Մինչև 1998 թվականը զոհվածների ընտանիքները պահանջում են իրնեց ևս ընդգրկել նոր նախագծում

Օրերս e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծ։ Ըստ այդմ առաջարկվում է նաև փոխհատուցում տրամադրել ոչ միայն 2017 թվականի հունվարի 1-ից հետո, այլև 1998-2016 թվականներին տեղի ունեցած այն դեպքերի համար, երբ զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով։ Նախատեսվում է ընդլայնել ու հստակեցնել այդ ընտանիքների սոցիալական երաշխիքները․ կբարելավվի նաև պատճառված վնասի հատուցման գործընթացի արդյունավետությունը։

2008–2016 թվականների դեպքերի շահառուներն արդեն որոշված են Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից կայացված որոշումների շրջանակում. նրանց գումարը կփոխանցվի հիմնադրամի կողմից։

1998-2007 թվականների դեպքերի համար շահառուները կճշտվեն առկա փաստաթղթերի հիման վրա։ Կստեղծվի նաև միջգերատեսչական հանձնաժողով, որի եզրակացությամբ կամ դատական կարգով փաստաթղթերի բացակայության դեպքում կհավաստվի զինծառայողի կյանքին կամ առողջությանը մարտական գործողությունների հետևանքով վնաս պատճառված լինելը։

Սակայն հազարավոր զոհեր կան մինչև 1998 թվականն ընկած ժամանակահատվածում, այդ թվում Արցախյան առաջին պատերազմում զոհվածները, որոնց իրավահաջորդներն անարդարացիորեն դուրս են մնում նշված աջակցությունից։

Անհասկանալի է, թե ինչու է տարբերություն դրվում Հայրենիքի համար զոհվածների միջև։ Իրավամբ չպետք է տարբերակում դրվի, պետք է հավասարաչափ հարգել բոլոր զոհված զիվորների նվիրումն ու զոհաբերությունը և նրանց ժառանգներին չզրկել պետության կողմից տրվող այդ աջակցությունից։

Անահիտ Ղազարյան՝ Արցախյան առաջին պատերազմում զոհված զինծառայողի այրի

-Հարգելի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Ձեր կողմից հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտի նախագիծ, որով նախատեսվում է ընդլայնել Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվածների ընտանիքներին և հաշմանդամներին տրվող սոցիալական երաշխիքները, ինչը վերաբերում է 1998-2017 թվականներին զոհված կամ հաշմանդամ դարձած մարդկանց։

Ելնելով սոցիալական արդարության և հավասարության սկզբունքից՝ գտնում եմ, որ անարդար որոշում է։ 1992-94 թվականները համարվում են Արցախյան առաջին պատերազմի ամենաթեժ տարիները, որոնց ընթացքում բազմաթիվ ազատամարտիկներ պայքարել ու հաղթանակ են ձեռք բերել։ Պետության կողմից նրանց կատարածը պետք է գնահատվի ըստ արժանվույն։ Խնդրում և պահանջում եմ նշված ծրագրի մեջ ներառել 1990-1997 թվականների զոհվածների ընտանիքներին։

Ալեքսանդր Աբրահամյան՝ Արցախյան առաջին պատերազմում զոհված զինծառայողի հայր

-Որդիս զոհվել է 1994 թվականի մարտի 5-ին՝ Ջրականի ազատագրման մարտերում։ Նա դեռևս չէր հասցրել ընտանիք կազմել։ Արցախի ՊԲ սպա էր։ Ես չեմ հասկանում՝ ինչ է նշանակում տարբերակում դնել զոհվածների միջև, այն դեպքում, երբ առաջին պատերազմի զոհված տղաների շնորհիվ է հաղթանակ կերտվել։ Կարծում եմ՝ տղաների հիշատակը պետք է գնահատվի ինչպես հարիր է և նրանց կանանց ու ծնողներին անհրաժեշտ է ընդգրկել նոր նախագծի մեջ։ Միաժամանակ գնահատում եմ պետության ջանքերը, որ փորձում է ընդլայնել շահառուների շրաջանակը, սակայն մեզ ևս չպետք է անտեսել։

Անահիտ Բալայան՝ Արցախյան առաջին պատերազմում զոհված զինծառայողի այրի

-Ամուսինս զոհվել է 1993 թվականին։ Ֆեյսբուքյան հարթակում տեսա, որ շրջանառվում է մի նախագիծ, որը վերաբերում է 1998-2017 թվականների զոհվածների ընտանիքներին։ Այսինքն մինչև 1998 թվականի զոհերը չկան։ 57 տարեկան եմ, ունեմ մի շարք հիվանդություններ։ Քանի՞ տարի եմ ապրելու, որ պետության կողմից արժանանամ ուշադրության։ Նշեմ, որ, որպես զոհված զինծառայողի այրի, ստանում եմ ընդամենը 30000 դրամ, ու իմ նման կարգավիճակ ունեն շատ-շատերը։ Բոլոր զոհերը մի հարկի տակ պետք է լինեն և վերջ։ Կոչ եմ անում 90-ականների զոհված զինծառայողների կանանց, ծնողներին արձագանքել, պահանջել մեր իրավունքները։ Մենք պետք է պահանջենք, որ հարգեն մեզ ու առավել ևս մեր հարազատների հիշատակը։

