լավ զրույց է եղել երկու երկրների ղեկավարների միջև», – շարունակել է Ալեն Սիմոնյանը՝ հաստատելով, որ այս ամենը՝ «ամուսնական խաղեր» են։

Ովքեր պետական դավաճանությnւն են արել Արցախի և այլ հարցերում

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Վլադիմիր Պուտինի մոտ, և դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ նրա դիրքերը երկրում թուլանում են խորհրդարանական ընտրություններից առաջ, և հանրությունը դեռևս չի ներել նրան Լեռնային Ղարաբաղի կորստի համար, հաղորդում է ռուսական НТВ հեռուստաալիքը։

Վաղուց “փակված” Արցախի հարցը, պարզվում է, այդքան էլ փակ չէ, և ժողովուրդը չի ներել Ղարավաղի կորուստը։

Ըստ НТВ-ի նյութի հեղինակների՝ դրանցից գլխավորը մնում է Ղարաբաղի կորուստը. հասարակության զգալի մասը չի ներել վարչապետին տարածաշրջանի կորստի համար, իսկ փախստականները նրան բացահայտ մեղադրում են դավաճանության մեջ։ Ռեպորտաժում բերվում է Երևանի մետրոյում տեղի ունեցած հատկանշական մի միջադեպ, որտեղ Փաշինյանը վիճաբանության մեջ է մտել Ղարաբաղից տեղահանված մի կնոջ հետ, և խոսակցությունն ակնհայտորեն չի դասավորվել նրա օգտին։

Լրացուցիչ գրգռիչ գործոն են հանդիսանում նաև Սահմանադրությունը փոխելու վարչապետի ծրագրերը. նա մտադիր է դրանից հանել Ղարաբաղի մասին ցանկացած հիշատակում, ասված է ռեպրտաժի մեջ, որը պատրաստվել է Փաշինյանի՝ Մոսկցա կատարած այցի նախօրեին։

Ովքեր պետական դավաճանություն են արել Արցախի և այլ հարցերում, պետք է պատժվեն, ներում բեկում չկա։ Այս մասին այսօր հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը Արագածոտնի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք չպետք է գնանք մարդկանց հետևից միայն այն պատճառով, որ նրանք ՔՊ-ական են եղել, ինչպես իրենք են հիմա անում։ Սակայն կա մի նախապայման. ովքեր պետական դավաճանություն են արել Արցախի և այլ հարցերում՝ ներում չունեն։ Նրանք պետք է պատժվեն»,- ասել է Կարապետյանը։

Իշխող կուսակցությունն իր հերթին դավաճանության մեջ է մեղադրում Արցախի ղեկավարությանը։

Բա ինչի՞ է ինքը Երևանում, իսկ մնացած նախագահները՝ Բաքվի բանտում։ Այս մասին ապրիլի 4–ին նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զառանցանք է որակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե արցախցիները 2020 թվականի ճողոպրել, փախել են։

«Բա փախնելը ո՞նց է լինելում։ Կրկնում եմ, բա ինչի է ինքը Երևանում հարցազրույց տալիս, իսկ Լեռնային Ղարաբաղի մնացած ղեկավարները հիմա Բաքվի բանտում են։ Թող սուս մնա, ինչքան քիչ խոսա, այնքան իր օգուտն է։ Ես իրան խորհուրդ եմ տալիս քիչ խոսի և այստեղ այնտեղ չներկայանա որպես ինչ-որ պաշտոնյա, ինքը պաշտոնյա չի, ինքը իր ձեռքով ստորագրել է, որ ինքը պաշտոնյա չի ու պաշտոնյա չի եղել, և հիմա առնվազն բարոյական չի նման ձևով պահել մեր բարձր հովանու ներքո, Հայաստանի Հանրապետության բարձր հովանու ներքո»,–ասաց նա։

Հասարակությունը չի ներել, դավաճանները կպատժվեն։