Լաուրա Բարսեղյան՝ Արցախյան առաջին պատերազմում զոհված զինծառայողի մայր

-Հիմնադրամի կողմից տրամադրվող աջակցության շահառու չեմ ու չեմ հասկանում, թե ինչումն է զոհվածների միջև տարբերություն դնելու պատճառը։ Ստանում եմ ընդամենը 30000 դրամ պարգևավճար։ Անընդունելի եմ համարում, որ զոհված զինծառայողների ընտանիքների միջև տարբերություն է դրվում։ Մենք բոլորս նույն հարկի տակ ենք։

Մելանյա Դանիելյան՝ Արցախյան առաջին պատերազմում զոհված զինծառայողի այրի

-Արցախի Մարտունու շրջանի Նորշեն գյուղից եմ տեղահանվել։ Ամուսինս զոհվել է 1992 թվականի մայիսի 15-ին, մարտական գործողությունների ժամանակ։ Խնդրում և պահանջում եմ, որ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իր նոր նախագծում հաշվի առնի նաև մինչև 1998 թվականի զոհված զինծառայողների ընտանիքներին և մեզ նույնպես հնարավորություն ընձեռի օգտվելու սոցիալական աջակցությունից։ Ես այլ որոշում չեմ ընդունում և գտնում եմ, որ զոհվածների ընտանիքներին պետք է նայել նույն աչքով։ Բոլորն էլ նույն ցավով ու դժվարություններով են անցնում։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Հռոմի պապը կոչ էր անում սուլթանին դադարեցնել կոտորածը. հրապարակվել է Հեսեմանի գիրքը

Սպուտնիկ

Գերմանացի պատմաբան և լրագրող Միխայել Հեսեմանի «Հայոց ցեղասպանությունը» գիրքը, որը ներկայացնում է Վատիկանի արխիվներից գաղտնի փաստաթղթեր, հրատարակվել է Հայաստանում, հայտնում է Էջմիածնի Մայր Աթոռի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ գիրքը հրատարակվել է Էջմիածնի Մայր Աթոռի հրատարակչության կողմից։

Հեսեմանն ասել է, որ 2008 թվականին ինքը մուտք է գործել Վատիկանի արխիվներ և պատահաբար հայտնաբերել է մի թղթապանակ, որը պարունակում էր հայերի հալածանքների մասին նյութեր։

«Ես գտա ավելի քան 3000 էջ փաստաթղթեր, որոնք լույս են սփռում այդ իրադարձությունների վրա։ Հռոմի պապը անձամբ երկու անգամ գրել է սուլթանին՝ կոչ անելով դադարեցնել կոտորածները», – նշել է նա։

Հայտնաբերումից ցնցված՝ Հեսեմանը կապ է հաստատել իր ընկերոջ՝ Գերմանիայում բնակվող Ազատ Օրդուխանյանի հետ։ Օրդուխանյանն իր հերթին կապ է հաստատել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի և այլ մարմինների հետ՝ պարզելու համար, թե արդյոք հայերը գիտեին այդ փաստաթղթերի մասին։ Պարզվել է, որ ոչ։

Գրքի հեղինակի խոսքով՝ փաստաթղթերը Վատիկան են հասել տարբեր աղբյուրներից. այս տեքստերը թույլ են տալիս վերականգնել այդ ողբերգական իրադարձությունների ամբողջական պատկերը։

Նամակները, վկայությունները և զեկույցները ուսումնասիրելով՝ հետազոտողը եզրակացնում է, որ Հայոց ցեղասպանությունը նախապես ծրագրված դավադրություն էր։

«Մենք հայտնաբերեցինք Սուրբ Աթոռ ուղարկված ցնցող վկայություններ և զեկույցներ։ Այս նյութերը հրապարակվել են իմ գրքում Գերմանիայում 2015 թվականին և դեր են խաղացել Գերմանիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության ճանաչման գործում», – նշել է Հեսեմանը։

Նա ընդգծել է, որ անկախ և չեզոք աղբյուրները հատկապես արժեքավոր են։ Արխիվային տվյալների համաձայն՝ փորձեր են արվել կանխելու կոտորածները։ Մասնավորապես, որոշ գերմանացիներ դիմել են կանցլերին և զինվորական հրամանատարությանը, կաթոլիկ եկեղեցին փորձել է միջամտել, իսկ Հռոմի պապ Բենեդիկտոս XV-ը (1914-1922) նամակներ է գրել օսմանյան սուլթան Մեհմեդ V-ին։ Սակայն այս ջանքերը չեն դադարեցրել բռնությունը։

Հեսեմանը եզրակացրել է, որ հայկական ողբերգությունը հանգեցրել է հետագա այլ ցեղասպանությունների։

Հայաստանի հավաքականը լավագույնն է ծանրամարտի ԵԱ-ում․ news.am

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը լավագույնն է Բաթումիում ավարտված Եվրոպայի առաջնությունում։

Երկրորդ տարին անընդմեջ տղամարդկանց Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթողն է:

Կանանց Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում երրորդն է:

Հայաստանի առաջին մեդալը Բաթումիում նվաճել է Գառնիկ Չոլակյանը: 60 կգ քաշայինների պայքարում Չոլակյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Երկամարտում նա հավաքեց 274 կգ (124+150):

71 կգ քաշային կարգում երկամարտի 330 կգ արդյունքով փոխչեմպիոն է հռչակվել Գոռ Սահակյանը (150+180):

79 կգ քաշայինների պայքարում Մարտին Պողոսյանը երկամարտի 338 կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ (152+186):

Կանանց հավաքականից Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ) երկամարտի 210 կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալ (91+119), Աննա Ամրոյանը (77 կգ) հրում վարժությունում 136 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալ է նվաճել եւ երիտասարդների ռեկորդ սահմանել:

Ապրիլի 24-ին Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճել է Էմմա Պողոսյանը (86 կգ): Երկամարտում նա հավաքել է 248 կգ արդյունք (107+141): Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Արա Աղանյանը (94 կգ): Երկամարտում նա գրանցել է 381 կգ արդյունք (175+206)։

Ապրիլի 25-ին տղամարդկանց 110 կգ քաշայինների պայքարում Գարիկ Կարապետյանը երկամարտի 415 կգ արդյունքով երրորդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը (189+226):

+110 կգ քաշայինների պայքարում երկամարտի 451 կգ արդյունքով օլիմպիական փոխչմեպիոն, աշխարհի չեմպիոն  Վարազդատ Լալայանը երրորդ անգամ կարիերայում նվաճեց չեմպիոնի տիտղոսը (210+241):

Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին 16 ծանրորդով՝ 8 տղամարդ, 8 կին:

news.am

Թրամփ. Իրանի նավթային ենթակառուցվածքները կպայթեն երեք օրից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանի նավթային ենթակառուցվածքները կարող են լուրջ խնդիրների բախվել առաջիկա օրերին: Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ նավթի փոխադրման համակարգը չի կարողանա դիմակայել բեռին և «կպայթի» երեք օրվա ընթացքում: Թրամփը բացատրել է, որ խնդիրը Իրանի սահմանափակ կարողություններն են՝ վերաբաշխելու նավթը. Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով երկիրը չի կարող բավարար քանակությամբ հում նավթ մղել խողովակաշարերից դեպի պահեստարաններ կամ տանկերներ։

Միևնույն ժամանակ, իրանական պետական ​​լրատվամիջոցները հաղորդում են, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, պակիստանցի միջնորդների միջոցով, ԱՄՆ-ին է փոխանցել Իսլամական Հանրապետության «կարմիր գծերը»: Սրանք Վաշինգտոնի պահանջներն են, որոնց հետ Թեհրանը չի կարող համաձայնվել։

«Այս հաղորդագրությունները վերաբերում են Իրանի Իսլամական Հանրապետության որոշ «կարմիր գծերի», այդ թվում՝ միջուկային հարցերի և Հորմուզի նեղուցի», – հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած Fars լրատվական գործակալությունը: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ փոխանցված հաղորդագրությունները «կապ չունեն բանակցությունների հետ» և «դիտարկվում են որպես Իրանի կողմից տարածաշրջանային իրավիճակը պարզաբանելու նախաձեռնություն»։

ԵՄ-ն վերանայո՞ւմ է իր քաղաքականությունը Թուրքիայի և Հայաստանի նկատմամբ

Politico-ն հաղորդում է, որ Թուրքիան կրկին հայտնվել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և նրա վաղեմի հակառակորդ՝ Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շառլ Միշելի միջև հակամարտության կենտրոնում։

Անցյալ շաբաթավերջին ֆոն դեր Լեյենը ակնարկել է, որ Անկարան աշխարհառազմավարական սպառնալիք է ներկայացնում ԵՄ-ի համար։ «Մենք պետք է ապահովենք, որ եվրոպական մայրցամաքը ամբողջական լինի, որպեսզի այն չընկնի Ռուսաստանի, Թուրքիայի կամ Չինաստանի ազդեցության տակ», – ասել է նա։

Միշելը քննադատել է ֆոն դեր Լեյենին իր խոսքերի համար և Թուրքիան անվանել է «ՆԱՏՕ-ի հիմնական դաշնակից, կարևոր գործընկեր, էներգետիկ միջանցք, Եվրոպայի պաշտպանության ոլորտի խոշոր խաղացող և լուրջ տարածաշրջանային տերություն»։

2021 թվականին Թուրքիա կատարած համատեղ այցի ժամանակ, Անկարայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, այն ժամանակվա Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը նստել է իր Էրդողանի կողքին՝ հանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լեյենին մղելով հարևան բազմոց։

Եվրոպացի առաջնորդների 2021 թվականի այցը Թուրքիա տեղի ունեցավ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների Արցախյան պատերազմից հետո։ Սյդ այցը, կարծես, հավանություն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից դուրս ռուս-թուրքական ռազմական «լուծմանը»․ համանախագահությունում ԵՄ-ն ներկայացված էր Ֆրանսիան։ Չնայած Եվրախորհրդարանի և եվրոպական երկրների, մասնավորապես Ֆրանսիայի խորհրդարանների բանաձևերին, ԵՄ գործադիր ղեկավարությունը այդպես էլ չդատապարտեց հակամարտության ռազմական լուծումը։ Դրան հաջորդեց Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումը 2022 թվականի փետրվարին և Սիրիայի բռնազավթումը թուրքական պրոքսիների կողմից։ Այժմ բոլորի աչքի առաջ տեղի է ունենում Լիբանանի և Գազայի օկուպացիան Իսրայելի կողմից։ Եվ ԵՄ դիրքորոշումն այս հարցում անհասկանալի է։

2022 թվականի հոկտեմբերին Շառլ Միշելը և Մակրոնը առաջարկեցին, որ Փաշինյանն ու Ալիևը Պրահայում ստորագրեն փաստաթուղթ, որը ճանաչում է իրենց երկրների խորհրդային սահմանները։ Դրանից հետո, 2023 թվականի սեպտեմբերին, ԵՄ-ի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Կոստանդնուպոլսում համաձայնության եկան հայկական Արցախի հայաթափման և “ստալինյան սահմանների” վերականգնման վերաբերյալ։

Մասնագետները նշում են, որ Արցախյան շարժման ամենասկզբում և ԵԱՀԿ-ի բանակցություններին ներգրավվելիս թաքնված որոշում էր կայացվել խորհրդային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ։ 1994 թվականի հրադադարից հետո ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէր համարվում միայն այն պատճառով, որ Արևմուտքն ու Ռուսաստանը խստորեն պահպանում էին խորհրդային սահմանները։ Իսկ 2023 թվականին Արցախի հայաթափումից հետո հակամարտությունը համարվում էր «լուծված», քանի որ վերականգնվել էին խորհրդային սահմանները։

Սակայն, Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ ինքնին խորհրդային սահմանների բռնի խախտում է: ԵՄ-ն այժմ անում է ամեն ինչ՝ մերժելու Ռուսաստանի իրավասությունը Ուկրաինայի օկուպացված տարածքների նկատմամբ և «պաշտպանելու» խորհրդային սահմանները՝ պաշտպանելով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգը: Բայց որքանո՞վ դա կհաջողվի: Եվ ի՞նչ կպատահի եվրոպական Բալկանների հետ, եթե Ռուսաատանն ու Թուրքիան անպատիժ մնան:

Միշելի և ֆոն դեր Լեյենի միջև Թուրքիայի շուրջ հակամարտությունը կապված է եվրոպական ղեկավարության դիրքորոշման հնարավոր փոփոխության հետ՝ որոշ երկրների էքսպանսիայի իրավունքի վերաբերյալ:

Միշելը սուր քննադատության ենթարկվեց Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի կողմից, որը հանդիմանեց բելգիացուն՝ ԵՄ անդամի երկրի տարածքը օկուպացրած պետությունը պաշտպանելու համար: «Թույլ տվեք հիշեցնել, որ Թուրքիան ներխուժեց Կիպրոս 1974 թվականին և շարունակում է օկուպացնել եվրոպական տարածքը», – նշեց Քրիստոդուլիդեսը:

Սակայն Միշելին այլևս հնարավոր չէ կանգնեցնել. վերջերս, նրա ձեռքով, Փաշինյանին և Ալիևին շնորհվեց արաբական մրցանակ՝ «խորհրդային սահմանները վերականգնելու» համար:

Թրամփ. Հրաձիգը կապված չէ Իրանի հետ, բայց ես չեմ հրաժարվի Իրանում հաղթանակից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնում իր մասնակցությամբ միջոցառման ժամանակ հրաձգությունն իրեն հետ չի պահի Իրանի դեմ պատերազմը հաղթելուց:

Մայրաքաղաքի «Վաշինգտոն հիլթոն» հյուրանոցում Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընդունելության ժամանակ գրանցված միջադեպից 40 րոպե հետո տված ասուլիսին Թրամփը միաժամանակ հավելել է, թե չի կարծում, որ հրաձգությունը որևէ կապ ունի Իրանի պատերազմի հետ։

Թրամփը չի կարող չնկատել Իրանի պատերազմից հետո ԱՄՆ-ում հասարակական կարծիքի փոփոխությունը. ավելի ու ավելի շատ մարդիկ մեղադրում են Թրամփին Իսրայելի որոշումներից և շահերից կախված լինելու և մուսուլմանական աշխարհը ամերիկացիների դեմ հանելու մեջ: Ամերիկացիները վախենում են ոչ միայն տնտեսական փլուզումից և գների բարձրացումից, այլև ահաբեկչական հարձակումների ալիքից: Հատկապես, որ իրանցի պաշտոնյաները նույնպես պնդում են, որ պատերազմը շուտով կտարածվի ԱՄՆ տարածքում: Ահա թե ինչու Թրամփը անմիջապես հերքեց կրակողի՝ Իրանի հետ որևէ կապ:

Կրակոցներ Թրամփի միջոցառման ժամանակ. նա տարհանվել է, կասկածյալը ձերբակալվել է

ВВС

Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընդունելության ժամանակ, որին մասնակցել է ԱՄՆ նախագահը, կրակոցներ են տեղի ունեցել։ Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները տարհանվել են, իսկ միջոցառումը հետաձգվել է մեկ ամսով։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ կասկածյալ հրաձիգը ձերբակալվել է։

BBC-ի թղթակիցների փոխանցմամբ, որոնք այդ պահին գտնվում էին Washington Hilton հյուրանոցի ընդունելության սրահում, միջոցառման ժամանակ լսվել են կրակոցների նմանվող ձայներ։

Դրանից հետո գաղտնի ծառայության գործակալները զենքերով վազել են սենյակ։ BBC-ի թղթակցի փոխանցմամբ՝ գործակալները գոռացել են. «Կրակոցներ»։

Բարձրաստիճան պաշտոնյաները անմիջապես տարհանվել են։ Նրանց թվում էին Դոնալդ Թրամփը, առաջին տիկին Մելանյա Թրամփը, փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և առողջապահության և մարդկային ծառայությունների նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը։

Առաջին կրակոցներից հետո ճաշողները թաքնվել են սեղանների տակ։

Որոշ ժամանակ անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջադեպից հետո առաջին հաղորդագրությունն է հրապարակել իր սոցիալական ցանցի՝ Truth Social-ի էջում։

«Վաշինգտոնում հիանալի երեկո էր։ Գաղտնի ծառայությունը և իրավապահ մարմինները հիանալի աշխատանք կատարեցին։ Նրանք արագ և քաջաբար գործեցին», – գրել է Թրամփը։

Նա հավելել է, որ կրակողը ձերբակալվել է։

Գաղտնի ծառայության խոսնակ Էնթոնի Գուգլիելմին հետագայում հայտարարել է, որ նախագահը, առաջին տիկինը և Գաղտնի ծառայության պաշտպանության տակ գտնվող մյուս բոլոր անձինք անվտանգ են։ Նա հավելել է, որ մեկ անձ, որի վիճակը անհայտ է, ձերբակալվել է։

Ավելի ուշ հաղորդվել է, որ Դոնալդ Թրամփը և երկրի բարձրաստիճան պաշտոնյաները լքել են Վաշինգտոն Հիլթոնը, և միջոցառումը հետաձգվել է առնվազն մեկ ամսով։

CNN-ի տվյալներով՝ իշխանությունները կասկածյալ կրակողին նույնականացրել են որպես Կալիֆոռնիայից 30-ամյա տղամարդ։

Երեք աղբյուրներ հեռուստաընկերությանը հայտնել են, որ Գաղտնի ծառայության գործակալ է վիրավորվել։ Ենթադրաբար, գնդակը դիպել է գործակալի պաշտպանիչ հանդերձանքին, և նա տեղափոխվել է տեղի հիվանդանոց։ Գործակալի վիճակը ներկայումս անհայտ է։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չկա։

Ո՞վ պետք է դատի տա Ադրբեջանին Արցախում եկեղեցիները ոչնչացնելու համար

Նյու Յորքի քաղաքապետ Մամդանին Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում ուղղակիորեն կապեց 1915 Ցեղասպանությունը 2020-2023 թվականների իրադարձությունների հետ, երբ ամբողջ բնիկ հայ բնակչությունը վտարվեց Արցախից: Շատ քաղաքական գործիչներ և փորձագետներ ներկայումս Արցախում տեղի ունեցող իրադարձությունները, որտեղ ոչնչացվում են հայկական հուշարձաններն ու եկեղեցիները, անվանել են Հայոց ցեղասպանության շարունակություն: Սակայն պետական, եկեղեցական կամ հանրային մակարդակով որևէ պատասխան չի տրվել այն հարցին, թե ում են պատկանում Արցախում ոչնչացվող եկեղեցիները, և ով պետք է պատասխանատվություն վերցնի իր վրա և դատի տա Ադրբեջանին:

Էջմիածնի Մայր Աթոռը իր խիստ բողոքն է արտահայտել Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և Սուրբ Աստվածածնի տաճարի ոչնչացման կապակցությամբ: Հայտարարության մեջ այս իրադարձությունները դասակարգվում են որպես Ղարաբաղում հայկական հոգևոր և մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացում:

Էջմիածնի Մայր Աթոռը կոչ է արել վարչապետին և Հայաստանի մյուս իշխանություններին անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ կանխելու համար Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը և յուրացումը: Նմանատիպ կոչ է ուղղվել բոլոր պետություններին և միջազգային կազմակերպություններին, որոնք հետաքրքրված են մշակութային ժառանգության պահպանմամբ և տարածաշրջանի ժողովուրդների միջև խաղաղ համակեցությամբ:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները մտադիր չեն միջազգային մակարդակով բարձրացնել Ստեփանակերտում եկեղեցիների ոչնչացման հարցը։

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի տաճարի ոչնչացման հարցը պետք է լուծեն միջազգային կազմակերպությունները, ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Հարցին, թե արդյոք Հայաստանը պետք է նման քայլեր ձեռնարկի, պատգամավորը նշել է, որ հարցը գտնվում է «մեկ այլ պետության իրավասության» ներքո և, հետևաբար, պահանջում է անուղղակի մոտեցում։

Ռուսաստանը դատապարտում է Ստեփանակերտում հայկական եկեղեցիների ոչնչացումը և պահպանում է իր դիրքորոշումը. հուշարձանների դեմ պատերազմը անընդունելի է, անկախ նրանից, թե որտեղ է այն տեղի ունենում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Զախարովան ուշադրություն է հրավիրել պաշտոնական Երևանի կողմից արձագանքի բացակայության վրա՝ առաջարկելով լրագրողին հարցն ուղղել առաջին հերթին Հայաստանի ղեկավարությանը։ Ռուսաստանը, նրա խոսքով, պատրաստ է օգնել հումանիտար հարցերի լուծմանը, եթե դրա մասին խնդրեն։

Արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը, որը տարիներ շարունակ եղել է Արցախի թեմի առաջնորդը, պաշտոնական հայտարարություն է հղել ԱՄՆ նախագահին, ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի անդամներին, Հռոմի պապին, ինչպես նաև քրիստոնեական եկեղեցիների և ազդեցիկ միջազգային կազմակերպությունների ղեկավարներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական քրիստոնեական հոգևոր և մշակութային ժառանգության շարունակական ոչնչացման վրա։

Էթնիկ զտումներից հետո Հայաստանի Հանրապետությունը պետք է 2023 թվականին դիմեր Միջազգային դատարան՝ օգտագործելով «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման մասին» կոնվենցիան, և այս հայցով ձգտեր կանգնեցնել Ադրբեջանի գործողությունները։ Այս մասին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ Սակայն, ըստ քաղաքական գործչի, Հայաստանը ընտրել է այլ ուղի։ «Եթե մենք ընտրվենք, Հայաստանի Հանրապետությունը դատական ​​հայց կներկայացնի Ադրբեջանի դեմ՝ համաձայն «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման մասին» կոնվենցիայի», – ընդգծել է Մարուքյանը։

Հայ Առաքելական եկեղեցու և Հայաստանի կառավարության միջև առկա տարաձայնությունները բացառում են միջազգային դատարաններ համատեղ դիմելու ցանկացած հնարավորություն։ Հայաստանի կառավարությունը նաև անտեսում է Արցախի ինքնակառավարման մարմիններին, որոնք նույնպես ունեն դատարաններում բողոք ներկայացնելու իրավասություն, բայց չեն կարողանում դա անել։

Ֆրանսիական զենքերը կանոնավոր կերպով ուղարկվում են ՀՀ․ վարչապետ

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն ելույթ է ունեցել Մարսելում, որտեղ ընդգծել է. Հայաստանի ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ։

«Հայաստանը գոյատևել է և կգոյատևի։ Ֆրանսիան միշտ նրա կողքին է։ Բարեկամ երկրի ինքնիշխանությունը չի քննարկվում։ Ֆրանսիան աջակցում է Հայաստանին՝ դիվանագիտական, արդեն նաև ռազմական առումով։ Ֆրանսիական զենքերը կանոնավոր կերպով ուղարկվում են ՀՀ, որպեսզի երկիրը կարողանա պաշտպանվել։ Ֆրանսիան անընդհատ տրամադրում է զենքեր Հայաստանին՝ ապահովելու նրա ինքնապաշտպանությունը, իսկ ֆրանսիացի զինվորներն օգնում են հայկական բանակին Հայաստանում”։

։

Թրամփը չեղարկել է Վիտկոֆի և Քուշների այցը Իսլամաբադ. Իրանի հետ բանակցություններ չեն նախատեսվում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆի և խորհրդական Ջարեդ Քուշների Պակիստան կատարվելիք այցը՝ Իրանի ներկայացուցիչների հետ բանակցությունների համար։

Թրամփն այս հայտարարությունն արել է Fox News-ին տված մեկնաբանության մեջ։

Նա ասել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է երկխոսության, բայց ժամանակ չի վատնի դատարկ խոսակցությունների վրա։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին լքել է Իսլամաբադը՝ Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ երկկողմ և տարածաշրջանային հարցեր քննարկելուց հետո, և մեկնել է Օման։

Իրանի որոշ առաջնորդներ կտրականապես դեմ են ԱՄՆ-ի խաղաղության պայմաններին, որոնք Իրանը անվանում է կապիտուլյացիա։ Իրանի խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը, ըստ տեղեկությունների, հայտարարել է, որ չի մասնակցի բանակցություններին։

 

Պուտինի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ կտրուկ փոխվել է. ՌԴ-ն և Թուրքիան թույլ չեն տա Արևմուտքին մտնել Հայաստան

Լուսանկարում՝ 2015 թվականի ապրիլի 24, Երևան, Ծիծեռնակաբերդ

Վլադիմիր Պուտինը հատուկ ուղերձ է հղել ապրիլի 24-ի՝ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ: Ուղերձում բազմիցս հիշատակվում է «ցեղասպանություն» բառը, որը Պուտինը խուսափել է օգտագործել այս բոլոր տարիներին: Մասնավորապես, 2015 թվականին, երբ նա այցելեց Հայաստան՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ, Պուտինը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իր ելույթում նույնիսկ մեկ անգամ չհիշատակեց «ցեղասպանություն» բառը: 2025 թվականին և ավելի վաղ՝ ապրիլի 24-ին Պուտինը ընդհանրապես չհիշեց հայերին:

Ի՞նչ է փոխվել և ի՞նչն է Պուտինին դրդել կտրուկ փոխել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Առնվազն 2013 թվականից ի վեր, երբ Հայաստանը ձգտում էր Ասոցացման համաձայնագիր կնքել Եվրամիության հետ, Ռուսաստանի քաղաքականությունը նպատակաուղղված է եղել ճնշել Հայաստանի եվրոպական ձգտումները՝ տարածաշրջանում ռուս-թուրքական գերիշխանությունը պահպանելու համար, ինչպես ամրագրված է Կարսի պայմանագրում: Այս ձգտումը Մոսկվային և Անկարային դրդեց մշակել և իրականացնել պլան՝ Արցախը հայաթափելու, հայ-իրանական սահմանը պահանջելու և Երևանին ստիպելու օրինականացնել 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրով գծված հայկական սահմանները։

Մինչև ծրագրի ավարտը մնում է մեկ քայլ՝ Հայաստանի նոր Սահմանադրության ընդունումը։

2023 թվականի սեպտեմբերի 17-ին Պոլսում տեղի ունեցած գաղտնի հանդիպման ժամանակ Ռուսաստանը, ԵՄ-ն և ԱՄՆ-ն համաձայնության եկան Արցախի լիակատար հայաթափման վերաբերյալ, և մեկ ամսվա ընթացքում նրանք հասան այս նպատակին: 2025 թվականի օգոստոսին Հայաստանը և Ադրբեջանը Վաշինգտոնում ստորագրեցին փաստաթուղթ, որի համաձայն Հայաստանը կմնար ռուս-թուրքական ազդեցության ոլորտում՝ ԱՄՆ-ի հովանու ներքո։

Սակայն, 2026 թվականի փետրվարի 28-ին սկսված ԱՄՆ-Իսրայելական պատերազմը Իրանի դեմ շատ բան փոխեց. առաջին հերթին դա բերեց դրան, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև կտրուկ պառակտում առաջացավ, ԵՄ-ն սկսեց իր սեփական անվտանգության համակարգի կառուցման գործընթացը, և Հայաստանը դարձավ ԵՄ-ի համար հատուկ տարածք: Չնայած պաշտոնական Երևանի փորձերին՝ Հայաստանը ռուս-թուրքական ազդեցության ոլորտում պահելու, ԵՄ-ն այլընտրանք չունի, քան իր անվտանգության համակարգի համար հենարան ստեղծելը Հայաստանում։

Սա, ըստ երևույթին, և վախեցրել է Մոսկվային։

ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան երեկվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Ռուսաստանի դիրքորոշումը օբյեկտիվ և հետևողական է. էթնիկ պատկանելության հիման վրա զանգվածային ոչնչացումը չի կարող արդարացվել։ «Ի տարբերություն որոշ արևմտյան գործընկերների, որոնք այսօր իրենց ուշադրությունը սևեռել են Հայաստանի վրա, մենք չենք հեռացնում նման աջակցության ժեստերի մասին գրառումները սոցիալական ցանցերից կամ լրատվական հարթակներից: Մենք նաև չենք խուսափում «ցեղասպանություն» բառից», – ասել է Զախարովան:

Արտաքին գործերի նախարարության խոսնակը փաստացի հայտարարեց Պուտինի մտքի փոփոխության պատճառը. Ռուսաստանը կրկին ներկայանում է որպես հայ ժողովրդի փրկիչ, բայց այս անգամ Ռուսաստանը “փրկում է” Հայաստանը Արևմուտքի ձեռքերից, որը, իբր, հրաժարվում է ճանաչել ցեղասպանությունը և տանում է Հայաստանը դեպի թուրքացում։

Սա տեղի է ունենում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարությունների ֆոնին, որը վերջերս Ռուսաստանին և Թուրքիային անվանել է ԵՄ հակառակորդների շարքում: Միևնույն ժամանակ, Եվրոպան ստեղծում է իր սեփական միջուկային զսպման համակարգը՝ հիմնված Ֆրանսիայի միջուկային ուժերի վրա: Մասնագետները նշում են, որ ԵՄ որոշ երկրներ արդեն խնդրել են Ֆրանսիային «կիսվել» իր միջուկային ներուժով. մասնավորապես՝ տեղադրել իրենց երկրներում միջուկային զսպման տարրերով Rafale ինքնաթիռներ: Սա կարող է ստեղծել յուրահատուկ եվրոպական հովանոց։

Կարո՞ղ է արդյոք Հայաստանը ներառվել այս հովանոցի մեջ: Դատելով այն փաստից, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վերջերս Ֆրանսիայում պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով, ամեն ինչ հնարավոր է։

Միևնույն ժամանակ, մայիսի 3-5-ը Հայաստանը կհյուրընկալի Եվրամիության խոշոր միջոցառումներ՝  եվրոպական գագաթնաժողովներ, որոնց կհաջորդի Էմանուել Մակրոնի պետական ​​այցը: Դեռ պարզ չէ, թե արդյոք Հայաստանն ու Ֆրանսիան կհասնեն որևէ նշանակալի համաձայնության: Սակայն Ռուսաստանն արդեն իսկ կոշտ միջոցներ է ձեռնարկում Հայաստանը իր ազդեցության ոլորտում պահելու համար՝ «չհիշելով» Կարսի պայմանագիրը։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի վերջին հայտարարությունները 1828 թվականի ռուս-պարսկական Թուրքմենչայի պայմանագրի վերաբերյալ մեծ իրարանցում են առաջացրել փորձագիտական ​​​​համայնքում: Այս հայտարարությունը ցույց է տալիս Ռուսաստանի պահանջը ամբողջ Հայաստանի նկատմամբ՝ այն Թուրքիային հանձնելու իրավունքով: Մոսկվան դիմել է փորձված մեթոդին՝ Թուրքիան «ցեղասպանում» է, իսկ Ռուսաստանը՝ փրկում: Սակայն ԵՄ-ի և Իրանի դիրքորոշումը դառնում է Ռուսաստանի և Թուրքիայի համար հիմնական խոչընդոտ, առավել ևս, որ Հայաստանում տրամադրությունները ևս զգալիորեն փոխվել են։

Չնայած 1915-1923 և 2020-2023 թվականների ցեղասպանական գործողություններին, Մոսկվան, Անկարան և Բաքուն այդպես էլ չեն կարողացել օրինականացնել իրենց իրավունքը հայկական տարածքների նկատմամբ, որոնք նվաճվել են ցեղասպանության, բնիկ հայերի վտարման և նրանց ունեցվածքի բռնագրավման միջոցով: Այս իրավունքը այսօր էլ չի ճանաչվել, բայց հայկական վերնախավի (թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության) օգնությունը կարող է գործիք դառնալ գլխավոր նպատակին հասնելու համար՝ Հայաստանի և Հայկական լեռնաշխարհի հայաթափմանը: